Գերտերությունները եւ Արցախի հարցը -

Հայկական բռնազավթված տարածքները՝ տարածաշրջանային հարցերի ազդեցիկ գործոն

* * *

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը հոկտեմբերի 25-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Սա Ավստրալիայի ամենամեծ նահանգն է, որի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հարաբերություններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ:

Վստահ ենք՝ սա դեռ սկիզբն է:

 

* * *

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները հետեւել են Արցախի ՊԲ զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: ՀՀ նախագահը նախ այցելել է երկրի արեւելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը, այնուհետ մեկնել ԼՂՀ: Մինչ զորավարժությունների դիտարկումը հայկական հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են պաշտպանական դիրքերում, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին եւ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն:

Նախագահները այցելել են Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի արտահանումը Հայաստան՝ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ եւ շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարեւոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաեւ ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը: Հայկական հանրապետությունների նախագահներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է քարածխի հարստացման կոմբինատ:

Արցախում տեղի է ունեցել զորավարժությունների եզրափակիչ փուլը, որին եւս ներկա են գտնվել նախագահներ Սարգսյանն ու Սահակյանը, ինչպեսեւ՝ բանակի հրամանատարությունը: Զորավարժությանը ցուցադրվել է մեծ թվով ռազմական տեխնիկա, իսկ վերջում տանկային վաշտը ցուցադրական դեֆիլե (տանկային պար) է ներկայացրել: ԼՂՀ ՊԲ զորավարժություններն անցել են բարձր մակարդակով, իսկ ՊԲ ստորաբաժանումների մասնակցությամբ հանդիսավոր երթ ու պարգեւատրման արարողություն է եղել:

Արցախի նախագահը շարունակում է նաեւ հանդիպումները սփյուռքահայ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա եւ այլն) գործարար շրջանակների հետ, ու համատեղ ծրագրեր են նախանշվում ԼՂՀ զարգացմանն ու զորացմանն ուղղված: Վերջերս նաեւ շվեյցարացի գործարարներն են եղել Արցախում, որոնց հետ մինչ այդ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահը: Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ, Ժնեւի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարեւորել է այն սերտ հարաբերությունները, որոնք առկա են մեր երկրների միջեւ: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում հերթական այցը: Պատվիրակության մաս են կազմել ինչպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հայազգի անդամ Լյուկ Բարթասան, այնպես էլ շվեցարահայ համայնքի գործարար ներկայացուցիչներ: ԼՂՀ այցը տեղում վիճակին ծանոթանալու եւ ճիշտ դիրքորոշում ձեւավորելու լավ հնարավորություն է տվել:

Հայաստանն ու Արցախը պիտի շարունակեն հզորացնել իրենց զինուժը, քանի որ Ադրբեջանը անդադար զարկ է տալիս ռազմական ուժի արդիականացմանը: Բաքուն կրկին ռազմական կարողությունները մեծացնելու քայլեր է ձեռնարկել: Իսրայելական եւ թուրքական համատեղ զինարտադրությունները քիչ համարելով՝ հիմա էլ Ուկրաինան ու Ադրբեջանը միասին ռազմական ուղղաթիռներ են արտադրելու՝ Կիեւի առաջարկով: Ծրագրերից մեկը Մի-24ՊՈւ1 ռազմական նոր ուղղաթիռի արտադրության նախագիծն է՝ Մի-24 ուղղաթիռի բազայի հիման վրա: Մեկ այլ ծրագիր ներառում է բազմաֆուկցիոնալ Մի-8ՄԲՍ ուղղաթիռների արտադրություն: Երկու ծրագրերի հետ կապված Ուկրաինայի համապատասխան կառույցները տեղեկատվություն են տրամադրել ադրբեջանական կողմին, անցկացվել են նախնական բանակցություններ: Ռազմական ուղղաթիռի փորձարկումներն սկսվել են այս ամռանը: Մի-24ՊՈւ1 ուղղաթիռը, որը Մի-24 ուղղաթիռի ուժեղ արդիականացված տարբերակն է, նախատեսված է բարձլեռնային տարածքներում մարտերի համար: Ուղղաթիռի փորձարկումները նույնպես ավարտվել են, դրանք նախատեսված են հիմնականում անձնակազմի տեղափոխման եւ վիրավորների տարհանման համար:

Իհարկե, ռազմական հզորությանը զուգահեռ չպետք է մոռանալ մեր արտաքին քաղաքական ազդեցությունը մեծացնելու մասին: Բաքուն ամենուր հալածյալի կերպարի եւ տարածքներ կորցրած երկրի անվան տակ թաքնվելով՝ փորձում է Հայաստանին եւ հայությանը որպես ագրեսոր եւ անհանդուրժող ներկայացնել, միաժամանակ իր այսպես կոչված մշակութային արժեքներն ու արժանի մարդկանց արձանները աշխարհի տարբեր անկյուններում տեղադրել՝ տեղայնացնելով ադրբեջանական քաղաքականության ճշմարտացիությունը: Սա հաստատ թուրք եղբայրներից են սովորել, եւ ցեղասպան Աթաթուրքի արձանի՝ Հունգարիայում տեղադրումը կրկին ոգեշնչել է թուրք-ադրբեջանցիներին:

Ադրբեջանցիներն էլ հեռավոր Մեքսիկայից են սկսել իրենց հուշարձանաշինությունը: Մեքսիկայի ԱԳՆ-ն մեր ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետեւանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշել է հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով: Հայ նախարարը Մեխիկոյում հանդիպել է նաեւ տեղի հայ համայնքին: Այս այցը նպաստել է, որ Մեքսիկայի զլմ-ներն անդրադառնան Ադրբեջանի նախկին նախագահի եւ այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը: Մեր նախարարը հայտնել է, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաեւ ոչ միայն Մեքսիկայում, այլեւ աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Այս ամենն էլ բացասական արձագանք է առաջ բերել Մեքսիկայի հանրության շրջանում:

Իհարկե, մեր իշխանությունները կարծես ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմանան եւ հակահարվածեն թուրք-դրբեջանական այսօրինակ մշակութային ծավալմանը, բայց սա պետք է դառնա համազգային խնդիր՝ Հայաստանի ու Սփյուռքի հայության բոլոր հատվածների համար:

ՀՀ նախագահը եւս հաճախակի է արձագանքում այս կարգի առիթներով, ինչը պետք է շարունակել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չպետք է հանդուրժել Ադրբեջանի սադրանքները: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ համաժողովում նա անդրադարձել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին: Նա ռասիզմի ու քսենոֆոբիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսելիս արձանագրել է, որ «ԱՊՀ տարածքում կա Ադրբեջան երկիր, որտեղ խրախուսվում են ռասիզմի երեւույթները: Այդ երկրում ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հանրությանը պատրաստում է խաղաղության: Ռասիստական, հակամարդկային հայտարարություններով ու հակահայկական քարոզչությամբ են հեղեղված Ադրբեջանի զլմ-ներն ու համացանցը»: Աժ փոխնախագահն ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հիշեցրել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած, դատարանի կողմից ցմահ ազատազրկված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ու Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհելու փաստը՝ դա որակելով իբրեւ քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակ. «Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտարարեցին, որ Սաֆարովին ներելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ նպաստում տարածաշրջանում ապակայունության ու լարվածության աճին»:

Պետք է շարունակել հակահարված տալ նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Խոջալուի դեպքերը հայերի վրա բարդելու փորձերին: Եվ ԱԺ փոխնախագահը այստեղ հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ իրադարձությունների վրա լույս սփռող խոսքերը, ով հաստատել է, որ Խոջալուի բնակիչների գնդակահարությունն ադրբեջանական «Ժողովրդական ճակատ»-ի ներկայացուցիչների ձեռքի գործն է եղել, իսկ սադրանքը կազմակերպվել է քաղաքական նկատառումներով:

Երեւանն ու Ստեփանակերտը սառեցրել են բանակցությունները, բայց դեմ չեն, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց պնդում են, որ Բաքուն պետք է համաձայնի, որ խաղաղ բանակցությունների արդյունքը պիտի հաստատվի 3 հայտնի սկզբունքների հիման վրա, որոնցում ազգերի ինքնորոշման իրավունքը նույնպես ամրագրված է:

Ի դեպ, Բուխարեստում կայացած ԵԺԿ համագումարում կուսակցության ղեկավար մարմինների ընտրության ժամանակ հայկական կողմը լավ է աշխատել, եւ Ռումինիայում հավաքված ԵԺԿ-ականները Հունգարիայի ու Ադրբեջանի պատվիրակներին պատշաճ չեն վերաբերվել: Իսկ ԵԺԿ նախագահի տեղակալ, Հունգարիայի թուրքագեն վարչապետ Օրբանը չի ընտրվել եւ դուրս է մնացել ԵԺԿ ղեկավար կազմից: Ավելին՝ նրան նույնիսկ ելույթի հնարավորություն չի տրվել, եւ ընդհանրապես, Հունգարիայի պատվիրակությունը համագումարին շատ կաշկանդված է եղել: Նույն վիճակում է եղել նաեւ ադրբեջանամետի համարում ունեցող ԵԺԿ ակտիվ անդամ, Ռումինիայի նախագահ Բասեսկուն, ում մշտապես սատարել է ԵԺԿ-ն: Բայց այժմ նրա հաղթելու շանսերը գրեթե զրոյական են: Իսկ հյուրի կարգավիճակով համագումարին մասնակցող Ադրբեջանը թվարկվել է ոչ եվրոպական երկրների՝ Աֆղանստանի եւ Պաղեստինի հետ մի շարքում, թեեւ ԵՄ արեւելյան գործընկերության անդամ է:

Գուցե այս քաղաքական ընդվզումներին նպաստեց նաեւ այն փաստը, որ ադրբեջանական նավթի փառաբանումը վերջնականապես սուտ դուրս եկավ, ու հենց սա էր պատճառը, որ անգլիական հայտնի «Բրիթիշ փեթրօյլում»-ը լքեց Ադրբեջանը՝ Բաքվում ընդամենը մեկ ներկայացուցիչ թողնելով: Այս երկրի նավթային պաշարների սպառման վտանգից ահաբեկված Բաքուն անօրեն յուրացնում է թուրքմենական եւ իրանական նավթային պաշարները: Իսկ այս երկրները ռազմականապես վերազինում ու կատարելագործում են իրենց բանակները եւ չի բացառվում թուրքմենական ու ադրբեջանական ռազմական բախումը դառնա իրականություն, որն էլ միջթուրքական պառակտման կբերի եւ արցախյան հիմնախնդրի լուծման նոր հնարավորություն կընձեռի:

Կասպյան ավազանի բոլոր երկրները արագորեն զինվում են, եւ անգամ բանակցությունները կարող են պատերազմով ավարտվել: Այսօրվա դրությամբ տարածաշրջանի գլխավոր խնդիրը հենց Կասպից ծովի կարգավիճակի հարցն է, ու նաեւ վերջինիս լուծումից է որոշակիորեն կախված արցախյան հակամարտության կարգավորումը: Բաքվի համար մի լուրջ վտանգ էլ կա՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները՝ թալիշները, լեզգինները, ուդինները եւ այլք, այսինքն՝ Ադրբեջանի ԶՈւ հիմնական կազմը, հազիվ թե մեկ անգամ եւս խաբվի Բաքվի կողմից ու պայքարի ադրբեջանական շահերի համար: Ավելին՝ պատերազմը Ադրբեջանին կներքաշի ներքաղաքական ու ներազգային խնդիրների մեջ: Իսկ զուգահեռ՝ Կասպից ավազանի ու Արցախի պատերազմների դեպքում Ադրբեջանի գոյությունն անգամ կվտանգվի:

Ըստ «Global Post»-ի, Ռուսաստանն ու Իրանը կաջակցեն Հայաստանին, եթե հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվի:

Պարբերականում հոդվածագիր Նիքոլաս Քլեյթոնը «Հայ-ադրբեջանական սահմանում անօդաչուների անկարգությունները կարող են հանգեցնել պատերազմի» վերնագրով հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ նկատել, որ «պատերազմի վերսկսման դեպքում այն կլինի ավելի երկարատեւ ու ռեսուրսատար»: Հոդվածագիրը նախ տեղեկացնում է, որ ցանկություն են ունեցել ռեպորտաժ ներկայացնել շփման գծում իրավիճակի ու Ադրբեջանի ռազմական արդիականացման վերաբերյալ, սակայն Բաքուն կտրականապես հրաժարվել է հավատարմագիր տրամադրել «Global Post»-ի թղթակցին:

«Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են պատերազմել, եթե սահմանում երկու կողմերի անօդաչու սարքերի «արագ բազմացումը» շարունակվի,- գրում է հեղինակն ու, վկայակոչելով Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալները, տեղեկացնում,- Ադրբեջանը 2011թ. իսրայելական «Aeronautics Ltd» եւ «Elbit Systems» ընկերություններից ձեռք է բերել 30 անօդաչու սարք, այդ թվում 25-ը՝ միջին չափի «Hermes-450» եւ «Aerostar» անօդաչու սարքեր: Բացի այդ, Ադրբեջանը ստորագրել է մի գործարք, որով երկրի ներսում արտադրվելու է հավելյալ «Orbiter 2M» եւ «Aerostar» տիպի 60 անօդաչու սարք»:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ձեռք է բերել 50-ից ավելի անօդաչու սարք, որոնք նույն հնարավորությունները ունեն, ինչ ամերիկյան «Predator» եւ «Reaper-type» անօդաչու սարքերը, որոնք «Պակիստանում եւ Եմենում ԱՄՆ արշավի հիմնական «աշխատուժն» էին»:

Չնայած Իսրայելն անօդաչու սարքեր վաճառելիս նկատի է ունեցել, որ այն կօգտագործվի Իրանի դեմ, սակայն Բաքուն հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է դրանք գործադրել Հայաստանից տարածքներ վերցնելու նպատակով, ինչը Թել Ավիվում չէին կարող չհասկանալ հրեա պայծառ մտածող իշխանավորները…

Անօդաչու սարքերը «գրավիչ գործիքներ են», որոնք գործածվում են նաեւ սառը հակամարտությունների ժամանակ, սակայն նրանց ներկայությունը լարվածության տեղիք է տալիս: Վերոնշյալ հրապարակման հեղինակը ներկայացրել է նաեւ փորձագետների տեսակետը եւ նշել, որ դրանց համաձայն՝ Հայաստան-Ադրբեջան պատերազմը ավելի երկար ու ավելի դժվարին է լինելու, քան 5 տարի առաջ Ռուսաստան-Վրաստան պատերազմը: Մասնավորապես, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը նշել է, որ այս դեպքում կարեւոր է այն, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Ամռանը տեղի ունեցած սահմանային բախումներից հետո Մոսկվան հայտարարել է, որ 20%-ով ավելացնում է իր՝ հայկական օդային տարածքների պահակախմբերը: Մասնագետները պնդում են նաեւ, որ Իրանը նույնպես աջակցելու է Հայաստանին, քանի որ այն կարեւոր գործնական կապեր ունի այդ երկրում: «Եթե հայ-ադրբեջանական պատերազմ վերսկսվի, այն փոքր չի լինելու: Ես դրանում համոզված եմ»,- նշել է Ստեֆան Բլենկը:

Այս համապատկերին առավել հետաքրքիր է դիտվում ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը, երբ գործող նախագահ Բարաք Օբաման խոստացել է չփոխել քաղաքականության կուրսը Ռուսաստանի նկատմամբ, սա իհարկե այն դեպքում, եթե նա հաղթանակ տանի առաջիկա նախագահական ընտրություններում: Հակառակ դեպքում, նախագահի մյուս թեկնածուն՝ Դոնալդ Թրումպը հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա կդադարեցնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ստացվում է՝ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունը եւս կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ շահերի առաջնայնության վրա:

Չենք բացառում նաեւ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների ծավալումները, ինչը նույնպես առնչվում է ԱՄՆ-ՌԴ նկրտումներին, ուրեմնեւ՝ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հնարավոր առճակատումը մի նոր իրավիճակ կստեղծի Արցախի հարցի լուծման համար:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։