Դիմանկարի փոխարեն –

Իրական ու ձեւական հայրենասերներ

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Երբ ասվում է, որ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է, նկատի է առնվում ոչ թե այն, որ հայրենասերները տականքներ են, այլ՝ որ երբ տականքները այլեւս ոլորտ չեն ունենում մխտռելու, սկսում են «զբաղվել» հայրենասիրությամբ:

Ու այս տականքները փորձանք են դառնում իրապես հայրենասերների գլխին: Սրանց բախտը գրեթե միշտ չի բերում, որովհետեւ թույլ տեղ ունեն՝ ազնվորեն հավատում են բոլոր նրանց, ովքեր հայրենասեր են ձեւանում:

Հիմա պատկերացրեք այն ոլորտի վիճակը, որտեղ պիտի գործեն իրական ու ձեւական հայրենասերները:

Իսկ որ ավելի լավ հնչի՝ որտեղ ձեւականները պիտի անընդհատ անհարկի կանգառ լինեն իրականների համար:

Իրականները մտածում են, թե գործ են անում այսքան հոգով, մինչդեռ հոգի չկա, կա գլխաքանակ:

Իսկ գլխաքանակի շարժը միշտ պարզապես տեղաշարժ է լինում, ոչ թե ընթացք:

Իրականները համոզված են, թե ձեւականները բարի են, ինչը մեր օրերի համար արդեն լավ է:

Մինչդեռ դրանք բարի են ոչ բնույթով, այլ բարի են, որովհետեւ ծույլ են:

Իրականները վստահ են, որ դրանք վեհանձն են, ինչը հայրենասերի բնական հատկանիշն է, մինչդեռ ոչ թե վեհանձն են, այլ՝ անբան անինքնասերներ:

Իրականները հավատում են, որ ձեւականները հանուն հայրենիքի իրենց կյանքը կտան, մինչդեռ դրանց հայրենասիրությունը վերջանում է այնտեղ, որտեղ հանուն գործի պետք է տալ ոչ թե կյանքը, այլ՝ մի քանի դրամ:

Իրականները միշտ իրենց շոյված են զգում, երբ ձեւականները գնահատում են նրանց գործը: Մինչդեռ դա գնահատանք չէ, այլ՝ պարզունակ շողոքորթություն, որով ձեւականներն արդարացնում են սեփական անգործությունը:

Իրականները կարծում են, թե ձեւականների չգործելու պատճառը ժամանակ չունենալն է, մինչդեռ դրանք ժամանակը ծախսում են սեփական գործերի համար:

Իրականները գիտեն, թե ձեւականների՝ խոստումները չկատարելու պատճառը մոռացկոտությունն է կամ միջոցներ չունենալը, մինչդեռ դրանք մոռացկոտ են, որովհետեւ խոստումները տվել են էժանագին օղու, լավագույն դեպքում՝ գինենման խմիչքի բաժակը ձեռքներին:

Մի խոսքով, իրականներին առաջընթացի համար միջոցներից առաջ պետք է ազատվել այն ձեւականներից, որոնք թեկուզ բարի են, բայց մոլախոտ են:

Իսկ մոլախոտին եթե հողից չես պրճոկում, խիտ տարածվում է: Դրա համար էլ իրականների ամենասովորական քայլքն անգամ մաքառում է:

Ահա այսպիսի ամենօրյա պատմություն:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

* * *

Հանգիստ է պետք, իսկ սեռավարակները շատացել են

Ըստ սեքսապաթալոգ Վրեժ Շահրամանյանի, յուրաքանչյուր մարդու մոտ, անկախ մասնագիտական բնույթից, երբ ընկնում է բուռն կենսակերպի մեջ, ժամանակի ընթացքում մոռանում է սեփական կյանքի, հանգստի մասին, կարող է ժամանակավոր նվազել սեռական կյանքը: Նա բոլորին կոչ է անում երբեք չմոռանալ հանգստի մասին:

Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի կարծիքով էլ մարդիկ կարող են ունենալ ծանրաբեռնված կյանք, հոգսեր, բայց սեռական կյանքում լինել լիարժեք:

Անգամ օրինակ է բերել Ալեքսանդր Մակեդոնացուն եւ Նապոլեոն Բոնապարտին:

Ըստ գինեկոլոգի, այսօրվա սոցիալական վիճակը իրենց ոլորտի վրա մեծ ազդեցություն է թողնում:

Առաջին հերթին նա նշեց արտագաղթը. «Ընտանիքները բաժանվում են, տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, կանայք մնում են այստեղ: Կանայք մնում են առանց սեռական կյանքի, ինչը կարող է ծանր ազդեցություն ունենալ առողջության վրա, ծնելիությունը նվազում է: Վերադառնալով տուն՝ շատ հաճախ իրենց հետ վարակ են բերում»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.