Տարածաշրջանի հայերը պետք է մի՛շտ Հայաստանը որպես հենարան տեսնեն

Սիրիական ընդդիմությունը կարողացավ միավորվել, եւ ԱՄՆ-ն, Քաթարն ու Թուրքիան այլեւս պահանջում են ճանաչել «Սիրիական ընդդիմության եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» որպես օրինական իշխանություն: Նոյեմբերի 11-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում է հռչակվել այդ կոալիցիայի ստեղծման մասին, որին անդամակցել են քաղաքական, կրոնական ու հասարակական այն ուժերը, որոնց միավորում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու ընդհանուր նպատակը: Միացել է նաեւ «Սիրիական ազգային խորհուրդը», որը նախագահ Ասադի իշխանության դեմ պայքարող հիմնական ընդդիմադիր միավորումն էր:

Սա ամերիկյան ծրագիր էր եւ փորձ՝ ցույց տալու, թե գոյություն ունի մի ազգային կոալիցիա, որը «նպատակ ունի վերջ տալ Ասադի արյունոտ կառավարմանը եւ կառուցել արդար ու ժողովրդավարական ապագա, որին արժանի է Սիրիայի ամբողջ ժողովուրդը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն էլ հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամները պետք է աջակցեն այդ կոալիցիային, ու այլեւս չի կարող լինել չաջակցելու որեւէ արդարացում»: Սիրիական ընդդիմադիր այս նոր կոալիցան ճանաչել է նաեւ Արաբական պետությունների լիգան: Քաթարի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «կոալիցիան հանդիսանում է սիրիական ընդդիմության օրինական ներկայացուցիչը, որի հետ Արաբական պետությունների լիգան մտադիր է բանակցություններ վարել»: Այսպես ամերիկյան ծրագիրը հստակ մտավ գործողության մեջ եւ ճանաչողների թիվը ավելացավ նաեւ Եվրոպական Միությունով, որի արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է. «Անհամբեր սպասում եմ, որ նոր կոալիցիան կլինի ամբողջությամբ գործող, համընդգրկուն եւ կհարգի մարդու իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները»:

Այս կոալիցիայի ձեւավորումից ու ճանաչումից հետո սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հույս ունեն, որ արեւմտյան պետություններն ու մյուս դաշնակից արաբական երկրները կսկսեն ռազմական օժանդակություն ցուցաբերել ընդդիմությանը: Բայց Թուրքիան ինքն է արդեն զորք կուտակել Սիրիայի հետ սահմանին եւ ջանում է ստանալ արեւմտյան աջակցություն՝ զինված ներխուժման համար:

Սակայն «Սիրիական ազգային խորհրդի» ներկայացուցիչը հակված է, որ իրենք ստանան աջակցություն եւ հայտարարել է. «Եթե լինի միասնական ղեկավարություն, կլինի եւ զենք: Արեւմուտքում մտավախություն ունեն, որ զենքը կընկնի Սիրիայում գործող ծայրահեղականների ձեռքը: Բոլոր զինված խմբերի միասնական ռազմական ղեկավարության ստեղծումը կլուծի այդ խնդիրը, եւ հնարավոր կլինի ստանալ որակյալ զենք ու զինամթերք, որոնցով հնարավոր կլինի դիմակայել Ասադի ռեժիմին»:

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը, որը վերածվել է ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ ռազմական հակամարտության ու քաղաքացիական պատերազմի, սկիզբ է առել 2011թ մարտից: Մինչ օրս շարունակվում են ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ կատաղի բախումները, որոնց զոհ են գնացել շուրջ 37 հազար մարդ: Ցավոք, զոհվածների մեջ կան նաեւ սիրիահայեր: Եվ հայությանը հուզում է ինչպես սիրիահայերի, այնպես էլ բարեկամ Սիրիայի այս վիճակը, որից ցանկանում են օգտվել հատկապես թուրքերը: Որոնք մի քանի նպատակ ունեն՝

1. Արտագաղթի մղել սիրիահայերին՝ ոչնչացնելով հայկական մի կուռ համայնք, որն Արեւմտյան Հայաստանի հայ ցեղասպանվածների եւ գաղթյալների ժառանգորդն է:

2. Սիրիայի քրդերի տեղահանմամբ թուլացնել քրդական անջատողական վտանգը:

3. Հնարավորության դեպքում տարածքներ զավթել Սիրիայից:

Թերեւս միայն Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ընդդիմանալն է խանգարում, որ Սիրիան ենթարկվի զանգվածային հարձակման: Այդ վտանգը պետք է հուզի նաեւ Հայաստանի եւ աշխարհի հայությանը, քանի որ սիրիական ընդդիմադիրները հիմնականում սնվում եւ ուղղորդվում են Թուրքիայի տարածքից եւ նրանց եւս նախատրամադրել են հայերի դեմ:

Եվ կարեւոր է այս պահին հայկական պետության աջակցությունը սիրիահայ գաղթօջախին: «Օգնիր եղբորդ» եւ այլ նախաձեռնությունների հումանիտար օգնության ինքնաթիռների Հալեպ ժամանումը այդ հույսը տալիս է տեղի հայությանը: Կարեւոր է, որ հայերը կարողանում են չեզոք մնալ հիմնականում, քանի որ քաղաքական որոշ ուժերի միշտ ձեռնտու է եղել եւ հիմա էլ ձեռնտու է հայերին ներքաշել այս քաղաքացիական բախումների մեջ:

Չնայած սիրիական ընդդիմության միավորմանը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել իսլամիստական ուժերի կողմից ընդդիմության գլխավորման հեռանկարի առումով՝ նշելով, որ նման վտանգ կա: Իսկ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը քննադատել է պետքարտուղարին, ով սիրիական ընդդիմության դերի նվազեցման նպատակ ունի եւ ընդդիմադիր շարքերում թյուր կարծիքներ է փորձում ստեղծել: Իհարկե, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ սիրիական ընդդիմությունը եթե անգամ հաղթանակի, ապա կարող է նաեւ այլ կողմնորոշում որդեգրել, ուստի ցանկանում է համոզել Մոսկվային՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո ռազմական միջամտություն կատարելու համար:

Սիրիայի հայության կողքին վտանգի մեջ են նաեւ Լիբանանի ու Իրաքի հայերը, որոնք եւս հայրենքին հենվելու կարիք ունեն: Եթե Լիբանանի համայնքը դեռ կուռ է եւ, այնուամենայնիվ, կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ապա Իրաքի համայնքը թույլ է եւ քանակական առումով՝ քիչ: Եվ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովն հերթական նիստերը Իրաքում լավ առիթ եղան շփվելու տեղի հայության հետ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը աշխատանքային այցով եղել է եւ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում: Հանդիպումները հայ ազգային եւ կրոնական կառույցների հետ կարեւոր են եղել այս օրերին: Իսկ Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի հետ քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

Հաջորդ համայնքը, որ կարող է վտանգվել տարածաշրջանում՝ իրանահայ համայնքն է: Իրանը նույնպես կարող է ներքաշվել ռազմական բախումների մեջ, քանի որ Թեհրանը հայտարարել է, որ Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայի ՆԱՏՕ-ական բազաներին: Բացի այս, Արեւմուտքը վաղուց է նպատակադրվել ճնշել Իրանին՝ իր միջուկային ծրագրից հրաժարվելու համար:

Բայց տակավին վերջերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին հայտարարեց, թե ԱՄՆ-ի սպառնալիքների ժամանակներն անցել են եւ ռազմական հարձակում գործելու սպառնալիքներն էլ անիմաստ են: Գեներալը անդրադառնալով օրերս Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ իրանական կործանիչների արձակած կրակին առնչվող հարցին՝ նշել է. «ԱՄՆ-ն այդ կերպ փորձարկում էր կատարում, թե արդյոք իրանական ռադարները կարո՞ղ են ճանաչել ամերիկյան անօդաչուի, թե ոչ» եւ իրանական կործանիչները կրակ են բացել ամերիկյան անօդաչու ինքնաթիռների ուղղությամբ: Հավելենք, որ նախօրեին ԻԻՀ ԶՈւ «Խաթեմ օլ-Անբիա» անունը կրող հակաօդային պաշտպանության ռազմակայանի հրամանատար Ամիր Ֆարզադ Էսմայիլին տեղեկացրել էր, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բանակի հետ համատեղ առաջիկա օրերին Իրանի 8 նահանգներում (Հյուսիսային Խորասան, Խորասան Ռազավի, Հարավային Խորասան, Սիսթան եւ Բալուչեսթան, Քերման, Հորմոզգան, Յազդ եւ Ֆարս) լայնածավալ օդային զորավարժություններ կանցկացնի:

Պաշտոնական Երեւանը հնարավորինս լավ է պահում բարեկամական հարաբերությունները Սիրիայի, Իրանի, Լիբանանի եւ Իրաքի հետ, ինչի մասին խոսում են նաեւ այդ երկրի պատասխանատու պաշտոնյաները: Վերջերս ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ դատական իշխանության նախագահ Ամոլի Լարիջանին եւս նշել է, որ Իրանը բարձր է գնահատում Արեւմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի դիրքորոշումը:

Բայց միշտ պետք է զգոն լինել, քանի որ Թուրքիայի անմիջական ռազմական միջամտությունը սիրիական ճգնաժամին թեեւ քիչ հավանական է, բայց հնարավոր է: Անկարային նման գործողություններից hետ է պահում նաեւ քրդական գործոնը, քանի որ սիրիական քրդերը, որոնք մինչեւ վերջին իրադարձությունները կարծես չեզոքություն էին պահպանում, անմիջական գործողությունների են անցել եւ Հալեպի քրդաբնակ շրջաններում սիրիական ընդդիմադիրների ու տեղի քրդերի ռազմական ջոկատների բախումներ են արձանագրվել: Սա քրդերի՝ սիրիական ճգնաժամից առ այսօր ռազմական գործողություններին առաջին մասնակցությունն է: Այս դեպքը կարող է ստիպել տեղի քրդերին՝ չանցնել իշխանությունների կողմը, այնուամենայնիվ չգործելով նրանց դեմ:

Բոլորն են հիշում, թե ինչպես Լիբանանի հայությունը ստիպված մասնակցեց լիբանանյան քաղաքացիական կռիվներին եւ պատվով դուրս եկավ այդ կռվից:

Չի բացառվում նաեւ, որ վտանգի դեպքում սիրիահայերը ինքնապաշտպանական գործողությունների դիմեն, իսկ քրդերի հետ դա կարող է կասեցնել ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի ախորժակը:

Ամեն դեպքում պետք է ամեն մի փոփոխության պատրաստ լինել, իսկ Երեւանը պետք է այդ դեպքում սատարի տարածաշրջանի հայերին եւ բարեկամ երկրներին:

Թե չէ մի մուսուլմանական երկրի ղեկավարի նախածրագրավորած կոչով, ինչպիսին Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բումբանգ Յուդոյոնոն է, Սիրիա զինված ներխուժելու կոչ կարվի, եւ այսօրինակ անակնկալների եւս պիտի պատրաստ լինենք:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։