ՀՀԿ-ն վստահաբար դրական չէր արձագանքի ԲՀԿ-ի հայտարարած կուսակցական բանակցությունների կոչին, քանի որ այսօր այս կազմակերպությունը ոչ իշխանություն է (բայց իշխանական լծակներից սնված եւ անպատիժ մեծացած մեկն է) եւ ոչ էլ ընդդիմություն է (անգամ խորհրդարանում չի գրանցվել որպես այդպիսին), բայց ամենավտանգավորը՝ ԲՀԿ-ն խաղում է առանց կանոնակարգի: Եվ այդպես է խաղում ինչպես ներքին ոլորտում, այնպես էլ՝ արտաքին, ինչը այս կառույցի հեղհեղուկ վիճակն առավել անկանխատեսելի է դարձնում:
Անգամ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ ու կուսակցականներ կամուկացի մեջ են, չգիտեն, թե երբ է հստակեցվելու՝ ընդդիմությու՞ն են, թե՞ իշխանության մաս են դառնում, քանի որ դրանից է կախված հետագայում կուսակցությունում նրանց մնալու կամ հեռանալու հարցը:
ՀՀԿ-ն չարձագանքեց ԲՀԿ-ին, բայց հասկանալի է, որ ՕԵԿ-ը պիտի գնար հետախուզման: Իշխանության մաս կազմած օրինացերկրականները նշել են, որ միշտ կողմնակից են եղել համամասնական ընտրակարգի առավել ընդլայնմանը: Բայց միայն նախագահական ընտրություններից հետո են պատրաստ քննարկել ու տեսնել, թե ինչպիսի հնարավորություններ կան այդ առումով, ինչը կարող է լինել փուլային, կարող է եւ շարունակվի տարիներ. ըստ ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանի: Ինչ վերաբերում է մյուս հիմնահարցին՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը, ապա դա ժամանկավրեպ է եւ համահունչ չէ պետական կառավարման մասին իրենց մոտեցումներին:
Իշխանական հետախուզական թեւը դրական արձագանքեց նաեւ ՀՅԴ-ի հետ հանդիպմանը, սակայն ՀԱԿ-ի առաջարկով արտահերթ նիստի մասնակցության համար չի քվեարկելու: Ըստ Մհեր Շահգելդյանի, իրենք «կոնկրետ մեկ հարցում են վաղուց կողմնորոշվել՝ 2013թ. նախագահի ընտրություններին սատարելու են Սերժ Սարգսյանին, հատկապես այն պատճառով, որ իրենց քաղաքական գործունեությունը հաճախ համապատասխանում է ՀՀԿ-ի հետ: Սակայն ունեն նաեւ այլ շեշտադրումներ ու մոտեցումներ, եւ բոլորովին չի նշանակում, թե բոլոր դեպքերում նույն բանն են ասում»:
Իսկ ՕԵԿ-ՀՅԴ հանդիպմանը անդրադարձ է եղել ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին ու երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Այսքանով էլ գուցե իշխանական հետախուզական թեւը սահմանափակվի, եթե իհարկե այլ իրավիճակներ չառաջանան:
Իսկ ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի այս քայլերը որակել է «շախմատ՝ սահմանադրական մեթոդներով»: Ըստ նրա, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հենց 2013թ. նախագահի ընտրությունների նախաշեմին առաջ քաշեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը, քանի որ «կուսակցություները ներքին ճգնաժամ են ապրում, ու նրանց առաջնորդները վարկաբեկվել են» եւ սա «ոչ սկզբունքային գործարք է»:
Այսպես շատերն են կարծում եւ համոզված են, որ ըննդիմությունն այս հարցերում չի հաջողելու, եւ ոչ միայն այն պատճառով, որ դրա համար բավարար ժամանակ չկա, այլ սա նախընտրական քաղաքական մի PR-ի է, որում վերստին հիմնական հարվածը կստանան ընդդիմադիր ուժերը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի համար քաղաքական ուժերի այս ջանքներն անիմաստ են, քանի որ քաղաքական դաշտը չի արտացոլում հասարակության սպասելիքները: ՀՀ-ում չկա ազատ ընտրական համակարգ. «Որեւէ մեկը ընտրությունների հետ հույս չի կապում: Ընտրությունները արդեն վերածվել են մի խաղաքարտի, որտեղ լրիվ ուրիշ, ոչ սահմանադրական մեթոդներով, ինչպես ասում են՝ շախմատ են խաղում»,- ասել է նա: Մեկ այլ քաղաքագետ՝ Արմեն Աղայանն էլ նշել է, որ տարբեր քաղաքական ուժերի հետ «ԲՀԿ քաղաքական կոնսուլտացիաներն ընդամենը ենթադրում են մի բան. պարզել, թե 2018-ին ով կգա իշխանության՝ Սերժ Սարգսյանի դրածո՞ն, թ՞ե Ռոբերտ Քոչարյանը: Այս ընտրություններում եթե 2-րդ նախագահը հաղթելու իրական հնարավորություն ունենար, հանդես կգար սեփական դեմքով»: Նա եւս այն կարծիքին է, որ գործող նախագահի պայքարը սկսվել է դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրությունից առաջ, եւ այս պահին շարունակվում է: Տեսակետ է ձեւավորվում, թե իրականում այսօր պայքարի մեջ են մտել
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, բայց ոչ թե այս ընտրությունների համար, այլ՝ թե ինչ կլինի նախագահ Սարգսյանի վերջին պաշտոնավարումից հետո, եւ ու՞մ կսատարի նա հետագայում:
Շատ վերլուծաբաններ այլեւս այն կարծիքն ունեն, թե ՀԱԿ-ը դուրս է եկել պայքարից դեռ հայտնի մարտի 1-ից հետո, իսկ այսօր ունեցած վարկանիշը շատ արագ անկում է ապրում, եւ ընդդիմադիր ոլորտում ուժգնանում է մրցակցությունը մյուս ուժերի միջեւ: Այս պարագայում էլ հենց ընդդիմադիրներին առավել եւս գոհացնում է ԲՀԿ-ի խամաճիկային դերը, իշխանության եւ ընդդիմության արանքում չկողմնորոշված մնալը:
Դեռ ՀՀՇ-ի կառավարման օրոք Վազգեն Մանուկյանն առաջարկեց նախագահական կառավարման ձեւից անցնել խորհրդարանականի, բայց այնժամ ՀՀՇ-ի պարագլուխները հայտարարեցին, որ ռազմական հակամարտության մեջ խարխափող պետության համար «խորհրդարանական կառավարման ձեւին անցնելը հավասարազոր է հայրենիքի դավաճանության»:
Իսկ այսօր ի՞նչ է փոխվել: Թերեւս մեկ բան, մեր պետությունը այլեւս խարխափող չէ, այլ կայացած եւ հաղթանակած պետություն է: Բայց այն, որ ռազմական ու պատերազմական վիճակը ոչ պակաս սրված է, դա փաստ է:
Այս դեպքում ինչու՞ է այժմ ՀԱԿ (նույնն է՝ թե ՀՇՇ-ն) կառույցը այսպես ոգեւորված պաշտպանում ԲՀԿ առաջարկը: Իսկ ԲՀԿ-ն ինչու՞ է առաջարկում սա… կամ՝ ՀՅԴ-ն ի՞նչ չափորոշիչներով է «մոռանում» պատերազմական իրավիճակի առկայության մասին:
Ցավոք, առկա պատերազմական վիճակի մասին խոսելը նշյալ ուժերի եւ այլոց կողմից շահարկում է որակվում, ինչը եսակենտրոն տեսակետ է, եւ հենց այս վիճակն անտեսողներն են շահարկում այդ վտանգը՝ իրենց նպատակներին ամեն գնով հասնելու համար:
Երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անվերապահորեն ստորագրում էր գործող նախագահին սատարելու վերաբերյալ հուշագիրը՝ հայտարարեց, թե բոլոր քաղաքական ուժերը պետք է «համախմբվեն գործող նախագահի շուրջ՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»:
Իսկ այսօր այդ մարտահրավերները ոչ միայն չե՛ն վերացել, այլ ավելացել են տարածաշրջանային տարբեր խնդիրների բորբոքմամբ, ինչը ծավալապաշտական մղումների է դրդում ինչպես Անկարային, այնպես էլ Բաքվին:
Եվ սա չնկատել հնարավոր չէ, իսկ պետական կենտրոնաձիգ համակարգը խարխլելը կարող է այլ բան նշանակել… Ինչի մասին դեռ կլռենք՝ մինչեւ ասելու համար վերջնական համոզմունք չլինի:
Հայկ Թորգոմյան
Երբ միայն շահն է քաղաքականը
Հայաստանյան քաղաքական դաշտում իրավիճակը մտահոգիչ է: Նախագահական ընտրությունների նախաշեմին եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր ոլորտները փորձում են շահարկել ԲՀԿ-ի դիրքորոշումը: Օրեր առաջ անգամ շրջանառվեցին լուրեր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Հովիկ Աբրահամյանը հանդիպել են արտերկրում՝ որոշելու ԲՀԿ-ի ճակատագիրը: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը նույնիսկ չի մասնակցել քաղաքական «առեւտուր» նախաձեռնողների հավաքին եւ որպես քաղաքական ֆիգուր որեւէ նշանակություն ձեռք չի բերում: Իսկ այն, ինչ այլեւս բացահայտ (խոսքը իրական բաների մասին է) գրվում է նրա անձի եւ կյանքի մասին, շարունակաբար ոչնչացնում են այն ձեւավորված որոշակի վարկանիշը, ինչով էլ հպարտանում էր ԲՀԿ նախագահը: Մարդիկ եթե անտեղյակության պատճառով միայն կասկածում էին Գագիկ Ծառուկյանի հարստության ձեռբերման մութ անցյալի մասին, ապա այժմ բացահայտորեն խոսվում է եւ՛ դրա կուտակման ձեւերի եւ՛ բովանդակության մասին: Առավելապես համացանցում դա շատ արագ եւ մանրամասնորեն է տարածվում: Սա էլ հենց այն ապացույցն է, որ սին են ԲՀԿ-ականների այն պնդումները, թե կուսակցությունն ինքնուրույն է եւ կայացնում է ինքնուրույն որոշումներ, եւ կառույցի հետեւում պետք չէ փնտրել ստվերներ:
ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը սկսել են հանդիպումներ, բանակցություններ քաղաքական ուժերի հետ, որոնք հավակնում են հանդես գալ միասնական դիրքերից, բայց այստեղ էլ ամեն բան պարզ ու շիտակ չէ: Այս 3 կազմակերպությունները ոչ թե միասնական ճակատով են հանդիպումներ անցկացնում, այլ առանձին-առանձին՝ վստահաբար յուրաքանչյուրն իր շահերը հետապնդելով: Չկա միասնական կենտրոնացված համաձայնություն, ինչը կարող է ձգել նաեւ այլ ուժերի:
Շատերի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործոնն է, որ ԲՀԿ-ի, եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունները դեռեւս դիտարկվում են մեկ հարթությունում, իսկ ՀԱԿ-ի, իմա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը այլ խնդիրներ է առաջադրում:
Սակայն ուշագրավ է նաեւ, որ կարկառուն ԲՀԿ-ականներն այսօր էլ չեն թաքցնում ՀՀԿ-ի հետ իրենց կապը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սատարելու է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ՀՀԿ-ն սատարեց ԲՀԿ-ական քաղաքապետի թեկնածուին՝ հրաժարվելով պաշտպանել բավականաչափ «ձայներ բերող», Գյումրու «անընդհատ» քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին: Գուցե վերջերս ԲՀԿ նախագահը Գյումրի էր այցելել, որպեսզի քաղաքապետին համոզեր չպաշտպանե՞լ ՀՀԿ թեկնածուին…
Իսկ նախընտրական քարոզչության ժամանակ ՀԱԿ-ի թեկնածու Մուրադ Գրիգորյանը հայտարարել էր, որ թեեւ քաղաքական որոշում չկա, բայց բոլոր ընդդիմադիր ուժերը Գյումրիում իրեն են սատարելու: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը անգամ համոզմունք էր հայտնել, թե ԲՀԿ-ն սատարելու է ՀԱԿ-ի թեկնածուին:
Վերջին օրերին զարմանալի ակնարկներ են հնչում նաեւ ՀԱԿ որոշ անդամների կողմից, արդեն երկրորդ ՀԱԿ պատգամավորն է հայտարարում, որ եթե նախագահ Սարգսյանը իրենց պահանջները կատարի, կարող են Սերժ Սարգսյանին էլ սատարել: Նախ նման հայտարարություն արեց Հրանտ Բագրատյանը, ապա՝ Արամ Մանուկյանը՝ «Gala»-ին տված հարցազրույցում: Գուցե ՀԱԿ-ում սկսել են կասկածե՞լ ԲՀԿ-ի անկեղծությանը եւ կարծում են, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կսատարի ՀՀԿ-ին:
Ինչեւէ, եթե այս իրավիճակը հաստատի վերոնշյալի իսկությունը, ապա ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը արդեն կկորցնեն իրենց նվազագույն հնարավորություններն անգամ՝ հավատ ներշնչելու եւ վստահության քվե ստանալու առումներով:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



