Ո՞ր երկրի նախագահին ենք ընտրելու այժմ

Ակնհայտ է, որ միայն բնական ազգերը կարող են իրապես ազգային պետություն հիմնել, ինչը բազմիցս հիմնավորել են հայ արիները, սակայն միայն բնական ազգ լինելն այսօր այլեւս երաշխիք չէ, որ ստեղծված պետությունը հենց ազգային կլինի:

Մեր դեպքում եթե հայը չապրի իր արմատներով եւ պետական համակարգն էլ՝ բուն ազգի օրենքներով, ապա ազգային, այն էլ հայկական պետության մասին խոսելն ավելորդ կլինի:

Պետություն ունեցող բնական ազգերը, այդ թվում՝ հայերը, ունեն Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ ազգային հայկական պետություն: Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ազգային արժեքներով չի առաջնորդվում, ոչ մի բնագավառ չունի հայկական բնույթ եւ պետության Սահմանադրությունը եւս միջազգային (էլ չասենք՝ ապազգային) է եւ ոչ՝ ազգային:

Այդպիսի պայմաններում ազգը դառնում է ժողովուրդ եւ նրանում, Նժդեհի բնորոշմամբ, իշխում է ազգի տականքը: Նշանակում է՝ այդ ժողովուրդը հետզհետե վերածվելու է ամբոխի, բնակչի, որ պարզապես ապրում է այդ պետությունում: Այսօր այդ բնակչին կոչում են քաղաքացի, ինչը ասվածի էությունը չի փոխում:

Մեր իրավիճակում ծիծաղելի է հնչում նաեւ քաղաքացիություն ասվածը, երբ հայտարարվում է, թե այսինչ գյուղացին ՀՀ քաղաքացի է…

Անգամ ժողովուրդ ասվածն է թույլ հնչում, իսկ մենք պետության բնակիչների ենք վերածվում հետզհետե: Կարծես բնական ու հնագույն ազգ չներկայացնող մարդիկ համախմբված են մի վայրում եւ ապրում են իրենք իրենց համար: Իսկ ավելի ճիշտ՝ օտարներին մեր պետությունում սպասարկելու համար:

Չդառնալով դեպի արմատները՝ հայերը ցավոք նույնպես «ստանում» են բնակչի կարգավիճակ, եւ շատերի համար նույնիսկ ընդհանրապես նշանակություն չունի՝ կկրի հայի՞ անուն- ազգանուն, թե՞ օտարի:

Վերջերս Հայաստանում ԱԺ ընտրություններ եղան, եւ ինչպես միշտ բոլոր կուսակցությունների պատասխանատուները ելույթներ էին ունենում՝ ասես Եվրոպայում կամ ԱՄՆ-ում էին կայանում այդ ընտրությունները: Իսկ ինչու Եվրոպան կամ ԱՄՆ-ն, որովհետեւ հիմնականում սրանք չեն ընդունում ազգայինն ու արմատականը (արմատները), իսկ ԱՄՆ-ն պարզապես խառնամբոխ մի զանգված-հավաքածուի (ժողովուրդ կոչված) տարածք է: Ուստի՝ չի կարող ազգ հասկացությունը ներկայացնել, առավել եւս պաշտպանել, չնայած օրնիբուն բարբաջում են «ամերիկյան ազգ» ձեւակերպումը PR անելով…

Երբ Հայաստանի Հանրապետությունում ասում են իշխանություն կամ ընդդիմություն, ոչինչ չի ասվում, բացի այն, որ իշխանակռվի պատրաստ ճամբարների մասին է խոսքը: Բոլորն ունեն նույնատիպ ծրագրեր, նույն կարգախոսներն են, նույն օտարահաճ ելույթները:

Ռուսաստանամետ են քաղաքական ուժերը, թե արեւմտամետ, միեւնույնն է՝ ասելիքը եւ անելիքը նույնն է:

Եվ պատճառը մեկն է, այսօր հայամետ ուժերն ի զորու չեն այդ տարբերակումը մտցնելու, որովհետեւ եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր ճամբարներից դա կանխվում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը չի կարող Հայոց Պետության վերածվել, ինչը իշխանական եւ ընդդիմադիր մանկլավիկների համար քաղաքական մահ է նշանակում, գուցե ոչ միայն քաղաքական, քանի որ միջազգային պատվեր կա նաեւ…

Առիթներ լինում են, երբ հայ արիականներով, ազգայնականներով հետեւում ենք այս կամ այն թեկնածուի ելույթին, միաժամանակ նայում ենք նրա անցած ուղին, եւ այլեւս շոշափելի է դառնում, թե ինչ է սպասվում մեզ ապագայում:

Որոշեցի այս անգամ հրապարակայնորեն մի քանի հարց ուղղել ՀՀ նախագահի թեկնածուներին, որպեսզի ավելի պարզ լինի, նրանք հիմա փորձում են դառնալ Հայաստանի նախագա՞հ, թե՞ շարունակում են համարել, որ բնակվում են «աշխարհի գաղտնի կառավարության» մոգոնած «համաշխարհային պետության» մեջ (որի տեղական գրասենյակներից մեկն է նրանց համար Հայաստանի Հանրապետությունը) եւ «համաշխարհային ազգի» մի մասի (ՀՀ բնակիչների) նախագահն են լինելու…

Իսկ գուցե հանկարծ հայտնվե՞ն թեկնածուներ, որ իրապես ազգայինի կողմնակից են եւ ապազագայինը մերժողներ:

Հարցերը վստահաբար կարող էին տալ նաեւ այլոք, իհարկե ուրիշ հարցեր էլ դեռ կտրվեն ավելի ուշ, որոնց պատասխաններից էլ կախված կլինի ազգային-ազգայնական հատվածի ընտրության կամ չեզոքության ցանկությունը:

Այս եւ նմանատիպ հարցերին անդրադարձերի բացակայությունը նույնպես կընկալվի պատասխան:

1. Ինչու՞ են հայ քաղաքական ու պետական գործիչները նաեւ ազգային գործիչ հռչակում իրենց, եթե ազգային (ազգիշխանական) պետության փոխարեն ժողովրդավարական (գոնե ժողովրդաիշխանական կոչվեր) պետություն են կառուցում: Ինչ է՝ ժողովրդական գործիչը անպատվաբե՞ր է հնչում: Այս դեպքում ազգայինի գործածումը ու՞մ համար եւ ու՞մ ցանկությամբ են անում:

2. Առաջին հարցից էլ բխում է մեկ այլ հարց, թե ինչպե՞ս եք վերաբերվում ազգային ընտանիք, բանակ, լեզու, դպրոց, մշակույթ, տնտեսություն… ազգային կառավարություն ձեւակերպումներին, երբ օրնիբուն եվրաարժեքակիր ժողովրդի պանծալի ապագայից եք խոսում: Ինչու՞ են ազգի՝ մեր մեծ ընտանիքի մասին ձեր կերուխումի կենացները հետո վերածվում ժողովրդի ու ապազգային մեծ ընտանիքի համար ծավալած գործունեության:

3. Ինչպե՞ս է, որ հայ եկեղեցու կողքին հանդուրժելով աղանդավորական տասնյակ լրտեսական կազմակերպությունների եւ եկեղեցիների գոյությունը, անտեսվում է հայոց ազգային հավատը՝ արիադավան-հեթանոսությունը: Ինչու՞ է հուդա-քրիստոնեությունը, որ վերազգային կրոն է, շարունակում մնալ պետական, իսկ ազգային կոչված Հայաստանի Հանարապետությունում անգամ քայլեր չեն ձեռնարկվում Հայարիական-հեթանոսական գործող տաճար կառուցելու համար: Աղանդավորական եկեղեցիներ կան, մզկիթ կա, այլ կրոնական օջախներ եւս (որ բուդդայական կամ կրիշնայական կամ այլ ուսմունք են տարածում), իսկ Գառնին պետական հսկողության տակ է, որպես հուշարձան, եւ չի կարող դառնալ գործող հեթանոսական տաճար՝ հայոց քրմերով, Հայ Աստվածների պաշտամունքով:

4. Պատրա՞ստ են ապագա նախագահացուները նշանակած վարչապետին, նախարարներին եւ այլոց՝ իրենց գործում չարդարացնելու կամ չարաշահումների համար ոչ միայն հեռացնել աշխատանքից, այլ՝ քրեական գործեր հարուցել, եթե դրա կարիքը լինի: Թե՞ մի պարանով կապվածությունը այս անգամ էլ դա թույլ չի տա:

5. Արդյո՞ք ներկա իրավիճակում Հայապահպանության նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն չկա, որը կզբաղվի հայության համապարփակ շահերի պաշտպանությամբ եւ իրապես համահայկական առաքելություն կստանձնի:

Իհարկե բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր կան շատ, հատկապես ներքին կյանքի եւ սոցիալական խնդիրների մասով, բայց սպասենք նախընտրական խոստումներին, իսկ եթե այս հարցերը որեւէ ձեւով ներառված չլինեն այդ խոստումներում, ապա մյուսների բարձրաձայնումը այլեւս անիմաստ կլինի ինձ եւ այլ ազգայնականների համար:

Շահեն Ծատուրյան

Չարենցավան (Հայ Արիական Միաբանություն)

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։