1-ինն ու 2-րդը՝ ընդդեմ 3-րդի՞…

Քաղաքական մերօրյա կարգախոսներ – 1. Թշնամին նաեւ բարեկամ է 2. Բարեկամը նաեւ թշնամի է 3. Չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ 4. Օտարի ասածն «ասնավանի» է

Որոշ քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվում է մի տեղեկատվություն, ըստ որի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին համոզում են, որպեսզի դառնա ՀՀ վարչապետ կամ էլ առաջադրվի որպես երկրի նախագահ: Իբր անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանն են Մոսկվա գնացել (Մոսկվա գնալը նոր բան չէ), որպեսզի համոզեն, եւ նա էլ չի համաձայնել:

Վստահ ենք՝ այս տեղեկատվությունը ա՛յս ձեւով չի կարող հավաստի լինել, պարզապես սա ռուսական կողմի ցանկությունն է, եւ ՀՀ վերնախավում էլ միշտ կան այս ուղղության քարոզիչներ: Զուր չէ, որ խոսում էին, թե ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան եկող պատվիրակության կազմում նաեւ Կարեն Կարապետյանն է լինելու: Բայց հիմա ոչ Վլադիմիր Պուտինի գալն է հաստատ, ոչ էլ առավել եւս նրա՝ ՀՀ վարչապետին իր հետ «բերելու-թագադրելու» հարցը: Գոնե առայժմ:

Այս տարբերակը մերժողները պնդում են, որ նախկին նախագահ Քոչարյանը իր թիմին կսատարի վարչապետական աթոռի պայքարում եւ ոչ՝ Կարեն կարապետյանին: Անգամ նշվում է, թե չնայած Սերժ Սարգսյանին տված հավաստիացումներին, 2-րդ նախագահը հստակ քայլերով ձեւավորում է ի՛ր քաղաքական ճակատը: Որոշակի մոլորության մեջ հայտնված ԲՀԿ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններին ընդառաջ սկսում է քաղաքական քննարկումներ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով պետության կառավարման մոդելը փոփոխելու հարցի շուրջ: Դա ողջունեցին ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչը, որոշ վերլուծաբանների կարծիքով, հենց քոչարյանական ճակատն է: Պնդումները, թե ՀԱԿ-ը Քոչարյանի ջրաղացին է ջուր լցնում, նոր չեն, անգամ ՀԱԿ-ից հեռացած ՀՀՇ-ական (եւ ոչ միայն նրանք) կարկառուն դեմքերն այդ մասին բարձրաձայնեցին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումից հետո ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ նախնական օրակարգային հարցերի մասին խոսելիս պարզվեց, որ, իսկապես, շատ ընդհանրություններ կան ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի մոտեցումներում. «Կարծում եմ, որ մենք արդեն լավ հիմք ունենք հավատալու, որ կարող է լուրջ համագործակցություն լինի նախագահական ընտրությունների ընթացքում»: Այսօրվա կառավարման համակարգն ընդամենը վերջերս լքած (կամ՝ լքված) եւ ահագին էլ գովերգած մարդը համարում է անարդյունավետ եւ խոսում է լուրջ համակարգային փոփոխությունների մասին: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը եւս հաստատել է փոխհամաձայնության իրողությունը եւ հայտնել, որ առաջին հանդիպումը բավականին խոստումնալից էր:

Այսպիսով՝ ՀՅԴ-ն մոռանալով ՀՀՇ-ական տարիների տառապանքները (որը չի բացառվում կրկնվի նաեւ իշխանափոխությունից հետո) համագործակցում է ՀԱԿ-ի հետ (նույն ճամբարում է), իսկ ԲՀԿ-ն ծաղկելով-բարգավաճելով ՀՀԿ իշխանությունից մաս ստանալու հաշվին, թշնամանում է՝ բախման ճանապարհն ընտրելով: ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի քաղաքական գործունեությունը այլեւս ընդհանուր է եւ այն հակադրվում է ՀՀԿ-ի քաղաքականությանը:

Եթե սա շարունակություն ունենա, ապա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական համաձայնության մասին լուրերը սին են: Բայց ամենեւին չի բացառվում, որ սա էլ մի խաղ է հնարավոր պայմանավորվածության շրջանակներում: Եվ գուցե ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի միասնական գործողություններն էլ պետք է «ապահովեն» քոչարյանական վարչապետի նշանակումը Սերժ Սարգսյանի կողմից… Գուցե այդ կուսակցությունները պարզապես արջի ծառայությու՞ն են մատուցում:

Չնայած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքը, որ այս դիմակազերծումները հնարավորություն կտան «փոխադարձ կոմպրոմատներ» կիրառել, գուցե «տեղավորվում» է կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Բայց սա վտանգավոր պայքար է, քանի որ կարող են հայտնվել ուժեր, որոնք «իրենց կոմպրոմատներով» կարող են հակադրվել երկու կողմերին էլ: Գուցե անգամ տարբեր երկրներ ներգրավվեն այս գործին:

Այս առումով իշխանական որոշ օլիգարխների շուրջ կատարվող իրադարձությունները ոմանց կողմից մեկնաբանվում են այսպես՝ Քոչարյանը «պահեց տղերքին», իսկ Սարգսյանը՝ «հանձնեց տղերքին»: «Հարսնաքար»-ի գործը քննող պատասխանատու իրավապահների հետ ԱԺ-ում հանդիպում կազմակերպելու եւ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի առթիվ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի խմբակցությունները եւս միացել էին ԲՀԿ-ի առաջարկին («Ժառանգություն»-ը՝ եւս), բայց ՀՀԿ խմբակցությունը չմիացավ «էժան դիվիդենտներ շահելու քաղաքական ուժերի այդ գործելաոճին», եւ վստահաբար այսօրինակ հակադրությունները առավել հաճախակի դառնան, իսկ «տղերքին» «պահելու-հանձնելու» առիթներ դեռ կարող են լինել: Եվ կարող են լինել բոլոր կողմերում:

Եթե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կայանա, ապա նախագահի առաջիկա ընտրությանն այս ուժերն ունենալու են մեկ միասնական թեկնածու: Եվ «Առավոտ»-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից փորձել է ճշտել՝ բացառո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Նա պատասխանել է. «Ճիշտն ասած, դեռ քննարկումներ չեն եղել: Ընդհանրապես որեւէ բան չի կարելի բացառել, բայց դեռ որեւէ քննարկում չկա, որեւէ որոշում չկա: Այնպես որ, հենց որ լինի՝ անպայման կիմանաք: Բայց որեւէ տարբերակ ես չեմ բացառում»:

Արման Դավթյան
Ծառայու՞մ եմ Հայաստանի Հանրապետությանը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ փորձում էր վերաարժեւորել իր վերադարձը մեծ քաղաքականություն՝ նպատակ ունենալով ստանձնել վարչապետի պաշտոնը: Սակայն ընդդիմադիր ուժերի մի մասը, ի դեմս ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արեւմուտքի աջակցությամբ հասկացնել էր տալիս, որ դա Հայաստանի համար լավ հեռանկար չի ստեղծի եւ ներքին ու արտաքին խնդիրներ կառաջանան: Եվ գործող նախագահը, հաշվի առնելով այս վտանգները, ըստ երեւույթին կարողանում էր հեռու պահել նախկին նախագահին իր ձգտումներից:

Վերջերս անգամ տեղեկատվության մեր աղբյուրները հավաստեցին, որ Սարգսյան-Քոչարյան համաձայնությունը կայացել է, եւ ՀՀ 3-րդ նախագահը կփորձի վերընտրվելով մեկ անգամ եւս դառնալ ՀՀ նախագահ՝ ստանալով նախկին նախագահի աջակցությունը: Միաժամանակ այդ աղբյուրը փոխանցել էր, որ վարչապետի աթոռի համար պարզապես երկու նախագահները երկուստեք հարմար թեկնածու կընտրեն:

Բայց օրերս ԲՀԿ-ն հանդես եկավ ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգի անցման հնարավորությունների քննարկումների նախաձեռնությամբ (խորհրդարանի ընտրություն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, նախագահի իրավասությունների կրճատմամբ եւ այլն), բայց եւ եղան խոսակցություններ, որ այդ նախաձեռնության հեղինակը հենց Քոչարյանն է: Նախկին նախագահը, սակայն, հանդես եկավ հայտարարությամբ եւ հերքեց այդօրինակ վարկածը: Նա նշել է, որ եթե խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լիներ, ապա հավանաբար այն ՀՀ-ում կգործեր արդեն 2005թ. սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: «Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաեւ տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է,- ասել է Քոչարյանը եւ հավելել,- Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին՝ ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երեւույթը չափազանց վնասակար է, եւ որքան շուտ դրանից հրաժարվենք՝ այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»:

Քոչարյանը հայտնել է, որ համաձայնվել է այս հարցազրույցը տալ ու հստակ արտահայտել իր տեսակետներն այդ կարեւոր հարցի հետ կապված, այն պատճառով, որ եթե ինքը դա չանի, ապա «սկսելու են գուշակություններով զբաղվել» եւ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ինքը առնչություն չունի: Հետո 2-րդ նախագահը փորձել է «թեւեր» տալ ԲՀԿ-ին ու շարունակել է խոսքը. «Ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի՝ լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:

Ցավալի է, բայց երկրի նախկին նախագահների գործողությունները հաճախ անհամաչափ են լինում եւ անգամ իրարամերժ, քանի որ իրենց հիմքում ներառում են այս կամ այն գերտերության հրահանգները եւս, որը Հայաստանի համար անգամ վնասարար է դարձնում նրանց խոսքն ու գործը: ՀՀ 1-ին նախագահը, կարծում ենք, դեռ կխոսի, գուցե դեռ փնտրտուքների մեջ է Վաշինգտոնի ու Բրյուսելի հարցում, իսկ 2-րդ նախագահը միանգամից խոսեց եւ՛ արեւմտյան ուղղությամբ՝ պաշտպանելով հանթսմանական Օսկանյանին, եւ՛ ռուսաստանյան ուղղությամբ՝ իր հին կադրերի միջոցով նեղելով գործող նախագահ Սարգսյանին: ՀՀ նախագահին նեղելու պատճառը կարող է լինել նաեւ Սերժ Սարգսյանի փոխլրացման քաղաքականությունը, ինչին ՌԴ նախագահ Պուտինը կարծես թե համաձայն չէ: Մոսկվան Եվրոպական Միության փոխարեն Եվրասիական Միությունն է առաջադրել եւ փորձելու է Եվրոպայից երկրներ «պոկել»…

Եթե Տեր-Պետրոսյանը հստակ արեւմտամետ էր, իսկ Քոչարյանը՝ հստակ ռուսամետ, ապա Սարգսյանը հստակ ոչ մեկն է, ոչ էլ՝ մյուսը, եւ սա մի նոր մրցաշրջան է բացել Հայաստանում նախագահի հերթական ընտրությունից առաջ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։