Այդ քաղցր բառը՝ իշխանություն

ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցը ընդդիմադիր (հին) ոլորտի առօրյան է:

Այս առումով խոսել է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ով հատուկ նշել է. «ԲՀԿ-ն կամ կդառնա լրջագույն քաղաքական միավոր, կամ էլ ՕԵԿ-ի կողքին իր տեղը կզբաղեցնի»: Նաեւ փորձել է խամրող ՀԱԿ-ի վարկանիշը հնարավորինս բարձրացնել՝ ասելով, թե ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ ինչ-որ մեկի թեւի տակ մտնի կամ դառնա կցորդ:

Երեւի նկատի է ունեցել, որ միայն ՀԱԿ-ին են կցվում, միայն ՀԱԿ-ի շուրջ են կցորդները հավաքվում…

ՀԱԿ սոցիալ-դեմոկրատ պատգամավորը չի հերքել, որ ունեն ներկոնգրեսական հակասություններ, բայց երբեք չեն լինում այնպիսի հակասություններ, որոնք հնարավոր չէ կարգավորել: Ըստ նրա, տարակարծություններ կան շատ հարցերում, բայց իրենք միասնական են մի խնդրի շուրջ, որ պետք է կարողանան ժողովրդին հնարավորություն տալ ձեւավորելու իշխանություն, նաեւ այդ իշխանությունը հեռացնելու մեխանիզմների հնարավորություն պիտի ստեղծել ժողովրդի համար:

Շատ լավ է ասված, բայց սա վաղուց է ասված ու բոլորն են ասում՝ նոր բան չկա:

Իսկ ՀԱԿ-ի իշխանության գալը նորությունների հեղեղ (խոսքը դրականի մասին է) չի բերելու հաստատ, եւ ոչ մի բանով չի տարբերվելու ՀՀՇ-ի իշխանության տարիներից:

Ոչ մի հերքում չի՛ կարող տրամաբանական լինել: Սա էլ՝ հաստատ:

Իսկ թե այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով ինչե՜ր արեց Հայաստանի ու հայության գլխին… Մենք բոլորս լա՜վ ենք հիշում:

Էն էլ նշենք, որ եթե իսկապես ժողովրդի հիշողությունը կարճ է, ապա ազգինը հավերժ է:

Հիմա ինչ՝ երկրի 1-ին նախագահը վերադառնալու ցանկություն է հայտնում ի՞նչ անելու համար: Այն, ինչ թալանել են՝ ուզում են ետ տալ ու չգիտեն ո՞նց:

Թե՞ ցանկություն կա տարածն ավելի անկաշկանդ վայելելու, ու դեռ մի բան էլ եղածի վրա ավելացնելու:

Իսկ գուցե նոր կոնգրեսականները հին հհշականների արածները լավ չե՞ն հիշում: Բայց դա էլ հաստատ ժողովրդի մտայնության հետ կապ չունի:

Այսօր պատգամավոր Հրանտ Բագրատյան նախկին վարչապետը չի հիշու՞մ իր անցյալը, նաեւ, որ ամենապարզ դիտարկմամբ, այսօրվա քննադատվող Տիգրան Սարգսյան վարչապետից հաստատ լավը չի եղել: Ու հանուն ժողովրդի անքուն գիշերներ չի անցկացրել: Գուցե անքուն գիշերներ եղել են, բայց վստահաբար՝ խիստ անձնական բնույթի…

Ինչքա՜ն պետք է պնդերես լինել, որ 1991թ.-ից մինչեւ իրենց վայելքների «դարաշրջանի» վերջը (հոտած եւ եսակենտրոն համակարգը ինքնահոշոտմամբ վերացավ) կատարած անօրեն ու անիմաստ արածները մոռանա այն ժողովուրդը, ում համար հիմա «իշխանությունը հեռացնելու մեխանիզմների հնարավորություն» են ցանկանում ստեղծել:

Որ այսպես ճարտար ու անպատիժ են դեռ, պատճառը մեկն է՝ բոլորին թվում է ամեն բան մոռացվել է: Բոլոր նախկին ու նոր չինովնիկներին:

1-ին, 2-րդ, թե 3-րդ նախագահները, բոլորն էլ եղել են ու կան բոլորի ժամանակ:

Դրա համար էլ խորքային չեն ասում ամեն բան: Թաքցնելու համատեղ բաներ կան:

Չեն պատժում, որ չպատժվեն:

Խորքում գրեթե բոլորն էլ իրար գիտեն, լսել ու տեսել են: Նույնն են գրեթե, եւ նորերի առաջն առնելու մղում կա միշտ:

Իսկ ահա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը հայտարարում է. «Միասնական ճակատով պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ հանդես գալ: Եթե հնարավոր լինի հանդես գալ միասնական թեկնածուով, ապա մենք դա կանենք: Եթե կլինեն մի քանի թեկնածուներ, մենք համատեղ կփորձենք հնարավորություն չտալ իշխանություններին հերթական անգամ կեղծելու ընտրությունները: Համագործակցությունը կարող է նաեւ այդ ձեւաչափով լինել»:

Եվ այս միասնական ճակատը առավելապես երեւակվում է ՀԱԿ-ԲՀԿ միասնությամբ (մնացածները եթե կուզենան՝ թող միանան), բազմիցս է նշվել, որ բոլոր հավակնորդ քաղաքական ուժերը սկսել են արագորեն հաշվել ԲՀԿ-ի փողերը: Այսքանից հետո չեն էլ թաքցնում, որ ՀԱԿ-ի ցանկալի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ընդհանրապես որեւէ այլ թեկնածություն ՀԱԿ-ում չի քննարկվել:

Սա մի բան է նշանակում. Գագիկ Ծառուկյան, դի՛ր քո ֆինանսական կարողությունները հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի, եւ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի կողքին տեղ չի զբաղեցնի: Տեղ կզբաղեցնի ՀԱԿ-ի կողքին: Ահա՛ սա է ֆինանսական ներդրման ԲՀԿ-ի քաղաքական ու հանուն ժողովրդի շահը:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել եւ հարցեր է ուղղել ԲՀԿ-ին, թե այդ ո՞ր տեսակետներում է դրսեւորվում ԲՀԿ այլընտրանքայնությունը:

Եթե դա այդպես է, ապա պիտի առաջնային դրսեւորումներ ստանա նաեւ մի ոլորտում, որի մասին շատ խոսվում է ու քննարկվում, նաեւ՝ քննադատվում. խոսքը ՀՀ արտաքին քաղաքականության մասին է: Որպեսզի գոնե այս մասով ԲՀԿ-ն փաստարկի իր քաղաքական այլընտրանքայնությունը, պարտավոր է վերջապես համակարգված ներկայացնել իր մոտեցումները մեր պետությանը հուզող արտաքին քաղաքական ու անվտանգության քաղաքականության հետեւյալ առանցքային խնդիրների շուրջ: Օրինակ՝ «ԲՀԿ-ի դիրքորոշումները ԼՂՀ հիմնախնդրի, ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով, ՀՀ ռազմաքաղաքական ու անվտանգային առաջնահերթությունների, տարածաշրջանային առկա կոնֆլիկտների, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»:

Իսկ արտաքին քաղաքական վերլուծություններով հանդես է գալիս միայն Վարդան Օսկանյանը, ով ինքն էլ չգիտի՝ ԲՀԿ-ն առհասարակ պաշտպանու՞մ է իր անձը, էլ չասենք տեսակետները՝ տարբեր հարցերի վերաբերյալ…

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն էլ նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի ՀՀ-ում օրինականությունն ու արդարությունը վերականգնվի, համախմբվել են «ռեժիմից ազատվելու համար» եւ կարծում են, որ «Օսկանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, սակայն նրա իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալ լինելու հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նա կլինի բանտարկյալ»:

Հայկ Թորգոմյան

* * *

Առջեւում ՀՀ նախագահի հերթական ընտրությունն է, սակայն գործադիրը քննարկել է նաեւ հաջորդ խորհրդարանական ընտրակարգը: Եվ նորից դեմ է արտահայտվել ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսով անցկացնել համամասնական ընտրակարգով:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշել է, որ ՀՀ-ում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ այն երաշխիքն է, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը:

Այս համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրողներին՝ ձայնը տալ որեւէ կուսակցության կամ իրենց կողմից նախընտրած թեկնածուին՝ կուսակցություններից դուրս:

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.