Մի՞թե վերջին ընդդիմադիրն եմ ես

Ինչպես եւ սպասվում էր՝ եղավ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» խորհրդարանական դաշինքի քաղաքական ապահարզանը՝ այդպես էլ «ամուսնության» չհասնելով: Խաչատուր Քոքոբելյանն այսուհետ որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը. ասել է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իմիջիայլոց, Քոքոբելյան-Արզումանյան ազատդեմոկրատական զույգը դրանից առաջ փորձել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին անվստահություն հայտնել՝ առաջարկելով Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ինչը չի ընդունվել: Այնուհետեւ որոշվել է, որ Ալիկ Արզումանյանն էլ որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն»-ը: «Մենք ֆորմալ առումով կլինենք խմբակցությունում, բայց կներկայացնենք բացառապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շահերը»,- ասել է պատգամավորի մանդատը ցած չդրած Քոքոբելյանը:

Նշենք, որ համամասնական ընտրակարգով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իր մանդատի հրաժարումից հետո, «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր է գրանցվել Թեւան Պողոսյանը: Իսկ «Ժառանգություն»-ը վերջնականապես հայտարարեց, որ տղամարդու իր խոստումը չպահած ԱԴԿ նախագահ Քոքոբելյանը վերջնականապես փոշիացրեց ընդդիմության համախմբվելու հեռանկարը, եւ իրենք այլեւս նրանց սատարման կարիքը չունեն, անգամ նախագահական ընտրություններին: Չնայած «Ազատ դեմոկրատներ»-ի որոշ անդամներ չեն հերքում, թե անձնական կապերը մնում են եւ չի բացառվում նաեւ հետագա համագործակցությունը, թեկուզ այլ ձեւաչափով:

ԱԴԿ վարչությունը նույնպես հայտարարություն է տարածել, թե վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են իրենց քաղաքական ուժի համար եւ ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված բոլոր ջանքերը փոշիացվեցին: Ուստի, ԱԴԿ վարչությունը որոշել է, որ ԱԺ-ում իր ներկայացուցիչները չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը, որեւիցե պատասխանատվություն չեն կրում հետագա գործողությունների համար, կաշկանդված չեն խմբակցության որոշումներով:

Սա մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում արդեն հիվանդության պես մի բան է դարձել, նախ՝ ՀԱԿ-ը պառակտվեց, եւ մոտ 2 տասնյակ կազմակերպություններից որոշները հեռացան, որոշներն էլ նեղացան ԱԺ-ում տեղ չստանալով եւ պասիվացան, անգամ ՀՀՇ-ական կարկառուն դեմքեր հեռացան կոնգրեսից: Այժմ էլ, մերթ ընդ մերթ խոսում են ՀԱԿ-ի պատգամավորներ Լեւոն Զուրաբյան-Նիկոլ Փաշինյան հակասությունների մասին: Պառակտումը «պատեց» նաեւ գրեթե մեկ նպատակ ու շահեր ունեցող «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքին: Եվ ակնհայտ է, որ բոլոր պառակտումների պատճառը անձնական, եսակենտրոն դրսեւորումներն են: ՀԱԿ-ում պայքար ծավալվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլ հնարավոր նախագահի թեկնածուների միջեւ (ովքեր կարծում են, որ ՀՀ 1-ին նախագահը ՀՀԿ-ՀԱԿ խաղերից հետո մեծ վարկանիշ չունի), որի հետեւանքով մի խմբով հեռացավ ՀՀՇ նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանը, այնուհետեւ ՀՀ 1-ին նախագահի հհշական խնամին՝ Դավիթ Շահնազարյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քեքոբելյան «նախագահական» հակամարտությունը լուծարեց դեռ չկազմավորված միությունը: Ընդդիմադիր կեցվածք ընդունած խորհրդարանական ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էլ չեն կարողանում դեռ միասնության շուրջ լուրջ քայլեր նախաձեռնել, նորից եսակենտրոն մղումներ ունենալով՝ ՀՀ նախագահի սեփական թեկնածուն ունենալու «աննկուն» կամքի պատճառով: Չնայած վերջին շրջանում լուրեր են պտտվում, թե Լեւոն-Տեր-Պետրոսյանն ընդունում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկա վարկանիշն իր ունեցածից բարձր է: Բայց նման «բարի» կամքի դրսեւորումները հարաբերական են ներկայիս քաղաքական խրթին հարաբերություններում եւ սոցհարցումների հիմնականում խեղկատակ ցուցադրական թվերում:

Հետաքրքիր է նաեւ, որ մեկնարկած քառօրյան ցույց տվեց, որ ԲՀԿ-ի հայտարարած բոյկոտը (հանուն Վարդան Օսկանյանի պաշտպանության) չի աշխատում, եւ այս խմբակցությունը մասնակցում է ԱԺ նիստերին: Հիմա էլ նշել են, որ ԱԺ հետագա նիստերին մասնակցելու հարցը դեռ կքննարկեն: Իսկ ի պաշտպանություն նաեւ՛ ԲՀԿ-ական Օսկանյանի, «Սիվիլիթաս» հիմնադրամը բողոքի երթ ու ցույց իրականացրեց, եւ աշխատակիցները

Հյուսիսային պողոտայից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ էլ հրապարակեցին իրենց պահանջագիրը: «Շատերը կարծում էին՝ բողոքի ակցիային ակտիվորեն կմասնակցի նաեւ Օսկանյանի հարազատ կուսակցությունը, սակայն ԲՀԿ-ականներից ոչ ոք չմասնակցեց բողոքի ակցիային: Այս փաստը կարելի էր եւ տարօրինակ չհամարել, եթե շաբաթներ առաջ նույն գլխավոր դատախազության շենքի մոտ տեսած չլինեինք ԲՀԿ-ական պատգամավոր էլինար Վարդանյանին, ով մեծ ոգեւորությամբ մասնակցում էր ի պաշտպանություն ՀԱԿ-ի «քաղբանտարկյալների» բողոքի ակցիային»,- գրել է «Հայոց աշխարհ»-ը:

Իսկ «ժառանգության» անդամները ՀՀԿ ներկայացուցիչների հետ միասին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցեցին ԵԺԿ վերջին համաժողովին: ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հոկտեմբերի վերջերին կայցելելի Վրաստան, որտեղ կմասնակցի Հարավային Կովկասի 3 երկրների լիբերալ քաղաքական ուժերի՝ ՀՀՇ-ի, Վրաստանի «Հանրապետական» եւ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը:

Չենք կարծում, թե ՀՀՇ-ն դեմ կգնա իր ձեւին ու բովանդակությանը, եւ չի գնա հանդիպելու ադրբեջանցու հետ, ինչպես վերջերս «Ժառանգություն»-ը (ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի) մի առիթով մերժեց քաղաքական այցը Բաքու, որտեղ կայանում էր եվրակազմակերպություններից մեկի համաժողովը: Մերժեց՝ հիմնավորելով դա ազգային-քաղաքական մեկնաբանություն-պատասխանով:

Այս ամենին փոքր-ինչ արձագանքեց նաեւ իշխանությունը՝ ի դեմս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, որ իրենք դեմ են արհեստական հարսանիքներին եւ քաղաքական դաշինքներին:

«Ամուսնացեք, բաժանվեք… ձեր գործն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակը՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության տարաձայնությունները մեկնաբանելով: Նրա խոսքով՝ արդեն մի քանի ամիս է այս խմբակցության ներքին տարաձայնություններն ակնհայտ էին. «Ես դա չէի կանխատեսում, պարզապես քաղաքական գործիչը պետք է իրավիճակը մի քանի քայլ առաջ տեսնի: Եվ սա տարբերակներից մեկն էր: Խմբակցության տարաձայնություններն ակնհայտ էին այս կամ այն հարցի քվեարկության դեպքում: Անուն չեմ նշի, բայց նույն իրավիճակն է մեկ այլ խմբակցությունում, որի անդամները տարբեր կերպ են քվեարկում, այն դեպքում, երբ պետք է խմբակցության միասնական դիրքորոշումը ներկայացնեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը՝ ակնարկելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությանը:

ՀՀԿ-ական Շարմազանովը համապատկերում «նշմարել» է նաեւ «Ժառանգություն» խմբակցությանը, երբ ղեկավար Ռուբեն Հակոբյանը քվեարկում է մի կերպ, իսկ Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը՝ այլ, Զարուհի Փոստանջյանն էլ քվեարկում է իր հայեցողությամբ: Եվ ենթադրելի էր այդ խմբակցության հետագա ճակատագիրը. «Ես դեմ եմ որեւէ արհեստական երեւույթի՝ լինի դա հարսանիք կամ քաղաքական միություն»: Իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ բացի այս ամենից, այն խմբակցությունները, որոնցում տարաձայնություններ կան, նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորություն չունեն, «քանի որ ամեն ինչին հետեւող ժողովուրդը դժվար թե լուրջ ընդունի նման քաղաքական ուժի թեկնածուին»:

Արման Դավթյան

* * *

ԱԱԾ-ն՝ ՆԿՎԴ-ԿԳԲ-ի ժառանգորդ-ապրանքանի՞շ

«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է ապահովել անձի, հասարակության ու պետության անվտանգությունը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից:

«Այս կառույցը, որի հապավումը ԱԱԾ է, մեր հասարակության կողմից ոչ թե ընկալվում է որպես իրավապահ առաքելությամբ առաջնորդվող կառույց, այլ խորհրդանշում է ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ բռանապետական ապրանքանիշը: Արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Հայաստանի հանրության կողմից ընկալվում է որպես ԱԱԾ կառույց եւ, իր ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս, առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն: Մեր հասարակությունում այս ազատազրկման վայրը անվանում են, որպես «ԿԳԲ»-ի պադվալներ»:

Շուրջ 20 տարի է անցել խորհրդային բռնապետական կառավարման մոդելի մեր պաշտոնական հրաժարումից, սակայն դեռ բավականին քանակությամբ կառավարման արատավոր միջոցներ գործում են: Այս միջոցներից մեկն էլ տխրահռչակ ԱԱԾ-«ԿԳԲ»-ի պադվալներն են»: Այս «պադվալներում» ազատազրկված են եղել մեր ազգի բազմաթիվ արժանավոր զավակներ, ինչպիսիք են Գարեգին Նժդեհը, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը եւ ուրիշներ, ինչպես նաեւ մեր օրերի բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս կառույցը նաեւ ժամանակին ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Սակայն իր ղեկավարման տարիներին ձեռնամուխ չի եղել այս արատավոր՝ բռանապետություն խորհրդանշող կառույցի վերացմանը»:

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ գործող նախագահ, անկասկած ունի բոլոր հնարավորությունները վերջապես մեր քաղաքի կենտրոնից վերացնել ազատազրկման այս սարսափազդու բնակատեղին եւ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մենք ապրում ենք այնպիսի համակարգում, որտեղ յուրաքանչյուր մարդ ապահովագրված չէ ԱԱԾ-ի ոտնձգություններից, այդ թվում նաեւ ՀՀ նախագահը, ուստի՝ դիմում են, որ գործադիր իշխանության առաջին դեմքի պաշտոնավարման ավարտին գոնե ազատագրել Երեւանի կենտրոնը բռնապետություն խորհրդանշող այս կառույցից եւ տեղը հիմնադրել, օրինակ, Պատմության թանգարան, որը կպատմի ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ բռանապետական ապրանքանիշի կատարած հանցագործությունների եւ իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին:

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։