Հայկական ատոմակայանը՝ կենսական եւ ինքնապաշտպանական միջոց

Ահա թե ինչի հետ չի կարողանում հաշտվել թյուրքական կողմը

Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Օրերս «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայկական ատոմակայանի անհրաժեշտության հետ կապված հրապարակում արեցի՝ հարցը հերթական անգամ քննարկելով ոչ թե սոցիալ-տնտեսական, էներգետիկ-տնտեսական կամ տնտեսա-քաղաքական, այլ՝ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ հենց այդ վերջին գործոնն է օգնում հասկանալու մեր ԱԷԿ-ի հետ կապված թյուրքական հիստերիայի պատճառը, ընդ որում, նույնիսկ այն պարագայում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է շեշտում, որ ՀԱԷԿ-ի տեխնիկական եւ անվտանգության նորմերը պահանջներին համապատասխան են:

Ինչեւէ, կփորձեմ «Լուսանցք»-ում փոքր-ինչ ավելի մանրամասնել խնդիրը:

Ադրբեջանի հակահայ քարոզչությունը ռազմաքաղաքական, պատմագիտական, տնտեսական կամ մշակութային շարունակական ձախողումներից հետո նոր ոլորտներ է փորձում սողոսկել, հաճախ նույնիսկ այնպիսի, որոնցից գոնե մի քիչ հասկանալ է պետք՝ անգամ ամենապարզունակ հայտարարություններն անելուց առաջ: Այդ ոլորտների թվում է նաեւ ատոմային էներգետիկան, որի մասին, մեղմ ասած, պատկերացում չունեն ոչ ավագ, ոչ էլ կրտսեր թյուրք եղբայրները: Բայց քանի որ Թուրքիան արդեն ԱԷԿ է կառուցում (ռուսական կողմի միջոցով), միջուկային հարցերից խոսելու եւ, ըստ այդմ, ապուշի դերում հայտնվելու մենաշնորհը թողել է Ադրբեջանին:

Սրա նախագահը գուցե հոգնել է ամպագոռգոռ հայտարարություններ անելուց եւ այդ «դափնին» հանձնել է իր ստորադասներին: Եվ ահա, տակավին վերջերս, Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատասխանատուները հայտարարել են, թե իրենք «այնպիսի ռադարային համակարգ ունեն, որն անմիջապես կհայտնաբերի ու կվնասազերծի այն հրթիռները, որոնք բաց կթողնվեն թշնամական կողմից»: Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, ավելի առաջ անցնելով, հայտարարել է. «Մեր նշանառության տակ է գտնվում Հայաստանի այնպիսի օբեկտ, որին մենք կարող ենք հարված հասցնել հաշված րոպեների ընթացքում: Դա հարցականի տակ կդնի Հայաստանի հետագա ճակատագիրը՝ որպես պետություն»: Սա շատ նման է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հռետորաբանությանը, որ եթե հանկարծ Ադրբեջանը որոշի պատերազմը վերսկսել, ապա հայկական կողմն այլեւս չի կարող դիմադրել ինչպես նախկինում, քանի որ իրենք ռազմական հսկայական ծախսեր են արել ու դեռ կանեն:

Մինչ բուն խնդրին անցնելը՝ հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության ընթացքում (1989-1994թթ.) Ադրբեջանը Հայաստանից շուրջ 2,5-3 անգամ ավելի շատ բնակչություն ուներ, ուրեմնեւ՝ այդքանով էլ ավելի զինվորներ հակամարտության գոտիներում: Դրանից զատ ուներ նավթի ու գազի գայթակղիչ խայծը, խորհրդային զորքերի ու այլ ուժերի աջակցությունը: Փոխարենը մենք էներգետիկ ճգնաժամի մեջ էինք ու միայն կամավոր տղաների մարտական ոգու վրա հենված զինուժ ունեինք, որ շաղկապված էր թիկունքում օրնիբուն աշխատող նվիրյալների կամքին:

Ադրբեջանը գործող արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն ուներ խորհրդային ժառանգություն ստացած, մենք՝ ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի 1/3-ը աղետի գոտու վերածված տարածք եւ կաթվածահար տնտեսություն ունեինք:

Ադրբեջանն իր զինված ուժերի կողքին ուներ կռիվներին մասնակցող աֆղանական մոջահեդներ, արաբական վահաբիտներ, թուրքական «գորշ գայլեր», չեչենական ահաբեկիչներ, ռուսական հատուկջոկատայիններ, ուկրաինական օդաչուներ, մերձբալթյան դիպուկահարներ եւ այլ վարձկաններ, իսկ մենք միայն Հայաստանի ու Սփյուռքի համախմբված հայորդիներ ունեինք:

Այսօր էլ գրեթե ոչինչ չի փոխվել. արտագաղթի եւ ներգաղթի մոտավոր հաշվարկներով (Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ տվյալներն էլ նկատի ունենալով), Ադրբեջանում արդեն Հայաստանից 1,5-2 անգամ ավելի բնակիչ կա թերեւս, իսկ սա քանակական առումով արդեն զիջում է նախկին ցուցանիշին: Այսօր էլ նրանք նավթ ու գազ ունեն, մենք՝ ոչ, ու նրանց միայն ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մեր ամբողջ բյուջեի ծավալը: Բայց չի փոխվել մի բան. մենք ապացուցել ենք, որ մեր հարաբերություններում քանակը մեզ համար որոշիչ չէ: Ի վնաս Ադրբեջանի հավելենք նաեւ, որ այս անգամ (պատերազմի դեպքում) ադրբեջանական բանակը եւս ավելի քիչ քանակական առավելություն կունենա, ավելին՝ բացի թուրքական «գորշ գայլերից», աշխարհա-քաղաքական որոշակի ծավալումների հետեւանքով բացառվում է արաբական, աֆղանական, չեչենական եւ այլ օտարազգի աջակիցների առատ առկայությունը (մասնակի դեպքեր միշտ կան), ինչը չի խոսում ադրբեջանական պայծառատեսության օգտին:

Ադրբեջանն այժմ ունի պարտվածի հոգեբանությամբ եւ լուրջ դժվարությունների մեջ թաթախված բանակ, իսկ Հայաստանը, թեկուզ եւ դարձյալ թերություններով, բայց հաղթողի հոգեբանությամբ զինուժ եւ, ըստ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի ռազմական մասնագետների, տարածաշրջանի ամենամարտունակ եւ պատրաստաված բանակը:

Ի վերջո, Ադրբեջանը հակասություններով բազմազգ պետություն է, ենթակա մասնատման, քանզի որոշ ազգեր ձգտում են անկախ պետություններ հիմնելու, իսկ Հայաստանը միատարր պետություն է՝ Արցախի հետ միասին առավել կայուն կարգավիճակով:

Գանք միջուկային էներգետիկայի ոլորտ «ներթափանցած» ադրբեջանցիներին: Հայ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը, անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, ասել է, որ առաջին անգամ է լսում, թե ռադարային այնպիսի համակարգ կա Ադրբեջանում, որը կարող է միաժամանակ հայտնաբերել ու վերացնել հրթիռները: Նաեւ հավելել է, որ «եթե անգամ ադրբեջանցիները ոչ թե երազում, այլ իրականում ստանան այնպիսի համակարգ, ինչպիսին «Փեթրիոթ»-ն է կամ «Ստանդարտ»-ը, ապա անգամ այդ դեպքում նրանք չեն կարողանա իրենց երկրի ամբողջ տարածքը պաշտպանել լեռներից բաց թողնված հրթիռներից»: Փորձագետը շեշտել է, որ ռազմական գործից քիչ թե շատ պատկերացում ունենալու դեպքում Ադրբեջանի ՊՆ աշխատակիցները պիտի հասկանային, թե ինչքան անհիմն է հնչում իրենց անպատասխանատու հայտարարությունը:

Ըստ Արկադի Գրիգորյանի, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարն ասելով, թե կարող են հայկական պետության գոյությունը հարցականի տակ դնել, կամա թե ակամա, խոսել է առնվազն «մի քանի մեգատոննա քաշով ատոմային ռումբ ունենալու մասին», որի գործադրմամբ կվերացնեն 40 հազ. քառ. կմ տարածք ունեցող մեր պետությունը: Բայց ռազմական փորձագետը համոզված է, որ «Սաբիրօղլուն իրենց բանակի զինանոցում հաստատ չէր կարող նման ռումբ տեսել»:

Իսկ եթե «Հայաստանի տարածքում այնպիսի օբեկտ կա, որի ռմբակոծումը կվերացնի հայկական պետությունը» ասելով՝ նկատի է ունեցել Հայաստանի ատոմակայանը, ապա «այստեղ կա երկու բաց հարց»:

Առաջին հարցն այն է, թե ինչ զենքով է Բաքուն պատրաստվում դա անել: «Գուցե Իսրայելում եւ Ղազախստանում խոտանված հրթիռներո՞վ,- քմծիծաղել է փորձագետը եւ հավելել,- Սաբիրօղլուն անգամ չի պատկերացնում, թե նման որոշում (ՀԱԷԿ-ը ռմբահարելը) կայացնելը ինչ կարող է արժենալ հենց Ադրբեջան պետության հետագա գոյության համար:

Ըստ մեզ, այդ ադրբեջանցին (եւ ոչ միայն նա) չի էլ հասկացել, որ պատահաբար անգամ նման բան ասելը խիստ սահմանափակում եւ վտանգում է իր իսկ երկրի արտաքին շփումները: Ատոմակայանի նման օբյեկտի ռմբահարումը վտանգավոր կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, տարածաշրջանի արաբական երկրների, Սեւ եւ Կասպից ծովերի ավազանների ու շրջակա միջավայրի բնակչության համար (իսկ եթե խոսենք այն խնդրից, թե բառացիորեն մինչեւ ուր կտարածվի վնասված կենսաբազմազանությունը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, պատկերն առավել ցայտուն կերեւակվի): Ու սա վտանգում է նաեւ այլ երկրների, հատկապես գերտերությունների նպատակները, որոնք Կովկասում ու Մերձավոր Արեւելքում ունեն պետական եւ ազգային շահեր: Մեր տարածաշրջանը ինչպես ավտոճանապարհային ու երկաթուղային տրանսպորտների, այնպես էլ նավթատար ու գազատար խողովակաշարերի, կարեւորագույն այլ ենթակառուցվածքների համաշխարհային անփոխարինելի խաչմերուկ է, եւ այս տարածաշրջանում ատոմային օբեկտի պայթյունը համաշխարհային մեծ աղետի կհանգեցնի:

Եվ կրկնենք, այս դեպքում անգամ նման տեսակետի բարձրաձայնումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ադրբեջանական կողմին:

Հետաքրքիր է, որ հայկական ատոմակայանը «չեն սիրում» նաեւ թուրքերը, որոնք սակայն չեն աղաղակում, թե «Հայաստանի տարածքում այնպիսի օբյեկտ կա, որի ռմբակոծումը կվերացնի հայկական պետությունը», այլ՝ ի դեմս Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի, ավելի խորամանկ թուրքական քաղաքականություն են դրսեւորում՝ խոստանալով պայքարել հայկական ատոմակայանը փակել տալու համար: Թուրքերն իբր մտահոգված են, որ Իգդիրից 16 կմ հեռավորության վրա գտնվող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է եւս 10 տարով, ու դրա համար էլ «միջազգային բարձր մակարդակով նախաձեռնություններ են կյանքի կոչելու՝ ՀԱԷԿ-ը փակելու համար»:

Բայց նրանք եւս լավ գիտեն, որ Մեծամորի ատոմակայանում պարբերաբար կատարվում են անվտանգության միջոցառումներ, որոնք իրականցվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական աջակցությամբ: Մասնագետների գնահատմամբ՝ մեր ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը բավականին բարձր է: Նաեւ՝ մեր ԱԷԿ-ը չի տուժել նույնիսկ 1988թ. ավերիչ երկրաշարժից, քանզի, ըստ դեռ երկրաշարժից անմիջապես հետո կազմված խորհրդային հատուկ հանձնաժողովի ուսումնասիրության, ՀԱԷԿ-ը կառուցված է բազալտե ամբողջական սալիկի վրա:

Ատոմակայանավախով պարուրված թուրքերը մեր ատոմակայանը փակել տալուն զուգահեռ, չգիտես ինչ համարձակությամբ, առանց վախի դրսեւորման նախատեսել են իրենց երկրում մինչեւ 2023թ. կառուցել 3 ատոմակայան, առաջինը՝ Մերսինում՝ ռուսների հետ համատեղ, երկրորդը՝ Սինոպում՝ ճապոնացիների հետ համատեղ, իսկ երրորդի կառուցման շուրջ դեռեւս բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի, Չինաստանի ու Կանադայի հետ:

Զարմանալի է, որ Հայաստանից էլէներգիա ստացող եւ դրանով սեփական տնտեսությունը զարգացնող Վրաստանը եւս մերթ ընդ մերթ միանում է հայկական ատոմակայանը փակելու թուրք-ադրբեջանական աղմուկին:

Մեծապես արժեւորելով ՀԱԷԿ-ի անգնահատելի նշանակությունը Հայաստանի տնտեսության ռիթմիկ եւ համընթաց զարգացման գործում, կարեւոր ենք համարում նշել նաեւ ՀԱԷԿ-ի ռազմա-քաղաքական նշանակությունը մեր կյանքում: Այն հանգամանքը, որ Հայաստանը նույնպես ատոմային տերություն է համարվում, թուրքերին հանգիստ չի տալիս: Ակնհայտ է, թե ինչպես են Իրանը կամ Հյուսիսային Կորեան պայքարում այդ «ատոմային» կարգավիճակը ստանալու համար, որ պատրաստ են անգամ պատերազմել միջազգային հանրության հետ: Թուրքիայում էլ ռուսական կողմն է ԱԷԿ կառուցում, բայց թուրքերը ատոմային էներգետիկայի դպրոց չունեն՝ ի տարբերություն Հայաստանի, ինչը նշանակում է, որ թուրքական կողմը չի կարողանալու սեփական ուժերով լուծել իր ԱԷԿ-ների տեխնիկական, շահագործման եւ այլ խնդիրները (իսկ մեզանում կան մարդիկ, ովքեր պարզապես այլոց նպատակային պատվերն են կատարում՝ ի վնաս ՀԱԷԿ-ի գոյության: Խոսքն ամենեւին մեր՝ իսկապես մտահոգ բնապահպաններին կամ այլ կազմակերպություններին չի վերաբերում, որոնք միջազգային մասնագետների դրական արձագանքներից հետո այլեւս անիմաստ պայքար չեն ծավալում):

Անկարան այս ամենը լավ է հասկանում, եւ ուզում է Հայաստանից խլել տարածաշրջանային այն դերը, որ մեզ բերում է ԱԷԿ-ը: Նաեւ, ինչու ոչ, ատոմակայանը մեզ համար ունի ոչ միայն էներգետիկ անկախության, այլեւ՝ քաղաքական անկախության երաշխիք, քանզի ինքնապաշտպանական միջոց է: Այնպես, ինչպես ժամանակին Հոլանդիայի համար եղել են իր ջրանցքներն ու ջրամբարտակները. երբ Հոլանդիան գրավել ցանկացողները նավերով մոտենում էին այդ երկրին եւ փորձում ցամաքային կռիվներով գրավել այն, հոլանդացիները բացում էին բոլոր ջրամբարտակները, եւ երկրի մեծ մասը ողողվում էր Հյուսիսային ծովի ջրերով: Թշնամին խուճապահար հետ էր փախչում՝ սարսափելով հոլանդացիների՝ սեփական երկիրը ջրասույզ անելու քայլից: Կամ՝ երբ ԽՍՀՄ քաղբյուրոն Պաղեստինի կամ արաբական այլ երկրների հարցերով շատ էր նեղում Իսրայելին, ու երբեմն թվում էր, որ Թել Ավիվն այլեւս ելք չունի, հանկարծ ամեն բան խաղաղվում էր: Պատճառը Արաբական թերակղզին ջուրն իջեցնելու իսրայելական զգուշացումներն էին: Օրինակներ շատ կան, բայց այս երկուսն էլ բավարար են հասկանալու, որ քիչ կարողություններով (խոսքը ներուժի մասին չէ) անգամ կարելի է սեփական երկիրը խելամիտ պաշտպանել: Այդ տարիներին Իսրայելը պետություն էր 14 հազ. քառ կմ տարածքի վրա ու պայքարում էր աշխարհի 1/6-րդ մասը կազմող ԽՍՀՄ-ի դեմ: Այսօր Հայաստանն ավելի քան 40 հազ. քառ կմ տարածք ունի եւ պայքարում է ընդամենը Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: Կամ՝ հաղթահարման մեկ այլ օրինակ՝ 1945թ., երբ ֆաշիստական Գերմանիան նյուրնբերգյան դատավարությամբ իր կապիտուլիացիան էր ստորագրում՝ մասերի բաժանվելով, այդժամ գերմանական քաղաքագետներն ու տնտեսագետները նոր Գերմանիայի ծրագիրն էին մշակում եւ, ընդամենը 25-30 տարի հետո, պարտված Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ) դարձավ աշխարհի առաջատար եւ հզոր երկրներից մեկը:

Ինչեւէ, ունենք ատոմակայան, ոլորտում հզոր դպրոց, լուրջ մասնագետներ եւ նոր ԱԷԿ կառուցելու հաստատակամություն պետական մակարդակով: Ընդ որում, մեկ անգամ չէ, որ ասվել է, քանի դեռ չի կառուցվել նորը, գործողը շահագործումից չի հանվի: Բայց պիտի հիշենք մի բան. թուրքական թեկուզ հաչոցներն անտեսել պետք չէ, քանզի միջուկային էներգետիկան այն ոլորտն է, որտեղ մշտապես բախվում են գերտերությունների շահերը: Չմոռանանք. ոչ հեռու անցյալում Եվրոպան մեզ պարտադրում էր փակել ԱԷԿ-ը՝ իբրեւ փոխհատուցում գումար առաջարկելով այլընտրանքային համարժեք հզորություններ կառուցելու համար (նկատի ունեին վերականգնվող էներգետիկայի զարգացումը): Բայց քանի որ Երեւանը միջազգային ամենաբարձր ամբիոններից հնչեցրեց, թե ԱԷԿ-ի այլընտրանքը միայն նոր ԱԷԿ-ն է, իսկ վերականգնվող էներգետիկան կարող է ավելացնել համակարգի հուսալիությունը, բայց ոչ երբեք փոխարինող լինել, եվրոպական պարտադրանքը վերածվեց խորհրդի…

Ուրեմն՝ ապահովենք քաղաքական զգոնությունը՝ մեր մասնագետներին վստահելով երկրի էներգետիկ հուսալիությունը, անվտանգությունն ու անկախությունը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

* * *

«Իրանի իշխանությունները չեն համագործակցում միջուկային ծրագրի իրականացման գործունեության հետաքննության հարցում»,- ըստ «Associated Press» լրատվական գործակալության, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում այսպիսի հայտարարություն է արել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիո Ամանոն:

«Ոչ մի կոկրետ արդյունք մինչեւ այժմ ձեռք չի բերվել»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Իրանը հայտարարում է իր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության մասին, բայց չի ապահովում պայմաններ, որ հնարավոր լիներ դրանում համոզվել:

Հիշեցնենք, որ Արեւմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ցանկության մեջ:

Իր հերթին պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:

«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։