Նախընտրական հակասեմիտիզմ

Հունգարացի քաղաքական գործիչը պահանջել է իշխանության մեջ գտնվող հրեաների ցուցակներ կազմել

Ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Դյենդյեշին կոչ է արել երկրի կառավարությանը՝ «Հանուն լավ Հունգարիայի» կազմել իշխանության մեջ գտնվող բոլոր հրեաների ցուցակները, որոնք, նրա խոսքով՝ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից:

Այս մասին հայտնել է «Reuters»-ը՝ նշելով, որ այսպես քաղաքական գործիչը պատասխանում է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնյի կողմից Իսրայելի եւ «Համաս»-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության ողջույնին:

Ինչպես գրում է պարբերականը, արտգործնախարարի հայտարարությունից հետո ազգայնական գործիչը փորձել է կապ տեսնել խորհրդարանում եւ կառավարությունում հրեաների քանակի ու իսրայելամետ քաղաքականության միջեւ:

Այնուհետեւ, ըստ ամենայնի միջազգային արձագանքներով պայմանավորված, հունգարացին պարզաբանել է, որ նկատի ուներ միայն Իսրայելի եւ Հունգարիայի երկքաղաքացիություն ունեցող անձանց:

Իսկ հունգարացի ազգայնականի քաղաքական հակառակորդները նրա «հակասեմիտական եւ հակագնչուական նման հայտարարությունները համարում են պոպուլիստական»:

Հակառակորդների կարծիքով՝ այս ձեւով Մարտոն Դյենդյեշին արդեն նախապատրա-ստվում է 2014թ. ընտրություններին:
Կարեն Բալյան
Մերձավոր Արեւելքը՝ վերաձեւման ճանապարհին

Երբ Երուսաղեմի ուղղությամբ երկու հրթիռ արձակվեց, հասկանալի էր, որ տարածաշրջանի մի հակամարտություն եւս բորբոքվում է: Թե ինչ նպատակով եւ ում կողմից, կրկին կարծիքները կիսվեցին: Վերլուծաբանների մի մասը պնդում է, որ Իսրայելին բոլորովին ձեռնտու չէ Սիրիայի հակամարտությանը զուգահեռել իսրայելա-պաղեստինյանով: Եվ կարծում են, որ «Համաս»-ի այդ քայլը համաձայնեցված էր պաշտոնական Թեհրանի եւ «Հեզբալլահ»-ի առաջնորդների հետ: Այսպիսով՝ Իրանը փորձում է ցույց տալ, որ Սիրիա՝ միջազգային կամ որեւէ այլ ուժի ներխուժման դեպքում մի նոր հակամարտություն կբռնկվի տարածաշրջանում, ինչը հաստատ հրեաներին ի վնաս կլինի: Սա էլ նշանակում է՝ Արեւմուտքը չի համարձակվի կտրուկ քայլերի գնալ:

Երուսաղեմում, իհարկե, արագ գործադրվել է հակաօդային պաշտպանության ազդանշանը, իսկ «Համաս»-ի ռազմական թեւից չեն հերքել, որ քաղաքի ուղղությամբ բաց է թողնվել «Կասսամ» տեսակի 2 հրթիռ: «Ֆաթհ» կազմակերպության եւ Պաղեստինի վարչակարգի ղեկավար կազմի կողմից դեռեւս կտրուկ արձագանքներ չկան: Հնարավոր է՝ նրանք սպասում են ՄԱԿ-ի որոշմանը՝ Պաղեստինի կարգավիճակի հարցում: Իսկ Իսրայելի բանակային ուժերը պատասխան հարվածով ոչնչացրել են Գազայի գոտում «Համաս»-ը ներկայացնող պաղեստինցիների վարչապետի շենքը: Հարվածել են ավելի քան 200 թիրախի, այդ թվում՝ Գազայի ու Եգիպտոսի միջեւ ընկած Ռաֆահի թունելը եւ ստորգետնյա հրթիռային կայանքներ: Իսրայելը նաեւ փակել է Գազայի գոտու շուրջ գլխավոր բոլոր ճանապարհները, ինչը նշանակում է, որ կարող է ցամաքային հարձակում սկսել ընդդեմ պաղեստինյան այս հատվածի, ինչն էլ ի վերջո կարող է վերածվել պատերազմի: Այս ռմբակոծությունների հետեւանքով Գազայի գոտում եւ Իսրայելում տասնյակ մարդիկ են զոհվել:

Գազայի գոտի է այցելել Թունիսի ԱԳ նախարար Ռաֆիկ Աբդեսլեմը, որը երկրորդ նման մակարդակի այցն է այս շրջան՝ Եգիպտոսի վարչապետ Հեշամ Քանդիլի այցից հետո: Իրադրությունը քննարկելու նպատակով Իսրայելի վարչապետին է զանգահարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Օբամային՝ հակահրթիռային պաշտպանության կայանքներ տրամադրելու համար, «որոնք մեծապես պաշտպանել են Իսրայելին «Համաս»-ի հարձակումներից»:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով հնարավոր է, որ խախտվի նաեւ Երեւան-Թել-Ավիվ-Երեւան չվերթի պարբերականությունը, ինչը կարող է վտանգել նաեւ ուղեւորության մեկնած հայերի վերադարձին, չնայած, ըստ տոմսերի վաճառքի հաշվետվության, քանակային առումով նվազում չի նկատվել, եւ հայաստանահայերը կարծես չեն հավատում իսրայելա-պաղեստինյան պատերազմի վերսկսմանը: Բայց պետք է զգուշացնենք, որ Իսրայելը գործողությունները շարունակում է Պաղեստինի «Համաս» եւ «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների գրոհայինների դեմ, ինչին ի պատասխան կարող է վերստին հրթիռակոծվել Իսրայելի տարածքը, նաեւ խիտ բնակեցված Թել-Ավիվը: Իսրայելի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը անգամ չի բացառում ցամաքային հարձակման հնարավորությունը: Գազայի հատվածի սահման է բերվել զրահատեխնիկա եւ այլ ռազմական հզորություններ:

Նոյեմբերի 14-21-ն իսրայելական զինուժը Գազայի գոտում իրականացրեց «Ամպամած սյուն» անվանակոչված ռազմական գործողությունը, որի նպատակն էր պաղեստինցի գրոհայինների եւ նրանց ենթակառուցվածքների ոչնչացումը: Նոյեմբերի 21-ին ամերիկա-եգիպտական միջնորդական ջանքերի շնորհիվ, հակամարտ կողմերի միջեւ զինադադար հաստատվեց՝ «անդորր անդորրի դիմաց» սկզբունքի հիման վրա: Վերջին անգամ հրեական պետությունը Գազայի հատվածում լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր իրականացրել 2008-2009թթ. ձմռանը՝ «Ձուլածո արճիճ» գործողության շրջանակներում, երբ պաղեստինյան անկլավի դեմ տեղի ունեցան նաեւ ցամաքային գործողություններ:

Վերլուծաբանները համոզված են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական պոռթկումը պետք է դիտարկել մի շարք իրադարձությունների համատեքստում՝ մասնավորապես, տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ պայմանավորված «արաբական գարնան» եւ սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներով, ԱՄՆ-ի նախագահի կայացած ընտրությունների, Իսրայելում եւ Իրանում ակնկալվող ընտրական գործընթացների, ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի հետ կապված քննարկումների հանգամանքով: Չի բացառվում, որ Պաղեստինի կարգավիճակի հետ

կապված հարցի լուծումից էլ կախված կլինի հակամարտության հետագա սրումը կամ խաղաղ ընթացքը: Սա կարեւոր թեմա է, քանի որ արաբական պետությունների եւ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում տրամագծորեն հակասում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մոտեցումներին:

Ռուսաստանը եւս իր մոտեցումն ունի, սակայն հերթական անգամ չի կարողանում որոշիչ ազդեցություն ունենալ մերձավորարեւելյան զարգացումներում: Թերեւս միայն Սիրիայի առումով կարողացավ ընդդիմանալ, այն էլ Չինաստանի եւ Իրանի հետ համատեղ, որպեսզի արտաքին զինված միջամտություն չլինի:

ԻԻՀ Մեջլիսի նախագահը տարածաշրջանային այցի շրջանակներում մեկնել է նաեւ Թուրքիա, որտեղ զգուշացրել է, որ Անկարան ինքն իրեն կվտանգի, եթե նպաստի ՆԱՏՕ-ի ներխուժմանը:

Իսկ մինչ այդ Սիրիայում Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումից հետո Ալի Լարիջանին մեկնել էր Լիբանան, որտեղ էլ գտնվում են «Հեզբալլահ»-ի զինյալները: Իրանը եւ Ռուսաստանն անհանգստացած են Թուրքիայի սահմանում «Patriot» հրթիռների տեղակայմամբ: «Թուրքիա-Սիրիայի սահմանին այդ հրթիռներ տեղակայումը կմեծացնի զինված բախումների վտանգը,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե որքան շատ զինամթերք կուտակվի, այնքան ավելի կմեծանա ռիսկը, որ այն կօգտագործվի զինված բախումների համար:

Մոսկվան առաջարկել է ուղիղ կապ հաստատել Անկարայի եւ Դամասկոսի միջեւ, որպեսզի նրանք միմյանցից տեղեկություններ ստանան ու խուսափեն անհարկի սրացումներից, բայց առայժմ առաջարկին չեն արձագանքել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Ռասմուսենն անդրադարձել է Լավրովի հայտարարությանն ու նշել, որ այդ քննադատական հայտարարություններն անհիմն են:

Այսպես հեղաշրջումների «արաբական գարունն» անգամ չկարողացավ «ազատել» արաբական աշխարհը խառնակչություններից, եւ Մերձավոր Արեւելքը վերստին կանգնում է «Մեծ» կամ «Նոր» ձեւաչափերի Մերձավոր Արեւելքի ձեւափոխման ճանապարհին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։