Հայաստանը պե՛տք է լինի հզոր ռազմականացված պետություն

Այլեւս պարտադիր է ազգ-պետություն եւ ազգ-բանակ գաղափարների ներդրումը

Լոնդոնում լույս տեսնող «Al Quds Al Arabi» արաբական հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր Աբդուլբարի Ատվանը, գտնվելով Թուրքիայում, տեղի «NTV»-ի հետ հարցազրույցում Անկարային ողջախոհության կոչ է արել եւ խորհուրդ տվել չմտնել Սիրիա: Անդրադառնալով սիրիական իրադարձություններին՝ նշել է, «Իմ կարծիքով՝ սահմանին տեղի ունեցող լարվածությունը Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու սադրանք է: Սիրիան կորցնելու բան չունի, չէ որ այնտեղ ներքին պատերազմ է: Թուրքիան կորցնելու շատ բան ունի: Եթե Թուրքիան Սիրիա մտնի, կսկվի 3-րդ համաշխարհային պատերազմ»:

Արաբական պարբերականի խմբագիրը նշել է, որ Թուրքիան չպետք է ենթարկվի սադրանքներին, քանի որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո մեծ փոփոխություններ չի կրի. «ԱՄՆ-ն Սիրիա զորք չի ուղարկի, այնտեղ նավթ չկա»:

Հետաքրքիր է, որ վերջերս նման մի տեսակետ էլ հայտնել էր Հայ Արիական Միաբանությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին կոչ հղելով առ այն, որ Թուրքիայի Սիրիա ներխուժումից հետո տարածաշրջանի բնիկ ազգերով 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվեն՝ միասնական ռազմական գործողություններ իրականացնելու համար:

«Al Quds Al Arabi»-ի գլխավոր խմբագիրը առանց չակերտները բացելու նկատի ունի, որ Թուրքիային նպատակայնորեն կգործածեն Վաշինգտոնն ու Թել Ավիվը, ինչը տեղային պատերազմը հաստատ համաշխարհայինի կվերածի, քանի որ արաբական երկրները եւ Իրանը, հստակ է՝ նաեւ Ռուսաստանը, կողքից դիտորդներ չեն դառնա հաստատ եւ «կծնվի» 3-րդ համաշխարհայինը…

Հայ արիներն ավելի բացահայտ են արտահայտվել՝ նշելով, որ բացի համաշխարհային «գաղտնի ուժերի» ծրագրերից, Անկարան փորձելու է կյանքի կոչել նաեւ համաթուրքական նպատակները, ինչն անակնկալ կարող է լինել նաեւ Արեւմուտքի համար: Բայց թուրքերը վստահ են, որ այդ անակնկալը չի կարող ստիպել Արեւմուտքին երես թեքել Անկարայից, քանի որ Մերձավոր Արեւելքում սկսված պատերազմում Թուրքիան լինելու է ՆԱՏՕ-ական գլխավոր հենակետը: Ուրեմնեւ՝ շատ բաներ կներվեն թուրքերին Արեւմուտքի կողմից… Իսկ այս դեպքում մենք գոնե լավ գիտենք, թե ինչ սանձարձակությունների կարող են դիմել թուրքերն ու ադրբեջանցիները:

Եթե «Al Quds Al Arabi»-ի գլխավոր խմբագիրը զգուշացնում է Թուրքիային հնարավոր տխուր հետեւանքների մասին, ապա հայ արիները նախընտրում են պատերազմին պատրաստ լինել, ավելին՝ նախաձեռնել, եթե Անկարան որոշի հարվածել Սիրիային, քանի որ ինչպես նշվեց, թուրք-ադրբեջանցիների համաթուրքական նպատակներից բացի, Արեւմուտքը փորձելու է ջախջախել արաբական վերջին անվերահսկելի երկիր Սիրիան: Այս ընթացքում չի մոռացվելու նաեւ Իրանին ռազմական հարված հասցնելու ձգտումը, ինչը ծրագրել են Իսրայելն ու Արեւմուտքը: Եվ ինչպես նշված է Հայ Արիական Միաբանության հայտարարությունում (այն ամբողջությամբ հրատարակվել է «Լուսանցք»-ի նախորդ համարում). «Սա կարող է վերածվել Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տեղային պատերազմների, քանզի Վրաստանն ու Ադրբեջանը եւս պատրաստ են Իրանին հարվածելու համար տարածքներ տրամադրել: Անկարան եւ Բաքուն նպատակադրվել են տարածաշրջանային հակամարտությունների ծավալման միջոցով իրականություն դարձնել նորօսմանական եւ համաթուրանական ծրագրերը, ինչը կարող է որոշակիորեն համընկնել Արեւմուտքի «Նոր Մերձավոր Արեւելք» կամ նմանատիպ մեկ այլ ծրագրի պահանջներին: Հայությունն արդեն մեկ անգամ (1915-1923թթ.) ցեղասպանվել եւ հայրենիքի զգալի մասն է կորցրել «միջազգային հանրություն» կոչվածի մութ ծրագրերի պատճառով, ինչը նախեւառաջ պետք է մտահոգի Հայաստանին եւ աշխարհասփյուռ հայությանը: Թուրքիայի ղեկավարները Հայաստանին տիրելու մեծ ցանկություն ունեն, քանզի Հայաստանը համարում են «անիծյալ սեպ»՝ մխրճված համաթուրանականության ճանապարհին»:

Անկարայի «ախորժակը» կփոխանցվի Բաքվին, եւ Մերձավորարեւելյան ու Կովկասյան ճակատներին կավելանան նաեւ Սեւծովյան ու Կասպիցծովյան ճակատները: Այս դեպքում, ըստ հայ արիների, հասկանալի է, որ զարգացումները կտանեն դեպի համաշխարհային 3-րդ պատերազմի անխուսափելիությանը…

Եվ սա է պատճառը, որ հայ արիները վերոնշյալ պետությունների ղեկավարներին կոչ են արել հստակ պայմանավորվել Թուրքիայի, Ադրբեջանի, եւ այն երկրների վրա հարձակումների համար, որոնք կխառնվեն պատերազմ հրահրելու գործին: Բացի Արեւմուտքից ու թուրքական երկու պետություններից, հրահրողների մեջ կարող են լինել Իսրայելն ու Վրաստանը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել ՆԱՏՕ-ին:

Իսկ Թուրքիա-Սիրիա անթաքույց պատերազմն ընթանում է, եւ սիրիական պետությունը տասնյակ հազարավոր զոհեր է ունեցել ներքին եւ արտաքին այս երկարատեւ պայքարում: Անկարան փորձում է վերահսկել նաեւ Սիրիա մեկնող օգնությունը եւ արդեն օդային տարածքում լուրջ հսկողություն է սահմանել:

Թուրքիայի տարածքում արդեն իջեցվել են Ռուսաստանից եւ Հայաստանից Սիրիա մեկնած ինքնաթիռներ եւ իբր առաջին դեպքում՝ բացի օգնությունից հայտնաբերել է նաեւ զենք-զինամթերք: Բայց Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պնդումներն այն մասին, թե Անկարայում ստիպողաբար վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռից առգրավվել է ռազմական տեխնիկա: Թուրքիայի իշխանություններից պահանջվել է վերադարձնել առգրավված բեռը՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը: Իսկ Անկարան հայտարարել էր, թե Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական ավիաուղիներ ընկերությանը պատկանող ինքնաթիռում ռազմական տեխնիկա է հայտնաբերվել, որն արտադրված է եղել ՌԴ ռազմական ձեռնարկություններից մեկում: Ինքնաթիռում եղել է 35 ուղեւոր, այդ թվում՝ ՌԴ 17 քաղաքացիներ, եւ միջադեպի առնչությամբ նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն է բացատրություններ պահանջել Անկարայից, քանի որ ռուս դիվանագետներին այդպես էլ թույլ չէին տվել հանդիպել ՌԴ քաղաքացիների հետ:

Այս մեթոդներով էլ փորձում են սրել իրավիճակը Թուրքիային գործիք դարձրած Արեւմուտքն ու Իսրայելը: Եվ սա պետք է մտահոգի նաեւ Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին: Մինչդեռ ոմանք Հայ Արիական Միաբանության՝ 3-րդ համաշխարհային պատերազմին պատրաստ լինելու եւ բոլոր շահագրգիռ ազգերին համախմբելու կոչը «հերթական շոու» են որակել… Բայց պետք է լավ հիշենք, երբ 1990թ. սկսվեց Երասխավանի՝ հայ-ադրբեջանական առաջին լուրջ զինված բախումը, քանի հազար մարդիկ միանգամից «թռան» երկրից, քանի որ անգամ մտովի պատրաստ չէին պատերազմի… Այն էլ՝ հայրենիքը պաշտպանելու, էլ չասենք՝ հետո ազատագրելու համար:

Սիրիային հարվածելուց եւ Արեւմուտքի կողմից քաջալերվելուց հետո չի բացառվում, որ Թուրքիան ռազմական գործողություններ սկսի նաեւ Հայաստանի դեմ: Սա կարող է անել անգամ Ադրբեջանի միջոցով, չնայած պետք չէ բացառել նաեւ իր կողմից նախաձեռնելու տարբերակը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Թուրքիայի խորհրդարանի թույլտվությամբ 1 տարի ժամկետով անհրաժեշտության դեպքում անդրսահմանային գոտում ռազմական գործողությունների անցնելու իրավունք է ստացել: Ռազմական ուժ կիրառելու թույլտվությունը սահմաններ չի նշում եւ այդ նույն թույլտվությամբ Թուրքիան ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ Հայաստանի կամ մյուս հարեւան երկրների հետ:

Եթե անգամ միայն Սիրիայի վրա գրոհով բավարարվելով գործի Անկարան, ապա միեւնույնն է, Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը եւս հանդես կգա Թուրքիայի դեմ, իսկ դրան սպասում են հատկապես Իսրայելում: Ռազմական գործողությունների հիմնական թիրախը միջուկային կենտրոնները կլինեն, ինչը հակադարձ հարվածների կմղի Թեհրանին:

Այս դեպքում էլ ռազմական գործողություններին միանում են իրենց տարածքները ՆԱՏՕ-ին տրամադրած Ադրբեջանն ու Վրաստանը:

Եվ եթե անգամ Հայաստանի վրա հարձակում չի լինում, միեւնույնն է՝ մենք չենք կարող նստել ու նայել մի «կռիվ-կռիվ կինո», որը հայության ազգային ու պետական շահերն է շոշափելու: Այս դեպքում նաեւ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակադրություն է առաջանալու, եւ Հայաստանը նաեւ պայմանավորվածությամբ է պարտավոր լինելու Ռուսաստանի հետ մասնակցել ծավալվող իրադարձություններին:

Իսրայելը եւ ՆԱՏՕ-ն, իհարկե, կզգան նաեւ Ստեփանակերտի օդանավականի անհրաժեշտությունը, քանի որ պետք են լինելու մի քանի ժամանակավոր թռիչքուղիներ, որպեսզի իսրայելական ինքնաթիռները ժամանակավոր վայրէջք կատարեն այնտեղ: Բայց ամեն քայլ պետք է կշռադատված անել, որպեսզի թշնամին ու բարեկամը չխառնվեն՝ ինչպես թացն ու չորը: Այ հենց այսպես էլ հաճախ վարվում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առավել շահութաբեր տնտեսական համաձայնագրեր կնքելով, քան Հայաստանի հետ: Դրա համար էլ հաճախ է տուժում միջազգային ծրագրերում, քանզի գործընկերների շրջանում լիարժեք վստահություն չի վայելում:

Ինչեւէ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՌԴ եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարները՝ մի շարք ոլորտների պատասխանատուների հետ, եւ քննարկել են նաեւ ՀՀ սահմանների ամրացմանն ուղղված եւ համատեղ հսկողություն սահմանելու հարցերը:

Իսկ Թուրքիան մտադիր է մոտակա 8-10 տարիներին Ստամբուլի արեւելյան հատվածում ավարտել ամենամեծ ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը:

Ըստ որոշ մասնագետների, այդ տեխնոպարկը կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը ռազմական արդյունաբերության ոլորտում: Այն հիմնականում մասնագիտացվելու է ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաեւ տիեզերական, ցամաքային ու ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 մլրդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ: Ի դեպ, ներկայում Թուրքիայում գործում է 37 տեխնոպարկ, որոնցում տեղակայված է 1200 ընկերություն:

Հայաստանում բազմիցս խոսել են նմանատիպ ռազմաարդյունաբերական տեխնոպարկի անհրաժեշտության մասին, նախանշել են, որ դրա ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել հնարավորինս շուտ եւ ցանկալի է համարվել, որպեսզի այն կառուցվի Երեւանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում: Այժմ Գյումրիում ընթանում է տեխնոպարկի շինարարությունը, բացի այդ՝ առաջարկվել է Վանաձորում նույնպես ստեղծել տեխնոպարկ:

Հայաստանը պետք է լինի հզոր ռազմականացված պետություն: Հաճախ են հայ ազգայնականները նշում ազգ-պետություն գաղափարախոսությունը, վերջերս հայ արիները կրկին խոսեցին նաեւ ազգ-բանակ ունենալու մասին, իսկ մենք էլ ավելացնենք հզոր ռազմականացված պետության գաղափարը:

Այս նշվածներին պարզապես պարտավոր ենք հետամուտ լինել ամեն օր ու ամեն ժամ, քանզի շրջապատված ենք արյունարբու թշնամիներով եւ տարածաշրջանն էլ «ատոմային» բնույթի է:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։