«Լուսանցք»-ի փոստից՝ առանց մեկնաբանությունների –

Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանին ծպտյալ կամ բացահայտ սատարո՞ղ

Գերմանահայ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների բաց նամակը ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ:

Մենք՝ որպես գերմանահայ ուսանողներից եւ երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, որոշեցինք բաց նամակով դիմել Ձեզ եւ Ձեզ ուղղել պարզագույն հարց՝ ու՞մ շահերն է ներկայացնում Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Հայաստանի՞, թե՞ հարեւան Ադրբեջանի: Եթե անակնկալի եկաք տարօրինակ թվացող մեր հարցադրումից, խնդրում ենք այցելեք Գերմանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջը եւ ծանոթացեք դեսպան Արմեն Մարտիրոսյանի՝ Գերմանիայի Շլեզվիգ- Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարանում այս տարվա հունիսի 29-ի ելույթին: Այն կարող եք գտնել նշյալ կայքէջի հայերեն մասի Տեղեկատվություն բաժնի Լուրեր ենթավերնագրի տակ տեղադրված՝ ՀՀ դեսպանը մասնակցեց Քիլի համալսարանում անցկացված համաժողովին”հաղորդագրության (www.germany.mfa.am/hy/news/item/2012/07/02/kielkonferenz/) մեջ:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ պետության ղեկավարի կողմից նշանակված դեսպանը կոչված է ներկայացնելու այդ պետության շահերը: Դեռ ավելին, դիվանագիտական այդ բարձրագույն պաշտոնը նրան պարտավորեցնում է իր կարողությունների ներածին չափով նաեւ պաշտպանելու իր պետության ու ժողովրդի շահերը: Ավաղ, միանգամայն հակառակ տպավորությունն է ստեղծվում, երբ կարդում ենք նշված տեքստը եւ հերթական հիասթափությունն ապրում աղաղակող խայտառակությունների համար. չէ՞ որ դեսպանության կայքէջը դեսպանության գործունեության հայելին է, որ լուսաբանոմ է Հայաստանի արտաքին քաղաքականության մի կարեւոր հատվածը:

Համաժողովի մեր ծանոթ մասնակիցներից մեկի փոխանցմամբ՝ հարգարժան դեսպանի ելույթը աղճատված փորձել են անգլերենից թարգմանել համաժողովի լեզվով՝ գերմաներեն, իսկ թե ներկաներից քանիսն են ընկալել դրա բովանդակությունը՝ հայտնի չէ: Մնում է հուսալ, որ ոչ ոք կամ էլ՝ քչերը…Երբ լուրջ տրամադրվածությամբ փորձեցինք խորանալ տեքստի բովանդակության մեջ եւ այնտեղից օգտակար տեղեկություններ քաղել մեզ համար՝ անկեղծորեն ապշեցինք. մի՞թե սա դեսպանի մակարդակ է, մի՞թե այսպես են ներկայացվում մեր երկրի շահերը Գերմանիայում, հասկացե՞լ է, արդյոք, դեսպանի կոչումը կրող այդ անձը, թե ինչ է բարձրաձայնել ԳԴՀ երկրամասերից մեկի մայրաքաղաքի համալսարանական ամբիոնից գերմանացի եւ օտար բազմաքանակ ունկնդիրների առաջ: Եթե հասկացել է, ուրեմն նրան կարելի է պիտակել որպես մեր հարեւան Ադրբեջանին ծպտյալ կամ բացահայտ սատարող, թեպետ մեջբերված խայտառակությունները ներկայացված են որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշում: Իսկ եթե չի հասկացել, ուրեմն նա չի տիրապետում ԼՂ հիմնախնդրին վերաբերող տարրական նրբություններին, էլ չենք խոսում՝ անգլերենի իմացության մասին, այն էլ գերմաներենին չտիրապետելու պարագայում: Երկու դեպքում էլ համացանցում ի ցույց աշխարհի տեղադրված եւ ՀՀ իշխանությունների կողմից հանդուրժվող նման խայտառակությունը մենք համարում ենք ողբերգություն, քանզի այդպիսով սնուցվում են Գերմանիայում հակահայկական տրամադրությունները՝ նպաստելով դրանց անարգել տարածմանն ու արմատացմանը, մասնավորապես, մեզ համար օրակարգային խնդիր հանդիսացող ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Պարոն նախագահ, բազմաթիվ վերապահումներով հանդերձ, նպատակահարմար գտանք Ձեր ուշադրությունը հրավիրել ելույթի ընդամենը մի քանի հատվածներին եւ ներկայացնել մեր մեկնաբանությունները (դրանք ընդգծված են,-խմբ.): Ձեր համբերությունը չչարաշահելու համար ձեռնպահ ենք մնում բազմաթիվ այլ հատվածների մասին մեր գնահատականներից եւ դրանք թողնում Ձեր հայեցողությանը:

* * *

Without aspiring for a detailed presentation, let me brief you on the origin and the current state of affairs of Nagorno Karabagh problem. The initial signs of this interethnic conflict trace back to the beginning of 20th century. Once parts of czarist Russia, Armenia and Azerbaijan declared their indendence in 1918 and appealed for membership to the League of Nations. The request of Azerbaijan wase declined due to the fact that the Nagorno Karabagh region, presented as a part of Azerbaijan, was determined a disputed territory between Armenia and Azerbaijan.

Հայերեն թարգմանությունը. «Առանց ձգտելու մանրակրկիտ ներկայացման՝ թույլ տվեք հակիրճ տեղեկացնել Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ծագման ու արդի կարգավիճակի մասին: Միջէթնիկական այս հիմնահարցի նախանշանները տանում են դեպի 20-րդ դարի սկիզբը: Երբեմնի ցարական Ռուսաստանի մաս կազմելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1918թ. հայտարարեցին իրենց անկախությունը եւ հայտ ներկայացրին Ազգերի լիգային անդամակցելու համար: Ադրբեջանի խնդրանքը մերժվեց այն փաստի պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը, ներկայացված լինելով որպես Ադրբեջանի մաս, սահմանվել էր որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք»:”

Ակնհայտ է, որ այս արտահայտությունը պատմական կեղծարարություն է, ըստ որի ընդունվում է Ադրբեջանի գոյությունը քարտեզի վրա մինչեւ 1918 թվականը: Պարոն դեսպանը հասկացե՞լ է արդյոք, թե ինչ է արտագրել, թե՞ որոշել է սատարել ադրբեջանցի եւ արեւմտյան կեղծարարներին: Ամոթալի է պատկերացնել անգամ մեր հարեւանների խանդավառությունը: Հուսանք՝ չեն հասկացել, իսկ կայքէջն էլ չեն այցելել… Խելամիտ չէ՞ր լինի, արդյոք, կուրորեն արտագրելու փոխարեն պարոն դեսպանը հիշատակեր 1918-1920թթ. ԼՂ անկախության փաստը, թե՞ այս հարցում էլ նա հակված է սատարել Ադրբեջանի պատմական կեղծարարությանը:

The legal claims of some national minorities to their fundamental right to self-determination led to violent conflicts in the region, and were followed by the expulsion of national minorities and the partitioning of Georgia and Azerbaijan.

“Հայերեն թարգմանությունը. «Որոշ ազգային փոքրամասնությունների՝ ինքնորոշման իրենց հիմնարար իրավունքից օգտվելու իրավական պահանջները հանգեցրին տարածաշրջանում բռնի հակամարտությունների, որոնց հետեւեցին ազգային փոքրամասնությունների արտաքսումն ու Վրաստանի եւ Ադրբեջանի պառակտումը»:

Կուզենայինք հավատալ, որ հարգարժան դեսպանը չի հասկացել, թե ինչ է արտագրել անգլալեզու աղբյուրներից. չէ՞ որ, ըստ այս պարբերության, իր, նույնն է՝ պաշտոնական Երեւանի, մատուցմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման շարժումը հանգեցրել է «Ադրբեջանի պառակտմանը»: Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի հրճվանք են ապրում մեր հարեւանները՝ կարդալով այս տողերը: Իհարկե, նրանք խորամանկորեն լռում են, իսկ ինչու՞ են լռում մեր իշխանությունները, մի՞թե նրանց ձեռնտու է համացանցում, ի ցույց աշխարհի, պահպանել այս դավադիր ձեւակերպումը:

Հետաքրքիր է, իսկ ու՞մ է նկատի ունեցել ելույթի հեղինակը «ազգային փոքրամասնությունների արտաքսում» բառակապակցության տակ, ամենայն հավանակությաբ, Արցախի ու Ադրբեջանի հայաբնակ վայրերի հայությանը: Հասկացե՞լ է հեղինակն, արդյոք, որ այս արտահայտությամբ եւս քողարկված ձեւով ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայանպաստ դիրքերից խոսելը չէ՞ր թելադրում, արդյոք, պարոն դեսպանին դրա փոխարեն շեշտադրել Արցախի ժողովրդի 24 տարիների անկախ պետականության կառուցման փաստը: Հնարավո՞ր է պատկերացնել պետության բարձրագույն դիվանագետի պրոֆեսիոնալիզմի բացակայության առավել ցայտուն դրսեւորում:

On various occasions the international community rightly expressed concerns over a rise in tension along the line of contact between Nagorno-Karabakh and Azerbaijan, and called on the parties concerned to increase their efforts towards a lasting settlement in line with the Madrid Principles introduced by OSCE.

“Հայերեն թարգմանությունը. «Միջազգային հանրությունը տարբեր առիթներով մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում լարվածության սրման կապակցությամբ եւ կոչ է արել կողմերին՝ ավելացնելու իրենց ջանքերը տեւական լուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ կողմից առաջադրված մադրիդյան սկզբունքներին համապատասխան»:”

Իհարկե, միջազգային հանրությունը հավասարապես պատասխանատու է համարում երկու կողմերին շփման գծում լարվածության սրման, հրադադարի խախտման համար՝ աչք փակելով ադրբեջանական կողմի շարունականան սադրանքների առաջ: Մենք կարծում էինք, որ ԼՂ եւ ՀՀ շահերի տեսանկյունից խոսողը նախ եւ առաջ պետք է մի կողմ դներ միջազգային հանրության այս՝ հավասարակշռող”կոչը՝ շեշտելով, որ հայկական կողմի քայլերը շփման գծում Ադրբեջանի սադրանքներին տված արձագանքն են եւ որ այդ սադրանքները, որոնց արդյունքում հայ զինվորներ են զոհվում, որպես կանոն, արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից:

As I already said the contribution of the EU and its member states is invaluable. Although building the infrastructure of freedom and the rule of law became a lengthy and sometimes painful endeavor, Armenia is resolute on its deliberately chosen strategy. In the meantime, we have vested interest in the improvement of the situation with democracy in our neighboring states and in Azerbaijan particularly. We do not rejoice at the misfortunes of this country with regard to its domestic problems with human rights and democracy. Only genuinely addressing these problems will help turn negotiations among Armenians and Azeris on the resolution of Nagorno Karabagh dispute from an act of raison d‘etat into a joint venture based on common values. Unless these conditions are fulfilled, it is unimaginable that a mutually acceptable and comprehensive solution is reached and effectuated soon.

Հայերեն թարգմանությունը. «Ես արդեն ասացի, որ ԵՄ եւ իր անդամ պետությունների ներդրումն անգնահատելի է: Թեեւ խաղաղության ենթակառուցվածքի եւ իրավական պետության կառուցումը դարձել է երկարատեւ ու, երբեմն, ցավոտ ձգտում, Հայաստանը վճռական է կանխամտածված ձեւով ընտրված իր ռազմավարության մեջ: Միեւնույն ժամանակ, մենք մեծապես շահագրգռված ենք մեր հարեւան երկրներում եւ հատկապես՝ Ադրբեջանում ժողովրդավարության բարելավմամբ: Մենք չենք ուրախանում այդ երկրում առկա ներքին խնդիրներով՝ կապված մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ: Միայն անկեղծորեն հետամուտ լինելով այդ խնդիրներին, կարելի է հայերի ու ադրբեջանցիների միջեւ լեռնային Ղարաբաղի վեճի լուծման շուրջ բանակցությունները բանական հիմնավորումից վերածել համընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ գործունեության: Քանի դեռ չեն բավարարվել այս պայմանները, աներեւակայելի է, որ ձեռք կբերվի եւ ուժի մեջ կմտնի փոխադարձաբար ընդունելի եւ համապարփակ լուծում»:”

Ամենայն հավանականությամբ, արտագրված այս հատվածի բուն հեղինակը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բարելավման ուղերձ է հղել Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին կամ, առնվազն, Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես: Ինչու՞ է պարոն դեսպանը պրիմիտիվ ձեւով փորձում շրջանցել իր իսկ երկրի պրոբլեմներրը: Միթե՞ Հայաստանում ամեն ինչ փայլուն վիճակում է, եւ Արցախի հիմախնդրի կարգավորման բանալին ընդամենը Ադրբեջանի կողմից ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառների խնդիրները կարգավորելու մեջ է: Հավատացեք, այս անհեթեթ գաղափարը ունկնդիրների եւ ընթերցողների միայն ծիծաղն է հարուցում:

Մեծարգո պարոն նախագահ, հուսով ենք, որ համբերություն ունեցաք մինչեւ վերջ կարդալու այս տողերը, որոնցից Ձեր համապատասխան հետեւությունները կանեք: Հավատացե՛ք, Ձեզ դիմելու դրդապատճառը Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հեղինակությունն ու պատիվը Գերմանիայում պաշտպանելու մեր ազնիվ ցանկությունն է:
Ձեր պատասխանին սպասող՝ գերմանահայ ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։