Վանի երեւույթը՝ քաղաքակրթության առանձնահատուկ տեղում

Ինչ է վկայում Բեհիսթունի արձանագրությունը – 3-րդ մաս

Սկիզբը՝ թիվ 33 եւ 35-ում

Մինչեւ Բեհիսթունի արձանագրությանը անդրադառնալը՝ նշենք որոշ կարեւոր իրադարձություններ, որոնք արմատական փոփոխություններ են բերում Հայ Արիքի համադաշնության կառավարման համակարգում:

Մ.թ.ա. 530թ. Հայ Արիքի համադաշնության զորահրամանատար Կյուրոս Մեծը զոհվում է մասքութների կամ սկյութների դեմ կատարած արշավանքներից մեկի ժամանակ եւ թաղվում է իր հայրենի բնակավայրում, որը այսօր հայտնի է Պարսագադե անունով:

Կյուրոս Մեծից հետո Ք.ա. 529թ.-ից Հայ Արիքի համադաշնության զորահրամանատար է դառնում Կամբյուսես 2-րդը, ով սպանում է Կյուրոսի եւ Տիգրանի կողմից Հայ Արիքի կառավարիչ հայտարարված Թանաոք-սարեսին, այսինքն եղբորը՝ Սմերդիսին եւ վերցնում է նաեւ Հայ Արիքի համադաշնության կառավարչի պաշտոնը: Ք.ա. 526-ին Կամբյուսես 2-րդը, որպես Հայ Արիքի համադաշնության զորահրամանատար եւ կառավարիչ, արշավել է Եգիպտոս, հաղթել փարավոն Պսամմետիկոս 2-րդին եւ հռչակել է իրեն փարավոն՝ հիմնելով նոր՝ XXVII դինաստիան:

Ք.ա. 522թ. Հայ Արիքի համադաշնության մոգ Գաումատայի գլխավորությամբ տեղի է ունենում պալատական հեղաշրջում, նա ներկայանում է որպես Կամբյուսեսի սպանված եղբայր Թանաոք-սարես կամ Սմերդիս: Պալատական հեղաշրջումը ճնշելու նպատակով իրեն փարավոն հռչակած Կաբյուսեսը վերադառնում է Եգիպտոսից եւ մահանում է տունդարձի ճանապարհին անհայտ հանգամանքներում:

Հայ Արիքի համադաշնությսն զորահրամանատարի եւ կառավարչի պաշտոնի համար սկսվում է նոր պայքար, որի մասնակիցներն են մի կողմից Վշտասպի որդին՝ Դարեհը, ով եղել է Պարթեւի կուսակալ եւ Կյուրոս 2-րդի կրտսեր որդի Բարդիան, իսկ մյուս կողմից Տիգրան 1-ին Երվանդյանի որդին՝ Վահագն Երվանդյանը, ով իր հերթին պայքարում էր Հայ Արիքի համադաշնության զորահրամանատարի եւ կառավարչի պաշտոնի համար:

Վշտասպի որդին՝ Դարեհը սպանում է Կյուրոս 2-րդի կրտսեր որդի Բարդիաին, Հայ Արիքի համադաշնության զորահրամանատարի եւ կառավարչի պաշտոնի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնանում է Կյուրոս 2-րդ Մեծի դուստր՝ Աթոսայի հետ եւ սկսում իր պայքարը Վահագն Երվանդյանի դեմ: Այս գահակալական հակամարտության մասին մենք տեղեկանում ենք Բեհիսթունի արձանագրությունից, որը վերծանվել է XIX դարի 30-40-ական թթ. Հենրի Ռոուլինսոնի կողմից:

Վշտասպի որդի Դարեհի արձանագրությունը բովանդակում է Կամբյուսեսի մահից հետո Հայ Արիքի համադաշնության գահին բազմած Դարեհ Ա կողմից արած պատմությունները:

Այդ պատմություններից մեզ համար հետաքրքրական են այն հատվածները, որտեղ Դարեհը պայքարում է Հայ Արիքի համադաշնության հիմնադիրներ Տիգրան 1-ին Երվանդյանի եւ Կյուրոսի կողմից Բաբելոնի գահակալ նշանակված Հալդիտայի որդի՝ Արահաի դեմ, որին կարողանում է գերեվարել եւ գրավել Բաբելոնը: Դարեհի թողած պատմություններից մեզ համար խիստ կարեւոր է հայոց արքա Վահագն Երվանդյանի եւ Պարսի կուսակալ Վշտասպի որդի Դարեհի հակամարտության պատմությունը, որը այսպես է ներկայացվում Բեհիսթունի արձանագրության մեջ. «Դարեհ թագավորն ասում է. երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետեւյալ երկրները՝ Պարսք, Շոշք, Մեդիան, Ասորիք, Եգիպտոսը, «Արմինան», Պարթեւքը, Մարգիանան, Սատտագուշը, Աագաստան»:

Այնուհետեւ արձանագրության մեջ նշվում է … Դարեհ թագավորն ասում է. արդ՝ «Արմինա» ուղարկեցի մի արմեն («արմինա») իմ Դադարշիշ անունով ծառային, եւ այսպես պատվիրեցի. «Գնա նվաճիր այդ ապստամբ երկիրը, ժողովուրդը, որ ինձ չի հպատակվում»: Դադարշիշը գնաց Արմինան նվաճելու: Երբ նա եկավ Արմինա՝ ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ նրան ճակատամարտ տալու համար: Դադարշիշը ճակատամարտն ընդունեց: Արմինայի մեջ Զուզա անունով մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ: Արհուրամազդն ինձ օգնեց: Շնորհիվ Արհուրամազդայի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից: Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 19 ապրիլի 521թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 21 մայիսի 521թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ:

…Դարեհ թագավորն ասում է. ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը եւ նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի: Արմինայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ: Արհուրամազդն ինձ օգնեց: Շնորհիվ Արհուրամազդայի իմ բանակը թշնամու բանակին հալածեց: Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 29 ապրիլի 521թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 31 մայիսի 521թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ:

…Դարեհ թագավորն ասում է. ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին եւ դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի: Արմինայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ: Արհուրամազդն ինձ օգնեց: Շնորհիվ Արհուրամազդայի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից: Թայգրաչի ամսի 9-ն էր (ըստ Յուստիի՝ 20 մայիսի 521թ., ըստ Կյոնիգի՝ 21 հունիսի 521թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ: Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին՝ մնաց Արմինայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպ Մեդիա…

Դարեհ թագավորն ասում է. այնուհետեւ Արմինա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսի, իմ ծառային եւ այսպես պատվիրեցի. «Գնա, նվաճիր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»: Վահումիսան գնաց Արմինան նվաճելու: Ապստամբները հավաքվեցին եւ դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի: Ասորիքի մեջ Իզալա անունով մի տարածք կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ: Արհուրամազդն ինձ օգնեց: Շնորհիվ Արհուրամազդայի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից: Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 18 հունվարի 520թ. ըստ Կյոնիգի՝ 31 դեկտեմբերի 522թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ» [1]:

Սույն արձանագրությունը փորագրված է Դարեհ Ա հրամանով Ք.ա. 523-521թթ. Բեհիսթուն ժայռի վրա երեք լեզուներով (հին պարսկերեն, էլամերեն եւ աքքադերեն): Բեհիսթուն ժայռը գտնվում է ժամանակակից Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտակայքում:

Այսպիսով՝ Վահագն Երվանդյանի դեմ Դարեհի զորավարներ Դադարշիշը եւ Վահումիսանը, ըստ արձանագրության, չորս անգամ ճակատամարտեցին, որից երեքը Հայքում՝ իսկ չորրորդը՝ Ասորիքում:

Ասորիքում տեղի ունեցած ճակատամարտը մի շատ կարեւոր փաստ է, որը նշանակում է՝ այդ ժամանակահատվածում Ասորիքը ենթակա էր հայոց գահին եւ, դատելով Դարեհի կողմից թողած արձանագրությունից, բոլոր ճակատամարտերը եղել են իր համար անարդյունք:

Ք.ա. V դարի հույն պատմիչ Հերոդոտը տեղեկացնում է Դարեհ 1-ինի տիրապետության մեջ գանձվող հարկերի չափերի մասին:

Ըստ Հերոդոտի՝ Հայքը համարվել է Դարեհի տիրապետության XIII երկիրը, Հայքը Դարեհի բանակին տվել է 20 հզ. նժույգ, իսկ Դարեհի գանձարան է վճարել տարեկան 400 տաղանդ արծաթ կամ մոտավորապես 8000 կգ արծաթ:

Դարեհ 1-ինը հեռացել է կյանքից Ք.ա. 486թ., թաղվել է արքունի գերեզմանատանը՝ Բեհիսթուն ժայռի դամաբարանաշարքում, որը հայտի է նաեւ «նախշէ Ռոստամ», «պարսկական խաչ» անունով, իսկ ավելի հայտնի է որպես արքաների դամբարան:

Արամ Մկրտչյան

Գերմանիա

«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։