Մեր էներգետիկ անկախությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությամբ: Էներգետիկ անվտանգությունը, որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, կարեւորվել է եւ այսուհետ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: ԱԱԽ քարտուղարի տեղեկացմամբ, Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է եւ մինչեւ այս տարեվերջ կքննարկվի Անվտանգության խորհրդի նիստում:

Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարեւորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Փաստաթղթի, որում ներառված են շուրջ 120 առաջարկներ, ընդունմամբ մենք շատ կարեւոր քայլ ենք կատարում Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով:

Նկատենք, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգը պետք է ենթադրի նաեւ էներգետիկ անկախության ու հուսալիության աստիճանի բարձրացում, ինչը զուգահեռաբար ենթադրում է նաեւ ներկրվող էներգակիրներից հնարավորինս քիչ կախում ու տնտեսությանը եւ երկրին հուսալի՝ անխափան էներգամատակարարում, արտահանման ծավալի աճ:

Արման Դավթյան

Հավաքական բանաձեւի ուժը

Ադրբեջանը, դառնալով Չմիավորման երկրների շարժման անդամ, փորձում է օգտագործել ընձեռված լծակները եւ այս կառույցի միջոցով ձգտում է անցկացնել տարբեր ադրբեջանամետ փաստաթղթեր: Նմանատիպ կառույցները շատ դեպքերում իրենց հավաքական ձայնն ունեն ՄԱԿ-ում: Հայաստանն էլ դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ եւ կարող է առավել լավ դիմակայել ադրբեջանական հավաքական բանաձեւերին:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք 56 անդամ եւ 19 դիտորդ երկրների միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, որոնց մեջ, ի դեպ, կան Չմիավորման երկրների շարժման անդամ երկրներ, ապա այստեղ ընդունված բանաձեւը կունենա ավելի մեծ կարեւորություն: Նախեւառաջ, պիտի դիմակայել Ադրբեջանի ուղղակի եւ անուղղակի ջանքերին, որը գործադրվում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից խուսանավելու համար, այլ՝ ոչ հայանպաստ ձեւաչափ մոգոնելու հեռանկարով:

Պետք է Լեռնային Ղարաբաղի Հարապետության ճանաչմանն ուղղված բանաձեւ հաջողել, որը կարող է մեծ արձագանք ստանալ ՄԱԿ-ում՝ դրանից բխող բորոր հետեւանքներով:

Ինքնորոշման իրավունքը կիրառելով են շատ երկրներ անկախացել, որոնք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են, եւ նրանց հետ էլ պիտի լրջորեն համագործակցել: Այս կազմակերպությունը պետք է առհասարակ օգտագործվի մեր տեսակետները միջազգային հանրությանը հասցնելու եւ ամրագրելու համար:

Հիշեցնենք, որ Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձեւ, որտեղ ամրագրվեց «ՖՄԿ անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին»: Եվ այս միջազգային հեղինակավոր ամբիոնը կարող է նպաստել մեր նպատակների միջազգայնացմանը եւ կարգավորմանը:

Հայկական հարցերը տարածաշրջանային առաջնահերթության մեջ ներառելու նպատակով եւս պետք է ծավալուն աշխատանքներ տարվեն, ինչը կարող է իրավիճակային լուծումների դեպքում անգամ նպաստավոր լինել:

Անի Մարության

Ուղղակի երկխոսություն չեն կարող վարել

Արեւմուտք-Իրան հարաբերությունների սրացմանը զուգահեռ որոշ վերլուծաբաններ քննարկում են նաեւ բանակցություններ վարելու հնարավորությունները, որպեսզի խուսափել լայնամասշտաբ պատերազմից: Քանզի այդ պատերազմը կներառի ինչպես Մերձավոր Արեւելքը, այնպես էլ Կովկասը, եւ չի բացառվում նաեւ աֆղանական ու միջինասիական որոշակի տարածքներ:

ԱՄՆ-ի համար այս հարցն այնքանով է հստակ, որ բանակցությունների որոշումը կարող է ընդունել այդ երկրի նախագահը: Իսկ Իրանում այդ երկրի նախագահը, առանց հոգեւոր առաջնորդի լիազորության, չի կարող անգամ բանակցել ԱՄՆ-ի հետ, անգամ ուղղակի երկխոսություն վարել:

Սա հաստատել է նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, ով հայտնել է, թե «Միացյալ նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու նախադեպ մենք արդեն իսկ ունեցել ենք Իրաքի եւ Աֆղանստանի հարցում, ներկայում եւս միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի եւ «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) շրջանակներում մենք անուղղակիորեն բանակցում ենք, սակայն ինչ վերաբերում է ուղղակի երկխոսությանը, ապա դա ամբողջովին գտնվում է ԻԻՀ հոգեւոր առաջնորդի լիազորությունների ներքո»:

ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հոգեւոր առաջնորդը նաեւ երկրի ԶՈւ գերագույն հրամանատարն է եւ նրա լիազորությամբ են մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: Իսկ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:

Նարե Մշեցյան

Կվերսկսեն ճանաչումից հետո

Պաղեստինի ինքնավարությունը դեռ սպասում է ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն, եւ ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, թե այդ կարգավիճակն ստանալուց հետո Պաղեստինը կվերսկսի Իսրայելի հետ բանակցությունները:

«Հնարավոր է՝ մենք սկսենք բանակցությունները կարգավիճակը ստանալու հաջորդ օրը: Այդ դեպքում մենք պատրաստ կլինենք դրանց»,- ասել է Աբասը Արաբական պետությունների լիգայի նիստից հետո, որը անցկացվել է Կահիրեում:

Պաղեստինյան ազգային ինքնավարության ղեկավարությունը ավելի վաղ հայտարարում էր, թե երկխոսությանը կվերադառնան ավելի վաղ, քան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքվեարկի իրենց կարգավիճակի համար: Բայց այժմ կսպասի Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ հարցի քվեարկությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։