Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում

- Մեծ հայի 3 սրբավայրերը – …Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին, Սպիտակավոր վանքի տարածքում (Եղեգնաձոր) եւ հետագայում Կապանի հուշահամալիրում, որտեղ վերաթաղված մասունքները բերվել են Սպիտակավոր վանքի տարածքից՝ համալիրի կառուցումը նախաձեռնած նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սերժ Մկրտչյանի եւ Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյան (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյան, Ժորա Բարսեղյան եւ այլոք) բանակցությունների արդյունքում՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Նպատակը՝ Նժդեհի համալիրին նաեւ նժդեհյան ոգին փոխանցելն էր… եւ այն սրբավայր դարձնելը…

1947թ. Երեւան: Ամառային այդ օրն ընդմիշտ տպավորվեց ՀԽՍՀ պետանվտանգության (ԿԳԲ) աշխատակից Աբովյանի հոգում: Հետախուզական գնդապետ Մելքումովի հետ նրանք զբոսանքի տարան Երեւանի բանտում գտնվող սպարապետին: Մեքենան դուրս եկավ պետանվտանգության նախարարության շենքի բակից եւ ուղղություն վերցրեց դեպի Հաղթանակի զբոսայգի: Պայծառ, արեւոտ օր էր: Նժդեհն ագահորեն նայում էր Երեւանի՝ իր համար հրաշքի նմանվող փոփոխություններին: Գավառային, ավելի ճիշտ գյուղական բնույթի քաղաքը վերածվել էր տուֆակերտ իսկական քաղաքի: Մեքենան անցավ Աբովյանի պուրակով եւ սկսեց ծանրորեն բարձրանալ ճանապարհով: Առավոտյան ժամերն էին, եւ շրջապատում գրեթե մարդ չկար: Նժդեհը հանդարտ իջավ մեքենայից եւ Մելքումովի ու Աբովյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի Երեւանին նայող պուրակի կողմը: Հանկարծ նրա տեսադաշտում բացվեց հրաշք քաղաքը, որին, ասես հեռվից սատարում էր երկգագաթանի՝ սուրբ Արարատը: Ուղեկցողները մի քանի քայլ հետ մնացին: Սպարապետը չէր հավատում աչքերին: Նա երկար, շատ երկար նայեց քաղաքին, ապա շուռ եկավ, եւ նրա ուղեկիցները տեսան սպարապետի արցունքակալած աչքերը: Հազար ու մի արգելք, դժվարություն ու դաժանություններ տեսած ու հաղթահարած երկաթյա զինվորականը լաց էր լինում…

- Կարելի՞ է մի բուռ վերցնեմ այստեղից, – խնդրագին դիմեց սպարապետը:

- Իհարկե,- իսկույն պատասխանեց Մելքումովը: Տարիքն առած զորավարը գրպանից հանեց թաշկինակը, կռացավ ու դողդողացող ձեռքերով սկսեց հող լցնել թաշկինակի մեջ: Նրա չդադարող արցունքներն ընկնում էին թաշկինակի մեջ հավաքած հողի վրա: Կապելով իր թաշկինակի թանկագին գանձը՝ Նժդեհը կրկին շրջվեց Երեւանի կողմը… Մեքենան անցնում էր Նժդեհին ծանոթ ու անծանոթ փողոցներով:

- Հիշո՞ւմ եք՝ այս ինչ շենք է,- կարծես միամտորեն հարցրեց Աբովյանը:

- Հիշում եմ, տղաս, հիշում, սա մեր պառլամենտի շենքն է,- պատասխանեց սպարապետը: Այդ գիշեր Նժդեհը չկարողացավ քնել: Մելքումովը տխուր հայացքով նայում էր շատ ծերացած սպարապետին: Նա մեծ դժվարությամբ հայտնել էր, որ ԽՍՀՄ-ը փոխել է իր քաղաքակական կուրսը, եւ արտաքին գործերի նախարար Մոլոտովը համայն աշխարհին հայտարարել է, թե ԽՍՀՄ-ը որեւէ տարածքային խնդիր չունի իր հարեւանների հետ: Դա վերջն էր: Սակայն դժվարին, բայց եւ հեռանկարային գործունեության վերջը: Սակայն դա չէր, որ կրծում էր Մելքումովի հոգին: Փաստորեն նա, կամա թե ակամա, դարձել էր մեծ հայի, մեծ զորավարի ու մտավորականի ողբերգական վկան ու մասնակիցը:

- Գուցե, այնուամենայնիվ մնաք Հայաստանում,- կրկին փորձեց համոզել Մելքումովը:

- Հարկ չկա տանջվելու,- հայրաբար խոսեց սպարապետը,- հասկանում եմ, դուք եւս ծանր եք ապրում այս անհեթեթ վերջաբանը, բայց ես չեմ կարող ուրախացնել իմ թշնամիներին: Ես արդեն ծեր եմ, այո, ծեր եմ եւ երկար չեմ դիմանա բանտային պայմաններին, իսկ մեռնել Հայաստանի բանտում՝ նշանակում է ուրախացնել թուրքերին: Ոչ, Նժդեհը Հայաստանի բանտում չի մեռնի: Խնդրանքս մեկն է՝ մի անգամ էլ պտտվեմ Երեւանի փողոցներում…

1955թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան Մեծ Հայը մահացավ Վլադիմիրի բանտում: Եվ միայն 1983թ. մի խումբ հայորդիներ պրոֆեսոր Վարագ Առաքելյանի գլխավորությամբ հայորդու մասունքները գաղտնի տեղափոխեցին Հայաստան եւ վերաթաղեցին հայրենիքում, որտեղ Նժդեհն արդեն ուխտագնացության 3 սրբավայր ունի:

* * *

Մեծ հայի 3 սրբավայրերը…

Դեկտեմբերի 2-ին Կապանում վերաբացվել է Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բարեկարգել է հուշահամալիրը, հարակից պուրակը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ: Բարեկարգման աշխատանքներին աջակցել են Սյունիքի մարզպետարանը, Կապանի քաղաքապետարանը: Բարեկարգմանը մասնակցել են ոչ միայն համապատասխան մասնագետները, այլեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի շուրջ 100 կամավորներ:

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին, Սպիտակավոր վանքի տարածքում (Եղեգնաձոր) եւ հետագայում Կապանի հուշահամալիրում, որտեղ վերաթաղված մասունքները բերվել են Սպիտակավոր վանքի տարածքից՝ համալիրի կառուցումը նախաձեռնած նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սերժ Մկրտչյանի եւ Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյան (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյան, Ժորա Բարսեղյան եւ այլոք) բանակցությունների արդյունքում՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Նպատակը՝ Նժդեհի համալիրին նաեւ նժդեհյան ոգին փոխանցելն էր… եւ այն սրբավայր դարձնելը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։