«Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագիր կա, որը նպատակ ունի նպաստել կենսաբազմազանության պահպանմանը Հայաստանում: Ծրագիրը նաեւ մեր երկրի զբոսաշրջային ներուժից է խոսում՝ թե ո՛ր տարածքում զբոսաշրջության ո՛ր տեսակը կարելի է զարգացնել: Օրինակ, «Զանգեզուր» եւ նախատեսվող «Խուստուփ» արգելավայրերը էկոտուրիզմի հսկայական ներուժ ունեն (համապատասխան ուսումնասիրությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղինն է եւ «ԱՄ փարթնըրզ քոնսալթինգ քամփնի»-ինը): Եթե հավելենք, որ Սյունյաց տարածքն էլ էթնոտուրիզմի զարգացման բավարար ներուժ ունի, ապա դրական պատկերն ակնհայտ կդառնա:
Ուսումնասիրողները մանրամասնում են, թե ինչ համայնքներ են գտնվում Խուստուփի ճանապարհին, զբոսաշրջության զարգացման ինչ ներուժ ունեն:
Օրինակ՝ Գեղանուշը հայտնի է իր հեթանոսական վիշապաքարերով: Ըստ նախատեսվող «Խուստուփ» եւ գործող «Զանգեզուր» արգելավայրերի տուրիզմի ներուժի գնահատման, շատերն են գալիս բարձրանալու Խուստուփ լեռը՝ «հեթանոսական արարողություններ կազմակերպելու համար, քանի որ Խուստուփը համարվում է հեթանոսների կարեւոր խորհրդանիշներից մեկը»: (Սյստես հայ-արիները եւ շատ ազգային հայեր այցելում են մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղցված վայրեր եւ կատարում են հին հայկական ծիսական արարողություններ): Խուստուփ լեռան ճանապարհին է Գեղանուշ համայնքը: Որի վարչական տարածքում կան պատմական հուշարձաններ՝ ներառյալ միջնադարյան գյուղատեղիներ եւ «նախաքրիստոնեական շրջանի դամբարաններ», իսկ գյուղի տարածքում կան մի քանի հին տներ: Գյուղն ունի հետաքրքիր ավանդույթներ, ինչպես նաեւ առասպելներ եւ հետաքրքիր պատմություններ՝ կապված Գեղանուշում ծնված խիզախ մարդկանց հետ (էթնոտուրիզմի տարր): «Պատմամշակութային տուրիզմի սիրահարներին կարող է հրապուրել այն, որ այս գյուղի սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում դրված են նախաքրիստոնեական դարաշրջանին պատկանող մի քանի Վիշապաքարեր: Հուշարձան դամբարաները կհետաքրքրեն, որոնք կառուցվել են մոտ 4.000 տարի առաջ եւ առայժմ չեն պեղվել»:
Կամ՝ Շիկահողի մասով նշվում է, թե «Շիկահող» ՊԱ ղեկավարության համաձայնությամբ՝ այցելուները կարող են նաեւ գիշերել արգելոցի հյուրատանը, ինչպես նաեւ սննդի ծառայություններ ստանալ այստեղ: Հնարավորությունները պայմանավորված են պատմամշակութային հուշարձանների առկայությամբ՝ ներառյալ «նախաքրիստոնեական շրջանի տեսարժան վայրերով»: Գյուղում կան մ.թ.ա. II-I հազարամյակների ժամանակաշրջանի 4 դամբարանադաշտեր:
Պահպանվել է նաեւ Մովսես Նուբարյանի գերեզմանը, ով Պողոս Նուբար Փաշայի ազգականն է եւ Մելիք Նուբարի թոռը, որը նույնպես ծննդով Շիկահողից է եւ ծառայել է Դավիթ Բեկի ջոկատում ազգային-ազատագրական շարժման ժամանակ: Գյուղում կա նաեւ հանքային ջրի փոքր աղբյուր, որը գտնվում է գեղատեսիլ վայրում եւ նույնպես կարող է արշավային երթուղու մաս դառնալ:
Շիկահողում կա Կենիների պուրակ: Գյուղում կարող են զարգանալ էկոտուրիզմի բազմաթիվ տեսակներ, ներառյալ՝ լեռնամագլցումը, վայրի կենդանիների դիտումը եւ արշավները:
Շիկահողում կարող են զարգանալ նաեւ պատմամշակութային տուրիզմը եւ էթնոտուրիզմը՝ հաշվի առնելով առկա ավանդույթները եւ գործող հյուրատներում բազմատեսակ ավանդական ուտեստների սպասարկումը:
Ծավի մասով նշվում է, որ այստեղ կան հին հանքային ջրի աղբյուրներ, օրինակ՝ Քոսի ջուրը:
Հետաքրքիրն այն է, որ ուսումնասիրությունում «հեթանոսական շրջան» եզրույթը հաճախ փոխարինվում է նախաքրիստոնեական կամ «շատ հին» եզրույթներով՝ խոսելով անգամ հնից եկող լեգենդներից, օրինակ՝ նունուֆար ծաղկի լեգենդը, որի մասին դարեր անց հիշատակում է Ղեւոնդ Ալիշանը:
Եվ ավանդական խոհանոցի մասին:
Այստեղ մտնում է չիրաթթուն, մասրաթթուն, հոնաթթուն, խաշխաշը, թռնաճաշը, կորկոտը, տոլմաների բազմազան տեսականին, մասուրի գինին, ալոճի գինին, մոշի օղին, շորվան:
Ու քանի որ ուսումնասիրողները խորհրդատվության կարիք ունեն նաեւ հանրային հատվածից, մեր կողմից հավելենք, որ այս ուտեստները հաստատ չեն կարող քրիստոնեական շրջանի լինել: Մի կրոն, որ բառացիորեն մահ էր սփռում ու մահն էր գովերգում, ամենեւին կարիք չուներ քիմքը հաճոյացնելու:
Ասածներիս հավաստումը ստանալու եւ սեփական աշխատանքը մասնագիտորեն ամբողջացնելու համար հետազոտության հեղինակները կարող են դիմել խոհարարներին ու ազգագրագետներին: Բայց այնպիսի խոհարարների, ովքեր իսկապես արարում են, այլ ոչ թե օրվա ճաշն են եփում եւ այնպիսի ազգագրագետների, ովքեր ազգային պատմությունը քրիստոնեական պատմության հետ չեն խառնում:
Աստղինե Քարամյան
Շրջանառության հարկ էլ մտցրին
Եթե ԱԺ-ն հաստատի կառավարության նախաձեռնությունը, կներմուծվի նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկ:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, պայմանավորված է փոքր եւ միջին տնտեսավարողների համար հարկման պարզ համակարգի ներդրման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն, տարեկան կտրվածքով մինչեւ 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողները ԱԱՀ վճարողներ չեն համարվում եւ վճարում են շահութահարկ կամ եկամտահարկ: Խնդիրն այն է, որ շահութահարկի կամ եկամտահարկի վճարումը ենթադրում է, որ նշյալ տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են վարել եկամուտների ու ծախսերի բարդ ու աշխատատար հարկային հաշվառում, ինչը ՓՄՁ-ի համար բավական դժվար է: Նախագծով առաջարկվում է՝ տարեկան մինչեւ 58,35 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների համար ներդնել շրջանառության հարկի համակարգ, որի կիրառությունը ենթադրում է, որ հարկային պարտավորությունը հաշվարկվելու է պարզ հարկային հաշվառմամբ՝ շրջանառության նկատմամբ որոշակի տոկոսներով:
Մասնավորապես, նախագծով նախատեսված են շրջանառության հարկի հետեւյալ դրույքաչափերը. առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ՝ 3,5 տոկոս, վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի) oտարումից եկամուտներ՝ 10 տոկոս, նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ՝ 20 տոկոս, այլ գործունեության (եկամուտների) տեսակներից ստացվող եկամուտներ՝ 5 տոկոս:
Միաժամանակ, նախագծով նախատեսված է, որ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել՝ հաստատագրված վճար եւ արտոնագրային վճար վճարող անձինք՝ գործունեության այդ տեսակների մաuով, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները եւ (կամ) ներմուծողները, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մաuնագիտացված մաuնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնողները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոխկապակցված համարվող անձինք: Շրջանառության հարկի գծով հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում եւ դրանց հիման վրա հարկի գումարները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ՝ մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:
«Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա այս հարկատեսակի ներմուծմանը, դրա պատճառներին եւ թե իրո՞ք այն միտված է թեթեւացնելու ՓՄՁ-ի բեռը: Չնայած ցայսօր մեր երկրում ընդունված ոչ մի օրենք ու հարկատեսակ հարկային բեռը թեթեւացնելուն չի ուղղվել:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում