Նորի՞ց ի շրջանս յուր

Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ամենաարագն արձագանքեց կառավարության առաջադրած կոռուպցիայի դեմ պայքարի կոչին: Եվ կոնգրեսականների բնորոշմամբ՝ անհեթեթություն է, որ կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մեր պաշտոնական փաստաթղթերում ի սկզբանե եւ միշտ նշվել է, որ կոռուպցիան ՀՀ-ում կրում է համակարգված բնույթ: Կոռուպցիոն բուրգն ամբողջությամբ համընկնում է իշխանական բուրգին: Այդ բուրգի գագաթը 2008թ. ի վեր Սերժ Սարգսյանն է: Մյուս պաշտոնյաները, ըստ իրենց կարգավիճակի, կազմում են կոռուպցիոն բուրգի ողջ հիերարխիան»: Երբեւէ պաշտոնապես բիզնեսով չզբաղված (պաշտոնի բերումով նաեւ դրա իրավունքը չունեցող) տասնյակ իշխանավորներ տիրացել են հսկայական հարստության, որի չափերը հասնում է մի քանի հարյուր միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի: Հենց նման ծավալներ են ներկայացված բարձրաստիճան իշխանավորների ունեցվածքի մանրամասն հրապարակումներում արտերկրի մամուլում, ապա նաեւ ՀՀ-ում: Բազմաթիվ են նաեւ նման փաստերն ու վկայությունները Վիքիլիքսի հրապարակումներում: Կոռումպացվածության մեջ ուղղակի մեղադրանքները համապատասխան պաշտոնյաների կողմից որեւէ հակազդեցության չարժանացան, ինչը դրանց իսկության ապացույցն է»:

Թերեւս այս խրոխտ հայտարարությանը մի բան պետք է ավելացնել, եւ ճշմարտությունը կդառնա ամբողջական: «Այդ բուրգի գագաթը 2008թ. ի վեր Սերժ Սարգսյանն է» ձեւակերպմանը պետք է հաջորդեր՝ «Ով այդ բուրգը ստացել է ՀՀ 1-ին նախագահի փոխանցմամբ, որը միջնորդավորված հասել է ՀՀ 2-րդ նախագահի միջոցով»… Մնացածը՝ ինչպես տեքստում:

Իսկ արդյո՞ք «տասնյակ իշխանավորներ տիրացել են հսկայական հարստության, որի չափերը հասնում է մի քանի հարյուր միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի» ասվածը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին (վանոսիրադեղյանական եւ ՀՀՇ-ական կլանով), Ռոբերտ Քոչարյանին (գագիկծառուկյանական, արմենգեւորգյանական եւ բազում այլ գործող եւ չըգործող նախարարների ու պատգամավորների կլանով) չի վերաբերում:

Իսկ ի՞նչ կարծիքի է ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի միլիարդների մասին, որոնց ծախսումով էլ հույս է փայփայում կրկին իշխանության բերել 1-ին նախագահին… Իսկ եթե մի լա՜վ, ուշադիր նայենք այսպես կոչված ՀՀ գործարար շրջանակներին, թե որտեղից են գալիս, ինչ են անում եւ ուր են գնում, մի՞թե պարզ չի լինի նրանց «ծնունդը» եւ «դաստիարակումը» եւ ներկա կյանքը…

Ցավալի է, բայց ունենալով 3 նախագահ, հայաստանահայերը այդպես էլ համակարգային փոփոխություն չտեսան երկրում, իսկ համակարգում էլ անձանց լուրջ փոփոխություն չտեսան, եւ այսօր հիմնականում (իհարկե՝ ոչ բոլորը) ով կարողանում է խոսել (իմա՝ խոսափող ունի), նրա խոսքի արժեքն էլ ինչ-որ «արժեք» ունի, որն արժողություն է առավելապես՝ այսինքն՝ գնված է…

Ինչեւէ, եթե իսկապես կոռուպցիոն պայքարը պատժվողների եւ այսպես կոչված «խոշոր շնաձկների» չհայտնաբերի, ապա հենց ՀԱԿ-ի նշած «անհեթեթություն»-ը եւ «աչքին թոզ փչելու» ձեւակերպումներն այլընտրանք չեն ունենա: Իսկ ՀԱԿ-ը «բնականաբար չի մասնակցի թատերական այս ներկայացմանը, էժանագին այս խաբեությանը եւ հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային կառույցները»:

Մյուս ընդդիմադիր խորհրդարանական կազմակերպությունը՝ «Ժառանգություն»-ը, հակակոռուպցիոն առաջարկների մի փաթեթ է փոխանցել վարչապետին, դրանով իսկ հավաստելով, որ պատրաստ է պայքարելու կոռուպցիայի դեմ: Այս կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ վարչապետի հրավերով մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված քաղաքական ուժերի եւ հ/կ-ների խորհրդակցությանը:

Դրան մասնակցել են նաեւ դաշնակցականները, սակայն նրանք մեկ այլ ուղղության վրա են կենտրոնացել, թե ինչպես կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին չմիացած ԲՀԿ-ի հետ ձեւավորեն

քաղաքական ճակատ՝ գալիք ընտրությունների եւ խորհրդարանական պետության կառուցման համար:

Իսկ մինչ այդ ասպարեզ է նետվել մի լուր, թե տարածքային կառավարման նախարար, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին ցանկանում են դարձնել վարչապետ: Իբր նրան որպես գործադիրի ղեկավար առաջարկելու տարբերակը կրկին քննարկվել է օրերս տեղի ունեցած մոսկովյան հավաքի ժամանակ: Եվ իբր այդ քննարկումներին մասնակցելու համար Մոսկվա են գնացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նշվում է, թե փորձ է արվում ձեռք բերել քաղաքական համաձայնություն, ըստ որի վարչապետի պաշտոնի ամենաընդունելի թեկնածուն Արմեն Գեւորգյանն է:

Մեկ այլ տեղեկատվություն էլ են հայտնել մեզ, թե նախկին եւ գործող նախագահներ Քոչարյան-Սարգսյան դաշինքը համաձայնության է եկել, որ 2-րդ նախագահը կսատարի 3-րդ նախագահին, սակայն վարչապետի հարցում պետք է համատեղ որոշում կայացվի, որը նախատեսում է Տիգրան Սարգսյանի փոխարինումը Արմեն Գեւորգյանով:

Այս փոփոխության մասին եթե կարճ արտահայտվենք, կասենք՝ սակայն ի՞նչ տարբերություն…

Բայց մի բան կարծես հաստատ է՝ մինչեւ նախագահական ընտրությունը կոռուպցիայի դեմ պայքարը կտանի գործող վարչապետը, իսկ գործող նախագահի վերընտրվելու դեպքում՝ այն կշարունակի նոր վարչապետը՝ դարձյալ դեպի ոչ մի տարբերություն տանող ուղով:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.