Ճահիճը լիճ չի՛ դառնա, այն չորացնում են

ԲՀԿ-ն հասկանում է, որ եթե հիմա էլ՝ ՀՀ նախագահի ընտրության շեմին, քայլեր չանի, ապա ընդդիմադիր լինելու մասին այս կամ այն հայտարարությունը այլեւս անիմաստ կդառնա: Եվ ահա ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ քաղխորհրդում այդ առիթով քննարկումներ են եղել: Եվ քանի որ «այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձեւավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից եւ դնել զարգացման առողջ ու ճիշտ ուղու վրա», իրենք վերլուծելով մեր 20-ամյա անկախության ճանապարհը եւ զարգացման հեռանկարները, համարում են, որ «երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի»: ԲՀԿ-ում կարծում են, որ սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բաձրացման եւ «կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր խնդիրները մեկընդմիշտ լուծելու համար»:

Այսպես ԲՀԿ-ն եւս սկսեց կարեւորել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը: Եվ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ «2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը 4 տարի ժամկետով ու մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի»:

Այս գաղափարն առաջարկվել է նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից եւ, ըստ ԲՀԿ-ի, այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության լուրջ գաղափարական հենք: Եվ ԲՀԿ-ն առաջիկայում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ:

Երեւի իզուր չէին այն համեմատական փորձերը, որ վերլուծաբանները կատարում էին Իվանիշվիլու «Վրացական երազանք»-ի եւ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Հաստատ ԱՄՆ-ի դեսպանի անսովոր այցը ԲՀԿ գրասենյակ մեծ նշանակություն եւ ազդեցություն է ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, ով գուցե նաեւ երաշխիքներ է ստացել «Բարգավաճ Հայաստան»-ը «Հայկական երազանք»-ի տեսքի բերելու եւ, տրամաբանորեն էլ՝ իրեն հայկական Իվանիշվիլի (իշխանության բերվող) դարձնելու ուղղությամբ…

Այսպես՝ ոչ մեկ, ոչ երկու, այլ միանգամից՝ ԲՀԿ-ն «որսում է» վրացական փորձը եւ իր ղեկավարին արդեն հայկական ընդդիմության միասնական թեկնածու տեսնելով գնում է առաջ՝ դեպի նախագահական ընտրություններ՝ միանգամից Միխեիլ Սաակաշվիլու դերն առաջարկելով Սերժ Սարգսյանին:

Դեռ վաղ է քննարկել այս նորամուծության լավ կամ վատ կողմերը, բայց մի հարց շատ կարեւոր է: Եթե այսպես ոգեւորել է վրացական «թավշյա» հեղափոխությունը, ապա ի՞նչ նմանություն կա «Վրացական երազանք»-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի, ինչպեսեւ՝ Բիձինա Իվանիշվիլու եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Այն, որ նմանություն չկա բացարձակապես, «Լուսանցք»-ն անդրադարձել է նախորդ թողարկումներում, հատկապես «Իվանիշվիլին եւ Ծառուկյանը տարբեր են եւ շատ անհամեմատելի» հոդվածով, որն առավելապես «Ռեգնում» լրատվական գործակալության վերլուծությունն էր: Ոչ կերպարային բնութագրով, ոչ էլ գործարար ու փողատեր դառնալու անցած ճանապարհներով այս գործիչները նման չեն միմյանց: Իվանիշվիլին եղել է ընդդիմադիր եւ իր գումարները կուտակել Ֆրանսիայում, Ծառուկյանը եղել է իշխանավոր (որովհետեւ ՀՀ 3 նախագահների օրոք էլ բարգավաճել է) եւ գումարներն էլ ձեռքբերել Հայաստանում: Իվանիշվիլին ոչ մի ֆինանսական կամ բարոյական խախտում չի արել Վրաստանում (ինչ արել է՝ եղել է Ֆրանսիայում), իսկ Ծառուկյանն իր ֆինանսական միջոցների կուտակումը եւ իր ունեցած դիրքի չարաշահումները կատարել է Հայաստանում՝ հայության հաշվին…

Այս ամենը մի կողմ դնենք առժամանակ, եւ դիտարկենք Սաակաշվիլի-Իվանիշվիլի եւ Սարգսյան-Ծառուկյան համեմատականները: Թե ինչպես նախագահ դարձավ Միխեիլ Սաակաշվիլին «վարդերի» հեղափոխությամբ տապալելով Էդուարդ Շեւարդնաձեին, հայտնի է բոլորին: Դա մասոնական «վարդային-ռոզենկրեյցերական» հեղաշրջում էր, եւ ֆրանսիական «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամը ծաղիկներով եկավ իշխանության… Իսկ թե ինչպես եկավ իշխանության Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելով, սա էլ հայտնի է՝ կոչեցին «արցախյան կլան», բայց ոչ՝ մասոնական:

Այս կերպ չի կարող տեղի ունենալ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «վարդերի» հեղափոխություն, քանի որ ՀՀ 2-րդ նախագահը այդ հարցում չի աջակցում ԲՀԿ նախագահին եւ «արցախյան կլան» ասվածը չի գործի երաշխավորված: «Վարդերի» հեղափոխությունը եւս հնարավոր չէ, բացառությամբ մի պայմանի, եթե գործող նախագահը եւ ԲՀԿ նախագահը նույն մասոնական օթյակի անդամներ չեն… Բայց քանի որ նման բան չի երեւակվում, ուրեմն այս տարբերակը եւս չի աշխատի:

Եթե ԲՀԿ նախագահին համոզել են, որ մորմոնական սպասավոր Ջոն Հանթսմանին պաշտպանելով՝ նաեւ պաշտպանված է մնում Վարդան Օսկանյանը, ինչպես «Մեծ Արեւելք»-ով պաշտպանված է Բիձինա Իվանիշվիլին, ապա գուցե Գագիկ Ծառուկյանն էլ է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանգել ինչ-որ եզրակացության… Եթե այո, ապա «100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը» պարզապես կարող է դառնալ «վարդային-ռոզենիրեյցերական» հեղաշրջման նախահենք, որը անգամ ԲՀԿ նախագահը կարող է չնկատել՝ շա՜տ սիրալիր ու բարեկիրթ, էլ չասենք՝ փառաբանող խոսքերի շարան շռայլող «աշխարհի գաղտնի տերերի» կամակատարների հեռահար մտադրությունները:

Իսկ գուցե վերջերս աշխարհի տարբեր անկյուններից Երեւանում հավաքված հայ մասոնները եւս «եղբայրական» որոշում են կայացրել… Բայց եթե ամեն բան մաքուր ու պարզ է, ապա այն կեղտի մեջ թաթախելու լիքը հնարավորություններ կան ինչպես ներսում, այնպես էլ դրսից, որովհետեւ Հայաստանում շատ արագ միլիարդատեր չեն դառնում առանց ժողովրդի արյուն-քրտինքը խմելու, ու սա այն «գործիքն» է, որ միշտ կգործածվի մեղքեր կուտակած յուրաքանչյուրի դեմ:

Ինչ մնում է խորհրդարանական կառավարման համակարգի անցման ԲՀԿ գաղափարին, ապա ՀՀԿ պատգամավոր եւ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանել է, որ գաղափարը նոր չի ներմուծվել, իսկ «ՀՀԿ-ում այս նախաձեռնության մասին քննարկումներ դեռեւս չեն եղել, այդ պատճառով կարող է ներկայացնել միայն սեփական տեսակետները»: Նա չի կարծում, թե ԲՀԿ-ի կողմից բարձրացված խնդիրների արդյունավետ լուծումը կառավարման մոդելի փոփոխությունների հետ է կապված եւ բոլոր խնդիրները, որոնք կան մեր երկրում՝ կապել կառավարման համակարգի հետ, ճիշտ չէ»: Ըստ ՀՀԿ պատգամավորի, «կան նախագահական կառավարման համակարգով մեծ հաջողություններ արձանագրած երկրներ եւ պառլամենտական մոդելի երկրներ, որոնք այս խնդիրներին արդյունավետ լուծումներ չեն տվել, իսկ ներկայումս գործող կիսանախագահական համակարգն ի զորու է մեր երկրում առկա խնդիրներին բավականին արդյունավետ լուծումներ տալ եւ տալիս է»:

Իշխանական կողմը կարծում է, որ այլ բան է, որ կան քաղաքական ուժեր, որոնք շատ հասկանալի պատճառներով չեն ցանկանում այդ լուծումները տեսնել, երկրում սկիզբ առած բարեփոխումները շարունակվում են եւ շարունակվելու են նաեւ նախագահական ընտրություններից հետո:

Այսքանից հետո մնում է սպասել նախագահական ընտրարշավին եւ հնչող խոստումներին:

Իսկ օտարահաճ կամ ազգանվեր դրսեւորումները շատ արագ կզատվեն, երբ խոստումների ու կարգախոսների հայտնվելուց հետո սկսեն նաեւ գործել:
Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։