Հակահայկականությունը՝ մեռած թեմա՞

Մեր պատգամավորներին ավելի շատ հակամահմեդական, հակասեմական հարցերն են հուզում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպում է եղել ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ «Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ «Հակասեմականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչների այցը ՀՀ ԱԺ՝ հավաստիացնելով, որ մեր երկիրը եւս նվիրված է այն արժեքներին, որոնց հետամուտ է Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքները երկար տարիների պատմություն ունեն եւ, եթե անգամ փոքրաթիվ են, միեւնույն է, «իրենց զգում են ինտեգրված, իսկ նրանց ներկայացուցիչներն ապրում են ՀՀ քաղաքացու լիարժեք կյանքով»:

Գուցե լավ է, որ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը եւս նվիրված է եվրաարժեքներին (քանզի այստեղ նաեւ անարժեք «արժեքներ» էլ կան), անգամ շատ լավ է, որ ներկայացրել է, թե ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ինչպես են իրենց ՀՀ քաղաքացի զգում, բայց Հերմինե Նաղդալյանը երեւի մոռացել է բարձրաձայն նշել, որ եվրաարժեքների ջատագովները մատը մատին չխփեցին Հունգարիայի կողմից հայասպան Սաֆարովին Ադրբեջանին փողով ծախելու գործը «հետողորմյա» անելու համար, անգամ Բաքվին չպարտադրեցին չեղյալ համարել այդ մարդասպանին ազատ արձակելու որոշումը: Հիմա այս եվրախեղկատակները Հայաստան են եկել հակամահմեդականության եւ հակասեմականության դեմ պայքարի համա՞ր… Իսկ հակահայկականության (այն էլ՝ ընդգծված) դեմ չկա՞ պայքար:…

ԱԺ նշված մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյա՞նն էլ սա չէր հիշում, որ ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ հակահայկական դրսեւորումների հարցն էլ արծարծեր եվրա«կույրերի» հետ:

Իհարկե, այսքանից հետո «Հակասեմականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Ռ. Է. Բեյքերը խորին շնորհակալություն պիտի հայտներ «ջերմ ընդունելության համար»՝ նշելով, որ իրենց աշխատանքն անմիջականորեն առնչվում է տարաբնույթ խտրականությունների խնդրին: Բայց նա էլ չի հիշել հակահայկականության մասին՝ երեւի դա չհամարելով «տարաբնույթ խտրականություն»: Կամ էլ՝ ինչու՞ պիտի արծարծեր, եթե հայերն իրենք չեն արծարծում: Իսկ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների համայնքների հետ եւ խնդրել են ներկայացնել իրենց փորձը:

Հայաստանի մասին ներկայացվելիք զեկույցում տեղ են գտնելու նաեւ ՀՀ կառավարության ու խորհրդարանի դիրքորոշումները խտրականությանն առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ: Անշուշտ եվրաժրաջան պատվիրակների «ներքին հրահանգով» այդ հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը, ով ներկայացրել է Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության փորձը:

Հայկ Թորգոմյան

Արդյո՞ք սեմական լինելը զրկանք է

ԵՄ-ն ներկայացրել է հանդուրժողականության մասին օրինագիծ, որի նպատակն է վերացնել ռասիզմի, կրոնական խտրականության եւ այլատյացության դրսեւորումները: Նախագիծը քննարկվելու է Եվրահանձնաժողովում: Փաստաթուղթը, որի մշակմամբ մոտ 5 տարի զբաղվել է «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ» ԵԽ հանձնաժողովը Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու գլխավորությամբ, ներկայացվել է Եվրախորհրդարանի Բրյուսելի շենքում: Նշվել է, որ «օրենքի հիմնական նպատակն է ռասիզմի, էթնիկ եւ կրոնական խտրականության, այլատյացության, հակասեմիտության վերացումը»:

Այստեղ նորից մի տարօրինակ մտայնություն կա, եթե «ռասա (ցեղատեսակ)», «էթնոս (ազգ)» եւ «կրոն (նաեւ՝ հավատ)» եզրերը նշվում են եւ դրանց դեմ խտրականությունը արգելվում է, անգամ այլատյացություն բառն է շեշտվում, ապա ի՞նչ կարիք կա հակասեմականությունը մտցնելու… Սեմական ասելով արդյո՞ք եվրամոլագարները «ռասա (ցեղատեսակ)» եւ «էթնոս (ազգ)» չեն հասկանում: Եթե սեմական ցեղատեսակի կամ ազգերի մասին է խոսքը, ապա արաբների, ասորիների, հրեաների եւ այլոց պաշտպանությունը «տեղավորվում» է «ռասիզմ» եւ «էթնիկ» ձեւակերպումներում, իսկ հուդայականությունն ու մահմեդականությունն էլ «տեղավորվում» են «կրոն» ձեւակերպման մեջ:

Ուրեմն՝ ի՞նչ է հետապնդում «հակասեմական» ձեւակերպումը, հատկապես, որ դրա տակ միայն հակահրեականությունն է ընկալվում:

Արդյո՞ք միայն հրեաներին է տրված Երկիր մոլորակում օրենքով պաշտպանված լինելու իրավունքը:

Արդյո՞ք չկան հակաարաբական կամ հակահայկական դրսեւորումներ: Եվ ո՞վ պետք է օրենքում ներառի այս երեւույթները «հատուկ» ընդգծմամբ…

Ինչեւէ, ինչպես նշվում է այս հերթական խեղկատակ նախագծում, «հեղինակներն առաջարկում են մի շարք վարքականոններ, որոնք մի կողմից երաշխավորում են ազատությունը, ինչպես օրինակ տեղաշարժի, կրոնի, մյուս կողմից սահմանափակում են հանդուրժողականության շահարկումը պետական անվտանգությանն ու հասարակական կարգի խախտման դեպքում որպես արդարացում ներկայացնելու փորձերը»:

Անգամ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆար Չաղլայան ԵՄ-ին անվանել է երկերեսանի՝ նշելով, թե «Խաղաղության Նոբելյան մրցանակի» շնորհումը այդ կառույցին արդարացի չէ եւ միայն ծիծաղ է առաջացնում. «ԵՄ-ն բոլոր ժամանակների ամենաերկերեսանի միությունն է: Դա աշխարհի ամենակեղծավոր կազմակերպությունն է: ԵՄ-ն արդեն 50 տարի ստիպում է Թուրքիային սպասել իր դռան դիմաց»: Հիմա սա հակաթրքությու՞ն է, թե՞ հակամահմեդականություն: Ոչ, այս հարցը մեզ հաստատ չի հուզում, քանզի Թուրքիային է առնչվում, բայց հիմա ի՞նչ ձեւակերպում տանք սրան, երբ ԵՄ-ում անդամագրման խոչընդոտը Անկարայի համար Կիպրոսի եւ Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած տարածքային խնդիրներն են:

Իսկ Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան (նաեւ՝ Հյուսիսային Իռլանդիան) չունե՞ն տարածքային խնդիրներ, կամ Լեհաստանն ու Բելառուսը, կամ Ռուսաստանն ու Մերձբալթիկայի երկրները, կամ Ռումիանիան եւ Մոլդովան, անգամ Գերմանիան ու Ֆրանսիան… Իսկ Իսրայելը չունի՞ նման խնդիրներ արաբական երկրների հողերի զավթման հետ կապված:

Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցը ինչու՞ չի կապվում հայկական հողերը բռնազավթելու հետ (ինչ-որ տեղ նաեւ Վրաստանի հարցը):

Օրերս էլ Եվրոպայում հանդուրժողության համար ոսկե մեդալները ԵԽ-ում շնորհվել են Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին եւ Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչին «Արեւմտյան Բալկանների հաշտեցման գործընթացում ունեցած բացառիկ անձնական դերակատարության համար»: Պարգեւները հանձնվել են Հանդուրժողության եւ հաշտեցման եվրոպական խորհրդի (ՀՀԵԽ) անունից՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ՀՀԵԽ-ի նախագահ, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ ՀՀԵԽ-ի համանախագահ, Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Կանտորի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ հանդուրժողության առաջին եվրոպական մեդալը 2010թ. շնորհվել Էր Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորին՝ հանդուրժող հասարակություն ստեղծելու գործում ներդրած անձնական ավանդի համար:

Արեւմուտքի ծրագրերի կատարմանը նպաստած վերոնշյալ գործիչները, իհարկե, պետք է պարգեւատրվեին, քանզի այլեւս քանդված է Հարավսլավիան, հետո նաեւ՝ Սերբիան, անգամ Կոսովոյի անկախությունը ստիպեցին ճանաչել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։