«Լուսանցք»-ի փոստից – «Մեր բժշկությունը էքստրեմալ բժշկություն է»

ֆեյսբուքյան «Բժշկական ազատ անկախ արհմիություն» խմբում միավորված բուժաշխատողները «Լուսանցք»-ին նամակ են հղել (ստորեւ ներկայացնում ենք մի հատված՝ առանց մեկնաբանության)՝ արտահայտելով իրենց մտահոգությունը առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք բացասական երեւույթների կապակցությամբ, որոնք առաջացրել են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ թե՛ հիվանդների եւ թե բուժաշխատողների մոտ: «Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի»,- ասվում է նամակում, որտեղ ընդգծված է, թե իրենք միայն չեն քննադատում, այլ փորձում են գտնել լուծման ուղիներ:

* * *

«Եթե պետության բյուջեն չի կարող ամբողջ առողջապահական ծախսը վերցնել իր վրա եւ անխուսափելի են համավճարներն ու վճարները, պետք է ընդունել նաեւ, որ շատ մարդկանց բյուջեն նույնպես չի թույլատրում նման ծախսեր, եւ միայն ճարահատյալ են դիմում հիվանդանոց: Արդյունքում՝ մենք չենք կարող ունենալ ժամանակակից բժշկություն, մեր բժշկությունը էքստրեմալ բժշկություն է՝ պայքար խորացված հիվանդությունների, ծայրահեղ վիճակների հետ: Մենք ռեալիստ ենք ու համընդհանուր գործազրկության պայմաններում չենք հուսում համընդհանուր ապահովագրություն: Լուծման տարբերակ առաջարկում ենք՝

1.Կատարել առողջության վարկավորման ծրագիր՝ քիչ տոկոսադրույքով, արագացված թղթատարությամբ, նույնիսկ հիվանդանոցում: Գումարը տրվում է ոչ թե հիվանդին, այլ հիվանդանոցին՝ ծառայության դիմաց: Հետագայում հարաբերությունների կողմեր են հիվանդը, հարազատը կամ երաշխավորը՝ մի կողմից, բանկը՝ մյուս կողմից, իսկ ռիսկերը վերցնում է պետությունը, քանի որ բանկը եւ պետությունը ունեն փողային վիճելի հարցերը կարգավորելու մշակված մեխանիզմներ, ինչը չունեն բժիշկը եւ հիվանդանոցը:

Եթե մարդը չի կարող միանգամից 100.000 դրամ տալ, միգուցե ի վիճակի լինի ամիսը վճարել10.000: Անվճարունակության դեպքում նման մարդկանց ծախսերի ռիսկերը պետք է վերցնի պետությունը՝ համապատասխան սոցիալական ծրագրերով, մասամբ կամ լրիվ: Նման ձեւով պետությունը կարող է մարել նաեւ արտոնություններ ունեցող մարդկանց գումարը արդեն առկա սոցիալական ծրագրերից: Բժիշկը սոցիալական վիճակի համար մեղք չունի: Բժիշկը իրեն օրենքով ամրագրված լիազորություններով չունի ոչ հիվանդից համավճար պահանջելու, ոչ պահանջը չիրականացնելու դեպքում ստիպելու, ոչ չվճարելու կամ պետպատվերի վերջանալու դեպքում հիվանդին մերժելու կամ չբուժելու, ոչ վիճարկելի դեպքերում գումար հետ վերադարձնելու իրավական գործառույթներ: Մենք բժիշկ ենք՝ առանց գանձապահի կամ կատարածուի ֆունկցիաների, թողեք մեր գործով զբաղվենք:

Անհասկանալի է, որ բժիշկը (եւ հիվանդանոցը) նույն հիվանդությունը բուժելու համար ստանում է տարբեր վարձատրություն՝ պետպատվերի արտոնություն ունեցող հաշմանդամության խումբ ունեցող հիվանդից (ով համավճար չի վճարում) 11.500 դրամ, չունեցողից՝ 23.500 դրամ: Ինչու՞, ո՞րն է տրամաբանությունը: Իրականում բժիշկը եւ հիվանդանոցը հաշմանդամին բուժելու համար ավելի մեծ ջանք ու ծախս են անում: Օրինակ՝ դիաբետով հիվանդին վիրահատելու դեպքում ավելանում են հակադիաբետիկ, մետաբոլիկ, սիրտանոթային դեղորայքները, կատարվում են մեծ քանակի լրացուցիչ բիոքիմիական անալիզներ, ԷՍԳ, էնդոկրինոլոգի, թերապեւտի, ակնաբույժի կոնսուլտացիաներ ու հսկողություն, վերքերի ուշ լավացման ու բարդությունների պատճառով երկարատեւ հոսպիտալիզացիա, կրկնակի միջամտություններ, եւ այդ ամենը թողնվում է բժշկի եւ հիվանդանոցի ուսերին: Նույնը կարելի է ասել սիրտ-անոթային, երիկամային, թոքային եւ այլ հիվանդություններ ունեցողների կապակցությամբ: Արտոնություն ունեցող հիվանդը պիտի անվճար բուժվի պետության, ոչ թե բուժող բժշկի (եւ հիվանդանոցի) հաշվին:

Կամ ինչու պիտի բժիշկը ընդհանրապես պետական վճարից կրկնակի ավելի քիչ վճարվի, քան հիվանդի վճարածից: Ինչու է այդքան անիմաստ բարդացվել վճարման համակարգը, փոխանակ միջինացվելու:

Նույնը վերաբերվում է մարզային բժիշկներին: Մարզերում վճարների չափը 2-3 անգամ քիչ է Երեւանի հիվանդանոցների վճարներից: Քանի որ տոկոսները նույնն են, մարզային բժիշկները ստանում են նույն աշխատանքի համար նույնքան անգամ քիչ՝ աշխատելով առավել բարդ աշխատանքային եւ սոցիալական պայմաններում: Համաձայն ենք, որ մարզերում ժողովրդի վճարունակությունը քիչ է, բայց միգուցե մարզերում տոկոսները բարձրացվեր: Այսօր մարզային բժշկությունը դեռ մի կերպ յոլա է գնում նախկին սովետական կադրային քաղաքականության վերջին մոհիկանների հաշվին, բայց աղետը մոտ է: Պետք է գոնե շտապ վերանայել առկա արժեքներն ու տոկոսները, որեւէ իմաստ թողնելով մարզերում աշխատելու համար: 2. Բժշկի նվազագույն աշխատավարձ համարել ոչ թե 50 հազ., այլ գոնե 200 հազ. դրամը: Եթե համապատասխան տոկոսներից գոյացած գումարը գերազանցում է նշվածը, պարզ է, որ պետք է վճարել: Նման մեխանիզմով աշխատելու դեպքում հիվանդանոցը ինքը շահագրգռված կլինի գոնե մինիմում ծավալով ապահովել բոլոր բժիշկներին աշխատանքով, ինչը առավել կարեւոր է նորավարտ բժիշկների կայացման, իրենց մինիմալ կենցաղային խնդիրները լուծելու եւ արտագաղթի կասեցման համար, եւ աշխատավարձի երբեմն տասնյակ անգամ գերազանցող տարբերություններ նույն հիվանդանոցում չեն լինի»…

Խմբ.- Խնդրո առարկայի շուրջ կտպագրենք այլ տեսակետներ եւս:

* * *

Ավելի կարեւոր՝ կյանքի ու կենցաղի սանդղակն է

Համաշխարհային բանկի «Doing Business-2013» (գործարարությամբ զբաղվելը) ամենամյա զեկույցի արդյունքներով վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը:

Մեր կառավարության տեսակետով, այս առաջընթացը պայմանավորված է ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության եւ այլ բնագավառներում արձանագրված լուրջ բարեփոխումներով: Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ներդրողների պաշտպանությունե ցուցանիշում՝ առաջ գնալով 73 կետով եւ զբաղեցնելով 25-րդ տեղը: Բարելավվել է նաեւ «Հարկերի հավաքագրման» ցուցանիշը՝ 44 կետով, «Շինարարության թույլտվության»՝ 3 կետով, «Էլեկտրականության հասանելիության»՝ 42 կետով:

Իր դիրքի բարելավման արդյունքներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույնն է: Ուկրաինան զեկույցում առաջ է գնացել 15 կետով, Ուզբեկստանը՝ 14, Ռուսաստանը՝ 8, Ղազախստանը՝ 7, Տաջիկստանը՝ 6, Վրաստանը եւ Մոլդովան՝ 3-ական կետերով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է 1 կետով: Վարկանիշային աղյուսակով տարածաշրջանում Հայաստանը 2-րդն է՝ Վրաստանից հետո, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը գտնվում է 67-րդ, Թուրքիան 71-րդ, Իրանը՝ 145-րդ տեղում:

* * *

«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը պատրաստ է: Շուտով օրինագիծը կներկայացվի հանրային քննարկման: Օրենքի նպատակն է ընտանեկան բռնության կանխարգելումը եւ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը:

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։