Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք

Անկարան, միջամտելով սիրիական ճգնաժամին, նպատակ ունի ոչ միայն նոր տարածքներ զավթելու (ինչպես Իրաքի դեպքում է ձգտում), այլեւ՝ միաժամանակ ազատվելու թուրք-սիրիական սահմանից 50 կմ վրա գտնվող Հալեպի եւ, ընդհանրապես, Սիրիայի հայ բնակչությունից: Թուրքերը սովոր են պատերազմների ժամանակ ցեղասպանություն իրականացնել եւ հետո այդ ոճիրը դասել պատերազմի հետեւանքների շարքում: Այսօր նրանց կողմից օգնություն ստացող սիրիական տարբեր ապստամբական ուժերն արդեն բացասական մոտեցում են ցուցաբերում հայ համայնքի նկատմամբ, եւ սա եւս վտանգավոր է դարձնում մեզ համար Սիրիայի անկումը: Անգամ եթե այդ ընդդիմադիրները չկարողանան իշխանափոխություն կատարել, ապա Անկարան հուսով է, որ այս մթնոլորտը խուճապ կառաջացնի եւ կնպաստի հայ համայնքի շրջանում Սիրիայից արտագաղթելու տրամադրություններին:

Սիրիայում եւ Լիբանանում ճգնաժամի սրումը ձեռնտու է նաեւ Իսրայելին, քանզի թուլանում են ոչ միայն արաբական երկրները: Մահմեդականներին թուլացնելուն զուգահեռ, հրեաները նպատակ ունեն նաեւ քրիտոնյաներին հեռացնել Մերձավոր Արեւելքից: Այսպես թուրք-հրեական գործունեությամբ նոսրացավ այս շրջանի բազմաքանակ ու հզոր հայկական համայնքը (հատկապես՝ Լիբանանի եւ Իրանի հզոր գաղթօջախները)՝ մեծամասամբ հեռանալով ԱՄՆ եւ Եվրոպա: Անկարան լավ է հասկանում, որ Մերձավոր Արեւելքի հայերը Արեւմտյան Հայաստանի պահանջատեր սերունդներն են: Իսկ Իսրայելը նաեւ օգտվում է մահմեդականություն-քրիստոնեություն հակասությունից եւ կրկին կանդրադառնա այս ռազմավարությանը, եթե նկատի, որ Սիրիան անկում չի ապրելու:

Վահագն Նանյան

* * *

Վտանգավոր գործընկերության դասերը

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ մերթ ընդ մերթ ոչ այնքան հայկական (մեղմ ասած) եւ մերթ ընդ մերթ թուրքանպաստ կամ ադրբեջանանպաստ (պարզ ասած) գործերի մասին: Անգամ մեր ռազմավարական գործընկերը ռազմա-քաղաքական նպատակներ ունի մեր թշնամիների հետ, ու դա եւս անհասկանալի է: Իսկ անհասկանալի ձեւակերպումից հետո այլեւս նոր տերմին չգործածելով՝ նշենք, որ նաեւ տնտեսական համագործակցության առումով էլ հաճախ պաշտոնական Մոսկվան նախընտրում է մեր թշնամիներին:

Մի պահ սառնասիրտ մտածելով կարող ենք ասել, թե Ռուսաստանը գերտերություն է եւ իր տարածաշրջանային գերշահերն ունի եւ խաղաոճը, եւ դա միշտ չէ, որ կհամընկնի հայկական շահերի հետ: Եվ մեծ խաղի մեջ ամեն բան կանխատեսելի չէ, քանզի իրավիճակային լուծումներ եւս լինում են:

Լավ, եթե այդպես է, եւ իրոք այդպես է, ապա ի՞նչ է նշանակում լինել այդ գերտերության միակ ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Լինել ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ: Այս դեպքում էլ մեկ անբեկանելի ճշմարտություն կա, որ Ադրբեջանը լինելով ԱՊՀ-ի հակընդդեմ՝ ՎՈւԱՄ-ի անդամ, իսկ Թուրքիան ՀԱՊԿ-ին հակընդդեմ՝ ՆԱՏՕ-ի անդամ, իրենց կաշկանդված չեն զգում Հայաստանի հետ հարաբերություններում, քանի որ Մոսկվա-Երեւան-Թեհրան առանցքից բացի գործում է նաեւ Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքը: Եվ սա չի կարող բացատրվել միայն գերտերություն լինելու հանգամանքով:

Ի վերջո գերտերությունը գերտերություն է նաեւ իր դաշնակիցներով եւ վստահելի գործընկեր լինելով: Այլապես գերտերություններ եւ գերուժեր էլի կան եւ գուցե ավելի պատրաստակամ են, քան Մոսկվան: Եթե հիշենք Ռուսաստանի Դաշնության կեցվածքը ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո, ապա դա շատ նման էր Ռուսական կայսրության կեցվածքին: Եվ սա էր պատճառը, որ Մոսկվան արագորեն կորցրեց Վրաստանը, Ադրբեջանը, Միջինասիական երկրները, իսկ Մերձբալթյան երկրները դեռ ԽՍՀՄ օրոք էին կորսված: Եվ միայն Բելառուսն ու Հայաստանը մնացին դաշնակցի կարգավիճակում: Եվ մի՞թե սա գնահատանքի եւ առավել մեծ ուշադրության արժանի չէ: Բայց Ռուսաստանի կեցվածքը դեռ այնպիսին է, ինչպիսին 1914թ. էր, երբ 1-ին աշխարհամարտում ճիշտ դաշնակից չընտրած Հայաստանը կործանվեց, իսկ 1915թ. հայերը բնաջնջվեցին սեփական հայրենիքում՝ Հայոց մեծ ցեղասպանությունը եղավ:

Այժմ հայերն ու Հայաստանը իրավունք ունե՞ն մտահոգվելու Մոսկվա-Երեւան-Թեհրան եւ Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքների զուգահեռ գոյությամբ: Իհարկե ունեն եւ շատ հիմնավոր: Ավելի հիմնավոր, քան Ռուսատանի գերտերություն լինելու եւ տարածաշրջանային խաղեր տալու հանգամանքն է:

Վերջերս «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը եւս նման մի հարցադրում արեց. Ինչո՞ւ Հայաստանի դարավոր ու ամենակարեւոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ դուրս չի գրել Հայաստանի պարտքը, այլեւ մեր երկրի նկատմամբ կիրառել է «գույք՝ պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձեւը: Մենք էլ հիշեցնենք, որ այդ բանաձեւով մի քանի ամիս առաջ Մոսկվան աֆրիկյան մի քանի երկրի զիջեց հարյուրավոր միլիոն դոլարների հասնող պարտքերը… Իմիջայլիոց ԱԴԿ անդամը եւս թվարկեց բոլոր այն պարտքերը, որոնք Մոսկվան ներել է այս կամ այն երկրներին, բայց որոնց շարքում Հայաստանը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր-պետությունը, բացակայում է:

Պարզվում է՝ Մոսկվան վերստին Աֆրիկայի որոշ երկրների պարտքեր չեղյալ է հայտարարել. «Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի պետ Վլադիմիր Սերգեեւը ՄԱԿ-ում հայտարարեց, որ դուրս է գրվել աֆրիկյան որոշ պետությունների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը: 50 մլն դոլարի նվիրատվություն է արվել Համաշխարհային բանկի՝ աղքատ երկրների զարգացման ֆոնդին, նաեւ «Զարգացում՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել Զամբիայի եւ Տանզանիայի հետ, որոնց համաձայն դուրս գրված պարտքերի գումարները կօգտագործվեն այդ երկրների զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար: Նախատեսվում է նման համաձայնագրեր նաեւ Բելիզի, Մոզամբիկի եւ Եթովպիայի հետ: Վերջերս հայտնի դարձավ, որ դուրս է գրվել 500 մլն դոլարին համարժեք Ղրղզստանի պետական պարտքը: Մինչ այդ ՌԴ-ն եւ ԿԺԴՀ-ն համաձայնագիր են ստորագրել հյուսիսկորեացիների 11 մլրդ դոլարի պարտքը դուրս գրելու մասին:

Նշենք, որ Մոսկվան նախկինում դուրս էր գրել Վիետնամի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Մոնղոլիայի 100-ավոր մլրդ-ների պարտքերը: Եվ այս վիճակակագրության ֆոնին բավական տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ եւ արդի ամենակարեւոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ չի դուրս գրել մեր պարտքը, այլեւ մեր նկատմամբ կիրառել է «գույք՝ պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձեւը»:

Պատգամավորը դիմել է ԱԺ-ին, որ ՌԴ շահերը պաշտպանելուն զուգահեռ, նաեւ հետամուտ լինեն մեր հարցերի լուծմանը, որ կառավարությանը բանակցություններ սկսի մեր ռազմավարական գործընկերների հետ. «ՀՀ պարտքը դուրս գրելու, կամ գոնե դրա երկուստեք ընդունելի, մեր արժանապատվությունը չնսեմացնող ռեստրուկտուրիզացիայի ուղղությամբ»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։