Կաթ ու մածնից պրծանք, հիմա պանրից ենք թունավորվում

Սննդի անվտանգության հարցերը մեր երկրում կարգավորված չեն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում ոլորտի տնտեսվարողների մոտ: Նախ դա արվեց կաթնամթերքի շուկայում: Վիճակը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր: Հերթական ուսումնասիրությունը պանիր արտադրողների շրջանում էր: Սրա «արդյունքն» էլ մխիթարական չէ:

Ըստ հիշյալ ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի, սեպտեմբեր-հոկտեմբերին պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումներ են արվել՝ ստուգաթերթերի հիման վրա: Պանրի ստուգաթերթը հիմա փորձարկման փուլում է: Ստուգաթերթում ներառված են 84 պահանջի նկատմամբ հարցեր, եւ 59 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է՝ առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով: Այդ սուբյեկտներն են՝ անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյան, Սուսան Ղազարյան, անհատ ձեռնարկատեր Արմեն Սուքիասյան, անհատ ձեռնարկատեր Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ եւ Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ընկերություն, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ընկերություն, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ընկերություն, անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյան եւ անհատ ձեռնարկատեր Սամվել Բալոյան:

Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ՝ մեծամասամբ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5,5 տոննա պանիր ոչնչացվել է, եւ տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշխատանքներ՝ ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո: Թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք. ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ:

Հստակեցնենք, որ տեխնիկական կանոնակարգով կա աղիքային ցուպիկի սահմանված թույլատրելի չափ: Իսկ նշված արտադրատեսակում աղիքային ցուպիկի մանրէների թույլատրելի քանակը գերազանցում է, որը բնակչության մոտ մարսողական համակարգի խնդիրներ է առաջացնում:

Նկատենք, որ սրանք այն ընկերություններն են, որոնք ունեն փոքր արտադրական ծավալներ, փոքր ձեռնարկություններ են եւ չեն ապահովում սանիտարահիգիենիկ նորմերը: Քանի որ ընկերություններն օրական արտադրում էին մոտավորապես 60-75 կգ պանիր, այդ պանիրները հավուր պատշաճի մակնշված չեն, եւ խմբաքանակ, որպես այդպիսին, չի երեւացել: Սննդամթերքի անվտանգության ծառայությունը չի կարողացել ապահովել հետագծելիությունը եւ հետկանչը շուկայից:

Ի՞նչ է պարզվում այս ամենից՝ մենք վճարում ենք, որպեսզի հիվանդանանք, ունենանք մարսողական խնդիրներ, թունավորվենք: Այն էլ Հայաստանի պես երկրում, որն այսօր աշխարհում այն եզակի վայրերից է, որտեղ կա բնական մթերք: Հայաստանում, որ բնական որոշակի սնունդի բնօրրանն է:

Վարչապետը զայրացած էր. նա Բախչագուլյանին հանձնարարեց հրապարակային դարձնել այս արտադրողների, ձեռնարկությունների, պանրի տեսակի անունները, որպեսզի մեր քաղաքացիները չօգտվեն դրանցից, եթե վաճառքում հանդիպեն նման ապրանքատեսակներ, ապա հրաժարվեն դրանցից: Հաջորդ քայլն ի՞նչ է լինելու: Բախչագուլյանին հարցնում է գործադիր իշխանության ղեկավարը:

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության ծառայության պետն ասաց, թե ներկայում վերահսկողության տակ են այս տնտեսվարող սուբյեկտները, բոլորի արտադրությունը դադարեցված է: Նրանք պետք է ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը: Դրանից հետո կթողարկեն փորձնական արտադրանք, որը կենթարկվի լաբորատոր փորձաքննության եւ շեղումներ չհայտնաբերվելու դեպքում կթույլատրվի վերսկսել արտադրությունը, ինչի մասին նորից կիրազեկվի մեր հանրությունը:

Իսկ իմ խորին համոզմամբ, հաջորդ քայլը պետք է լինի այնպիսի որոշակի, որից հետո տնտեսվարողները զգուշանան անբարեխիղճ աշխատաոճից ու սպառողի առողջության հաշվին հարստանալուց:

Չնայած մի բայց կա, որ եւ խոստովանում է Բախչագուլյանը. «Խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ դարձավ, որ նրանք պարտաճանաչ են եւ նման խնդիրներ իրենց կողմից արտադրած արտադրանքում չեն առաջանում, քանի որ նրանք ներդրել են անվտանգության համակարգեր եւ կարողանում են անիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողություն ապահովել: Մեր խնդիրը փոքր արտադրություններն են, որոնք չեն կարողանում ներդնել այդ համակարգերը: Սակայն մենք պարբերաբար հսկողության տակ ենք առնում այդ արտադրությունները: Պետք է նշեմ, որ օրինակ Լոռու մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտներից կային նաեւ այլ գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում էին պանիր, սակայն գրանցված չէին եւ այդ ընկերություններում մենք օրենքի պահանջով չկարողացանք ստուգումներ իրականացնել: Այսինքն, որպես տնտեսվարող սուբյեկտ նրանք գրանցված չէին»:

Գուցե անհրաժեշտ է խստացնե՞լ օրենսդրությունը:

«Անհրաժեշտ է,-վստահ է բանախոսը,- քանի որ պահանջների չկատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում մենք չենք կարողանում դադարեցնել այս կամ այն արտադրատեսակի արտադրությունը: Միայն, եթե հայտնաբերում ենք վտանգավոր սննդամթերք, այդ դեպքում ենք կարողանում կասեցնել այդ արտադրությունը կամ առանձին արտադրատեսակի արտադրությունը, քանի որ պահանջների չկատարմամբ պայմանավորված է վտանգի աղբյուրի առկայությունը: Եթե մենք այս 59 տնտեսվարող սուբյեկտներից լաբորատոր փորձաքննության արդյունքում 18-ում ենք հայտնաբերել վտանգավոր սննդամթերք, չի բացառվում, որ վաղը մյուս 41-ում նորից լինեն այդ խնդիրները, որովհետեւ դրանք մեծամասամբ պայմանավորված են ընդհանուր սանիտարահիգիենիկ նորմերի չկատարմամբ, իսկ դրա նկատմամբ մեր օրենսդրությունը սահմանում է միայն վարչական պատասխանատվություն»:

Աստղինե Քարամյան

* * *

«Chanel 5»-ում՝ վնասակար բաղադրիչնե՞ր

Եվրոպացի գիտնականները կոչ են արել արգելել «Chanel 5», ինչպեսեւ «Miss Dior» օծանելիքների վաճառքը, քանի որ դրանցում առկա են վնասակար բաղադրիչներ: Ըստ «Telegraph» գործակալության, եվրոպացի գիտնականները կարծում են, որ դրա բաղադրիչներից մի քանիսն ալերգիա են առաջացնում:

ԵՄ-ի խորհրդարանական կոմիտեն հայտնաբերել է 100 ալերգետիկ նյութ, որոնք առկա են օծանելիքում: Ըստ նրանց, դրանք կարող են բացասաբար ազդել քաղաքացիների առողջության վրա: Ներկայումս նրանք նոր միջոցներ են ձեռնարկում՝ քաղաքացիներին վնասակար նյութերի ազդեցությունից պաշտպանելու համար: Նշվում է, որ «Chanel 5»-ը երբեւէ որեւէ մեկին վնաս չի պատճառել: Հասկանալի է, որ եթե այսպիսի արձագանքները շարունակվեն, ապա դա կհանգեցնի օծանելիքի վախճանին: Բայցեւ պարզ է, որ երբ շատ ես գործածում ինչ-որ բան, ապա ալերգիա ունենալու ռիսկը մեծանում է:

Բացի այս օծանելիքից, գիտնականների «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ «Miss Dior», «Guerlain»-ի «Shalimar», ինչպեսեւ՝ «Angel» օծանելիքները:

Հավելենք, որ ֆրանսիացի գիտնականները վերջերս հայտարարել էին, թե ընդհանրապես ալերգիաները շատացել են՝ պայմանավորված գենետիկորեն ձեւափոխված սնունդ գործածելու հանգամանքով:

Ավստրիան՝ ամենատառապող երկի՞րը

Ավստրիացի ձեռնարկատեր Պետեր Լասկարիսը հայտարարել է Եվրոպայի ամենախոշոր հասարակաց տան կառուցման համար գրեթե 20 մլն. դոլար ներդնելու մտադրության մասին: «FunMotel» անունով հաստատությունը կարող է օրական մինչեւ 1000 այցելու ընդունել: Հաճախորդների տրամադրության տակ 147 սենյակ եւ 150 աշխատակցուհի են լինելու: Հասարակաց տան առջեւ 350 տեղանոց ավտոկայանատեղի է լինելու:

Այս ամբողջ համալիրը շրջապատելու են 3 մետրանոց անթափանց ցանկապատով՝ հաճախորդների գաղտնիությունն ապահովելու համար: Ձեռնարկատիրոջ խոսքով, իր հաստատությունը 4-աստղանի է լինելու եւ «նշանավորվելու է սեքս-տուրիզմում՝ անցումը գաստրոնոմից սուպերմարկետի»: Շինարարության տեղն առայժմ գաղտնի են պահում՝ վախենալով տեղի բնակիչների բողոքից: Միաժամանակ գաղափարի հեղինակները խոստանում են, որ այն ոչ ոքի չի խանգարի:

Մարմնավաճառությունն Ավստրիայում օրինական է, մարմնավաճառների գործունեությունը կարգավորվում է օրենքներով:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.