Ուժեղը սպասու՞մ է բանակցողներին

Վերջերս շատ է քննարկվում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ իբր ընթացող գաղտնի բանակցությունների հարցը, սակայն երկու կողմերն էլ դա հերքում են: Չկան այս պահին նախագահական ընտրությունների հետ կապված նման բանակցություններ. ներքաղաքական գործընթացների մասին խոսելիս ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա «անկեղծորեն չի հասկանում, թե ինչո՞ւ հիմա պետք է նման բանակցություններ վարվեն»:

Մենք էլ անկողծորեն հարցնում ենք՝ իսկ ե՞րբ պիտի վարվեն, եթե ոչ հիմա: Արդեն հայտնի են ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջադրվելու պատրաստ մի քանի թեկնածուներ եւ տրամաբանական է, որ քաղաքական դաշտի երկու մեծ ուժերի խնդիրն առավել արդիական է դարձել:

Այլ բան է՝ ընթանու՞մ են բանակցություններ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, թե՞ ոչ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԲՀԿ ղեկավարը հասկանալով, որ Ծառուկյան-Քոչարյան համագործակցությունը երբեւէ չի կարող առավել լինել, քան Սարգսյան-Քոչարյան կապը, փորձել է հանդիպել գործող նախագահին, ով դեռ նպատակահարմար չի գտնում ընդունել նրան:

Մեր աղբյուրի համաձայն, ԲՀԿ ղեկավարը նաեւ չի կարողանում հանդիպել նախկին նախագահ Քոչարյանի հետ: Եվ սա Գագիկ Ծառուկյանին արդեն նյարդայնացնում է:

Հատկապես, որ ՀՀԿ-ականները հիշեցրել են, որ նախկին կոալիցիոն հուշագիրը դեռ ուժի մեջ է, իսկ այնտեղ ԲՀԿ-ն խոստացել է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Որեւէ բանակցություն այս պահին չի ընթանում՝ նոր կոալիցիոն հուշագիր ստորագրելու համար: Բայց չեմ հասկանում, թե ի՞նչ պիտի բանակցենք ԲՀԿ-ի հետ: Եթե չեղյալ չի համարվել, ապա հիմք ընդունվում է դեռ 2011-ին ընդունված հայտարարությունը: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն հուշագրին, ապա դա ընդունվել է 2007-ին եւ այլ փաստաթուղթ է»,- նշել է Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն որեւէ փաստաթղթով չի առաջնորդվում եւ պատրաստվում է դեկտեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, իրենք այսպես են հարցը դնում՝ շատ լավ կլինի, որ իրենց պաշտպանեն բոլոր ուժերը, քանի որ իրենք հաստատ աշխատելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու համար: Հիմա թե ովքեր կմիանան՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստվում են հանրապետականները եւ «ինչքան ակտիվ ու զուսպ ընտրություններ լինեն, այնքան շահեկան վիճակում կհայտնվի Հայաստանը»:

ՀՀԿ անդամները նշում են, թե սովորաբար ուժեղի հետ են բանակցում. իրենք ուժեղն են եւ պատրաստ բանակցելու, իսկ բոլորի հետ էլ կարելի է համագործակցել:

Անի Մարության

Կարող է պատահի չէ, մեզ հաստա՛տ հետեւում են

ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը քննադատեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա վարած քաղաքականությունը եւ հայտարարեց, թե 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիներին երկիրն ավելի մեծ վնասներ է կրել, քան 1-ին նախագահի օրոք: Թե սա ինչ քաղաքական զեղում էր, հետո կպարզվի, բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ համամիտ չէ պատգամավոր Գեղամյանի այդ դիտարկմանը:

Բայց մի բան հստակ է, այս «գեղամյանական» տոնով ելույթը ինքնաբուխ համարել չի կարելի: Իհարկե, հնարավոր չէ բացառել ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած կուսակցապետերի ինքնուրույն դրսեւորումները եւս, բայց թեման սովորական չէր: Իսկ ՀՀԿ-ականները, ի դեմս Գալուստ Սահակյանի, հայտարարել են, որ ո՛չ 1-ին նախագահն է մեծ վնաս հասցրել, ո՛չ էլ՝ 2-րդը եւ «Գեղամյանն ընդամենը իր կարծիքն է հայտնել, որը ո՛չ խմբակցության, ո՛չ էլ ՀՀԿ-ի հետ կապ չունի»:

Բայց մամուլի աչքից չի կարող վրիպել, որ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանը ավելի շատ են քննադատում ընդդիմադիրներին, քան՝ ՀՀԿ-ականները, եւ այս կուսակցապետերը նման «պետպատվերի» տակ էլ հայտնվել են խորհրդարանում:

Իսկ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների հարցը, ըստ մեր տեղեկատվության աղբյուրի, կարգավորվել է հօգուտ գործող նախագահի, եւ կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, թե՝ ոչ, այլեւս ոչինչ չի փոխի այդ հարցում: Խոսակցություններ կան, որ հնարավոր է հենց հայկական կողմը մեկնի Մոսկվա եւ ոչ թե ռուսական կողմն այցելի Երեւան, քանի որ ռուսները պատրաստվում են տրամադրել 2 մլրդ դոլար, եթե Հայաստանը միանա Եվրասիական միությանը: Այս մասին խոսք եղել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ:

Այսպես նախագահ Սարգսյանը դեռեւս ապացուցում է, որ կարողանում է հավասարապես աշխատել համաշխարհային բոլոր բեւեռների հետ՝ յուրաքանչյուրի համար մնալով ամենահարմար ՀՀ նախագահի թեկնածուն:

Նարե Մշեցյան

ՀԱԿ-ը՝ արմատականից անատամակա՞ն

Ընդդիմադիր ուժերի քաղաքական մասնատումներն ու ապահարզանները կարծես ավարտվելու միտում չունեն: Ամենաառաջինը պառակտված ՀԱԿ-ը ներքին հանդարտության դեռ չի գալիս: Այժմ էլ սրվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հարաբերությունները:

Գուցե խաղ է, գուցեեւ՝ ոչ:

Բայց ասում են՝ այդ տարաձայնությունները նաեւ գաղափարա-քաղաքական դրդապատճառներ ունեն եւ առավելապես վերաբերում են ԲՀԿ-ի նկատմամբ ունեցած տարակարծիք մոտեցումներին:

Պատգամավոր Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից, քանի որ իշխանությունից զատված այս կուսացությունը դեռ հեղհեղուկ է եւ հավատ չի ներշնչում: Նա բացառում է որեւէ համագործակցություն ԲՀԿ-ի հետ: Իսկ պատգամավոր Զուրաբյանը նույն համառությամբ չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցության, նաեւ՝ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը:

Այս հակասություններն այնքան են խորացել, որ, ոմանց բնորոշմամբ, վերաճել են թշնամանքի, մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում նրանց միջեւ անգամ քաշքշուկ է տեղի ունեցել: Իսկ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին բացատրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելու դեպքում ինքը կառաջադրի իր թեկնածությունը՝ ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից:

Ըստ երեւույթին՝ Փաշինյանը համոզված է ՀՀ 1-ին նախագահի չառաջադրման հարցում եւ բավականին ակտիվ է աշխատում խորհրդարանում, ինչը հաստատ պետք կգա նախագահի թեկնածու առաջադրվելու ժամանակ: Նա ոչ միայն պատգամավորների կողմից առաջադրվող հարցերի մասով է փորձում ինքնուրույն քայլեր եւ տեսակետներ ցույց տալ, այլեւ հասցրել է «լեզվակռիվ» ունենալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Անգամ հայտարարել է, որ մինչեւ «պատգամավոր դառնալը ինքը նույնպես հասարակության անդամ էր եւ հենց այդ ժամանակ է ստացել խորհրդարանի մասին տպավորությունները»: Իհարկե, ստանում է նաեւ պատասխաններ, բայց շարունակում է իր ակտիվությունը՝ ակնկալելով լինել ՀԱԿ-ի նախագահի թեկնածու: ԱԺ նախագահը մի առիթով նշեց. «Պարոն Փաշինյան, կարծում եմ՝ կոռեկտ չեք ձեր ձեւակերպումներում: Մենակ դուք չեք, որ պետք է խորհրդարանին գնահատական տաք, դա հանրությունը կտա, եւ երկար խոսելով հարց չենք լուծի… Հիմա նման ելույթով, ամբիոնից խոսելով՝ հանրության մոտ ստեղծում եք այնպիսի մի տպավորություն, որ խորհրդարանում միայն դուք եք աշխատում: Դա ազնիվ չէ, ազնիվ չէ նաեւ ձեր գործընկերների նկատմամբ… Ձեր տպավորությունը շատ քիչ է, որ հանրության տպավորության հետ համընկնի»:

Ինչեւէ, ոչ վաղ անցյալում իրեն արմատական ու անհանդուրժող ընդդիմադիր ուժ հռչակած ՀԱԿ-ը, որ մերժում էր իշխանության հետ որեւէ համագործակցություն, նախ դարձավ ՀՀԿ-ի հետ բանակցող կողմ, ապա իբր հրաժարվեց ու… հայտնվեց խորհրդարանում:

Բայց այս ամենով պայմանավորված՝ կորցրեց հանրահավաքային իր բազմաքանակ ընտրազանգվածը ու անգամ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում չունի այլեւս վստահություն:

Գուցե սա է այն առիթը, որի համար էլ հանդիպել են ՀՀ 1-ին նախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.