Արորդին՝ հոգե-ոգեղեն աշխարհների հավերժական ճամփորդ

Երկրային կյանքից հեռացավ Ջոնիկ Շահենի Մելիքյանը (ծնվել է 1938թ. Գյումրիում): Նա գնաց միանալու Հայկական Տիեզերաաշխարհների նախնյաց՝ այլեւս հոգեղեն կյանքով ապրելու եւ իր պատմավեպերի ոգեղեն հերոսներին ու Հայ Աստվածներին հանդիպելու…

Ջ. Մելիքյանը ստացել է բարձրագույն զինվորական եւ իրավաբանական կրթություն: Բանակում եղել է վաշտի հրամանատար, այնուհետեւ՝ շտաբի պետի տեղակալ՝ մարտական պատրաստության գծով: Աշխատել է ՆԳՆ համակարգում, տարբեր իրավաբանական ծառայություններում: Երկար տարիներ զբաղվել է որսորդությամբ եւ պատմավեպեր գրելով: Եվ մինչեւ երկրային կյանքին հրաժեշտ տալը՝ մնաց ամուր, ոտքի վրա եւ հայ-արիական էությամբ:

Ջ. Մելիքյանն ինքնատիպ պատմավիպասան է, նրա վեպերի հիմքում դրված են հայոց հնագույն պատմական եղելություններն ու մեր պատմիչների վկայությունները՝ պարուրված հայոց հին եւ միակ հավատով: Նա հեղինակ է 10 տպագիր եւ գրեթե նույնքան էլ անտիպ վեպերի, որոնք անդրադառնում են հայերի արիական ծագմանը, Հայ Աստվածների ու մարդկանց հարաբերություններին, հայոց հզոր թագավորներին ու մեր փառահեղ անցյալին:

Նա յուրովի է ներկայացրել պատմական անցուդարձերը, նոր որակով է մատուցել հայոց հին արիադավան-հեթանոսական հավատն ու պատմական դարձած իրական հերոսներին: Իհարկե, այդ ամենն արել է գեղարվեստական գեղեցիկ նկարագրություններով ու լրացումներով, ինչը նրա պատմավեպերը մատչելի է դարձնում նաեւ դպրոցահասակների համար:

Տպագրվել են Ջ. Մելիքյանի «Հայ-Արիներ», «Արամե», «Կապույտ շուշան», «Ավարայրից Նվարսակ», «Գայլ Վահան», «Անմահ բագիններն Հայոց», «Թափառիկ հայերը», «Հայոց գաղտնի ուխտ», «Մանուել սպարապետ Հայոց» եւ այլ պատմավեպերը:

Տպագրության համար պատրաստ էին «Հայկ Նահապետ», «Սկիզբ Հայ Արշակունյաց», «Մեծագործ մեղապարտը Հայոց», «Թեոդորոս Ռշտունի», «Ըմբոստ հոգիներ», «Կարմիր Վարդան», «Վասակ-մարզպան Հայոց» եւ այլ գրքերը, որոնք դեռ կտպագրվեն՝ լրացնելով հայոց ճշմարիտ պատմավեպերի ցանկը՝ իրապես հարստացնելով հայ գրականությունը:

2010թ. մարտի 21-ին Գառնո արիական-հեթանոսական տաճարում Հայոց Ամանորի տոնակատարության եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով «Հայ-Արի Ասպետ» կոչում շնորհվեց Ջոնիկ Մելիքյանին, ում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը բնորոշեց որպես հայ-արիական պատմավիպասանության հիմնադիր: Իր հետագա կյանքում պատմավիպասանը դա համարեց ամենաբարձր գնահատականը, որին կարող էին արժանանալ իր գրական աշխատանքները:

«Հայ-Արի Ասպետ» կոչումը ՀԱՄ ԳԽ որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերի 9-ին է հաստատվել եւ այն շնորհվում է ինչպես գործող հայորդի-արորդիներին՝ հայ-արիականության ոլորտում իրենց վաստակի ու ծառայությունների համար, այնպես էլ՝ մեր փառահեղ նախնիներին (ում կյանքն ու կենսագրությունը դաստիարակչական են հայ բոլոր սերունդների համար, իսկ պարգեւատրումը խորհրդանշական է ու մեծարման գնահատական)՝ ունեցած նման վաստակի եւ ազգին մատուցած ծառայությունների համար: «Հայ-Արի Ասպետ» կոչումը համահայկական նշանակության է (Հայաստան-Սփյուռք) եւ տրվում է «Փառահեղ նախնիներ», «Ազգային գաղափարախոսություն», «Ազգային հավատ», «Քաղաքականություն» (անհատներ եւ կազմակերպություններ), «Պետական կյանք», «Հանրային կյանք» (անհատներ եւ կազմակերպություններ), «Մշակութային կյանք», «Տնտեսական կյանք», «Մամուլի աշխարհ» անվանակարգերում:

Ջոնիկ Մելիքյանին այդ կոչումը շնորհվել է «Մշակութային կյանք» անվանակարգում՝ «Հայ գրականության մեջ հայ-արիականության գաղափարներն ու պատմությունը ներկայացնելու եւ դրանք գեղարվեստական գործերի միջոցով քարոզելու-մատուցելու, նաեւ որպես հայ-արիական իրականությունը ներկայացնող պատմավիպասան հանդես գալու համար»:

Թո՛ղ հոգիդ թեւածի Հայկական Տիեզերաաշխարհներում եւ հաճախ իջնի Հայկական լեռնաշխարհ՝ իր պայքարն ու սպասումները ապրող հայորդաց հոգիներում ամրացնելու համար: Փա՛ռք քեզ, մեր հավատավոր ընկեր ու եղբայր Ջոնիկ Մելիքյան, եւ Հայ Աստվածները քեզ ապավեն…

Ջոնիկ Մելիքյանի որոշ պատմավեպերի համառոտագրեր -

- «Հայ-Արիներ» – վեպը պատմում է այն մասին, թե ինչպես հայ-արիները, ի կատարումն Արա Արեւ Աստծո պատգամների, մ.թ.ա. 2-րդ հազարամյակում զինված երկաթե սրերով ու ճաղավոր անիվներ ունեցող մարտակառքերով սփռվեցին աշխարհի 4 ծագերը՝ ժողովուրդներին տանելով Արփիական հավատամքն ու արիական առաքինությունները:

Թե ինչպես հայ արիները նվաճելով՝ չտիրեցին, գրավեցին՝ չստրկացնելով, միաձուլվեցին տեղաբնակներին՝ արիականացնելով նրանց: Վեպում նկարագրված են Այրանա տաճարներում կատարվող զոհամատուցումները, դպրանոցներում՝ արիականների ուսուցումը՝ մտավարժանքներն ու մարմնավարժանքները: Հայ-արիները՝ հայերը, լինելով ընտրյալ առ Աստվածարար Ցեղ՝ «արարեցին» իրենց Աստվածներին նաեւ իրենց հոգիներում:

- «Արամե» – պատմավեպը պատմում է Հայկական առաջին պետության արարման մասին: Արամ արքան միավորում է Հայա-Նաիրի աշխարհի հայարիական ցեղերը մի պետության մեջ, երեք անգամ պարտության է մատնում Ասորեստանի Սալմանասար թագավորին: Արյան, ավերի, արհավիրքների մեջ արարվում է Հայկական առաջին պետությունը: Պատմավեպում տրված է Արամ արքայի կերպարը՝ որպես Մարդ Աստծո ու Արիա հռչակված մեծագործի: Արամ արքան ձգտում է երկրում միաստվածություն սահմանել ու երկրպագել Արա Արեւ Աստծուն:

Վեպում պատում կա ստրուկների ըմբոստացման մասին, որ ի շահ երկրի հզորացման, դաժանորեն ճնշվում է: Տրված է Արամ արքայի այդ դաժանության պատմական-տրամաբանական արդարացումը:

Վեպը կոչ է Արիականության վերականգնման մասին՝ հառնե՛ք, Հայարիներ:

- «Կապույտ Շուշան» – պատմավիպակ-կինոսցենարը պատմում է Ամերիկայում ապրող հնդկացիների ու սպիտակամորթերի հակամարտության մասին (հայոց պատմության մի հատվածին բնորոշ իրավիճակ է): Ամերիկայի համար հնդկացիներին տեղահանելու ու արգելանոցներ քշելու խայտառակության մասին:

- «Ավարայրից Նվարսակ» – Ավարայրի բախտորոշ ու վճռական ճակատամարտից հետո շուրջ 30 տարի «Հայոց Ուխտ»-ի առաջնորդությամբ հայ ժողովուրդը պարտիզանական պատերազմով դիմակայեց պարսկական զավթողական քաղաքականությանը, հարկադրեց դադարեցնել կրոնական հալածանքը, ճանաչել Հայաստանի ինքնուրույնությունը: Այս է վեպի կենսոլորտն ու դարաշրջանի շունչը:

- «Գայլ Վահան» – վեպը պատմում է 7-րդ դարում Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի պայքարի մասին: Երկու գերտերությունների՝ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի արանքում կռվախնձոր դարձած հայ ժողովուրդը հուսահատ պայքար է մղում՝ պահպանելու իր անկախությունը: Մամիկոնյան գայլ Վահան զորավարը հրաժարվում է հայերին վերագրվող միամտության ու անմիտ բարության բարդույթից՝ որդեգրելով արիական նախնյաց պատգամները, այն է՝ հաղթողն է արդար: Գայլ Վահանին հաջողվում է պահպանել Տարոն աշխարհի անկախությունը: Նա սերունդներին կոչ ու պատգամ է թողնում՝ հառնե՛ք, Հայարիներ:

- «Անմահ բագիններն հայոց» – պատմավեպում իրադարձությունները ծավալվում են 4-րդ դարում Խոսրով Բ Կոտակ եւ Տիրան Արշակունի թագավորների կառավարման տարիներին:

Բարդ, հակասական շրջան է Հայոց պատմության մեջ. հայոց աշխարհը երկու գերտերությունների միջեւ է, հետեւում են Մծբինի դաշնադրությունն ու դրան հաջորդող քաղաքական հետեւանքները: Խոսվում է նաեւ նոր մտած կրոնի՝ քրիստոնեւության էթնոհոգեբանական, սոցիալական, քաղաքական անդրադարձերի մասին: Վեպում նկարագրված են Խոսրով թագավորի մեծագործությունները՝ Դվինի կառուցումը, Խոսրովակերտ ու Տաճար Մայրիի անտառների արարումը: Խոսրովին հաջորդում է Տիրան թագավորը: Նրա գահակալությունն ուղեկցվում է աշխարհիկ-հոգեւոր տերերի հակամարտության սաստկացմամբ: Հոգեւոր պատմիչները խեղաթյուրել են Տիրան թագավորի գործերն ու կերպարը: Նրան հանիրավի ներկայացրել են դաժան, կամակոր արքա-բռնակալ:

Ի վերջո՝ հակամարտությունը հասնում է գագաթնակետին. Տիրանը ի շահ գահի սպանել է տալիս Հուսիկ ու Դանիել կաթողիկոսներին: Տիրանը հայոց անկախությունը կապում է արիականության զարթոնքի հետ:

- «Թափառիկ հայեր» – այս հայերը բյուզանդացիներից ավելի բյուզանդացի էին, հռոմեացիներից՝ ավելի հռոմեացի… Այդպես եղել է ու կա նաեւ այսօր:

- «Հայոց գաղտնի ուխտ» – այստեղ նկարագրված դեպքերը ծավալվում են 14-րդ դարում, երբ Լենկ Թեմուրի հորդաները ներխուժեցին Հայաստան: Հայերը օրհասական ճիգեր էին գործադրում գոյատեւելու համար, երկու ճակատամարտում կարողացան պարտության մատնել հորդաներին:

- «Մանուել սպարապետ Հայոց» – պատմավեպը պատմում է, որ Հռոմեաց Վաղես կայսրը Հայոց Պապ թագավորի սպանությունը կազմակերպելուց հետո, Հայոց գահին նստեցրեց բախտախնդիր մի մարդու՝ Պապի եղբորորդուն՝ Վարազդատին: Եվ՝ թե ինչպես հայ նախարարները, Մանուել սպարապետի գլխավորությամբ կռվի ելան կայսեր խարդավանքների եւ պարսից հզոր բանակների դեմ:

Հաղթեցին եւ թագավոր օծեցին Պապի որդուն՝ Արշակ III-ին:

- «Մեծագործ մեղապարտը Հայոց» – վեպը 301թ. պատմական իրադարձությունների մասին է, երբ Տրդատ արքան եւ Պարթեւ Գրիգոր կաթողիկոսը քրիստոնեությունն «ընդունել» տվեցին Հայաստանում:

Պատմավեպում ներկայացվում է, թե ինչպես կործանվեցին Հայ Աստվածների մեհյանները, սակայն «քրիստոնեացած» Հայաստանում այդպես էլ չկարողացան ոչնչացնել հին Աստվածների պաշտամունքը, ինչը հետո էլ անթեղված մնաց հայոց հոգիներում:

Քուրմ Արմոգ

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։