Եթե հաղթե՛լ, ապա նախ՝ հոգեբանորեն

«Բաքուն ցանկանում է նոր պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղի դեմ»,- «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը կուտակում է սպառազինության հսկայական պաշարներ եւ պատրաստվում է նոր պատերազմի, մինչդեռ Երեւանը ձգտում է խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, նաեւ համբերատար է մոտենում բոլոր հարցերին:

Հասկանալի է, որ պատերազմը որոշակի զրկանքներ, ավելին՝ զոհաբերություններ է պահանջելու ինչպես պետությունից, այնպես էլ ժողովրդից (մեր ազգային հատվածը միշտ է պատրաստ զոհաբերության ու նահատակության), սակայն պետք է հստակ գիտակցություն սերմանել ժողովրդական զանգվածների մեջ, որ «խաղաղություն պահպանելու համար պետք է պատրաստ լինել պատերազմի» ասվածը լոկ խոսքեր չեն: Ուստի կարծում ենք՝ մեր նախագահը պետք է այս ուղղությամբ նույնպես կտրուկ հայտարարություններ եւ քայլեր անի: Չնայած վերջերս ելույթներից մեկում նշել է, որ Հայաստանը չի ցանկանում պատերազմ, բայց այն հրահրվելու դեպքում պատրաստ է արժանի հարված հասցնել հակառակորդին:

Պետք է բոլորս գիտակցենք, որ պատերազմը միայն մեր ուզել-չուզելով չի լինում կամ կասեցվում, ինչը եւ թելադրում է վերոգրյալը՝ հանուն խաղաղության պատերազմին պատրաստ լինելու առումով:

Սա նախ հոգեբանական խնդիր է կարգավորում, երբ մարդիկ իրենց կյանքը գիտակցաբար ապրում են մի՛շտ պատրաստ հակահարվածելու թշնամուն: Անհատն այլեւս խուճապային տրամադրություններ չի սերմանում, կարողանում է ներքին վախը զսպել, երբ սահմանամերձ շրջանում մի քանի արկ է պայթում կամ զինված ընդհարումներ են լինում: Նաեւ խմբային, հանրային հոգեբանական խնդիրն է կարգավորվում, երբ մեկի խուճապը կամ սադրանքը ձնագնդի պես գլորվելով չի դառնում պարտվողական մտածողություն, ինչը կարող է վտանգել ներքին ու արտաքին խնդիրները:

Այսպես պետական կառույցներն ու ժողովուրդը գիտակցաբար եւ սառնասրտորեն են մոտենում նաեւ կյանքի այլ դժվարություններին, եթե իհարկե դրանք արհեստական ու շահադիտական նպատակներով չեն առաջանում:

Հայկական զինուժն այս իրավիճակում առավելագույնս հավատով կլցվի իր թիկունքի եւ առաջին գծում կողքին հայտնվելու պատրաստ կամավորական ուժի նկատմամբ: Իսկ սա արդեն հաղթանակի կեսն է:

Նման զարգացումները չեն կարող տեսանելի չլինել թշնամի կողմի համար եւ չեն կարող չազդել նրա հոգեվիճակի վրա, ինչն էլ հաղթանակի մյուս կեսն է:

Այս իրավիճակն էլ գործողություններ է թելադրում ինչպես մեր, այնպես էլ թշնամական ռազմավարական գործընկերների հաջորդիվ քայլերին, ինչը եւս կարեւոր է պատերազմի վերջնական ավարտի առումով:

Իսկ վերոնշյալ հոգեբանական վիճակին հասնելու համար հարկ է, որ պետության կարկառուն դեմքերը վստահաբար հայտարարեն, որ Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում: Իսկ «Ղարաբաղ» ձեւակերպումը բանավոր եւ գրավոր խոսքում փոխարինվի բացառապես «Արցախ»-ով:

«Reuters»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահը նաեւ նշել է. «Երբ ասում եմ, որ Ադրբեջանը հայատյաց եւ այլատյաց քաղաքականություն է վարում, երբ խոսում եմ սպառազինության վտանգավոր քանակի մասին, երբ ասում եմ, որ Բաքուն ցանկանում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, դա ամենեւին չի նշանակում, որ բանակցային գործընթացը չպիտի շարունակվի», իսկ մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու փաստը, ընդգծել է, որ դա ապացուցում է, որ «Լեռնային Ղարաբաղը՝ 160 հազար բնակչությամբ, չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Ուշադրության արժանի է նախագահի վերջաբանը. «Մենք չենք կասկածում, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել իրադրությունը ռազմական ճանապարհով, եւ դա կանխել կարելի է Հայաստանի զինված ուժերի մարտունակության միջոցով»:

Սա հենց այն է, ինչն ասվեց վերեւում, պատերազմին միշտ պատրաստ լինելու քաղաքականությունը պետք է դառնա պետական եւ ազգային առաջնային ծրագիր, ինչը լուրջ արդյունքներ կարձանագրի հետագայում, երբ կարիք լինի ազգային խնդիրները լուծելու:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։