Անհասկանալի ընտրախաղ՝ սիրախաղի օրենքներով

Նախագահական ընտրություններն առջեւում են, բայց հավանական թեկնածուներին զլմ-ներն արդեն անդրադառնում են:

ՀՀ-ում հեռարձակվող զլմ-ների կողմից ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012թ. հոկտեմբերի 1 – նոյեմբերի 20) ներկայացնելիս Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, 2013թ. ընտրություններից առաջ վիճակը բավականին այլ է, անորոշություն կա, քանի որ հստակեցված չէ, թե ովքեր են մասնակցելու նախագահական ընտրություններին: Նման անորոշությունն էլ իր ազդեցությունն է թողել նաեւ լրատվամիջոցների գործելակերպի վրա:

ԵՄԱ-ի մշտադիտարկումը «Աջակցություն Հայաստանում 2 ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում է՝ ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ: Մշտադիտարկումը 2 փուլով է. 1-ին փուլն ընդգրկում է այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահավածը, 2-րդ փուլն ընդգրկելու է պաշտոնական քարոզչության ժամանակահատվածը:

Այս տարվա հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում 2013թ. նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներ զլմ-ներով հիշատակվել են 33 քաղաքական գործիչներ: Առավել հաճախ՝ 378 անգամ հիշատակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը:

Հետազոտության օբյեկտ են 6 համազգային հեռուստաալիքներ՝ Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, նաեւ մայրաքաղաքային հեռուստաալիք «Արմնյուզ»-ը, ինչպեսեւ՝ Հանրային ռադիոն եւ «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:

Մշտադիտարկման համաձայն, հայաստանյան հեռարձակվողների ուշադրության կենտրոնում են հայտնվել 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: «Օրինաց երկիր» կուսակցությունը զգալիորեն քիչ ուշադրության է արժանացել: Կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը բացատրվում է կուսակցությունների նախընտրական գործելակերպում ինտրիգների անակնկալ աստիճանով: Իսկ նախընտրական բանավեճերն առայժմ առաջնային չեն հետազոտվող զլմ-ների մեծ մասում, իհարկե որոշակի բացառություններ կան:

Իսկ քաղաքական բանակցությունները որոշ ուժեր շարունակում են, եւ սա նույնպես դանդաղեցնում է նախագահի թեկնածուների «հայտնաբերումը»: Հատկապես ԲՀԿ-ն շարունակում է իր «քաղաքական կոնսուլտացիաները», որն ամփոփելու մասին դեռ խոսք չկա, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հաճախ է բացակայում հանրապետությունից:

Նույնը չի կարելի ասել ՀՅԴ-ի մասին, որն արդեն իր նախաձեռնությունն ավարտված է համարում: Դաշնակցականները ամփոփել են նախաձեռնած «քաղաքական կոնսուլտացիաների» արդյունքները, բացի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ն հանդիպել է խորհրդարանական մյուս բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: Այժմ քննարկվում է, թե ինչ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալու: ՀՅԴ-ն նախնական որոշում ունի դեկտեմբերի սկզբներին քննարկումներ անցկացնելու, որին կմասնակցեն նաեւ լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հատկապես ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին խոսում են որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակից ուժերի, եւ հետզհետե լուրեր են սպրդում, թե գործող եւ նախկին նախագահների համաձայնությունը այս քաղաքական ուժերին կմղի դեպի իրականություն եւ նրանք կսատարեն նախագահ Սարգսյանին:

Տեսակետ կա նաեւ, թե ԲՀԿ-ն իր առանձին թեկնածուն եթե ունենա, ապա միայն 2-րդ տեղում հայտնվելու համար, եւ որպես 2-րդ քաղաքական ուժ՝ նախագահական հերթական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակն ընդունելու եւ շնորհավորելու նպատակով: Սա նաեւ կկանխի հավանական զանգվածային հանրահավաքների հնարավորությունը: Ինչեւէ, սա դեռ չքննարկվող տարբերակներից է:

Արդեն լուրեր են սպրդել, թե ՀՅԴ-ն դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Ծառուկյանը:

Ըստ այդ լուրերի, դաշնակցականները որոշ ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սարգսյանի հետ, եւ իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին»: Հետաքրքիր է, որ մեր աղբյուրների, նույնպիսի տեսակետներ են արտահայտում նաեւ ՀՅԴ-ի մարզային կառույցների անդամները: Իսկ կուսակցության պատասխանատուները հերքում են, նշում, թե որեւէ տեսակետ չկա դեռ ընդունված:

Որոշ դաշնակցական գործիչներ էլ, նաեւ արտերկրում հաստատված, հայտնում են, թե Սերժ Սարգսյանի կողմից իրենց առաջարկ է արվել վերադառնալ Հայաստան եւ ընտրություններից հետո պաշտոններ զբաղեցնել, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ՀՅԴ-ում քննարկվում է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը: Օրինակ է բերվում արցախյան նախադեպը, ինչպես եղավ Արթուր Աղաբեկյանի դեպքում, ով ընդգրկվեց Արցախի կառավարության կազմում:

Խորհրդարանական ուժերից առայժմ հայտնի են միայն ՀՀԿ-ի (Սերժ Սարգսյան) եւ «Ժառանգության» (Րաֆֆի Հովհաննիսյան) մտադրությունները: ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պես դեռ տոգորումների մեջ են «Ազատ դեմոկրատներ»-ը, որ քննարկում է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի թեկնածությունն առաջադրելու հարցը եւ ՀԱԿ-ը, որտեղ չեն կարողանում կողմնորոշվել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով:

Այս չկողմնորոշվելու հանգամանքը անգամ տարօրինակ է դարձրել որոշ կոնգրեսականների:

Զորօրինակ՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտնել է, թե՝ «ոչ մի սցենար պետք չէ բացառել, նույնիսկ ասեմ, որ կարող է Սերժ Սարգսյանն էլ չառաջադրվի: Սա իմ ենթադրությունն է, որի համար հիմք են ծառայում այն փաստերը, իրավիճակները, որոնք առկա են այժմ՝ 2013թ. բյուջեն»:

Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք հաջորդիվ, ապա 2013թ. բյուջեի հաստատումից հետո կընտրվի նաեւ Սերժ Սարգսյանը:

Ամեն դեպքում ՀԱԿ-ում հակված են սեփական թեկնածու ունենալ, ոչ թե պաշտպանել Գագիկ Ծառուկյանին կամ այլ մեկին: Արդեն առաջադրման պատրաստ են ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Արտախորհրդարանական ուժերից եւս կան ու դեռ կլինեն թեկնածուներ եւ առաջիկայում ավելի ամբողջական կարելի է խոսել թեկնածուների մասին:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.