Հայկական կողմը չի խոչընդոտում, բայց Արցախի կարգավիճակը չի փոխվում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, եւ համատեղ քննարկվել ու դրական են գնահատվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:

Հայ նախարարը հյուրին ներկայացրել է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Ինչը եւս մեկ անգամ հավաստում է, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնն ու Բրյուսելը դեմ են ռազմական գործողությունների վերսկսմանը:

Վերջերս Սերժ Սարգսյանը եւս բարձրաձայնեց, որ ուժի կիրառման սպառնալիքները եւ սադրանքները անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, եւ Երեւանը մեկ անգամ եւս վերահաստատում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ սկզբունքների հիման վրա: «Ուժի կիրառման սպառնալիքներն ու սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը»,- նախագահական նստավայրից հայտարարել է ՀՀ նախագահը, ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ մեր նախագահի, ԵՄ-ն հայտնել է պատրաստակամություն՝ վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու հարցում:

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն խանգարում, որ առավել ամրանան կապերը ՀԱՊԿ-ի հետ: ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների եւ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ, դա է վկայում: Այս վարժանքների նպատակն էր բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում: Ընթացքում հրավիրվել է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը: ԱԱԽ անդամները ներկայացրել են առաջարկներ հետագա քայլերի վերաբերյալ եւ, հաշվի առնելով այդ առաջարկներն ու պայմանական ռազմաքաղաքական վիճակը, ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու որոշում է ընդունվել՝ համապատասխան գործողությունների իրականացման եւ օգնություն ստանալու նպատակով: Վարժանքների շրջանակում հրավիրվել է նաեւ ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ: Այս ամենը հատկապես կարեւորվում է այժմ, երբ մեր տարածաշրջանը կրկին հակամարտությունների մեջ է ներառվել:

Իսկ ռազմական զորավարժությունները Արցախում ավելի ամրապնդեցին հայկական զինուժի հոգեվիճակը եւ պատրաստվածությունը, ինչի մասին խոսել են եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը ընդունել է նաեւ Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ քննարկել է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Նշվել է, որ ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է եւ բանակցային խեղաթյուրված ձեւաչափը: Այս առումով Արցախի նախագահը կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ:

Եվրահանձնաժողովի ու ԵՄ Արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը, Եվրոպական կառույցների պատասխանատուները գոհունակություն են հայտնել, որ հայկական կողմը (Հայաստանի եւ Արցախի) երբեք խոչընդոտներ չի առաջացնում, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին: Անգամ կարճ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ու ԵՄ Արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցում էր նշվել. «Հայկական կողմերը երբեք չեն խոչընդոտել եվրոպացի պաշտոնյաների մուտքն Արցախ»:

Վերջերս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերին նվիրված քննարկմանը եւս անդրադարձել է ԼՂՀ հակամարտությանը: Նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաեւ Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:

Դեսպան Նազարյանը ՄԱԿ ԱԽ անդամներին է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական բնակավայրերը՝ ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն եւ 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ տարի շարունակում են մնալ ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ:

Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների խաղաղարար հայտարարությունները եւ ջանքերն ուղղված ադրբեջանական կողմին՝ դադարեցնելու բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ՝ Հայաստանի հետ սահմանային շրջաններում, ինչպեսեւ՝ Արցախի հետ շփման գծում դիվերսիոն խմբերի գործողությունները:

Հայաստան ներկայացուցիչը ելույթում անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության պաշտպանության հայեցակարգի մշակման հարցերին, կարեւորել է պատժամիջոցների ռեժիմի կիրառման բարելավումը եւ պարտադիր բնույթ ունեցող բանաձեւերի իրագործումը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին՝ նշելով, որ «դիվերսիոն գործողությունները պլանային բնույթ են կրում եւ իրավիճակի սրման միջոցով փորձ է արվում ազդել միջազգային կառույցների վրա, որպեսզի կարողանան հակամարտության խնդրին ավելի արագ ընթացք տալ»: Նա նաեւ նշել է. «Փորձ է արվում միակողմանի պարտադրանքի մթնոլորտ ստեղծել, որին մենք դեմ ենք: Նման իրավիճակում մենք մեկ անգամ արդեն գտնվել ենք՝ պարտադրված պատերազմի ժամանակ եւ կարողացել ենք այդ իրավիճակից դուրս գալ: Մեր զինված ուժերն այդ քննությունը շատ բարձր գնահատականով են անցել, մենք կարողացել ենք հասնել հաջողությունների»:

Ադրբեջանն, իհարկե, շարունակում է այս ամենին հակառակ քայլեր անել, նաեւ ամեն կերպ խոչընդոտել արտասահմանցիների Արցախ կատարվող այցերին՝ նրանց ներառելով իր երկրի համար անցանկալի անձանց «սեւ ցուցակում», ինչը միայն այդ մարդկանց ծիծաղն է շարժում:

Ադրբեջանական կողմը պարտվում է նաեւ տեղեկատվական պատերազմում, եւ Երեւանն ու Ստեփանակերտը միասնաբար պետք է շարունակեն ու ավարտին հասցնեն Արցախի Հանրապետության անկախության միջազգայնորեն ճանաչման գործընթացը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։