Ռուսաստանն այս անգամ նույնպես հաջողեց Թուրքիայի ձեռքով Եվրոպայի գլխին խաղ խաղալով

Թուրքիան այլեւս հետաքրքրված չէ «Նաբուկո» գազատարով եւ շահագրգիռ է «Trans Anadolu» (TANAP-«Տրանսանատոլիական») գազատարի նախագծով: Ավելին՝ Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը շեշտել է, թե «Նաբուկո»-ից ավելի կենսունակ է մեկ այլ նախագիծ՝ AGRI-ն (Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա – անգլերեն հապավումը): «Տրանսանատոլիական գազատար»-ով, ըստ էության, փաստվում է, որ Անկարան այս տարիների ընթացքում «Նաբուկո»-ով մատների վրա է խաղացրել Եվրոպային: Եվրոպան, անշուշտ, էշի ականջում քնած չէ, պարզապես նա էլ «Նաբուկո»-ով քաղաքական հարց է լուծում՝ Ռուսաստանին հասկացնելով, թե կարող է նրանից ավելի թույլ էներգետիկ կախվածություն ունենալ: Ռուսաստանն էլ է հասկանում սա, բայց այս խաղում հաղթաթուղթը վերջնականապես նրա ձեռքին հայտնվեց. արդեն հայտարարվել է, որ դեկտեմբերի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Հարավային հոսք»-ի շինարարությունը մեկնարկում է: Հիշեցնենք, որ «Հարվային հոսք»-ը «Նաբուկո»-ի մրցակից գազատարն էր: Այլեւս՝ է, եւ՝ առանց մրցակցության, քանզի այս ծրագիրը կյանքի կոչվեց, իսկ «Նաբուկո»-ն դեռ ընդամենը… խոսվում է:

«Նաբուկո»-ի տապալումը այսպես թե այնպես մեզ ձեռնտու է, քանզի սա քաղաքական ծրագիր էր ի սկզբանե, տնտեսապես ոչ ձեռնտու եւ նաեւ միտված էր Հայաստանը մեկ անգամ եւս մեկուսացնելուն ու Թուրքիայի կողմից «Նաբուկո»-ի հաշվին տարանցիկ մեծ փողեր աշխատելուն, տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնելուն: Չմոռանանք՝ պահ եղավ, որ Թուրքիան Եվրոպային խոստանում էր գազատարը կյանքի կոչել «Նաբուկո՝ Ղարաբաղի դիմաց» կարգախոսը գործի դնելուց հետո միայն: Եվրոպան ընկրկեց, բայց ոչ այն պատճառով, որ ափսոսաց Արցախը, այլ՝ որովհետեւ զգուշացավ քաղաքական վտանգավոր ծավալումներից. Եվրոպան պարզապես վստահ էր, որ Հայաստանը չի լռելու ու թղթե շերեփը չէ, որ թափ է տալու:

Ինչեւէ, Թուրքիան այսքանից հետո շարունակում է խաղալ, եւ ասում է, որ Ադրբեջանը կարող է լցնել եւ՛ Տրանսանատոլիական գազատարը եւ «Նաբուկո»-ն: Ադրբեջանը չի խոսում:

Պատճառը պարզ է. սա արդյունահանման հետ կապված խնդիրներ ունի, եղած գազն էլ շուկայականից թանկ վաճառում է Ռուսաստանին: Կրեմլն ինքն է Բաքվին նման՝ ոչ շուկայական առաջարկ արել՝ քաղաքական խնդիր լուծելու նկատառումով:

Այդ խնդիրն այլեւս լուծված է, քանզի «Նաբուկո»-ն դեռ օդի մեջ է, իսկ «Հարավային հոսք»-ի շինարարությունը, ինչպես ասացինք, շուտով կսկսվի:

Այսքանից հետո ինչպե՞ս է կարողանում խաղալ Անկարան: Բանն այն է, որ նա այս անգամ էլ գործի է դրել «Նաբուկո»-ի թարմացված տարբերակը: Թուրքիան Եվրոպային համոզում է, որ ընդհանրապես «Նաբոկո ուեսթ»-ը տնտեսապես ավելի կենսունակ է, քանի որ ավել կարճ է, հետեւաբար՝ պակաս ծախսատար, ուստի կարող է ֆինանսավորում ստանալ հենց եվրոպական բանկերից: «Նաբուկո» կոնսորցիումի մամլո խոսնակ Քրիստիան Դոլեզալը Բաքվում ասել է, թե հնարավոր է ծրագիրը վարկավորում ստանա Ենթակառուցվածքների եւ զարգացման եվրոպական բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Միջազգային ֆինանսական կորպորացիայից: Բայց թե երբ, որոշակի չի նշվել: «Համենայնդեպս, մենք մի քանի քայլ առաջ ենք գնացել բանկերի հետ բանակցություններում»,-ասել է «Նաբուկո» կոնսորցիումի մամլո խոսնակը: Ի դեպ, վերջինս չի պատասխանել նաեւ այն հարցերին, թե գոնե մոտավորապես (եթե, իհարկե, բանակցություններում մի քանի քայլ առաջ են գնացել) երբ կկայացվի «Նաբուկո»-ին տրամադրվելիք գումարի վերջնական ժամկետի ու չափի որոշումը, քանզի այդ ամենը պայմանավորված կլինի «Նաբոկո ուեսթ»-ի երկարությամբ: «Նաբուկո»-ի ծրագիրը թարմացվել է, բայց, չգիտես ինչու, ֆինանսավորման սխեման չի փոխվել. նախագծի 30 տոկոսը կֆինանսավորեն մասնակիցները, իսկ 70 տոկոսը կլինի վարկատուների հաշվին:

Փոխվել է նաեւ գազատարի հզորությունը. խողովակաշարը կնեղանա եւ նախկինում որոշված՝ 31 մլրդ խմ գազի փոխարեն կտեղափոխի 23 մլրդ խմ: «Նաբուկո ուեսթ»-ը կլցնի ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրը: Հիշեցնենք՝ սա այն հանքավայրն է, որը արդյունահանման հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի եւ որից մի ժամանակ դժգոհել էին նաեւ «Բրիթիշ փեթրոլիում»-ը եւ նորվեգական «Սթեթօյլ»-ը:

Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հենց Անկարան «Նաբուկո»-ի թարմացված տարբերակն էլ ձախողի, գործի կդնի AGRI-ն, որովհետեւ Եվրոպային այսպես թե այնպես, Իրանի հանդեպ միջազգային սանկցիաներից եւ Իրաքի անկայուն վիճակից հետո ռուսական «Գազպրոմից» կախվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է լինում մշտապես քաղաքական խնդիր լուծել (ինչը եւ անում է Թուրքիան): Ինչի մասին, ի միջի այլոց, արդեն բարձրաձայնում են ֆրանսիական ու գերմանական լրատվամիջոցները:

Հավելենք, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների, «Տրանսանատոլիական գազատարի» կառուցումը կարժենա 5 մլրդ դոլար: Նախագիծը կյանքի կկոչվի առաջիկա 5 տարիներին£ Գազատարի կառուցման վերաբերյալ ստեղծվելիք կոնսորցիումի 20 տոկոսը բաժին է ընկնելու թուրքական BOTAS եւ TPAO ընկերություններին, իսկ 80 տոկոսը՝ ադրբեջանական SOCAR-ին£ Այսինքն՝ բուն թյուրքական ընկերություն եւ շահույթն էլ՝ զուտ թյուրքական նպատակների համար: Ի դեպ, նույն BOTAS-ը «Նաբուկո»-ի մասնակիցներից էր նաեւ՝ 16,67 տոկոս մասնաբաժնով: «TANAP»-ի ծրագրի համաձայն, Ադրբեջանը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ կտեղափոխի Թուրքիա, որից 6 մլրդ-ը Թուրքիան իր սեփական կարիքների համար կօգտագործի, իսկ մնացածը կարտահանի եվրոպական շուկա: «Նաբուկո»-ի մասնակիցներն են ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz- ը, ռումինական Transgaz- ը, թուրքական Botas-ը, գերմանական RWE- ն, որոնցից յուրաքանչյուրի մասնաբաժինը 16,67 տոկոս է: Botas-ն արդեն գնում է դեպի TANAP, իսկ գերմանական RWE-ն հնարավոր է շուտով դուրս գա «Նաբուկո» կոնսորցիումից: Հունգարական MOL-ը սրտատրոփ սպասում է Անկարայի հրահանգներին:

Աստղինե Քարամյան

* * *

Ռուս-թուրքական՝ այս անգամ էներգետիկ եղբայրություն

Թուրքիան թույլտվություն է տվել «Հարավային հոսք» գազամուղի շինարարության համար:

Ի պատասխան՝ Պուտինը հավաստիացրել է, թե ռուսական կառավարությունը շարունակելու է պաշտպանել ռուս-թուրքական նախագծերը եւ նախաձեռնությունները էներգետիկայի ոլորտում:

«Հարավային հոսք» գազատարն անցնում է Սեւ եւ Ադրիատիկ ծովերի հատակով եւ մի շարք եվրոպական պետությունների տարածքով: Արդեն դեկտեմբերի սկզբներին «Գազպրոմ»-ը սկսում է գազամուղի ծովային ուղեմասի շինարարությունը:

Ըստ բրիտանական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակող ընկերության փորձագետների տվյալների՝ աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 20,4 մլրդ դոլար: 50%-ը կֆինանսավորի «Գազպրոմ»-ը, 20%-ը՝ իտալական Eni-ն, 15-ական %-ը՝ գերմանական Wintershall-ը եւ ֆրանսիական EDF-ն:

Նախագծի ցամաքային հատվածը Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Հորվաթիայի եւ Ավստրիայի տարածքներով իրականացնելու համար արդեն իսկ ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր: Գազամուղով առաջին հոսքը նախատեսված է 2015թ. վերջին:

Չէ՜, Եվրոպան հազիվ թե կարողանա էներգետիկ ոլորտում դուրս պրծնել ռուսական ճանկերից:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.