Մեր կամքն է մեր զենքը

Եվրա-ամերիկյան տկարամիտ երկակիությունը եւ ռուսական ապերախտ ռազմընկերությունը չպե՛տք է սասանեն հայկական շահերն ու նպատակները, չպե՛տք է վտանգեն հայոց հողահավաքի ու ազգահավաքի ծրագիրը

 

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ամբողջ աշխարհում է այլեւս անհանգստություն առաջացնում: Այդ անհանգստությունների թվում նաեւ արցախյան հիմնախնդիրն է: Չնայած սիրիական լարված ու զինված հակամարտության առկայությանը եւ իրանական հնարավոր ծավալումներին, այնուամենայնիվ, տարածաշրջանային լուրջ հարց է դիտարկվում արցախյան հակամարտությունը: ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին հայտնել է, որ ռազմական գործողությունները չեն կարող լուծել ԼՂ հիմնախնդիրը, հատկապես, երբ այժմ տարածաշրջանում վիճակը արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

«Իրավիճակը տարածաշրջանում շատ լուրջ է: Վերջին ժամանակներս լարվածությունն աճել է, եւ Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հարցը նպաստել են անվստահության մթնոլորտի հետագա խորացմանը: Ռազմական հռետորությունը ավելի ու ավելի հաճախ է կիրառվում եւ կարեւոր է անել ամեն բան, որպեսզի այն չվերաճի բռնի գործողությունների, որոնց կարող են հետեւել պատասխան գործողություններ: Այս հակամարտությունը չի լուծվի ռազմական ճանապարհով, եւ ես սա ասում եմ որպես ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության հատուկ ներկայացուցիչ»,- ասել է դեսպան Մերֆին՝ համապատկերում հիշեցնելով, որ Իռլանդիան երկար տարիներ արյունալի հակամարտության վկա է եղել: Իսկ ռազմական գործողությունները անկանխատեսելի հետեւանքներ կունենան ու էլ ավելի կխորացնեն հակամարտությունը եւ կբազմապատկեն այն դժվարությունները, որոնց բախվում է տարածաշրջանի բնակչությունը. կարծում են եվրոպական դիվանագետները: Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրված Հելսինկյան ամփոփիչ ակտը պարունակում է կարեւորագույն դրույթներ, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը: Կա նաեւ կողմերի միջեւ 1994թ. ստորագրված հրադադարի մասին համաձայնագիր եւ, ըստ եվրոպական դիվանագետների, այդ պարտավորությունների խստիվ կատարումն արդեն զգալի ներդրում կլիներ տեղերում անվտանգության վերականգնման գործընթացում:

ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչը շատ է կարեւորել այնպիսի մեխանիզմի առկայությունը, որի շնորհիվ հակամարտության գոտու հրամանատարները պարբերաբար կհավաքվեն ու կքննարկեն կողմերին անհանգստացնող հարցերը, ինչպիսիք են կրակոցները, զորքերի տեղաշարժը, անօդաչու թռչող սարքերի թռիչքները եւ այլ գործոններ, որոնք նպաստում են զինվորների համար վտանգավոր իրավիճակների ստեղծմանը:

Սակայն եվրա-ամերիկյան գործիչները միշտ աչք են փակում այն իրականության վրա, որ հրադադարի խախտումները պարբերաբար մի կողմից են կատարվում, եւ դա Ադրբեջանն է: Իսկ նրանց հայտարարությունները այնպիսի բնույթ ունեն, կարծես Հայաստանը եւս խախտող կողմ է: Եվ հենց այսպիսի տկարամիտ ու անպատասխանատու հայտարարություններն էլ ապակայունացման գործոն են դառնում, քանզի Բաքուն արդեն համոզված է, որ ինչ խախտում էլ կատարի՝ մեղադրանքը երկկողմանի է լինելու:

Ինչ մնում է եռանախագահներից ռուսաստանյան կողմին, որը նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում, ապա դարեդար չի փոխվում այս կողմի անվստահելի ու ապերախտ քաղաքականությունը. այս դաշնակիցը պատրաստ է փոխել իր դաշնակցին ամեն պահի…

Վերջին ամիսներին Մոսկվան նորից սիրախաղեր է սկսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանից պահանջում է լքել Եվրոպական Միությունը՝ Եվրասիական չկայացած ու անհայտ Միություն մտնելու համար: Անգամ Հայկական ատոմակայանը (թե գործող, թե նախատեսվող) ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դարձան հայ-ռուսական հարաբերությունների պարզաբանումների թեմա, ինչը պարզապես ծիծաղելի է ռազմավարական դաշնակիցների պարագայում: Ռուսաստանը նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական ավելի մեծ ծրագրեր է նախատեսում (ավելին՝ որոշ մեծածավալ ծրագրեր արդեն գործում են) իրականացնել, քան Հայաստանի հետ:

Այժմ էլ «Ռոստվերտոլ» ընկերությունը ավարտել է «Մի-35Մ» ուղղաթիռների ադրբեջանական պատվերի հերթական 4 մեքենաների արտադրությունը եւ ուղարկել Ադրբեջան: Ադրբեջանի գնած 24 ուղղաթիռների մատակարարումը Մոսկվան սկսել էր

դեռ նախորդ դեկտեմբերից:

Ոմանք սա փորձում են հիմնավորել քաղաքական տեսանկյունից, իբր Ռուսաստանից զենք գնելով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ իրենք էլ բավականին լավ, ռազմավարական կապեր ունեն: Եթե անգամ դա այդպես է, ապա, ի վերջո, այդ ուղղաթիռները (եւ այլ զենքերն ու զինտեխնիկան եւս) կիրառվելու են հայկական կողմի դեմ, ու սա չհասկանալ հնարավոր չէ:

Ոմանք էլ պնդում են, թե Ռուսաստանը Ադրբեջանին պարբերաբար զենք է վաճառում, եւ սա նոր բան չէ, ու մենք հենց այդ ապերախտ ռազմընկերության մասին էլ խոսում ենք: Պնդումներ կան, որ նավթաարդյունահանման անկման պատճառով Ադրբեջանը կարիք ունի Ռուսաստանի հետ գործընկերության, ինչը եւս պետք է մտահոգի պաշտոնական Երեւանին, քանզի կարող ենք նոր «Կարսի անկում» արձանագրել, եթե զգոն չլինենք…

Եվ իզուր չէ, որ ռուսամետ հայ գործիչներից ոմանք փորձում են Ադրբեջանի օրինակով Մինսկի խմբին մեռած համարել: Սա Անկարայի եւ Բաքվի ծրագիրն է, ու եթե Մոսկվան եւս ջուր լցնի այս ջրաղացին, ուրեմն՝ նոր «Կարսի անկումը» կանխել է պետք:

Իհարկե, Երեւանն ու Ստեփանակերտը պետք է կտրուկ արձագանքեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի առանց գործուն միջոցների ներդրման խաղաղության պարտադրմանը, որը եւս կարող է խախտվել ամեն վայրկյան, քանզի Բաքուն անպատժելիության համն առել է:

Իսկ ՀՀ վարչապետը շտապել է հայտարարել, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ չլուծվող խնդիրներ չկան: Տիգրան Սարգսյանի՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասվում է, թե ՌԴ եւ ՀՀ իշխանությունների միջեւ գոյություն չունի որեւէ թյուրըմբռնում կամ չլուծվող խնդիր. «Մենք խնդիրներ չունենք Ռուսաստանի հետ: Եթե խնդիրներ են ծագում, ապա դրանք լուծվում են աշխատանքային ընթացակարգով: Պարտքի հետ կապված նույնպես մենք որեւէ խնդիր չունենք: Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը համարվում է միջինից ցածր, եւ մենք 100 տոկոսով իրականացնում ենք արտաքին պարտքի մարման բոլոր պարտավորությունները»:

Պարտք ասվեց, հիշեցինք «գույք՝ պարտքի դիմաց»-ը ու «հասկացանք», որ «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ չլուծվող խնդիրներ չկան»: Ռուսաստանը չլուծվող խնդիրներ ունենում է աֆրիկյան ինչ-որ պետությունների հետ, դրա համար էլ վերջիններիս զիջում է հարյուրավոր միլիոնների պարտքերը, իսկ մեր վզին ոչ գրական, բայց ժողովրդական լեզվով ասած՝ բառացիորեն դրել ու դնում է:

Իսկ ՀՀ վարչապետի գաղափարական հարցազրույցը պետք է առավելապես ռուսաստանյան կողմին հուզի. «Ռազմավարական գործընկերային հարաբերությունները ենթադրում են, որ նման համագործակցության հիմքում ընկած են ոչ թե օգուտների, այլ ընդհանուր արժեքների հասկացությունը, այսինքն՝ միասնական մոտեցումը մեր ընդհանուր ապագայի եւ անցյալի վերաբերյալ: Եթե ռազմավարական գործընկերային հարաբերությունները կառուցվեն միայն շահերի վրա, ապա դժվար է նրանց ռազմավարական անվանում տալը: Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները չեն կառուցվում միայն շահերի վրա»:

Բա ուրիշ էլ ինչի՞ վրա.- կմանրամասնի՞ վարչապետը…

Երբ Մոսկվան հաճախ է Երեւանին, Բաքվին ու Անկարային դնում նույն կշեռքի նժարին, երբ աշխարհի ամենակորած երկրների ֆինանսական մեծ պարտքերն է նրանց նվիրաբերում, իսկ Հայաստանում դրա դիմաց բռնագրավում է իրականացնում, երբ Արցախի անկախության ճանաչումը դարձրել է հայ-ադրբեջանական հարցերում ռուսական գերակայության հաղթաթուղթ, երբ Հայաստանին եւ Իրանին տնտեսական համագործակցության միջազգային առանցք դարձնելու փոխարեն՝ Թուրքիային եւ Ադրբեջանին է կրկին խաղացնում, երբ տարածաշրջանային հարցերում կարելի է հայկական հարցը «Նոր Մերձավոր Արեւելք»-ի թեմա դարձնել, բայց արեւմտյան խաղերի օրինակով «Քուրդիստան» գոյություն չունեցած պետության ստեղծումն են շահարկում… (առայժմ այսքանը):

Հայկ Թորգոմյան
ՆԱՏՕ-ն մերժում է Ադրբեջանի առաջարկը

Քարոզչական նպատակներով ադրբեջանական զլմ-ներում նոր լուրեր են շրջանառվում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավման մասին: Նշվում է, թե Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու նպատակով Բաքուն դիմել է ՆԱՏՕ-ին:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն էլ հայտարարել է, թե Թուրքիան պաշտոնապես կդիմի ՆԱՏՕ-ին՝ «Պատրիոտ» հրթիռային համալիրը տրամադրելու խնդրանքով, որը Սիրիայից սպասվող վտանգը կանխելու նպատակով կտեղակայվի սահմանի ամբողջ երկայնքով: Գուցե սա ընդօրինակելով էլ ադրբեջանական կողմն աղմկում է, թե իրենց երկիրն էլ է դիմել ՆԱՏՕ-ին:

Եթե Անկարայի խնդրանքը տրամաբանական է, քանզի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-պետություն է եւ լարված հարաբերություններ ունի Սիրիայի հետ, ապա Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ, ՆԱՏՕ-ն էլ զգուշավոր է ընդհանրապես Հարավային Կովկասում ավելորդ ռազմական ներկայության առումով, եւ նոր տարաձայնություններ չի փնտրում Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ում շատ լավ հասկանում են, որ եթե արցախյան հակամարտության հետ կապված վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա ԼՂՀ բանակի առաջնահերթ թիրախը լինելու է Ադրբեջանի նավթա-գազային ենթակառուցվածքը, եւ պատերազմի առաջին իսկ օրերին այդ ուղղությամբ հրթիռային ու հրետանային հարվածներ կուղղվեն: Ուստի, չի ցանկանա ինչ-որ ձեւով ներգրավված լինել այս հակամարտությունում:

Որոշ ռուսական զլմ-ների պնդմամբ, ՆԱՏՕ-ից տեղեկացրել են, որ ադրբեջանական առաջարկները վերաբերում են խողովակաշարերի ֆիզիկական անվտանգության ապահովմանը: Ադրբեջանը, հիմք ընդունելով Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարերի եւ էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները, ՆԱՏՕ-ից համապատասխան տեխնիկական եւ տեխնոլոգիական աջակցություն է ակնկալում: Թեեւ «ՆԱՏՕ-ն գործընկեր պետությունների հետ չունի կոնկրետ ծրագրեր էներգետիկ ենթակառուցվածքների ֆիզիկական անվտանգության ապահովման վերաբերյալ, բայց դաշինքի անդամները կարող են քննարկել եւ գնահատել էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված այդ առաջարկները»,- հայտարարել են ՆԱՏՕ-ի մասնագետները: Ադրբեջանից Թուրքիա եւ Վրաստան ձգվում են Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Բացի այդ, ավելի փոքր հզորության նավթամուղ հասնում է Սեւ ծովի ափին գտնվող վրացական Սուպսա գյուղ: Թուրքիայի տարածք հասնող գազամուղն ու նավթամուղը տարբեր ժամանակներում պայթեցվել են, որոնք, թուրքական պաշտոնական տեղեկությունների համաձայն, իրականացվել են քրդերի կողմից:

Իսկ նոյեմբերի սկզբներին ՀՀ-ում մեկնարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում: Համագործակցային անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ են եղել, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վստահ ենք՝ այս հարաբերությունները թույլ չեն տա Ադրբեջանին՝ սադրանքների միջոցով մի նոր պղտոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում:
Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։