ԱԱԾ-ն պատասխանել է Սամվել Կոչոյին -

«Սիվիլիթաս»-ի եւ Վարդան Օսկանյանի գործով…

2012թ. նոյեմբերի 30-ին մամլո ասուլիսով հանդես է եկել ՌԴ իրավաբան Ս. Կոչոյը, ով «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վ. Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ: Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ՝ Ա. Բաղրամյանը պարզաբանումներ է ստացել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, նշված քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար Մ. Համբարձումյանից:

- Վ. Օսկանյանին եւ «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ 2012թ. նոյեմբերի 30-ին մամլո ասուլիսի միջոցով «եզրակացությամբ» հանդես եկավ ՌԴ արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, ռուսական քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակ Ս. Կոչոյը, ով փաստորեն հայտարարեց, որ Վ. Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, ի՞նչ կարող եք ասել հնչեցված փաստարկների եւ հիմնավորումների վերաբերյալ:

- Ինձ համար զարմանալի եւ անհասկանալի է, որ արտասահմանից հրավիրված իրավաբանը, ով հանրությանը ներկայացվեց որպես վաստակաշատ մասնագետ, առանց քրեական գործերի նյութերի հետ ծանոթանալու, իսկ այն արդեն բաղկացած է շուրջ 14 հատորներից, ձեռքի տակ ունենալով ընդամենը մեկ-երկու դատավարական փաստաթուղթ, կարող է կարծիք կազմել եւ թույլ տալ իրեն հայտարարել, որ ինքը «եզրակացություն» է կազմել քրեական գործի վերաբերյալ ու հանգել է հետեւության, որ Վ. Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ: Կարծում եմ, որ եթե նույնիսկ հրավիրված փաստաբանը տեղյակ չէ, ապա գոնե Վ. Օսկանյանի պաշտպանը, մինչեւ արտասահմանից «մարդ կանչելը», պետք է հրավիրողին բացատրեր, որ որեւէ իրավաբան, այդ թվում դրսից հրավիրված, չի կարող եւ իրավասություն չունի քննվող քրեական գործի վերաբերյալ իրավաբանական հարցերով որպես փորձագետ հանդես գալ ու փորձագիտական եզրակացություն կազմել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասով ուղղակիորեն արգելվում է քրեական գործերով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետի ներգրավումը եւ բացի այդ, անձի մեղավորությունը որոշվում է բացառապես դատարանի կողմից:

Ս. Կոչոյը գոնե պետք է տեղյակ լիներ, որ Վ. Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու եւ նույն չափի գումարն օրինականացնելու համար, այսինքն՝ հանցագործությունների համար, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի կարգով դասվում են հանրային մեղադրանքի գործերի թվին եւ դրա համար իրավապահ մարմնին բողոք կամ հաղորդում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվեր, նման քրեական գործերը հարուցվում եւ քրեական հետապնդում է իրականացվում անկախ տուժողի բողոքի առկայությունից եւ ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին պատասխանատվության ենթարկելիս պետությունը (բացառությամբ մասնավոր մեղադրանքի գործերի) կաշկանդված չէ տուժողի կարծիքով եւ հանրային միջոցներով իրականացնում է քրեաիրավական պաշտպանություն: Միաժամանակ նշեմ, որ սահմանված ընթացակարգով, քրեական գործով տուժող է ճանաչվելու իրավաբանական անձ «Սիվիլիթաս» հիմնադրամը:

Հետաքրքրական է նաեւ այն, որ իրավաբանն ընդամենը փաստելով, որ գումարը տոկոսներով հանդերձ արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին, հանգում է եզրակացության, որ հանցագործություն տեղի չի ունեցել: Ընդամենը կարելի է զարմանալ իրավաբանի նման կարծիքի եւ տրամաբանության վրա, քանի որ փաստորեն, իրավաբանին չի էլ հետաքրքրում այն հանգամանքը, որ բացառապես բարեգործության համար նախատեսված եւ հիմնադրամին նվիրաբերված գումարն օրենքով սահմանված կարգով հիմնադրամի հաշվեկշիռ չի մուտքագրվել, հաշվետվություններով չի արտացոլվել, ստացված գումարներից առնվազն 186.000 ԱՄՆ դոլարը, դեռեւս 2011թ. հունվարին ստանալուց անմիջապես հետո, առանց որեւէ օրինական հիմքի, Վ. Օսկանյանի կողմից ծախսվել է անձնական նպատակներով եւ հիմնադրամին վերադարձվել է շուրջ 1,5 տարի անց, երբ արդեն քրեական գործ էր հարուցված ու հայտնի էր, որ իրավապահ մարմնի կողմից ստուգվում է գումարների շարժը:

Ահա այս պատճառներով էլ ես չէի ցանկանա կարեւորել հրավիրված իրավաբանի կողմից տրված «եզրակացությունը» եւ վստահաբար կարող եմ ասել, որ այն, որպես այդպիսին, իրավական առումով որեւէ ազդեցություն չի կարող ունենալ նախաքննության փուլում, իսկ թե ինչու է վաստակաշատ իրավաբանն առանց իրավասության եւ օրինական հիմքերի իրեն հրավիրող կողմի համար ձեռնտու նման գնահատականներ տալիս, կարծում եմ՝ պարզ է եւ չունի լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն:

- Վ. Օսկանյանի պաշտպան Տ. Աթանեսյանը նույն ասուլիսում հայտարարեց, որ Վ. Օսկանյանը մոտ մեկ շաբաթ առաջ կանչվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն եւ նրան հարցեր են տրվել 2001թ. կատարվածի փոխանցումների վերաբերյալ, արդյոք կարո՞ղ եք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը եւ ի՞նչ առիթով է վերջին անգամ հարցաքննության հրավիրվել Վ. Օսկանյանը:

- Վ. Օսկանյանը վերջին անգամ հարցաքննության է կանչվել 19.11.2012թ. եւ կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նրան հարցադրումներ են կատարվել իր անձնական հաշվեհամարներով կատարված երկու բանկային փոխանցումների վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերվում է 2001թ., երբ իր անձնական հաշվեհամարի վրա նա ստացել է շուրջ 36.000 եվրո գումար, որը ՀՀ-ի համար փոխանցվել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից, իսկ երկրորդը՝ 2003թ., երբ իր անձնական հաշվեհամարի վրա նա ստացել է շուրջ 90.000 ԱՄՆ դոլար, որը փոխանցվել է արտասահմանից, դեսպանության կողմից:

Առաջին գործարքի մասով պարզվել է, որ դեռեւս 2001թ. Եվրոպական Հանձնաժողովի եւ ՀՀ ԱԳ նախարարության միջեւ կնքված 28.08.2001թ. դրամաշնորհի պայմանագրով ՀՀ-ին հատկացվել է շուրջ 36.000 եվրո գումար՝ «Էլեկտրոնային զարգացում՝ Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսի անցկացման համար, որն անհասկանալի պատճառներով եւ զարմանալի զուգադիպությամբ կրկին փոխանցվել է Վ. Օսկանյանի անձնական հաշվեհամարին եւ դրա զգալի մասը կանխիկացվել է վերջինիս կնոջ՝ Ն. Օսկանյանի կողմից: Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը պահանջել է պատշաճ հաշվետվություն ներկայացնել գումարի ծախսի վերաբերյալ, սակայն ֆինանսական փաստաթղթեր հանձնաժողովին չեն ներկայացվել, կատարված ծախսերը չեն հիմնավորվել, ինչի հետեւանքով 38.166,53 եվրոն (տոկոսը ներառած) Եվրոպական Հանձնաժողովի կողմից 15.06.2011թ. պակասեցվել է մեկ այլ ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված 5.000.000 եվրո գումարից:

Երկրորդ գործարքի մասով պարզվել է, որ Վ. Օսկանյանի անվամբ HSBC բանկի անձնական հաշվին՝ արտասահմանից, դեսպանության անունից 09.06.2003թ. փոխանցվել է 90.975 ԱՄՆ դոլար գումար, որը հիմնականում կանխիկացվել է Ն. Օսկանյանի կողմից:

Պետական գործիչ ու պաշտոնատար անձ հանդիսացող Վ. Օսկանյանի անձնական հաշվին ՀՀ-ի համար նախատեսված գումարը ստանալու, ֆինանսական փաստաթղթերի բացակայության եւ եվրոպական կառույցին դրանք չներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանին հատկացվող այլ գումարներից այդ չափով գումար հետագայում պակասեցնելու պատճառները պարզվում են եւ կարծում եմ, որեւէ անհրաժեշտություն չկա կատարված փաստերին այս պահի դրությամբ լրացուցիչ մեկնաբանություններ տալ:

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ Վ. Օսկանյանի նախաձեռնությամբ կամ հովանավորությամբ, տարբեր իրավաբանների մասնակցությամբ գիտաժողովներ անցկացվեն սույն քրեական գործի առնչությամբ եւ այսպես կոչված «եզրակացություններ» տրվեն, միեւնույնն է, նախաքննական մարմինը զերծ է մնալու արտաքին կողմնորոշումներից եւ ճնշումներից, գործելու է ՀՀ օրենքների շրջանակներում եւ ձգտելու է ստանալ քրեական գործով առաջ քաշված բոլոր հարցադրումների պատասխանները:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

* * *

ԱԱԾ-ն առավել վստահություն վաստակելու համար, ինչպես համացանցում բողոքողներն են նշում՝ «պիտի դադարեցնի նախկին սովետական ԲԽՍՍ-ի պարտականություններ կատարելը», նաեւ՝ այս ծառայությունը պետք է իր բոլոր ուժերը համախմբի հատկապես հարեւան 2 երկրների թշնամական նպատակներն ի չիք դարձնելուն: Համացանցում դժգոհում են, որ մաքսային եւ հարկային ծառայությունները, ոստիկանությունն ու դատախազությունը կարծես բավարար չեն, այժմ էլ ԱԱԾ-ի ներուժն է գործածվում մանր ու միջին տնտեսվարողների գործունեությունը ուսումնասիրելու համար:

Բողոքավորները դեմ չեն վերջին տարիների փաստարկներին, թե ԱԱԾ-ն որոշակի հաջողությամբ պայքարում է կաշառակերության, տարբեր կառույցներում կոռուպցիայի բացահայտման գործերով, ինչը ողջունելի է, բայց միշտ չէ, որ վստահություն կա ուժային կառույցների նկատմամբ: Եվ երբ «ԱԱԾ-ն հետաքրքրված է «ջինս» տաբատներ ներմուծողներով, արդեն աբսուրդի ոլորտից է… Այդպես որ շարունակվի՝ մի օր էլ կլսենք, որ այդ ծառայության որոշ անբարեխիղճ աշխատակիցներ արդեն հետաքրքրված են բանան, արեւածաղիկ ու լոլիկ ներմուծողներով»:

Ֆեյսբուքյան հատվածի բողոքողները ցանկանում են, որ ամեն ծառայություն իր արժանապատվությանն ու հեղինակությանը համապատասխան գործառույթներ կատարի:

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։