Կռտածները, որոնք եզ դառնալուն չեն ձգում

Մեկ ամսից էլ շատ է, որ բնապահպան-ակտիվիստները բողոքում են, որ Գառնու ձորի տարածքում «Քարերի սիմֆոնիա»-ի նկատմամբ դարձյալ ոտնձգություն է արվել:

Կրկին, հերթական անգամ, դարձյալ ու անընդհատ՝ շարունակաբար: Ոտնձգություն ասվածը մեղմ է ասված: Անասունները կտրում են վեցանկյուն բազալտե քարերը (աշխարհում համարյա եզակի) ու տանում սեփական ջհանդամները:

Ոչ, քաղաքավարության կանոնները չեմ շրջանցում, էթիկայի ոչ մի խախտում էլ թույլ չեմ տալիս, պարզապես առարկաներն իրենց անունով եմ կոչում:

Ուրեմն եւ՝ չորքոտանի մարդանմանները փչացնում են բնության հուշարձանը, իսկ այդ չորքոտանիների հովանավոր կռտածները, որոնք եզ դառնալուն էլ չեն ձգում, «կորցնում» են քարերը:

Խնդիրը տարիների պատմություն ունի: Ցայսօր պատժվող չկա:

Բնապահպան-ակտիվիստները հարց են տալիս՝ ո՞ւմ հերթական առանձնատունն է կառուցվում հայ ժողովրդի հանրային սեփականության՝ չնաշխարհիկ Գառնու «Քարերի սիմֆոնիա»-ի քարերի հաշվին:

Ո՞վ է հովանավորում եւ կոծկում տվյալ տարածքում կատարվող հանցագործությունը, ինչո՞ւ ոստիկանության տարածքային բաժինը քայլեր չի ձեռնարկում կատարվածը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ կամ ի՞նչ ընթացքում է այն գտնվում, որեւէ տեղեկություն մինչեւ օրս չկա, իսկ վանդալիզմը նշյալ տարածքում շարունակվում է:

Գառնու համայնքի ղեկավարը վստահեցրել է բնապահպան-ակտիվիստներին, որ ինքը կատարվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունք, սակայն դեռեւս պատասխան չի ստացել:

Այ, Գառնու համայնքի ղեկավարի պատմությունը լրիվ ուրիշ պատմություն է, հատկապես երբ խոսքը նշված հուշարձանին է վերաբերում, ինչի մասին առիթով կխոսենք, բայց դեռ տարիներ առաջ հուշարձանի նկատմամբ վանդալիզմը հաստատող լուսանկարներ տպագրեցի «Հայաստանի Հանրապետություն»-ում, եւ թե ինչ ընթացք տվեցին դրան պատկան մարմինները, կներկայացնեմ հաջորդիվ, ինչը, կարծում եմ, կօգնի բնապահպաններին՝ կողմնորոշվելու հարցում:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։