Կենտրոնաձիգ հայկական պետությունը դեռեւս այլընտրանք չունի

Հայ Արիական Միաբանության հայտարարությունը

Վերջին շրջանի քաղաքական անցուդարձը, ԲՀԿ նախաձեռնությունը Հայաստանում խորհրդարանական կարգեր հաստատելուն ուղղված, ինչը թերեւս միայն կրկնություն էր այլ կուսակցությունների վաղուց արված նման առաջարկի, քննարկումների առարկա է դարձել մեր կյանքում: Պահը նպատակայնորեն էր ընտրված, քանի որ այս ամենն արվում է ՀՀ նախագահի հերթական ընտրության շեմին եւ օտար ուժերի ակնհայտ քաղաքական միջամտությամբ:

Եթե Վաշինգտոնը Ադրբեջանին սպառնում է «արաբական հեղափոխության» կիրառմամբ, ապա Հայաստանին առայժմ ժողովրդավարական ամերիկյան լայնաբերան ժպիտով է առաջարկում ընտրել «վրացական հեղափոխության» տարբերակը: Հայ Արիական Միաբանության համոզմամբ՝ սա կարող է երկու բան նշանակել.

1. ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում է բռնապետություն եւ միայն «արաբական ալիքի» կրկնությամբ (ինչը ենթադրում է նաեւ զինական միջամտությամբ) է դիտարկում իշխանափոխությունը:

Իսկ Հայաստանն այս համապատկերում դիտարկվում է ժողովրդավարական պետություն եւ թերեւս քաղաքական միջոցներով են առաջարկվում ինչ-ինչ բարեփոխումներ:

2. ԱՄՆ-ն տարածաշրջանային հարցերում Ադրբեջանին կասկածելի եւ ապակայունացնող գործոն է համարում ալիեւյան կլանի պատճառով, եւ չի բացառում ներքաղաքական առճակատումը:

Իսկ Հայաստանը, նաեւ Վրաստանը դիտարկվում են տարածաշրջանային գործընկերներ, որոնց ներքին կայունությունը չի նախատեսվում խաթարել քաղաքացիական պատերազմներով:

Այս դիտարկումները հավաստում են, որ.

1. Պաշտոնական Երեւանի ներքին քաղաքականությունը չի հակասում միջազգային արշինով չափվող ժողովրդավարական արժեքներին, բայց Արեւմուտքին ձեռնտու չէ ներկայիս իշխանությունների փոխլրացման իրատեսական քաղաքական գիծը, ինչը խանգարում է իշխել Հայաստանին այնպես, ինչպես Վրաստանին: Ուստի՝ որոշակի ներքին խնդիրների առաջացումով փորձ է արվում Հայաստանի արտաքին քաղաքականության գոնե 50+1 տոկոսը տեղափոխել արեւմտյան ուղղություն:

2. Եվ ներկայիս ներքաղաքական ընդվզումը հարց է՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Եթե հարցը չբավարարի Վաշինգտոնին, ապա նրանք կձգտեն թուլացնել կենտրոնաձիգ հայկական պետական նախագահական համակարգը՝ խորհրդարանական գրեթե ապակենտրոն համակարգով:

3. Այստեղից էլ զուգահեռվում է արտաքին քաղաքական խնդիրը եւս, այս դեպքում Երեւանը որոշակի խնդիրներ կունենա եւ Մոսկվայի եւ ԱՊՀ-ի հետ: Իսկ սա տարածաշրջանում կգործի ի նպաստ Վաշինգտոնի եւ Բրյուսելի եւ իհարկե՝ ՆԱՏՕ-ի, քանի որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, առավել հակված է դեպի այս ռազմա-քաղաքական միավորումը:

Եվ հասկանալի են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումները ՀՀ 1-ին նախագահ եւ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նոր ընդդիմադիր առաջնորդի դերն ստանձնած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հասկանալի են նաեւ ՀՀ 2-րդ նախագահի հայտարարություններն ու ստվերային գործողությունները, հիմնականում ցուցադրություն են Արեւմուտքին, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է ավելի լուրջ ներքին խնդիրներ առաջադրել Հայաստանին, քան Վաշինգտոնն ու Բրյուսելը: Եվ իզուր չէ, որ պարբերաբար խոսում են այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան գալիս իր շքախմբում բերելու է նաեւ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուին:

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում՝ հստակ արտաքին խաղերի հետեւանք է, եւ ոչ թե որոշ քաղաքական ուժերի ներքին բարեփոխման ցանկություն: Այդ ուժերը եղել են իշխանության մեջ եւ առավել մեծ թալանի ու մսխումի հնարավորություններ են ունեցել, որից չեն էլ հրաժարվել: Լինի դա ՀԱԿ-ը, որ ՀՀՇ-ի ուրվականն է, լինեն դրանք ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնց կոալիցիոն նախարարների մասին պարզաբանումներ կարվեն ըստ անհրաժեշտության: Լինեն նաեւ՝ ՀՀԿ-ն, թե ՕԵԿ-ը:

Եզրակացությունը հետեւյալն է.

1. Հայաստանն այսօր ներքին կայունությամբ ավելի առաջ է, քան Ադրբեջանը: Ներքին կայունությունը պահպանելու քաղաքական անկախությամբ էլ ավելի առաջ է, քան Վրաստանը:

2. Արտաքին հարցերի կայուն վարմամբ Հայաստանը եւս միանշանակ առաջ է Ադրբեջանից ու Վրաստանից, որոնք լուրջ խնդիրներ ունեն համապատասխանաբար Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչը կարող է ամեն պահի ռազմական հակամարտության վերածվել:

3. Հայաստանը նման խնդիր չունի անգամ Թուրքիայի հետ, քանզի կարողացավ հավաստել, որ հայ-թուրքական արձանագրությունների խաթարումը բացառապես Անկարայի մեղքն է, եւ որեւէ հակասություն չունեցավ միջազգային հանրություն ասվածի հետ: Իսկ Ռուսաստանի ու Իրանի հետ Երեւանը վարում է ռազմավարական ու բարեկամական քաղաքականություն: Նույնն է նաեւ՝ ԱՄՆ-ի ու Եվրոպական համագործակցության հետ: Անգամ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունեցած տարաձայնությունները Երեւանի մեղքով չեն ստեղծվել:

Հայ Արիական Միաբանությունը խիստ մտահոգ այս ծավալումներով՝ դիմում է Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ իրապես վերանայել ու վերաքննել 1990թ. առ այսօր եղած բոլոր իշխանությունների գործունեությունն ու գործողությունները պաշտոնավարման տարիներին եւ առանց վաղեմության ժամկետի պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Միայն այս կերպ է հնարավոր վերացնել անպատժելիության մթնոլորտը եւ վերականգնել մարդկանց հավատը՝ իշխանության ու պետության նկատմամբ: Սա հնարավոր է եւ պետք է մի օր իրականացվի: Մի անգամ սա պետք է կատարվի՝ այլեւս չկրկնվելու հեռանկարով:

Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր ուժերին կոչ է անում՝ վերանայել սեփական պատմությունն ու կենսագրությունը այս կարճ ժամանակահատվածի համար եւ անկախ կարգավիճակում, առանց որեւէ արտաքին ուժի ապավինությամբ նախաձեռնել երկրում իրապես՝ ի նպաստ երկրի բարեփոխումների խնդիրը, ինչին աջակից կդառնան նաեւ հայ արիները: Այլապես տարածաշրջան թափանցած արտաքին միջամտությունները կթափանցեն նաեւ Հայաստան:

Հայ Արիական Միաբանություն

14.11.2012թ. – Երեւան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։