Հաղթողի հոգեբանությա՞մբ

ՀՀԿ համագումարի օրը՝ դեկտեմբերի 15-ին կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ կունենա. նոյեմբերի 28-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ հանրապետականների, անկախ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումից, իրենք կարծում են, որ միակ «ֆավորիտային թեկնածուն Սերժ Սարգսյանն է», իսկ այլ կուսակցությունների սատարելու, չսատարելու հետ կապված առաջարկել են դիմել այդ կուսակցություններին: «Հավանական բոլոր թեկնածուներից ով էլ առաջադրվի, պայքարը գնալու է 2-րդ տեղի համար, դրանից ՀՀԿ ղեկավարի շանսերը բոլորովին չեն տուժի»,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Հանրապետականների համար միեւնույնն է, կլինի միասնական ճակատ, թե չի լինի, հաղթողը միայն գործող նախագահն է լինելու: Նրանց համար մշուշոտ է դեռ, թե ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը ինչպես է լինելու, ով է կարողանալու համապատասխանել թե՛ ձախերին, թե՛ աջերին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր ընդդիմադիր ուժեր նույնիսկ իրենց մեջ չեն կարող միասնական ճակատ ձեւավորել:

«Չեմ խոսում այլընտրանքային մեր գործընկերների մասին, ովքեր այս ամիսների ընթացքում փայլեցին անձնական կարծիքների բազմազանությամբ»,- ասել է Շարմազանովը, ով ընթացող քաղաքական կոնսուլտացիաները որակել է որպես «պլատոնական սիրախաղ», ինչը վերջին շրջանում բուռն զարգացում չի ապրել:
ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում քննարկվել են նաեւ հարցեր, որոնք վերաբերել են ներկուսակցական, համագումարի նախապատրաստական աշխատանքներին, ելույթներին, շտաբների ձեւավորման աշխատանքներին:

ՀՀԿ ԳՄ հերթական նիստին մասնակցել է նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նոր էր վերադարձել Լիբանանից:

Անի Մարության
Ընդդիմությունը ոչնչացնում է իր ներուժը

Ըստ մեր տեղեկատվության, ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչները սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ի վերջո, կհայտարարի, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաեւ միասնական մեկ թեկնածուով հանդես գալու հեռանկարը բոլորովին ՀԱԿ-ի մեծամասնության սրտով չէ եւ այդպիսի իրավիճակը փրկությոան պես մի բան կլինի նրանց համար:

Շատերն են պնդում, թե ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը կամ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վերջինիս ՀԱԿ-ի ներսում հիասթափվածները նայում են արդեն ինչպես «իրենց գլխին շեֆություն անողի», ինչը չեն պատրաստվում հանդուրժել:

Որոշ վերլուծաբաններ անգամ համարում են, թե ՀԱԿ-ը արդեն իսկ հայտնվել է քաղաքական աղբանոցում, քանի որ արտախորհրդարանական ուժ լինելով՝ ավելի արմատական քայլերի էր դիմում:

Սա գուցե նաեւ ՀՀ 1-ին նախագահն է կռահում եւ փորձում է ԲՀԿ-ի միջոցներով ու որոշակի խաղարկային թարմությամբ վերհառնեցնել ՀԱԿ-ը:

ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», ըստ ամենայնի, նկատեցին այս իրավիճակը եւ խույս են տալիս ինչպես ԲՀԿ-ից, այնպես էլ ՀԱԿ-ից: Դաշնակցականները կարծես կողմնորոշվել են եւ չեն գնա միասնական թեկնածու ընտրելու ճանապարհով, իսկ «Ժառանգություն»-ն էլ իր ղեկավարին է առաջադրում նախագահի թեկնածու:

Այս խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին են գործում եւ մտադիր են քաղաքական դաշտը իրենց տիրապետության տակ պահել: Ըստ պատգամավորի՝ սա երկուսի կողմից լավ մշակված ծրագիր է: Նրա համար ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ ընդիմություն:

Ընդդիմությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ բացակայում է փոխվստահությունը: Իսկ նախագահական ընտրություններն այլեւս սարերի հետեւում չեն:

Նարե Մշեցյան

ԱՄՆ-ի դեսպանը եւս պատրաստվում է

Հերթական «նախընտրական» հանդիպումն է անցկացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո, օրերս հանդիպում է եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Քննարկել են ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, նաեւ անդրադարձ է կատարվել ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.