ԲՀԿ-ի նախաձեռնած քննարկումներին մասնակցում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Եվ տարօրինակն այն է, որ Վարդան Օսկանյանին մի պահ լքած, գրեթե մենակ թողած Գագիկ Ծառուկյանը վերստին նախկին ԱԳ նախարարին մտցրել է խաղի մեջ: Սակայն, երբ նայում ենք հետ, ապա ԲՀԿ նախագահի եւ ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումը հաստատ թողել է ազդեցություն, եւ ԲՀԿ ղեկավարը ներքաշվել է մի խաղի մեջ, որից չոր դուրս գալը շատ բարդ է լինելու: Նման խաղերից շատ արագ են դուրս գալիս՝ որոշակի նպատակային քայլերից հետո, կամ՝ դուրս չեն գալիս առհասարակ:
Ու եթե ամերիկյան ազդեցության գործակալն է բռնել ԲՀԿ-ի ղեկը այս փուլում, ապա հազիվ թե Գագիկ Ծառուկյանը կարողանա ինքնուրույն որոշումների հանգել իր ղեկավարած կառույցում: «Սիվիլիթաս»+ԲՀԿ դաշինքի ներկայացուցիչ Օսկանյանն այլեւս ազդեցության գործակալի բաց կարգավիճակով է հանդես գալիս եւ կփորձի անգամ մեկուսացնել ԲՀԿ ղեկավարին: (Գուցե նախկինում էլ է Օսկանյանն այդ կարգավիճակում եղել, բայց ոչ բացահայտ, ինչպես ժամանակին տեսանելի էր գործում մեկ այլ ամերիկահպատակ՝ Ժիրայր Լիպարիտյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք):
Եվ այսպես, չստանալով ռուսական ուղղության աջակցությունը, անգամ ապավինելով Ռոբերտ Քոչարյանի կապերին, Գագիկ Ծառուկյանն անցավ ամերիկյան ուղղության սատարման գործին: Իսկ դրա համար պետք էր որդեգրել «վրացական տարբերակը», ինչն էլ կատարվեց՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պայքար սկսելով:
Վարդան Օսկանյանին չի հուզում, որ «ոմանց աչքին անգամ ստվերներ են երեւում, ոմանք այլ պատճառներ են մատնանշում…», քանի որ «դրանք բոլորը հերյուրանքներ են եւ ամեն մի գաղափար, վերջիվերջո, իր հարմար ժամանակն ունի՝ առաջարկվելու համար, եւ երբ նախագահական ընտրությունների նախաշեմին, բնականաբար, ձեւավորված գաղափարներն արդեն ի հայտ են գալիս, դրվում են օրակարգ»:
Հետաքրքիր է, երբ «Սիվիլիթաս»-ը առոք փառոք գործում էր, այս համակարգը կասկածի տեղիք չէր տալիս անգամ, նույն ԲՀԿ-ի մոտ եւս այդպես էր, երկիրը այս համակարգով ծաղկում եւ բարգավաճում էր: Բայց երբ իշխանական լծակները հակառակ իրենց պտտվեցին, համակարգը անմիջապես փչացավ… Եվ Օսկանյանի այն մեկանաբանությունը, թե «առավել եւս մենք գնալով համոզվում ենք, որ այսօրվա մեր կառավարման համակարգը արդյունավետ չէ, չի աշխատում եւ ժամանակն է լուրջ համակարգային փոփոխությունների մասին մտածել», պարզապես ծիծաղելի է հնչում, եթե ավելի թունդ մի բան չասենք:
Թե ինչու է համակարգային փոփոխությունը «օրհասական» այլեւս, նախկին ԱԳ նախարարը պարզաբանել է. «Որովհետեւ մեր առջեւ արդեն նախագահական ընտրություններ են, ժամանակը ճիշտ է»: Այսինքն, երբ դա ՀՅԴ-ն կամ «Ժառանգություն»-ն էին առաջարկում, «օրհասկան» չէր, քանի որ «Սիվիլիթաս»-ը վայելում էր մորմոնական կամ՝ նույնն է թե՝ հանթսմանական կապիտալը, իսկ ԲՀԿ-ն էլ իր ղեկավարի տասնյակ տարիների՝ «արդար բանվորի քրտինքով» վաստակած միլիոնները…
Իսկ ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո երկկողմանի ոգեւորությունն անսպասելի չէր, քանզի տարիներ շարունակ իշխանության պտուղների (նախարարների եւ տարաբնույթ պաշտոնյաների դրամական կամ նյութական այլ ձեւերով դիզած) համը դեռ չեն մոռացել եւ «մաքրամաքուր» առաջարկներով դեպի իշխանական բուրգ են շտապում: Իսկ ՀՀԿ-ն ինչքան էլ ուզի, երեւի թե չի կարողանա բացահայտել դաշնակցական եւ բարգավաճական նախարարների «դիզման» գործընթացը, քանի որ կոալիցիա է եղել, միասին են եղել, ամեն բան միասին էլ արել են… Մի առիթով «Լուսանցք»-ը գրեց, թե ինչու 2-րդ նախագահը չպատժեց 1-ին նախագահին, չնայած թալանն ու ավերը ակնհայտ էին, քանի որ չպատժելը հիմք էր ստեղծում չպատժվելու համար: Ու այս գործելաոճը շարունակվում է նախագահից նախագահ, վարչապետից՝ վարչապետ, նախարարից՝ նախարար…
Այս տխուր ավանդույթին կարելի է վերջ տալ միայն ինքնաքննադատական եւ
ինքնապատժման կամք ունենալով: Սերժ Սարգսյանը պիտի որոշում կայացնի եւ «աուդիտ» անցկացնի 1991-2011 թթ. ժամանակահատվածի համար եւ «պատիժն անխուսափելի է» կարգախոսով հասնի իսկապես մի նոր կառավարման կարգի հաստատմանը: Թե չէ նախագահական պետություն կլինենք, թե կիսանախագահական կամ խորհրդարանական, միեւնոււնն է՝ այս ավելի քան 20 տարիների չփոփոխվող դեմքերը արդեն զզվեցրել են: Եվ զզվեցրել են ոչ թե որպես դեմքեր, այլ որպես ստախոսության, անարժանապատվության եւ ընչաքաղցության ոլորտներում որպես «Գինեսի ռեկորդներ»-ի մշտական առաջատար անդամներ:
Դառնալով ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը, մեջբերենք եւս մի ամպագոռգոռ հայտարարություն այն մասին, որ այս գաղափարը պետք է վերածել հասարակական պահանջի (իսկ հասարակությանն ի՞նչ, թե ո՜ր թալանողը նորից կգա, նախկի՞նը, թե՞ ներկան), որ ով էլ լինի իշխող ուժը, չկարողանա հաշվի չնստել արդեն ձեւավորված հասարակական պահանջի հետ: Այստեղ են ասել, եթե միայն իրենք հավատային իրենց ասածներին, ապա հաստատ ինչ-որ բան կփոխվեր: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ավելի ժողովրդավարական է գտնվել, ասել է թե՝ իրենք պատրաստվում են ՀՅԴ-ի հայտարարությունում առկա ծրագրային դրույթները քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պատկերացնու՞մ եք, նրանք պիտի «իջնեն» քաղաքացիական հասարակություն եւ գրանցեն ու կատարեն բոլորի ասածները… Իսկ նախկին սոցապ նախարարը, ում համառ ջանքերով (նաեւ օտարի տրամադրված փողերով) համարակալվեց ազգը եւ հայաստանահայերի ու Հայաստանի համապարփակ տվյալները նվիրվեցին «աշխարհի գաղտնի տերերին», այսօր ոչ միայն ամենաժողովրդավար դաշնակցականն է դարձել, այլեւ ամենաժողովրդավար սոցիալիստը եւ ամենաժողովրդավար պատգամավորը, ով սակայն օտարի կապիտալի հանդեպ թուլություն ունի մի քիչ:
Իսկ ՀԺԿ գրասենյակում ՀԱԿ-ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումից հետո ամենաճարտասանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էր: Նրա ասելիքն ավելի շատ էր, հազիվ առիթ էր ստեղծվել նորից խոսելու իշխանափոխությունից եւ ահա, նա հայտարարեց, որ «քաղաքական կոնսուլտացիաներն» ընթանում են կառավարման խորհրդարանական համակարգին եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներ հրավիրելու ԲՀԿ առաջարկի շրջանակներում, սակայն այս օրակարգին ՀԱԿ-ը հավելել էր իշխանություններին անվստահություն հայտնելու համատեղ մեխանիզմներ մշակելու եւ հավաքներ անցկացնելու դրույթներ: Հենց այսպես, որովհետեւ ՀԱԿ-ում չեն կարծում, թե «երկրի արատները կապված են կոնկրետ կառավարման ձեւի հետ»:
Այո, ինչպես վերը նշեցինք, այդ արատները կապված են այն փաստի հետ, որ 1991-2011թթ. իշխած ուժերի նկատմամբ չի կատարվել «աուդիտ»: Իհարկե, կոնգրեսական Զուրաբյանն այլ բան է նկատի ունեցել, բայց դա հին երգ է եւ այլեւս անհետաքրքիր:
Ըստ ամերիկյան ազդեցության գործակալ Օսկանյանի, ՀԱԿ-ի հետ դեռ պայմանավորվածություններ չկան, բայց ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար եւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ընդհանուր հայտարարի են եկել…
Մի խոսքով, անկախ արդյունքից կամ տրվող մեկնաբանություններից, ԲՀԿ-ն «որեւէ սահմանափակում չունի որեւէ քաղաքական ուժի հետ, որն ուզում է երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել քննարկումներ անցկացնելու»: Իսկ երկրում կա ավելի քան 70 կուսակցություն եւ հաստատ նույնքան էլ ցանկություն՝ բարեփոխումների եւ իշխանության գալու:
Ինչ մնում է ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպմանը, այստեղ առավել համեստ եւ հստակ արտահայտվեցին գործիչները: «Ժառանգության» ներկայացուցիչները հայտնեցին, որ կային եւ՛ ընդհանուր մոտեցումներ եւ՛ հակասություններ: Իսկ նախագահական ընտրությունների կամ թեկնածուների քննարկում բացարձակապես չի եղել: Իսկ հաջորդ հանդիպում կարող է լինել, եթե վարչությունը դա որոշի՝ արդյունքները քննարկելուց հետո:
Իր տեսակետն է հայտնել նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը. «Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման ձեւը, այն էլ՝ հայկական մենթալիտետի այսօրվա պարագայում… պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է»,- ասել է նա «168 ժամ»-ի հետ զրույցում: Անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին՝ նշել է. «Վերցրեք դրա պրակտիկ իրագործումը նայեք: Հիմա են փորձում կոալիցիա կազմել, տեսեք՝ ինչ է տեղի ունենում… Խորհրդարանական համակարգին անցնելը սխալ է մի քանի պատճառներով. Հայաստանում չկա ներկուսակցական դեմոկրատիա, իսպառ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաեւ այն, որ պառլամենտարիզմը ոչնչացված վիճակում է»:
ՀՀԿ-ականները եւս մեկնաբանել են այս գործընթացը, անդրադարձել են նաեւ ՀՅԴ-ի հետ «չհայտարարված պատերազմին»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը արձագանքելով ՀՅԴ-ականների որոշ մոտեցումների, նշել է. «Մենք էլ շատ բաներ կարող ենք ասել… Դաշնակցական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ, հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար: Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը»: Հետո հավելել է, որ «անձնավորված գնահատականները եւ լրահոսային տեռորը ավելի քան անթույլատրելի են, մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել անձնական դաշտում… Բայց դա չէ ճիշտ ճանապարհը»:
Իսկ գուցե սա՞ է հենց ճիշտ ճանապարհը. ինչպես վերը նշեցինք, «Պատիժն անխուսափելի է» կարգախոսը սահմանելով եւ ամբողջ ուժով կիրառելով…
Կայացել է նաեւ ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը: Կոալիցիոն նախկին գործընկերների հանդիպումը չի կարող ոչինչ փոխել, քանզի այսօր էլ օրինացերկրականները «ձիու վրա են» եւ ինչ էլ պայմանավորվեն ԲՀԿ-ի հետ, դա էական չի կարող լինել: ԲՀԿ-ն դիմել է նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ին եւ սպասում է պատասխանի:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



