Ուրուգվայում չեն բացառում Արցախի ճանաչումը

Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Վերջինս նշել է, որ դեռ անցած տարի Որուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել գիտական սեմինար, որին մասնակցել են քաղաքական դեմքեր, այդ թվում եւ պարոն Ուելմոն եւ արտաքին գործերի նախարարը. «Նրանք ելույթով նշել են, որ իրենք տեսնում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը կարող է բնականոն ճանապարհ ընկնել: Սա պրոցես է, որ քայլ առ քայլ պիտի ընթանա: Այս այցը եւ հանդիպումը առաջինն է, որը պիտի շարունակություն ունենա»: Իսկ Մարտինես Ուելմոն ասել է, թե Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, «սա ուղղակի մի քայլ է, մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ»:

Հիշեցնենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եվ չի բացառվում, որ Արցախի անկախությունը ճանաչող առաջին երկիրը եւս դառնա: Սակայն սա քաղաքական գործընթաց է, եւ պետք է քայլ առ քայլ ընթանա: Նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Կարեն Բալյան

Բանակցելը արվեստ է, բայց հաղթելն ավելի կարեւոր է

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը Ֆրանսիայում հայտնել են, որ պատրաստակամ են շարունակել աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Իհարկե, Երեւանն ու Ստեփանակերտը երբեք չեն անտեսել ԵԱՀԿ ՄԽ-ի կարեւորությունը, սակայն արցախյան խնդրի «սառեցումը» մարդասպան Սաֆարովի արտահանձնումից հետո, պետք է ավելի երկար տեւեր, քանի դեռ Հունգարիան եւ Ադրբեջանը պատժամիջոցների չէին ենթարկվել:

Երբ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, ինչը պահպանվում է առ այսօր, պետք է նույնն էլ տեղի ունենար Ադրբեջանի հետ, որն այս գործողությունների գլխավոր մեղսակիցն է: Այդպես էլ կար, մինչեւ որոշվեց շարունակել արցախյան հարցի բանակցային գործընթացը:

Անչափ կարեւոր է, որ եվրաերկրները կիրառեին պատժամիջոց ինչպես Հունգարիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ, կամ գոնե Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլեր կատարվեին: Սակայն ոչ մի նման բան չեղավ: Անգամ ադրբեջանական ռասիզմի դրսեւորումը լիարժեք չօգտագործվեց հարցի համար, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչը եւ պիտի արձանագրվեր եվրոպական համագործակցության երկրներում:

Հայաստանի անվտանգությունն ու տարածաշրջանի խաղաղությունը եւս կարող էին դրվել բանակցությունները վերսկսելու նախահիմքում, առավել եւս, որ Ադրբեջանին եւ Թուրքիային լրջորեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ Արցախի անկախությունը պատրաստվում են ճանաչել որոշ երկրներ, անգամ չի բացառվում՝ խոշոր պետություններ:

Հայկական կողմը բանակցություններում գոնե պետք է ներառի այն փաստը, որ Ադրբեջանը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը՝ այդպես ընդունելով նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչը մերժում է Արցախի դեպքում:

Ամեն դեպքում ցանկալի չէր արցախյան բանակցությունների վերսկսումը առանց վերոնշյալ հաջողություններն արձանագրելու, բայց եթե, այնուամենայնիվ, այն ընթանալու է, ապա պետք է հայկական պայմանները դառնան թելադրող: Ադրբեջանը, վաղ թե ուշ, պիտի համակերպվի այն իրողության հետ, որ արցախահայության ինքնորոշումը անդառնալի է: Միջազգային փորձը եւս հուշում է, որ երբ արհեստական ձեւավորված բազմազգ պետությունները կազմաքանդվել են, ապա ժամանակ անց համակերպվել են ինքնորոշված ժողովուրդների ու տարածքների կորստի հետ եւ, վերջիվերջո, ճանաչել են վերջիններիս անկախությունը:

Բայց թյուրք-ադրբեջանցիների հետ միջազգային կամ մարդկային փորձերի վրա հիմնվելը վստահելի չէ, ուստի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը լինելու է տեւական, եւ խնդիրը շուտափույթ լուծելու համար է, ինչպես նշվեց վերեւում, որ պետք է հայկական պահանջներն ու պայմանները խստացվեն:

Արման Դավթյան

* * *

«The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում նախագահ Սարգսյանը 3 հստակ ուղերձ է հղել Ադրբեջանին.

1. Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, 2. Ադրբեջանը զինվում է եւ պատրաստվում պատերազմի եւ 3. Իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ:

Կարեւոր մի հարց եւս լուծվել է. ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը:

Եվրոպան Ամերիկա չէ՞

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվելով Ֆրանսիայում՝ հանդիպումներ է ունեցել նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնի եւ Ֆրանսիայի ԱԺ ու Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում մեր երկրում, բայց կարելի է ավելի շատ զարգացնել այս տնտեսական հարաբերությունները: ՀՀ նախագահը նշել է, որ դրանք զարգացնել է պետք՝ հատկապես գյուղատնտեսության եւ տրանսպորտի բնագավառներում:

Իհարկե, քննարկվել է նաեւ Արցախի հիմնահարցը, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Նախագահները վերահաստատել են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի բանակցությունները հասնեն վերջնական հանգրվանին: Դրանք հայտնի պատճառներով դադարել էին, սակայն պիտի վերսկսվեն եւ ընթանան մինչեւ վերջ, ընդ որում՝ հայտնի՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տեւական, վերջնական լուծում:

Նախագահները խոսել են նաեւ Սիրիայի մասին՝ նկատի ունենալով, որ տարածաշրջանային խնդիրներն առնչվում են նաեւ Հայաստանին, քանի որ Սիրիայում հայկական համայնք գոյություն ունի, եւ անգամ որոշ սիրիահայեր Հայաստան են արդեն եկել: Անդրադարձել են իրանական խնդրին, որտեղ Երեւանը կարողանում է չեզոքությամբ օգտակար աշխատանք կատարել: Ֆրանսահայերի եւ Հայաստանի հարաբերություններն են քննարկվել, առավել եւս, որ շուրջ 500.000 հայերը պատմության բերումով են եկել Ֆրանսիա, եւ ինչպես այդ երկրի նախագահն է ասել՝ «Բերելով իրենց հետ իրենց ողջ տաղանդը, ինչը մեծ հարստություն է մեր երկրի համար»:

Ֆրանսիայի վարչապետի եւ ԱԺ ու Սենատի անդամների հետ եւս քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող, ինչպեսեւ Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի դարձնող օրենքի ընդունմանը վերաբերող հարցեր:

Այս համապատկերում քննարկված կլինի նաեւ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը վերաբերող թեման: Հատկապես, որ եվրոպական ուղղությունը նման դեպքերում հաճախ առանձին է հանդես գալիս ամերիկյան ուղղությունից, իսկ վերջինս փորձում է ՀՀ-ում Սերժ Սարգսյանի դեմ ընդդիմադիր ճակատ ձեւավորել:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։