Կենտրոնաձիգ հայկական պետությունը այլընտրանք չունի

Վերջին շրջանի քաղաքական անցուդարձը, ԲՀԿ նախաձեռնությունը Հայաստանում խորհրդարանական կարգեր հաստատելուն ուղղված, ինչը թերեւս միայն կրկնություն էր այլ կուսակցությունների վաղուց արված նման առաջարկի, քննարկումների առարկա է դարձել մեր կյանքում: Պահը նպատակայնորեն էր ընտրված, քանի որ այս ամենն արվում է ՀՀ նախագահի հերթական ընտրության շեմին եւ օտար ուժերի ակնհայտ քաղաքական միջամտությամբ:

Եթե Վաշինգտոնը Ադրբեջանին սպառնում է «արաբական հեղափոխության» կիրառմամբ, ապա Հայաստանին առայժմ ժողովրդավարական ամերիկյան լայնաբերան ժպիտով է առաջարկում ընտրել «վրացական հեղափոխության» տարբերակը: Հայ Արիական Միաբանության համոզմամբ սա կարող է երկու բան նշանակել.

1. ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում է բռնապետություն եւ միայն «արաբական ալիքի» կրկնությամբ (ինչը ենթադրում է նաեւ զինական միջամտությամբ) է դիտարկում իշխանափոխությունը:

Իսկ Հայաստանն այս համապատկերում դիտարկվում է ժողովրդավարական պետություն եւ թերեւս քաղաքական միջոցներով են առաջարկվում ինչ-ինչ բարեփոխումներ:

2. ԱՄՆ-ն տարածաշրջանային հարցերում Ադրբեջանին կասկածելի եւ ապակայունացնող գործոն է համարում ալիեւյան կլանի պատճառով, եւ չի բացառում ներքաղաքական առճակատումը:

Իսկ Հայաստանը, նաեւ Վրաստանը դիտարկվում են տարածաշրջանային գործընկերներ, որոնց ներքին կայունությունը չի նախատեսվում խաթարել քաղաքացիական պատերազմներով:

Այս դիտարկումները հավաստում են, որ.

1. Պաշտոնական Երեւանի ներքին քաղաքականությունը չի հակասում միջազգային արշինով չափվող ժողովրդավարական արժեքներին, բայց Արեւմուտքին ձեռնտու չէ ներկայիս իշխանությունների փոխլրացման իրատեսական քաղաքական գիծը, ինչը խանգարում է իշխել Հայաստանին այնպես, ինչպես Վրաստանին: Ուստի՝ որոշակի ներքին խնդիրների առաջացումով փորձ է արվում Հայաստանի արտաքին քաղաքականության գոնե 50+1 տոկոսը տեղափոխել արեւմտյան ուղղություն:

2. Եվ ներկայիս ներքաղաքական ընդվզումը հարց է՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Եթե հարցը չբավարարի Վաշինգտոնին, ապա նրանք կձգտեն թուլացնել կենտրոնաձիգ հայկական պետական նախագահական համակարգը՝ խորհրդարանական գրեթե ապակենտրոն համակարգով:

3. Այստեղից էլ զուգահեռվում է արտաքին քաղաքական խնդիրը եւս, այս դեպքում Երեւանը որոշակի խնդիրներ կունենա եւ Մոսկվայի ու ԱՊՀ-ի հետ: Իսկ սա տարածաշրջանում կգործի ի նպաստ Վաշինգտոնի եւ Բրյուսելի եւ իհարկե՝ ՆԱՏՕ-ի, քանի որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, առավել հակված է դեպի այս ռազմա-քաղաքական միավորումը:

Եվ հասկանալի են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումները ՀՀ 1-ին նախագահ եւ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նոր ընդդիմադիր առաջնորդի դերն ստանձնած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հասկանալի են նաեւ ՀՀ 2-րդ նախագահի հայտարարություններն ու ստվերային գործողությունները, հիմնականում ցուցադրություն են Արեւմուտքին, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է ավելի լուրջ ներքին խնդիրներ առաջադրել Հայաստանին, քան Վաշինգտոնն ու Բրյուսելը: Եվ իզուր չէ, որ պարբերաբար խոսում են այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան գալիս իր շքախմբում բերելու է նաեւ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուին:

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստնում՝ հստակ արտաքին խաղերի հետեւանք է, եւ ոչ թե որոշ քաղաքական ուժերի ներքին բարեփոխման ցանկություն: Այդ ուժերը եղել են իշխանության մեջ եւ առավել մեծ թալանի ու մսխումի հնարավորություններ են ունեցել, որից չեն էլ հրաժարվել: Լինի դա ՀԱԿ-ը, որ ՀՀՇ-ի ուրվականն է, լինեն դրանք ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնց կոալիցիոն նախարարների մասին պարզաբանումներ կարվեն ըստ անհրաժեշտության: Լինի նաեւ՝ ՀՀԿ-ն:

Եզրակացությունը հետեւյալն է.

1. Հայաստանն այսօր ներքին կայունությամբ ավելի առաջ է, քան Ադրբեջանը: Ներքին կայունությունը պահպանելու քաղաքական անկախությամբ էլ ավելի առաջ է, քան Վրաստանը:

2. Արտաքին հարցերի կայուն վարմամբ Հայաստանը եւս միանշանակ առաջ է Ադրբեջանից ու Վրաստանից, որոնք լուրջ խնդիրներ ունեն համապատասխանաբար Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչը կարող է ամեն պահի ռազմական հակամարտության վերածվել:

3. Հայաստանը նման խնդիր չունի անգամ Թուրքիայի հետ, քանզի կարողացավ հավաստել, որ հայ-թուրքական արձանագրությունների խաթարումը բացառապես Անկարայի մեղքն է, եւ որեւէ հակասություն չունեցավ միջազգային հանրություն ասվածի հետ: Իսկ Ռուսաստանի ու Իրանի հետ Երեւանը վարում է ռազմավարական ու բարեկամական քաղաքականություն: Նույնն է նաեւ՝ ԱՄՆ-ի ու Եվրոպական համագործակցության հետ: Անգամ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունեցած տարաձայնությունները Երեւանի մեղքով չեն ստեղծվել:

Հայ Արիական Միաբանությունը խիստ մտահոգ այս ծավալումներով՝ դիմում է Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ իրապես վերանայել ու վերաքննել 1990թ. առ այսօր եղած բոլոր իշխանությունների գործունեությունն ու գործողությունները պշտոնավարման տարիներին եւ առանց վաղեմության ժամկետի պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Միայն այս կերպ է հնարավոր վերացնել անպատժելիության մթնոլորտը եւ վերականգնել մարդկանց հավատը՝ իշխանության ու պետության նկատմամբ: Սա հնարավոր է եւ պետք է մի օր իրականացվի: Մի անգամ սա պետք է կատարվի՝ այլեւս չկրկնվելու հեռանկարով:

Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր ուժերին կոչ է անում՝ վերանայել սեփական պատմությունն ու կենսագրությունը այս կարճ ժամանակահատվածի համար եւ անկախ կարգավիճակում, առանց որեւէ արտաքին ուժի ապավինությամբ նախաձեռնել երկրում իրապես՝ ի նպաստ երկրի բարեփոխումների խնդիրը, ինչին աջակից կդառնան նաեւ հայ արիները: Այլապես տարածաշրջան թափանցած արտաքին միջամտությունները կթափանցեն նաեւ Հայաստան:

Հայ Արիական Միաբանություն

14.11.2012թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։