Ֆաշիստը բացեց թուրքական ամենամեծ դեսպանատունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլին է այցելել եւ մասնակցել Թուրքիայի ամենամեծ դեսպանատան բացման արարողությանը: Նա հանդիպել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ քննարկել թուրք-գերմանական հետագա հարաբերությունները:

Բեռլինի կենտրոնում բողոքի ցույց են կազմակերպել հարյուրավոր թուրքեր, ովքեր դեմ են իրենց երկիր Թուրքիայի վարչապետի այցին: Բողոքին մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ: Նրանք Էրդողանին մեղադրել են Թուրքիայում ժողովրդավարությունը սպանելու, խոսքի ազատության ու քաղաքացիների այլ իրավունքների նկատմամբ ճնշումներ իրականացնելու մեջ:

Նրանցից ոմանք նույնիսկ Էրդողանին ֆաշիստ են որակել, մեղադրել են բազմաթիվ թուրքերի՝ Գերմանիա արտագաղթելու մեջ:

Ամենամեծ դեսպանատունը Եվրոպայի կենտրոնում բացելով՝ Անկարան հասկացնում է, որ շարունակելու է Թուրքիայի՝ եվրոպական պետության համարում ստանալու փորձերը, եվրակառույցներում հաստատուն տեղ ունենալու գործընթացը:

Նման դեսպանատան բացումը պայմանավորված է նաեւ Գերմանիայում ամենամեծ թուրքական սփյուռքի առկայությամբ, եւ գուցե միլիոնավոր գերմանաթուրքերով էլ Անկարան նպատակ ունի համախմբել ամբողջ թուրքական սփյուռքը հետագա համաթրքական ծրագրերի համար:

Արտակ Հայոցյան

Թուրքիային պետք է կանգնեցնել այլեւս

Թուրքիայի՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կագախոսին հակառակ՝ այդ երկիրը շարունակում է բացահայտորեն միջամտել հարեւանների ներքին գործերին: Անկարան այլեւս չի կարողանում թաքցնել Սիրիայի նկատմամբ տարածքային նկրտումները:

Սա շատ նման է Իրաքի՝ նավթի պաշարներով հարուստ քրդաբնակ շրջանների զավթման հեռանկարային քաղաքականությանը, ինչը Թուրքիան աննկատ կիրառում էր Իրաքի նկատմամբ: Եվ միայն վերջերս Իրաքի իշխանությունները երկրի քրդաբնակ շրջանների հետ համատեղ փորձում են իրենց նախկին (Իրաքի տարածք մտնելու համաձայնության առումով) որոշումները փոփոխել եւ արգելել այլեւս թուրքական զինուժի մուտքը Իրաքի տարածք՝ իբր թուրքական քրդական զինյալ ուժերի ճամբարները Իրաքում վնասազերծելու պատրվակով:

Պաշտոնական Թեհրանը եւս բողոքում է, որ Թուրքիայի տարածքը վերածվում է Իրանի անջատողական ուժերի հավաքատեղիի: Այստեղ ադրբեջանական տարրեր են կենտրոնացվում, իսկ այսպես կոչված «Ազարիների ազգային խորհուրդի» ամբողջ կազմը բաղկացած է Ադրբեջանի ու Թուրքիայի նախկին պետական պաշտոնյաներից:

Սիրիայի հարցում եւս Անկարան փորձեց դառնալ տարածաշրջանային խաղացող, կարծես դա մի պահ հաջողվեց թուրքերին, սակայն կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ Անկարան մի քանի սեփական խնդիր է լուծում՝ միջազգային ուժերի հաշվին. 1. քրդական շարժումներն է փորձում վնասազերծել Սիրիայում: 2. Հայկական ուժեղ համայնքն է փորձում արտագաղթի մղել Սիրիայից: 3. ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում նոր տարածքներ զավթել, այս անգամ Սիրիայից:

Արման Դավթյան

Վրացական ունայնության արձագանքները

Վրաստանի եվերաինտեգրման նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին չի համաձայնել այն տեսակետին, թե Վրաստանի հայությունը այդ երկրի իշխանությունների թողտվությամբ թուրք-ադրբեջանական տարրի կողմից ճնշումների է ենթարկվում: Նա եւս հին վրացական երգն է երգել՝ ասելով, թե «Ջավախքի հայության խնդիրները պայմանավորված են համապետական ինստիտուտներում թույլ ինտեգրացիայով»: Բայց վստահ ենք, Ջավախքի թուրքացմամբ (թուրք-մցխեթների բռնի բնակեցման ծրագրով) դեռ նորից կփորձեն վրացականացնել հայկական այդ տարածքը:

«Գրուզիա օնլայն» լրատվական կայքի փոխանցմամբ՝ նա հայտարարել է. «Դա բացառված է եւ դա այդպես չէ: Չեմ կարծում նաեւ, որ Ջավախքի հայությունը չի կարողանում խոսել իր մայրենի լեզվով: Հակառակն է իրականում. Ջավախքի հայերն ու Քվեմո Քարթլիի ադրբեջանցիները ավելի լավ խոսում են իրենց մայրենի լեզուներով, քան պետական լեզվով: Դա ոչ թե մայրենի լեզվի, այլ պետական լեզվի խնդիր է: Ջավախքում ավելի լավ գիտեն Հայաստանի, քան Վրաստանի պատմությունը», եւ ընդգծել է, որ դա վերաբերմունք է ոչ թե հայոց, այլ վրաց պատմության նկատմամբ:

Այս նորանշանակ նախարարը մոռացել է ասել (վրացական հիվանդություն է մոռացկոտությունը), թե ինչպես են Ջավախքում հայոց լեզվի ու պատմության հաշվին իրենց վրացական այսուայնը խցկում, ինչպես են հայ վաստակաշատ ուսուցիչներին հեռացնում հայկական կրթօջախներից ու հայկական դպրոցներում նպատակայնորեն վրացի տնօրեններ «տեղադրում»… Եվ էլի այսօրինակ բաներ:

Պետք չէ նոր նախարար լինելուն զուգահեռ մի նոր հրեշտակ ձեւանալ:

Իսկ ինչ վերաբերում է հոկտեմբերյան ընտրությունների ժամանակ երկրի ազգային փոքրամասնությունների քաղաքական դիրքորոշմանը, նախարարն ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններն ավանդաբար քվեարկել են իշխանությունների օգտին. «Եթե նայենք Ջավախքի ու Քվեմո-Քարթլիի բնակչության քվեարկության արդյունքները, ապա կտեսնենք, որ այնտեղ անցել են «Ազգային շարժման» ներկայացուցիչները: Այսինքն՝ այդ երեւույթը այս անգամ էլ իրեն զգացնել տվեց: Բայց ձայների այդպիսի բարձր տոկոսներ, ինչպիսիք այս անգամ տվել էին ընտրողները ընդդիմությանը, նախկինում չէր լինում: Հայերն ու ադրբեջանցիները հավատացին ընդդիմության ուժերին ու իրենց ձայնը նրան տվեցին»:

Ուղղենք. թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար միեւնույնն է, թե ով կլինի Վրաստանի նախագահ. իբր հայագեն Սաակաշվիլին, թե՝ իբր հրեագեն Իվանիշվիլին, երկուսն էլ խառնագեն են ու խառնակչությամբ էլ եկան իշխանության:

Նախարար Զաքարեիշվիլին շատ գոհ է, որ «ազատության եւ դեմոկրատիայի քամին սկսել է ներթափանցել նաեւ երկրի այդ տարածաշրջաններ» եւ հույս է հայտնել, որ հաջորդ ընտրություններին այդ շրջաններում ապրող բնակչությունը եւս կգիտակցի, որ իր ազատությունն իր ձեռքերում է:

Մեկ անգամ էլ ուղղենք նորանշանակ նախարարին, ով երեւի դեռ «չի կողմնորոշվում», թե Ջավախքի համար ազատությունը որն է: Գուցե ադրբեջանցիների համար ազատությունը Վրաստանի սահմաններում է, բայց ջավախքահայերի ազատությունը Հայաստանի հետ լինելն է:

«Մենք պետք է այնպիսի պետություն կառուցենք, որտեղ մարդիկ այլ ազգանվան, դավանանքի ու ինքնության պատճառով իրենց վատ չեն զգա»,- ասել է է նոր եւ պայծառ նախարարը՝ մոռանալով, որ Իվանիշվիլին դեռ իշխանության չեկած, Ջավախքի եւ Վրաստանի հայերին Հայաստանի տեղն էր ցույց տալիս…

Ազատատենչ նորանշանակ նախարարը մոռացել է նաեւ հայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի ազատության մասին խոսել: Դա էլ թերեւս կանի որոշ ժամանակ անց, երբ նոր վրացական իշխանությունը կդառնա հին վրացական:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.