ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը դեռեւս ամբողջապես չեն ներգրավվել օրենսդրական գործունեության մեջ, քանի որ առաջիկայում պատրաստվում են նախագահի ընտրությանը: Ուստի, մինչ ընտրություններրը տրված խոստումները կամ հետո կկատարվեն, կամ, ինչպես հաճախ է լինում, «կգրվեն սառույցին»: Եվ վերջինն առավել հավանական է թվում:
ԱԺ ընտրություններից հետո արտախորհրդարանական ընդդիմությունից խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած ՀԱԿ-ը շատ արագ մոռացավ «ոչ լեգիտիմ նախագահի իմփիչմենթի» թեման եւ սկսեց իր ներքին խնդիրները կարգավորել՝ գործածելով ԱԺ ամբիոնը: ՀԱԿ-ը անգամ պահանջեց, որ իր ներկայացուցիչը ներառվի ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության մեջ՝ միանգամից ցուցանելով, որ պատրաստ է իշխանությունների հետ աշխատել ինչպես ներքին կյանքում, այնպես էլ արտաքին ասպարեզում: Եվ «ոչ լեգիտիմ ու մոնղոլ-թաթարական իշխանությունը» նաեւ ՀԱԿ-ի համար դարձավ ընտրված եւ գործող ՀՀ իշխանություն: Իսկ «ժողովրդի շահերից բխող օրենքներ»-ի մշակումը, «տարբեր օրինագծեր ներկայացնելու» գործելաոճը այլեւս անիմաստ դարձրեցին «նախագահի իմփիչմենթի» թեման, որը համենայնդեպս կոնգրեսականները խոստացել էին կազմակերպել ԱԺ-ում հայտնվելուց հետո:
Բայց ինչպես վերջին անգամ արտահայտվեցին ՀԱԿ-ի խորհրդարանականները, «նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցի համար պետք է քաղաքական ճիշտ պահն ընտրել»… Իսկ այդ պահը այլեւս չի գա, քանի որ 2013թ. տեղի կունենա ՀՀ նախագահի հերթական ընտրությունը: Ահա այն մեխը, որի պատճառով կոնգրեսականները կորցրեցին իրենց ընտրազանգվածի մեծ մասը եւ այսօր անգամ երկմտում են ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցելու համար:
Հետաքրքիր է, որ նորընտիր ԱԺ գործունեության առաջին օրերին մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունից վստահաբար հայտնել էին, որ «թեթեւ են վերաբերում պաշտոնանակության հարցը բարձրացնելու մասին ՀԱԿ-ի մտադրությանը, քանզի լավ հասկանում են, որ նախընտրական տարի է»: Այսինքն՝ ամեն բան էն գլխից պարզ էր: Դրա համար էլ այսօր ՀՀԿ-ն-ն ի դեմս ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովի, հայտարարում է, որ իրենց նախագահի թեկնածուն այլընտրանք չունի եւ չկա հավասար մրցակից:
ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին լքած նակին իշխանական ԲՀԿ-ն էլ մտադիր էր ոչ միայն տնտեսական, գյուղատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում նախագծեր առաջադրել, այլեւ ներքին ու արտաքին քաղաքական հարցերի համար օգտագործել նաեւ միջազգային խորհրդարանների հարթակները: Սակայն, ԱԺ գործունեության հենց սկզբից այդ հարթակները պետք եկան նախկին ԱԳ նախարար եւ ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի (փողերի լվացման հոդվածով «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրգործում որպես մեղադրյալ ներգրավվելու) հարցում պաշտպանության համար: Իսկ ընդդիմադիրի կեցվածքն էլ ներքին ոլորտում թերեւս աննպաստ եղավ ԲՀԿ-ի համար՝ իրականում հատկապես հոգեպես պատրաստ չէին, ինչին դեռ փորձում է ընտելանալ հատկապես կառույցի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Թեեւ ԲՀԿ-ն բացառել էր ՀԱԿ-ի նախաձեռնելիք «իմփիչմենթ»-ի գործընթացին միանալը, բայց նախագահի հերթական ընտրությանը կարծես դեմ չեն ՀԱԿ-ի հետ համագործակցելուն:
«Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը իրենց ներքին տարաձայնություններով ու մասնատմամբ այլեւս մի կողմ դրեցին նախընտրական շրջանում խոստացած «սարեր շարժելու» իրենց մղումը, եւ օրենսդիր գործունեությանը զուգահեռ լծվել են նախագահական ընտրության գործին՝ իհարկե, յուրաքանչյուրն իր համար:
Իսկ Դաշնակցություն խմբակցությունը շարունակում է խորհրդարանական ծրագրերի հետ արծարծել կառավարության գործունեության քննարկումը՝ չմոռանալով դեռ ակնարկել վարչապետի հրաժարականի մասին: Այստեղ եւս հրատապ են դարձել նախագահական ընտրությունները:
Թերեւս էլի բաներ կան նշելու, բայց առաջիկայում օրենսդիրն ու գործադիրը եւս կբացեն «նախընտրական շտաբներ» եւ նախարարներն ու պատգամավորները նորից ու եւս կընկղմվեն նոր քաղաքական խոստումների ասպարեզ, հետո կամ կատարելու կամ էլ «սառույցին գրելու» հեռանկարով:
Անի Մարության
Ավանդականները՝ ինչպես ավանդաբար
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին հանդիպել ՌԱԿ պատասխանատուները, ովքեր ՌԱԿ-ՀՌԱԿ եւ «Արմենական» հռչակված հատվածների հակամարտություններից հետո միավորվել եւ փորձում են միասնական հանդես գալ Հայաստանում եւ Սփյուռքում:
Իսկ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Մայր կուսակցության 125-ամյակի կապակցությամբ ՀՀ ժամանած ՍԴՀԿ պատասխանատուները հանդիպել են ինչպես ՀՀ նախագահին, այնպես էլ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նման հանդիպումներ լինում են նաեւ Հայաստան ժամանած դաշնակցական պատասխանատուների հետ, ինչը վերջերս գուցե հաճախակի բնույթ չի կրում:
Վերլուծաբանները կարծում են, որ միավորված ռամկավարները հաստատ կպաշտպանեն գործող նախագահի թեկնածությունը, ինչը կասկածելի է ՀՅԴ պարագայում, որը դեռ մտորում է սեփական թեկնածու առաջադրելու մասին:
Իսկ ՀԱԿ անդամ ՍԴՀԿ պատասխանատուներից համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի ելույթը պարզապես զարմացրեց քաղաքական բեւեռներին: Կառավարության նիստերի դահլիճում օրերս կուսակցության տարեդարձը նշելու ժամանակ նա ներքաղաքական իրավիճակին տվել է «տրամաբանական գնահատական», ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրել է համակրանքի խոսքեր, որոնք տրամագծորեն հակասել են, բայց մի հուշում հաստատ նկատելի է եղել, որ Սերժ Սարգսյանի առաջադրման պարագայում ՍԴՀԿ-ն սատարելու է գործող նախագահին:
Սա կառույցի հայաստանյան ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին դրդել է հայտարարելու, թե «Սեդրակ Աճեմյանի ելույթում իշխանությունների հասցեին հնչեցված հաճոյախոսությունները ոչ մի կապ չունեն հրի ու սրի միջով անցած եւ միշտ ժողովրդի ու պետականության շահերով առաջնորդվող հնչակյանության հետ, եւ ՍԴՀԿ-ն շարունակում է մաս կազմել ՀԱԿ-ին եւ ամբողջությամբ կիսում է իշխանություններին տրված ՀԱԿ-ի գնահատականները»:…
Գուցե սա էր այն անակնկալը, որ կարճ ժամանակ առաջ խոստացել էին հայաստանյան հնչակյանները: Բայց, ըստ ամենայնի, անակնկալն առավելապես իրենց համար էր նախապատրաստված:
Նշենք, որ առ այսօր հայ ավանդական 3 կուսակցություններից թերեւս միայն ՀՅԴ-ին է հաջողվել ինքնուրույն հասնել որոշակի բարձր արդյունքների: Դաշնակցականները գործում են ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում եւ Արցախում (նաեւ՝ պատերազմի տարիներին), հաջողությունների են հասել նաեւ ընտրական գործընթացներում, ԱԺ պատգամավորներ ունեն տարիներ շարունակ եւ եղել են իշխանական կոալիցիայի անդամ՝ կառավարությունում ունենալով նախարարներ ու այլ պաշտոնյաներ: ՀՅԴ-ն առավելապես համագործակցել է ՀՀ 2-րդ նախագահի հետ:
ՌԱԿ-ը Հայաստանում հաստատվել է որպես ՀՌԱԿ եւ այդ օրվանից ռամկավար-ազատականները պարբերաբար պառակտումների եւ ներկուսակցական քաշքշուկների մեջ են, ինչին կարծես թե մի կերպ վերջ դրվեց: Ամեն դեպքում հիմնականում չեզոքություն են պահպանել իշխանության եւ ընդդիմության միջեւ, քիչ առավել իշխանամետ լինելով եւ այսօր էլ նախընտրում են համագործակցությունը իշխանության, գործող նախագահի հետ:
ՍԴՀԿ եւս ունեցավ կուսակցական տարաձայնություններ, պառակտումներ, բայց սոցիալ-դեմոկրատ հնչակյանները գոնե Հայաստանում որդեգրել են ընդդիմադիր կեցվածք եւ համագործակցում են ՀՀ 1-ին նախագահի հետ:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



