Օտարաշունչ քաղաքական համախմբու՞մ. իսկ հանուն ու՞մ

ՀԱԿ-ում իսկապես բուռն քննարկման թեմա է դարձել նախագահական ընտրություններին մասնակցելու խնդիրը: Հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցը դարձել է առաջնային թեմա: ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը առաջիններից էր հայտարարել, որ «ԲՀԿ թեկնածուին սատարելուն դեմ է, քանի որ տարբերություն չկա՝ թեկնածուն ԲՀԿ-ինն է, թե՝ՀՀԿ-ինը»: Բայց այսօր հակաբհկական գիծը միանշանակ տանում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, թե համոզված է, որ չի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին: Ըստ նրա, 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին որոշումը պետք է կայացնի հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Այստեղ խնդիրը ոչ թե ՀԱԿ որոշումների դաշտում է, այլ Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվելու մասին որոշում կայացնի»: Կոնգրեսում թերեւս 1-ին նախագահից բացի, այլ թեկնածու չեն տեսնում եւ նրա չառաջադրվելու դեպքում իսկապես սուր իրավիճակ կառաջանա:

Իսկ ֆինանսական միջոցները չեն ներում թեկնածու առաջադրել, չնայած երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշել է, թե «ինչքան հնարավորություն ունենք, փորձում ենք օգտագործել», խոսքը միջոցների հայթայթման է վերաբերում:

ՀԱԿ-ում երկպառակություն կա նաեւ՝ փողո՞ցը, թե՞ ԱԺ-ն որպես ամբիոնից խոսելու հիմնական հնարավորություն գործածելու հարցում: Պատգամավոր չդարձած ՀԱԿ-ականները այլ կերպ են մտածում, ինչը եւս խորացնում է կոնգրեսի ներսում առկա ճգնաժամը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով կողմնակից է ԲՀԿ-ի հետ համագործակցելուն եւ հակառակ տեսակետն ունի Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է, որ կոնգրեսն ունի նախագահի իր թեկնածուն, նա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Չի մերժել նաեւ՝ ԲՀԿ-ի հետ համատեղ թեկնածու ունենալու հեռանկարը, բայց հերքել է, թե համատեղ թեկնածուն կարող է Վարդան Օսկանյանը լինել: Դա համարել է ամենաանհիմն հարցը, որը երբեք չի քննարկվել եւ անիմաստ է դա մեկնաբանելը:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է համառորեն լռել, անգամ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ հանդիպումից հետո: Բայց լուրեր են սպրդել, թե ԱՄՆ դեսպանը ցանկանում է տեսնել ընդդիմության միասնական թեկնածու եւ շատ հնարավոր է նա հենց «ամենաանհիմն» համարվող Վարդան Օսկանյանը լինի:

Տեղեկատվություն է տարածվել, թե ՀԱԿ ղեկավարը Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանի եւ այլ մտերիմների միջոցով լսեցնում է, որ «հալածյալ» Օսկանյանի թեկնածությունը պաշտպանելու կարիք գուցե լինի: Ամերիկյան կողմի ցանկությունը եթե իրապես սա լինի, ապա չենք կարծում, թե ՀԱԿ-ը միայնակ կմնա, հաստատ Վաշինգտոնի հնարավորությունները կներեն «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին եւս բերել այս դիրքորոշմանը:

Ամենահետաքրքիրը ԲՀԿ դիրքորոշումը կլինի այս դեպքում, քանի որ անգամ Գագիկ Ծառուկյանը հասկացրեց, թե բացի իրենցից՝ ԲՀԿ-ն չի կարող այլ թեկնածու առաջադրել:

Թերեւս կասկածներ մնում են այս ծավալումների հարցում, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն իսկ հայտարարել է, թե «սարերը շուռ կտան» նախագահական ընտրությանը: Նա անգամ անկեղծացել է, որ սա իր առաջին ու վերջին փորձն է լինելու, քանի որ մեկ անգամ է առաջադրվելու՝ կընտրվի, թե՝ ոչ: Իսկ գուցե «Ազատ դեմոկրատներ»-ը գիտեին այս մասին, որ հեռացան «Ժառանգություն»-ից, հայտարարելով, թե չեն բացառում համագործակցության եզրեր գտնելը՝ երեւի նկատի ունենալով նախագահի ամերիկամետ ուժերի թեկնածու Վարդան Օսկանյանի հարցը: Սա կարող է ամեն դեպքում միասնության եզակի փորձ լինել, քանի որ այս դեպքում հնարավոր հակամարտությունից կխուսափեն նաեւ կոնգրեսից հեռացած Դավիթ Շահնազարյանն ու Արարատ Զուրաբյանը, ովքեր պատրաստ են գործելու ընդդեմ ՀԱԿ-ի:

Մի՞թե Վաշինգտոնին կհաջողվի այն, ինչը չեն կարողանում անել 4-5 նախագահի թեկնածու ընդդիմադիր հայ գործիչներ:

Նարե Մշեցյան

* * *

Առաջին անգամ կին թեկնածո՞ւ

Թե արեւմտյան, թե ռուսաստանյան քաղաքական ուղղությունները պարբերաբար աջակցություն են ստանում մեզանում՝ առկա կողմնորոշումները ողջունող համապատասխան երկրներից, որոնք փորձում են Հայաստանում տիրապետող դարձնել իրենց քաղաքական աջակիցներին:

Հիմնականում պայքարը երեւակվում է ընտրությունների ժամանակ, սակայն սա միշտ կա: Եթե ռուսաստանյան կողմնորոշումը հստակ է եղել միշտ, առանց երկփեղկումների, ապա արեւմտյան կողմնորոշումը երբեմն տարանջատվել է՝ ամերիկյանի ու եվրոպականի:

«Լուսանցք»-ը անդրադարձել է այս թեմային եւ չի բացառել, որ գենդերային իրավունքը մատի փաթաթան դարձրած արեւմտյան կողմնորոշումը սատարողները կփորձեն ՀՀ նախագահի կին թեկնածու առաջադրել նաեւ:

Այսօր արդեն պարտադրել են կին պատգամավորների որոշակի տոկոսային քանակ, հանրային աղմուկ-աղաղակ ապահովող կանայք առավել եւս կան, եւ կանանց մուտքն ամենուր պարտադրողների համար կարեւոր չէ, կանայք իրապե՞ս ցանկանում են, ի վիճակի են, թե՞ այլ նախասիրություններ ունեն… Պարտադիր է եւ վերջ, դա է եվրոպական օրինակելի պետության դեմքը… Հետաքրքիր է՝ տղամարդկանց ու կանանց հավասարությունից (բնականից տարբեր առաքելություններ ունեն եւ չեն կարող ամեն բանում նման ու հավասար լինել) խոսողներն օրինակ ինչու՞ չեն պայքարում կին հանքափորների քանակը տղամարդկանց քանակի հետ հավասարեցնելու համար (ձեռնտու չէ՞):

Սա նման է եվրախեղկատակների այն վճռին, որ հասարակության մեջ պետք է լինի ամեն բան ու ամեն ինչ, այդ թվում՝ աղանդավորական ու համասեռական, հասկացող ու տկարամիտ, իհարկե այստեղ էլ պետք է եւ՛ տղամարդիկ լինեն եւ՛ կանայք… սա արեւմտյան քաղաքակրթության ամենատխմար հատվածի պարտադրանքն է, որը ցավալիորեն, հաճախ մեզանում որպես զարգացվածության դրսեւորում է ընկալվում: Տկարամիտների եւ հոգե-սեռամոլագարների առկայությունն էլ պետք է, որպեսզի օգնություններ տրամադրվեն, բարեգործություններ արվեն ու բոլոր հանրությունների վրա ճնշող լծակներ լինեն… եւ սա էլ սին քաղաքակրթական կարեւորագույն մաս է ծառայում…

Դեռ զրույցներ են, բայց չի էլ բացառվում, որ «Ազատ դեմոկրատներ»-ը որպես նախագահի թեկնածու կառաջադրի իրենց փոխնախագահ Անուշ Սեդրակյանին, ով Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի (գուցե նաեւ այլոց) հետ միասին կփորձի «ի մի գալ»: Մենք մեր հրապարակումներում չենք բացառել, որ Արեւմուտքը մեզ կպարտադրի կին թեկնածուին, ինչպես նաեւ նպատակադրված որոշակի չափով տոկոսային հախ-հաշիվ (անգամ 2-րդ տեղը ընտրություններում), որպեսզի հետագայում հաջողի իր գենդերային խաղ-ծրագրերը՝ արդեն կին նախագահ պարտադրելով: Մենք միշտ պետք է մերժենք ամեն մի պարտադրանք, անգամ եթե դա տվյալ պահին ճշմարտանման է թվում:
Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։