Իր հրաժարականի պահանջներին Տիգրան Սարգսյանը պատասխանում է համատե՞ղ հակակոռուպցիոն պայքարի կոչով Հայաստանի նախագահի հերթական ընտրությանը նախապատրաստվելուն զուգահեռ վերստին արծարծվում է երկրի վարչապետի փոփոխման թեման: Այն նորից դարձել է ներքաղաքական քննարկումների հարց: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեկնաբանելով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հատարարությունը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը, ի պատասխան նշել է, որ վարչապետի հրաժարականը պահանջելու համար որեւէ հիմք չկա, քանի որ «ճգնաժամի տարիների ընթացքում տնտեսության զարգացմանը միտված քայլերը, ուղղությունները, որոնք այսօր էլ իրականացնում ենք, ակնհայտ է, դա կառավարության ու անձամբ վարչապետի ներդրումն է»: Նշել է նաեւ, որ 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը խոցելի տեղեր իհարկե կունենա, բայց դա պաշտոնանկության պատճառ չէ, քանի որ «խոցելի տեղեր միայն «Աստվածաշունչ»-ը չունի, մնացած բոլոր տեղերում կան»:
Սա կարծես շարունակությունը լինի (թերեւս բնույթով տարբերվում է եւ ընդհանուր առմամբ է ասված) այն նախարարների խոսքերի, ովքեր իրենց գործում տեղի կամ անտեղի հրապարակավ աղոթքներ են հղում առ աստված, նախարարության գործերը հաջողելու նպատակով (սակայն, առավելապես մարդկանց իրենց ասածներին հավատալու մղում են ցուցադրում): «Լուսանցք»-ը դրան անդրադարձել է «Սիրեցեք զմիմեանս, որ նախարարները հանգիստ քնանան» հոդվածով:
Ամենեւին չհակադրելով ՀՀԿ-ական պատգամավորի այն մտքին, թե խոցելի տեղեր բոլորն ունեն, ինչը մեր ներկա պայմաններում իրոք այդպես է, հավելենք, որ խոցելի տեղեր ունի նաեւ Գագիկ Մինասյանի նշած «Աստվածաշունչ»-ը (իրական անունը բոլոր լեզուներով՝ «Բիբլիա»), որտեղ միակողմանի՝ մեկ ընտրյալ ազգի գովաբանության ու փառաբանման միտումն է դրված եւ դրան չենթարկվելու սարսափազդու (իսկ աստված իրապես սեր է) հիմք է պարտադրված… Ինչեւէ, դառնանք վարչապետի հրաժարականի մերթ ընդ մերթ արծարծվող պահանջին: ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ժամանակին արված նման պահանջներին ավելացել է նաեւ ԲՀԿ-ինը: Եվ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս կառավարության նիստերի դահլիճում սոցիալ-դեմոկրատ հնչակյանների հիմնադրման հոբելյանի օրը՝ օգտվելով իրեն տրված խոսքից, նշեց, թե «այս բարձր ամբիոնից ելույթ ունենալով հավաստիացնում է, որ կառավարությունն ու իշխող ՀՀԿ-ն պատրաստ են համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց խնդիրը միայն սեւացնելը չէ, ովքեր առկա հարցերին մոտենում են սրտացավությամբ», հասկացնելով, որ իր հրաժարականի պահանջը երկրի ներքին խնդիրները «սեւացնելն» է: Նա ընդունել է, որ անսխալական չեն, գիտեն, որ ամենօրյա աշխատանքի ընթացքում ունեն թերություններ ու բացթողումներ: Սակայն իրական ընդդիմությունը այն է, որ «մատնանշում եւ քննադատում է քո սխալները, այլ ոչ թե անդունդն է գլորում երկիրը,- նշել է վարչապետը՝ հորդորելով միասնական լինել,- քանի որ ապահովելու ենք մրցակցային ազատ պայմաններ բոլոր թեկնածուների համար, եւ այդ առումով դրսեւորելու ենք քաղաքական կամք եւ վճռականություն»:
Այսպես վարչապետը նաեւ իր հարցից սահուն անցել է գալիք նախագահական ընտրություններին եւ դրանով հասկացրել, որ մինչ այդ կարիք չկա փոփոխության մասին մտածել:
Իսկ իշխանական վերնախավից նույնիսկ սկսել են հավաստել, որ «փոփոխություններ վերեւից» տարբերակը մեր երկրում կարող է աշխատել եւ իշխանությունն ի զորու է դա կազմակերպել՝ կանխելով «փոփոխություններ ներքեւից» հնարավորությունը, որը հեղափոխական եւ ավելի շատ վնասարար եղանակ է:
Շատ լավ կլիներ, որ իշխանությունն այդ հզոր կամքը ունենար եւ առանց ներքին խռովարարության եւ խառնակչությունների ներիշխանական եւ ներքաղաքական փոփոխություններ իրականացներ: Որովհետեւ, ցավոք, առ այսօր «փոփոխություններ ներքեւից» տարբերակն ընտրած բոլոր քաղաքական ուժերը ժողովրդի արդար ընդվզումը կուսակցական նպատակներին են առավելապես ծառայեցրել:
Իսկ իշխանությունն ունի հնարավորություններ փոփոխություններ կատարելու, եթե նախ եւ առաջ կամք ունենա այդ պահանջված փոփոխություններն իրականացնելու: Այլապես «փոփոխություններ ներքեւից»-ը կարող է մի առիթով վեր հառնել, եթե դա օտարները նախապես ու նպատակադրված «վեր չհառնեցնեն» ավելի վաղ:
Տիգրան Սարգսյանը հրավիրեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաեւ հասարակական եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:
Ի վերջո, վարչապետը հայտնել է, որ կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմանը պետք է հետեւեն տեսանելի պատժամիջոցներ:
Եվ սա է գլխավորը, եթե այդ պայքարը միայն պաշտոնանկություններով եւ պաշտոնատար անձանց փոխատեղումներով պիտի ավարտվի, ինչպես հաճախ է լինում, ապա հաստատ ու անխուսափելի կդառնա «փոփոխություններ ներքեւից» տարբերակը:
Իսկ եթե, ինչպես վարչապետն է նշել, հետեւեն տեսանելի պատժամիջոցներ, քրեական, թե վարչական, ցույց կտան գործերը, ապա «հեղափոխություններ վերեւից»-ը հուսադրող ընթացք կստանա:
Կառավարության ղեկավարը կարեւորել է որոշումների կայացման եւ դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հ/կ-ների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը, որոնց առաջարկությունները կդառնան քննարկման առարկա: Վստահության առումով կարեւորվել է նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:
Ամեն բան ասված է, մնում է իրականացնել: Եվ լավ կլինի, որ այս կարեւոր խնդիրը նախընտրական «շոու» չդառնա, ինչպես հաճախ պատահում է նման «պոռթկումների» հետ:
Անի Մարության
Հ.Գ. – խմբ. կողմից – Ընդգծենք խնդրո առարկայի հետ կապված ամենակարեւոր հանգամանքը:
Լավ կլինի, որ «տեսանելի պատժամիջոցների» շրջանակում խոշոր ձկների հետ մանրերին էլ լիովին կուլ չտան, ու սա ոչ թե այն պատճառով, որ մանրերին փոքրիշատե արդարացնում ենք, այլ՝ որ այդ մանրերը գլխավորապես գործել են խոշորների իմացությամբ եւ անմիջական հանձնարարությամբ: Մեռնե՜մ խոշորների իսկ ընդունած օրենքներին. մանրերի՝ մարմնավաճառության համար պատիժը վարչական է, փոխարենը քրեական պատիժ է հասնում խոշորների՝ կավատության համար…
Ու բացի այս՝ «վերեւից հեղափոխություն» անելու կարիք ամենեւին էլ չի լինի, եթե կադրային քաղաքականությունը ճիշտ տարվի:
Բայց չէ՜, քանի որ մեր վերեւները սիրում են փանջունիաբար խնդիր ստեղծել ու հետո այդ խնդիրը հաղթահարել, ուրեմն՝ նախ պետք է խնդիրը չնկատեն, թողնեն, որ հասունանա, որպեսզի «հեղափոխություն» անելու մոտիվ ունենան:
Մի բան էլ՝ քանի որ մեր վերեւները կադրեր ընտրելիս եվրո-հարվարդյան ուղղություն են բռնել, ասեմ, որ հայկական Օտյանի «Ընկեր Փանջունին» հրաշալի գործ է…
Թեկուզ շատ զուսպ, բայց չգնահատել չկարողացան
Երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց կարթը գցել նաեւ խոշոր ձկների կոկորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը գործի դրեց «գիլիոտինը»՝ պարզելու համար, թե որ ոլորտում օրենսդրական ինչ բարելավում կարող է անել (հասկանալ՝ փաստաթղթերի թիվը կրճատել, որը ոչ բոլոր դեպքերում է ճիշտ, ինչին մի առիթով կանդրադառնանք), որ ոլորտում ինչ թերացումներ ու կոռուպցիոն դրսեւորումներ կան: Զուգահեռ պահանջեց նախարարներից‘հաշվետվություններ ներկայացնել իրենց ղեկավարած կառույցների տնտեսական ներուժի վերաբերյալ: Առայժմ 3 հաշվետվություններ են ներկայացված՝ կրթության եւ գիտության, էներգետիկայի եւ բնական պաշարների ու տրանսպորտի եւ կապի նախարարությունների: Որ առաջին երկուսում ամեն ինչ «նորմալ կլիներ», հասկանալի է, որ երբ գա նախկին ԲՀԿ-ական նախարարությունների հաշվետվությունների ժամանակը, կոռուպցիոն լիքը երեւույթներ ի հայտ կգան, դա էլ պարզ է, ու մենք սպասում էին, թե ինչ կլինի տրանսպորտի եւ կապի նախարարի հաշվետվության ժամանակ:
Բանն այն է, որ ոլորտը Գագիկ Բեգլարյանից առաջ ղեկավարում էր Մանուկ Վարդանյանը: Նրան նախկին ՕԵԿ-ական համարելը սխալ է, քանզի նրան երբեւէ կուսակցական այս պիտակը չի կպել, հանրությունը նրան երբեւէ իբրեւ ՕԵԿ-ական չի ընկալել: Նա պետական այր էր եւ է, ով ընկալվում է իբրեւ գործի, այլ ոչ թե կուսակցության մարդ: Բայց քանի որ շրջանառվում էր, որ ՕԵԿ-ում Մանուկ Վարդանյանից դժգոհ էին (դե, կրեիք էլի՜ այդ պատվավոր կրծքանշանը) ու լուռ դժգոհում էին նաեւ կառավարությունում (դե, չընդդիմանայիք էլի՜ գործադիրի այս կամ այն իմաստուն որոշումներին), հետաքրքիր էր, թե ինչ կասվի հենց տրանսպորտի եւ կապի ոլորտի հաշվետվության ժամանակ:
Եվ ահա երեկ այդ բնագավառը տնօրինող գերատեսչության ներկայիս ղեկավար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ 2012թ. 9 ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտների պլանը տրանսպորտի ու կապի նախարարությունը գերակատարել է մոտ 156,9 մլն դրամով, որի արդյունքում պետբյուջե է մուտքագրվել շուրջ 637,0 մլն դրամ՝ պլանավորված 480,0 մլն-ի փոխարեն: Գ. Բեգլարյանը նաեւ շեշտեց, թե մինչեւ տարեվերջ, ըստ կանխատեսումների, պետբյուջե կմուտքագրվի եւս 160,5 մլն դրամ, որի արդյունքում մուտքերի պլանը կգերակատարվի 17,9 %-ով:
Տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե այս տարվա առաջին 6 ամիսներին ոլորտի ղեկավարը Մ. Վարդանյանն էր եւ դրանից հետո ցայսօր՝ Գ. Բեգլարյանը, ապա 9 ամսվա արդյունքներով այդպիսի ցուցանիշ է գրանցվել նախեւառաջ 6 ամսվա ընթացքում կատարած-նախապատրաստած աշխատանքի շնորհիվ: Ու այն, որ նախկին նախարարի արածի վրա ցեխ չի շպրտվում մեր երկրում (ու թեկուզ բավականին զուսպ, բայց գնահատվում է), որտեղ առանց չափազանցության կադրային սիրողական քաղաքականություն է վարվում, զարմանալի է:
Բայց եւ դա հույս է ներշնչում, որ ընդհանրապես կվերանայվեն շատ հարցեր՝ հենց ի նպաստ գործի արդյունավետության:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



