Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված եւ անցկացված մեծ քաղաքների մասին նոր օրինագծի հետ կապված Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի (Վաքըֆլը) ինքնատիպ գոյության ապագան վտանգված է: Վագըֆի Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը հայկական գյուղի բնակչության անհանգստությունն է փոխանցել Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինին, նշել է, թե այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո «կփոխի գյուղի ժողովրդագրական պատկերը, որտեղ այժմ ապրում են բացառապես հայեր: Նոր օրինագիծը ենթադրում է, որ Վագըֆը կորցնում է գյուղ լինելու կարգավիճակը»£
Բնակիչները իրենց անհանգստությունը հայտնել են ինչպես արդարադատության նախարարին, այնպես էլ Հաթայի նահանգապետին£ Նախարարը, լինելով Հաթայից, համամիտ է հայերի անհանգստության հետ՝ նշելով, որ «Վաքըֆլըն Հաթայում խաղաղության եւ եղբայրության կարեւոր խորհրդանիշ է» եւ խորհուրդ է տվել դիմում գրել եւ այդ օրենքի ուժի մեջ մտնելուց գյուղի կարգավիճակը հաշվի առնել£ «Մենք էլ դիմում գրել ենք»,- նշել է Ջեմ Չափարը£
Աղմուկով եւ ծեծկռտուքով անցկացված օրինագծով 500 հոգուց պակաս բնակչություն ունեցող գյուղերը կորցնում են գյուղ լինելու կարգավիճակը եւ կցվում են մեծ բնակավայրի՝ կորցնելով գյուղապետ ընտրելու իրավունքը£
Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայկական գյուղում ապրում է 135 հոգի£
Արցախը՝ ԽՍՀՄ-ԱՄՆ-ի ճգնաժամային դասերում
«Huffington Post»-ը 7 դաս է ներկայացնում «Ղարաբաղյան հակամարտության համար՝ Կարիբյան ճգնաժամից»: Ըստ պարբերականի՝ «1962թ. Կարիբյան հրթիռային ճգնաժամը ոչ միայն վտանգավոր պահ էր մարդկային պատմության համար, այլ մանրակրկիտ ուսումնասիրված հակամարտություն երկու գերտերությունների միջեւ, որը կարգավորվեց խաղաղ ճանապարհով: Իհարկե, այս երկու հակամարտությունների միջեւ խորը հակասություն կա, մասնավորապես այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի զինանոցներում միջուկային զենք չկա: Բայց կան բազմաթիվ արժեքավոր դասեր, որոնք ԼՂ հակամարտող կողմերի համար կարող են դաս լինել 1962թ. ճգնաժամից»:
«Huffington Post»-ը ներկայացնում է պատմական դասերը.
1. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է վերանայեն իրենց զինված ուժերը՝ չնախատեսված գործընթացներից խուսափելու համար, որը կարող է հակամարտությունը վերափոխել պատերազմի: 1962թ. ճգնաժամի ընթացքում մի շարք նման գործընթացներ տեղի ունեցան, որոնք հանգեցրին ԱՄՆ-ԽՍՀՄ պատերազմի՝ ներառելով ռազմական ավիացիան միջուկային հրթիռներով զինելն ու հրամանատարներին թույլատրելով՝ դրանք կիրառել առանց երկրի ղեկավարի թույլտվության, եթե ենթարկվեն հարձակման եւ կապը վերադասի հետ ընդհատվի: Ի հավելում՝ «Ղարբաղյան հակամարտության մասնակիցները պետք է ծանոթանան իրենց մրցակիցների զինված ուժերի հետ»:
2. ԼՂ հակամարտող կողմերը պետք է հիշեն, որ հարաբերությունների վատթարացումը կարող է ձեռք բերել սեփական տրամաբանությունը: Երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հրամայեց ներխուժել Կուբա, Խորհրդային Միությունը կարող էր պատասխանել՝ հարվածելով Թուրքիայում գտնվող ԱՄՆ հրթիռներին՝ դրանով իսկ հասցնելով հակամարտությունը միջուկային պատերազմի. համաձայն Գրահամ Ալիսոնի՝ 1962թ. ճգնաժամն ուսումնասիրած լավագույն գիտնականներից մեկի:
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է հաշվի առնեն ռազմավարական խաղերը, հատկապես, որոնք նպատակաուղղված են հարաբերությունների վատթարացման կետին չվերադառնալուն:
3. Երեւանի եւ Բաքվի միջեւ պետք է ուղիղ կապ լինի: 1962թ. հոկտեմբերին Քենեդին եւ ԽՍՀՄ քարտուղար Նիկիտա Խրուշչովը բազմաթիվ կարեւոր որոշումներ ընդունեցին, որոնցով պետք է հաշվի առնեին մրցակցի արձագանքը, սակայն նրանք ուղիղ շփման հնարավորություն չունեին: Այսօր, հրապարակայնորեն Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղիղ կապ չկա, այսպիսով առաջնորդները եւս հնարավորություն չունեն ուղիղ եւ անկեղծ շփվելու, դա պետք է վերանայվի:
4. Ոչ ադրբեջանական, ոչ հայկական կողմը չպետք է հույս ունենան, թե հակառակորդը կնահանջի: Խրուշչովը գիտեր Ամերիկայի գերակայությունը միջուկային զենքի ռազմավարության հարցում եւ հետ քաշվեց, երբ Կուբայի ճգնաժամը հասել էր գագաթնակետին:
Ղարաբաղի հակամարտության կողմերից որեւէ մեկը ռազմական գերազանցություն չունի եւ, հետեւաբար, չպետք է հույս ունենա, որ հակառակորդը հետ կքաշվի՝ հակամարտության շիկացման դեպքում:
5. Երկու կողմերն էլ պետք է խուսափեն հակառակորդին փակուղի մտցնելուց: Այն, որ Խրուշչովն ընկրկեց ճգնաժամի ընթացքում, մասամբ արդյունք էր Քենեդիի քաղաքականության, ով ճնշում էր գործադրում՝ թողնելով «փրկարար ելք»: Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պիտի ոչ միայն ուշադրություն դարձնեն իրենց այն քայլերի վրա, որով կկարողանան փակուղի մտցնել հակառակորդին, այլ նաեւ՝ ինչպես պետք է խուսափել փակուղուց:
6. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է հաշվի առնեն հիմնական շահագրգիռ կողմերի արձագանքը, ինչպես ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն ստիպված եղան հաշվի առնել իրենց դաշնակիցներին՝ 1962թ. հոկտեմբերին:
7. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է խուսափեն արկածախնդիր քայլերից: Կուբայում միջուկային հրթիռներ տեղակայելու Խրուշչովի որոշումը վատ էր ծրագրված, եւ դրա տապալումը նպաստեց 1964թ. Խրուշչովի տապալմանը: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները պետք է խուսափեն արկածախնդրությունից՝ հիշելով, որ դա կարող է հանգեցնել ոչ միայն տապալման, այլեւ աղետաբեր հետեւանքներ ունենալ իրենց երկրների համար: Եթե, իհարկե, նրանք ցանկանում են խուսափել:
Ղարաբաղյան նոր պատերազմը կարող է ավելի աղետաբեր լինել, քան 20 տարի առաջ: Փաստորեն, կողմերի ձեռք բերած որոշ զինատեսակներ կարող են կործանարար լինել այդ փոքրաթիվ ազգերի համար, ինչպես 1962թ. Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ միջուկային պատերազմը կարող էր ազդել ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի քաղաքացիների վրա: Կուբայի հրթիռային ճգնաժամի դասերը կարող են օգնել ԼՂ հակամարտող կողմերին՝ խուսափել «պատահական» կործանիչ պատերազմից, եթե, իհարկե, նրանք ցանկանում են խուսափել դրանից:
«Լուսանցք» շաբաթաթերթ
Մեղրի ՀԷԿ-ը Արաքսը չի աղտոտի
Հայաստանը մի բան անի, Ադրբեջանն անմիջապես շահարկելու է դա:
Այսպես եղավ եւ Մեղրի ՀԷԿ-ի պարագայում: Ադրբեջանին թվում է, թե Մեղրի ՀԷԿ-ի շահագործվելուց հետո իրեն այլեւս Արաքսի ջուրը չի մնա: ԻԻՀ էներգետիկայի նախարարության սահմանային գետերի հարցերով կոմիտեի նախագահ Վաթան Ֆադան պարզաբանել է, թե Մեղրիի ՀԷԿ-ը (իրանական կողմն է կառուցելու) հոսող ջրով է աշխատելու, ուստի Արաքս գետի ջուրն ամբարելու կարիք չի լինելու: Կառուցվելիք ՀԷԿ-ը բաղկացած է երկու հատվածից, որի մի մասը գտնվելու է Հայաստանի տարածքում (Մեղրի), իսկ մյուսը՝ Իրանում (Ղարաչիլար): Նոր կառուցվելիք ՀԷԿ-ի շահագործումից Արաքս գետի ջուրը ոչ աղտոտվելու եւ ոչ էլ պակասելու է: Ջուրը տուրբինների միջով պտտվելուց հետո կրկին թափվելու է Արաքս գետը:
Ադրբեջանը աղմկում է Թուրքիայի համար, բայց անունը դնում է, թե իբր մտածում է Ուրմիայի մասին (խոսքը այժմ Իրանի տարածքում գտնվող հայկական լճի մասին է), եւ կարծում է, որ ավելի լավ կլիներ՝ Արաքսի ջուրն ուղղվեր Ուրմիայի չորացումը կանխելուն:
Անկեղծ ասած՝ ափսոս, որ Արաքսի ջուրն ամբարելու եղանակ չենք գործադրում…
«Նաբուկո»-ին հաղթեցին
«Հարավային հոսք» գազատարի շինարարության համար կծախսվի ոչ թե 15,5 մլրդ եվրո, ինչպես նախատեսվում էր, այլ 16 մլրդ: Այս մասին հայտնել է նախագծի փոխղեկավար Ալեքսեյ Սերեբրյակովը: Թեեւ գումարի չափը նախնական է, հստակ ծախսը հայտնի կդառնա 2013թ.՝ մրցույթներից հետո: «Հարավային հոսք»-ի ծովային տեղամասերի գինը գնահատվել է 10 մլրդ եվրո, իսկ ցամաքային տեղամասերինը՝ 6 մլրդ: Գազատարը Սեւ ծովով կհասնի Բուլղարիա, ապա կբաժանվի երկու ճյուղի. առաջինը Հունաստանով կհասնի Իտալիայի հարավ, իսկ երկրորդը՝ Սերբիայով դեպի Հունգարիա եւ Ավստրիա:
Հիշեցնենք, որ Մոսկվան գործի դրեց այս ծրագիրը նաեւ «Նաբուկո»-ի իրագործումը թույլ չտալու համար:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



