Նոյեմբերի կեսերին Երեւանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի իշխող կուսակցությունների եւ Հայաստանի ՀՀԿ ու ԲՀԿ, ինչպեսեւ՝ դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» եւ Արցախի դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպանները:
Միջկուսակցական խորհրդակցությունները նպատակաուղղվածություն ունեն ԱՊՀ երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդման նոր միջկուսակցական ծրագրահենք մշակելու, կուսակցաշինության գործում փորձի փոխանակում եւ ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկում կազմակերպելու, ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների եւ ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություներ ստեղծելու:
Կարծում ենք, ԱՊՀ երկրների պատասխանատուներին հուզում է նաեւ այն հարցը, որ համագործակցության երկրների կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները առավելապես ընդօրինակում են արեւմտյան կառույցներին եւ դրանով իսկ՝ ստանում եվրոպական կամ ամերկյան ուղղվածություն: Եվ սա չի կարող չմտահոգել ԱՊՀ պատասխանատուներին:
Հատկապես, երբ ՌԴ նախագահ Վլադիրմի Պուտինը ցանկանում է ստեղծել Եվրասիական Միություն, որը կմրցակցի Եվրոպական Միության հետ:
ՀՀ վարչապետը եւս ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներին եւ հայտնել, որ մեր երկրները համատեղ գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պիտի լուծել միասին: Այս տեսանկյունից, կուսակցությունների մակարդակով քաղաքական համագործակցությունը եւս կարող է լրջորեն նպաստել տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.- ասել է Տիգրան Սարգսյանը ու կարեւորել համատեղ քննարկումների շարունակականությունը:
ՀՀ վարչապետը ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում գործընթացները չի կարելի միմյանց հակադրել, քանի որ «Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներով»: Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը եւ մեր երկիրը շահագրգռված է երկկողմ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ, միաժանմանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է նաեւ Եվրամիության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներով:
Մեր իշխանությունները հայտարարել են, որ Երեւանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ ու անվտանգության հաստատմամբ եւ մշտապես կողմ է արտահայտվում արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Թուրքիայի հետ հայտնի արձանագրությունները ստորագրվեցին, սակայն Անկարան հրաժարվեց դրանք վավերացնել, Վրաստանի հետ խորացվում է համագործակցությունը եւ այլն:
Ըստ ՀՀ վարչապետի, մեր երկիրը գնում է քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհով՝ այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր կատարելով: «Կառավարության բոլոր քայլերը բաց են եւ թափանցիկ, ցանակացած մարդ կարող է օն-լայն ռեժիմով հետեւել գործադիրի բոլոր քայլերին, այդ թվում բյուջետային ծախսերին: Բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են ՀՀ նախագահի գլխավորությամբ, տվել են իրենց դրական պտուղները»,- նշել է վարչապետը:
Այսպես, ՀՀ նախագահի հերթական ընտրությունից առաջ, մեր երկրի իշխող կուսակցությունը բազմաբեւեռ քաղաքական օրակարգ է մշակել եւ արդեն իսկ իրականացնում է այն:
Անի Մարության
ԽՍՀՄ փլուզումից առաջացած էյֆորիան մարում է
«Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը նշել է. «Որպես քաղաքական կուսակցություններ, պետք է լինենք այն կամուրջները, որոնք կստեղծեն երկխոսության հիմք՝ մեր պետությունների, հասարակությունների միջեւ համագործակցությունը խթանելու համար»: Միջկուսակցական համագործակցությունը նա համարում է կարեւոր ուղղություն, առաջնահերթություն՝ քննարկումներին մասնակից երկրների համար:
Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, «Տարածաշրջանների կուսակցության» կենտրոնական մարմնի համակարգող Ալեքսանդր Կուշնիրն էլ այն կարծիքին է, որ ԱՊՀ երկրներում հանրությունը այսօր ցանկանում է միջպետական բարձր մակարդակի համագործակցություն, քանի որ դեռ շատ ուժեղ են պատմական ընդհանրությունները, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված էյֆորիան արդեն մարում է:
«Հասարակ քաղաքացիները հասկացան, որ նրանց մեծամասնությանը դժվար թե հասանելի լինեն եվրոպական Օքսվորդները, որոնք գրեթե ոչ մի բանով ռուսական բուհերից չեն տարբերվում: Չհրաժարվելով Եվրամիության հետ համագործակցությունից, ԱՊՀ երկրները կարող են համագործակցության ավելի լայն եւ ամուր միջավայր ստեղծել՝ Եվրոպայից փոխառելով ամենալավը: Դրանով, կարծում եմ Եվրասիական այդ միջկուսակցական համագործակցությունը մեծ ապագա կունենա»,- ասել է Ռադայի պատգամավորը:
Բելառուսական ընդդիմությունը՝ Լիտվայում
Ինչպես հայտնի է, նախագահ Լուկաշենկոյի հակառակորդները միավորվել են գրեթե 100 տարի գոյություն չունեցող Բելառուսական Ժողովրդական Հանրապետության՝ արտաքսման մեջ գտնվող կառավարության շուրջ:
Նոյեմբերի սկզբին Լիտվայի մայրաքաղաքում տեղի է ունեցել բելառուսական ընդդիմության առաջնորդների հանդիպումը էմիգրացիայի մեջ գտնվող կառավարության ղեկավարության հետ: Հանդիպմանը կողմերը ստորագրել են համատեղ գործունեության մասին հռչակագիրը, որի մասին լրատվամիջոցները տեղեկացվել են վերջերս:
«Վիլնուսյան հռչակագրում» ասված է, որ պետք է բոլոր ջանքերն ուղղել՝ Լուկաշենկոյի վարչակարգի լեգիտիմության հարցի միջազգայնորեն բարձրացմանը: Ընդդիմադիր դաշտում հռչակագիրը միանշանակ չի ընդունվել: Նախկին քաղբանտարկյալ, նախագահի էքս-թեկնածու Անդրեյ Սաննիկովը շեշտել է, որ սա մի փաստաթուղթ է, որը կարող է վտանգել Բելառուսի անկախությունը: Նաեւ մտահոգություն է հայտնել, որ հռչակագրում որեւէ խոսք չկա պետական համակարգի մասին, ինչը կարող է վտանգել պետականությունը: Նրա հետ համամիտ են նաեւ այլ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ:
Լուկաշենկոն օրերս փոխեց երկրի ՊԱԿ-ի (ԿԳԲ) ղեկավարին՝ ըստ երեւույթին այս ամենի մասին նրա անտեղյակության պատճառով:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



