«Մանկական եվրատեսիլ – 2012». Հայաստանը 3-րդն է… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Գովազդ՝ www.hayary.org-ում… Կարդացեք «Լուսանցք»…

«Մանկական Եվրատեսիլ»-2012. Հայաստանը 3-րդն է

Մանկական այս միջազգային փառատոնի հերթական հաղթողը Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Փեթրակն է, ով հավաքելով 138 միավոր, կարողացավ առաջ անցնել Վրաստանի եւ Հայաստանի մասնակիցներից: Հայաստանը ներկայացնող «Compass band» խումբը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում՝ հավաքելով 98 միավոր, իսկ 2-րդ տեղում Վրաստանն էր՝ 103 միավորով: Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Ռուսաստանն ու Բելգիան:

Մանկական ժյուրին Հայաստանին տվեց 5 միավոր: Երկրներից Բելառուսը Հայաստանին տվեց առավելագույն 12 միավորից 8-ը, Շվեդիան՝ 6, Բելգիան՝ 7, Ռուսաստանը՝ 10, Իսրայելը՝ 10, Ալբանիան՝ 3, Ուկրաինան՝ 12, Մոլդովան՝ 3, Նիդեռլանդները՝ 10, Վրաստանը՝ 12: Այսինքն՝ Հայաստանին միավոր չտվեց միայն Ադրբեջանը:

Իր հերթին Հայաստանը 8 միավոր տվեց Ռուստանին, 10՝ Վրաստանին, 12՝ Ուկրաինային: 12-ական միավոր նախապես տրվել էր բոլոր մասնակիցներին: Մրցույթին մասնակցում էր 12 պետություն:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ.: Մեր երկիրը մրցույթին ներկայացրել է «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով՝ գրավելով 2-րդ տեղը՝ 1 միավորի տարբերությամբ: 2008թ. Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009թ. մասնակցել է Լուարա Հայրապետյանը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, 2010թ. ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել, իսկ 2011թ. մրցույթն անցկացվեց Հայաստանում, եւ մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան:

Լուսանկարում (տեսնել «Լուսանցք»-ի PDF տարբերակում) Անաստասիա Փեթրակն է՝ Արցախի Հանրապետության դրոշով, երբ համերգի էր մասնակցում Ստեփանակերտում (մինչ Եվրատեսիլը):

Գոհար Վանեսյան

Հայկական խոհանոց – Խաղողի թփով ձուկ

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բաղադրությունը

2 իշխան – 0.5-ական կգ

սխտոր – 1 գլուխ

կիտրոն – 1 հատ

կարագ – 50 գ

ընկույզ – 100 գ

ձվի սպիտակուց – 2 հատ

համեմ

սամիթ

աղ

սպիտակ պղպեղ

խաղողի թուփ

խոշոր աղ – 1 կգ

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրել, լվանալ, մեջքը ողնաշարից բացել, փուշը հեռացնել, համեմել աղով ու սպիտակ պղպեղով: Թողնել 20 րոպե:

Այդ ընթացքում մանր կտրատել սխտորը, ընկույզը, համեմը, սամիթը, կիտրոնը: Այս ամենը խառնել, լցնել ձկան փորի մեջ:

Հետո խաղողի մեծ թփերով ձուկը փաթաթել ամբողջությամբ:

Այնուհետեւ ձվի սպիտակուցի մեջ լցնել խոշոր աղը, խառնել ու սա էլ լցնել ձկան վրա:

Դնել վառարանը, եփել 40 րոպե 1600-ի տակ:

Վառարանից հանելուց հետո, տաք վիճակում, դանակի օգնությամբ կոտրատել արդեն վարդագույն դարձած աղը, ձկան կտորները հանել միջից եւ մատուցել: Կարելի է այս գործողությունը անել այն հյուրերի ներկայությամբ, ովքեր գնահատում են խոհարարական արվեստը:

Անու՛շ վայելեք:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

ՀՖՖ-ն հրաժարվել է կանանց հավաքականներից

Հայաստանի ֆուտբոլի կանանց տարբեր հավաքականները չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին. ասել է ՀՖՖ հավաքական թիմերի եւ մասսայական ֆուտբոլի բաժնի պետ, «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանը:

«Կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում նոր աճ է սկսել ապրել: Մինչ այդ ունեցել ենք մինչեւ 17, 19 տարեկանների եւ ազգային հավաքականներ, որոնցից հրաժարվել ենք եւ որոնք այս տարի չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին, քանի որ որոշեցինք, որ ավելի ճիշտ է կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում սկսել ավելի փոքր տարիքի խմբերից: Այսօրվա դրությամբ հանրապետությունում ունենք ակտիվ պարապմունքներ անցկացնող 5 թիմ՝ 2-ը Երեւանում, մեկական՝ Արթիկում, Արարատի եւ Արմավիրի մարզերում: Ցանկալի կլինի, որպեսզի ֆուտբոլով զբաղվող կանանց թիվը հետագայում ավելանա»,- հայտարարել է ՀՖՖ հավաքական թիմերի եւ մասսայական ֆուտբոլի բաժնի պետը: ՀՖՖ-ն վերջերս միջոցառում էր կազմակերպել ՈւԵՖԱ-ից ժամանած հյուրերի համար, որոնք եկել են պարզելու, թե ինչպես է ընթանում կանանց ֆուտբոլի զարգացումը մեր երկրում:

Ֆուտբոլի առաջնությունում երկարատեւ ընդմիջում

Ազգային առաջնությունում հայտարարվեց ընդմիջում, եւ մրցաշարը կվերսկի 2013թ. մարտի 9-ին: Այս մրցահատվածի վերջին խաղերում Երեւանի «Բանանց»-ը կարողացավ մարտական ոչ-ոքի խաղալ առաջատար Գյումրիի «Շիրակ»-ի հետ՝ 2:2, եւ հենց այս հանդիպումով էլ ավարտվեց մրցաշրջան-2012-ը: Մինչ այդ անակնկալ մատուցեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատ»-ը՝ Իջեւանում հաղթելով 3-րդ հորիզոնականում ընթացող Դիլիջանի «Իմպուլս»-ին՝ 1:0: Իսկ 2-րդ տեղում գտնվող Երեւանի «Միկա»-ն նույն հաշվով առավելության հասավ մայրաքաղաքի մեկ այլ թիմի «Ուլիս»-ի նկատմամբ:

32 փուլից հետո Հայստանի բարձրագույն խմբի աղյուսակը 69 միավորով գլխավորում է «Շիրակ»-ը, 66 միավոր է վաստակել «Միկա»-ն: Հաջորդուում են «Իմպուլս»-ը եւ «Գանձասար»-ը՝ առաջատարից ետ մնալով 21-ական միավորով:

ՈւԵՖԱ-ի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակը՝ ՀՖՖ նախագծին

ՈւԵՖԱ-ի «Գիտելիքի եւ տեղեկատվության փոխանակման սցենարներ» նախագծի շրջանակներում արդեն 2-րդ տարին անցկացվող «Մարքետինգ» մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծը Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Հոլանդիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Իսրայելի, Իսլանդիայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի ազգային ֆեդերացիաների ներկայացրած նախագծերի շարքում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային մարքետինգային արշավ» անվանակարգի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակին:

Նախկին խորհրդային երկրներից մրցանակի են արժանացել միայն Ղազախստանի ու Լիտվայի ներկայացրած նախագծերը: Որպես մրցանակ՝ ՀՖՖ-ի մարքետինգային թիմին հնարավորություն կտրվի 1 օր անցկացնել իրենց ընտրությամբ որեւէ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ ուսումնասիրել այդ երկրի լավագույն մարքետինգային նախագծի փորձը:

Սյուզին կրեց իր երկրորդ պարտությունը

Հայազգի կին բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում: Դյուսելդորֆում կայացած մարտում նա միավորներով (94:96, 94:96, 97:93) զիջեց ամերիկուհի Կարինա Մորենոյին եւ զրկվեց WBA-ի չեմպիոնական գոտուց:

Մենամարտից հետո գերմանահայ մարզիկի մարտերի կազմակերպիչ Ֆելիքս Շտուրմը պահանջել է անցկացնել ռեւանշ մենամարտ. «Մենք պատրաստվում ենք բողոքարկել հանդիպման արդյունքները WBA-ում: Մեր պարտությունը չենք ընդունում, Սյուզին հաստատ հաղթեց այդ մարտում»,- ասել է նա:

Մրցագորգում էին պատանիները

Ավարտվեց ՀՀ պատանիների ձյուդոյի առաջնությունը, որին մասնակցում էին տարբեր մարզերի 21 թիմերի շուրջ 229 պատանիներ, որոնցից 12-ը աղջիկներ: 3 տատամիների վրա1-ին տեղի համար պատանի ձյուդոիստները պայքարում էին 8 տղաների եւ 4 աղջիկների քաշային կարգերում: Ներկայացնում ենք հաղթողներին ըստ քաշային կարգերի`

Աղջկներ – 48կգ-Աղաջանյան Դիանա-ՆորՀաճըն, 52կգ-Միքայելյան Լիաննա-Մասիս, 57կգ-Միքայելյան Գոհար-Գյումրի, +57կգ-Միսակյան Վիկտորիյա-ԵՕՀՊՄՔ:

Տղաներ – 50կգ-Գրիգորյան Էդուարդ-ԵՕՀՊՄՔ, 55կգ-Աբաղյան Շահեն-Հրազդան, 60կգ-Դերմիշյան Հարություն-ՍՁՕՄԴ, 66կգ-Օհանյան Կամո-Դինամո, 73կգ-Գրիգորյան Ավետիք- ԵՕՀՊՄՔ, 81կգ-Սահակյան Գրիքոր-ԳՕՀՊՄՔ, 90կգ-Ղարիբյան Վլադիմիր-Գյումրի, +90կգ-Լագզյան Ժորա-ԵՀՄՄ:

Այս առաջնության արդյունքում կձեւավորվի պատանիների հավաքական թիմը, որը կնախապատրաստվի 2013թ.անցկացվող Եվրոպայի առաջնությանը (Էստոնիա), Եվրոպական օլիմպիական փառատոնին (Հոլանդիա) եւ աշխարհի առաջնությանը (ԱՄՆ): Ի դեպ աշխարհի առաջնությունը միակ վարկանիշային մրցաշարն է 2014թ. կայանալիք պատանիների 2-րդ օլիմպիական խաղերի համար (Չինաստան):

Մեկ մեդալ՝ ուսանողական գավաթի մրցումներից

ՌԴ Կազան քաղաքում անցկացվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջեւ, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից:

Հայաստանից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող, սամբոյի 2012թ. աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը եւ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի 1-ին կուրսի ուսանող, սամբոյի սշխարհի եւ Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը: Գյումրեցի մարզիկը արժանացավ բրոնզե մեդալի՝ մինչեւ 52 կգ քաշային կարգում գրավելով 3-րդ տեղը: Սամբոյի համաշխարհային ունիվերսիադան տեղի կունենա 2013թ.:

Հայաստանում շախմատը արքայական զբաղմունք է համարվում

Այսպես է գրել «The Wall Street Journal»-ը. «Լրագրողները գնում են Տիգրան Պետրոսյանի տուն: Նրա երկրպագուները ջանում են ստանալ նրա ստորագրությունը: Նրա նկարը հայտնվում է ամսագրերի առաջին էջերում: 28-ամյա տղան ոչ մարզիկ է, ոչ էլ ֆիլմի աստղ: Նա շախմատի գրոսմայստեր է: Այս շախմատի սիրահար պետությունում նա շախմատի ասպարեզում արքա է դարձել: Պետրոսյանի հայրը նրան անվանել է Տիգրան նախկին շախմատի գրոսմայստերի անունով»:

2011թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը շախմատը դպրոցներում պարտադիր դասավանդելու վերաբերյալ օրենք ընդունեց: Պետությունը վճարում է երեխաների համար օտարերկրյա առաջնություններում հանդես գալու նպատակով, իսկ գրոսմայստերներին աշխատավարձ է տալիս. նշել է պարբերականը. «Ավելի քան կես դար է, որ Հայաստանն այս խաղի հանդեպ սեր է տածում: 1963թ մայիսի 20-ն էր, երբ 33-ամյա Տիգրան Պետրոսյանը (ոչ մի ազգակցական կապ չկա ներկա Տիգրան Պետրոսյանի հետ) Բոտվիննիկին հաղթեց եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նրան անվանում էին «Երկաթե Տիգրան» իր անթափանց պաշտպանության համար, Պետրոսյանի հաղթանակը նրան դարձրեց ազգային հերոս: Նրա պատվին հազարավոր ընտանիքներ իրենց երեխաներին կոչեցին Տիգրան: Ներկայումս այս երկրում երիտասարդների մոտ շախմատի հանդեպ տենդ է սկսվել»:

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՖԻԴԵ-ի օգնությամբ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է, որ Հայաստանի պատվիրակությունը նույնպես կողմ է եղել 2015թ. աշխարհի գավաթը եւ 2016թ. շախմատային օլիմպիադան Բաքվում անցկացնելու հարցում: «Այդ որոշումը ընդունվել է միաձայն: Դա նշանակում է, որ Արդբեջանի օգտին քվեարկել է նաեւ Հայաստանը»,- Բաքվում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի եւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի միջեւ կնքված պայմանագրից հետո ասել է հույն շախմատային այրը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը վերհիշելով այդ ընտրության մանրամասները՝ հայտնել է. «Ես եւ Վանիկ Զաքարյանը ի սկզբանե դեմ էինք այդ որոշմանը: Մենք անգամ խստորեն քննադատեցինք ՖԻԴԵ-ի նման դիրքորոշումը: Ի վերջո, անցկացվեց բաց քվեարկություն, որի ժամանակ երկրների մեծ մասը պաշտպանեցին Բաքվի թեկնածությունը, բայց դա միաձայն չընդունվեց, քանի որ մի շարք պատգամավորներ նույնպես դեմ էին այդ որոշմանը»,- պարզաբանեց անվանի գրոսմայստերը:

Ադրբեջանական լրատվամիջոցները միաժամանակ նշում են, որ իբր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քվեարկությունից հետո անմիջապես զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով միաժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, եւ ստացել է պատասխան, ըստ որի Հայաստանը հատուկ խումբ է ստեղծելու, որը զբաղվելու է հայ շախմատիստների մասնակցության հարցերով:

* * *

Լոնդոնում մեկնարկել է «Դասական շախմատ» անունը կրող 21-րդ կարգի շախմատային մրցաշարը: Գլխավոր մրցանակի եւ 160.000 եվրո մրցանակային հիմնադրամի համար կպայքարեն 8 շախմատիստ, այդ թվում մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, եւ 1 շախմատիստուհի:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Առաջին 40 քայլերի համար մասնակիցներին կտրամադրվի 2 ժամ, հաջորդ 20 քայլի համար` 1 ժամ, հետագայում 15 րոպե: Հաղթանակի համար կշնորհվի 3 միավոր, ոչ-ոքիի համար` 1:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։