Բարոյականությունը՝ կե՞ղծ քաղաքական կատեգորիա…

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «Ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակում է ներկազմակերպական «ճակատամարտը» ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի համար: Եվ սա այլեւս զարմանալի չէ: «Բացարձակապես ոչ մի նման քննարկում Կոնգրեսում չի եղել եւ բոլորն էլ հասկանում են, որ նման քննարկումներ անելը դեռ վաղ է: Մենք չպետք է քննարկման ելակետում ունենանք բանակցությունների տապալումը: Այնպես որ, նմանատիպ հարցերին կանդրադառնանք, երբ դրանք կավարտվեն»: Անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ բանակցությունների հնարավոր տապալմանը՝ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Իսկ թե այդ դեպքում ՀԱԿ-ը հանդես կգա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով ու դա կլինի Հրանտ Բագրատյանը, նրան նման բան հայտնի չէ:

Այս պատգամավորի համար անգամ նորմալ է, երբ ժամանակին ՀԱԿ-ը քննադատում էր ԲՀԿ-ի (ՀՀԿ-ի հետ) «մոնղոլ-թաթարական ռեժիմը», իսկ այսօր նրա հետ բանակցում է, եւ դա բարոյական է համարում: Ըստ Զուրաբյանի, ամեն ինչ նորմալ է եւ զարմանալ պետք չէ. «Այո, երբ ԲՀԿ-ն մաս էր կազմում իշխանական ռեժիմի, մենք քննադատում էինք ԲՀԿ-ին, բայց այսօր, երբ ԲՀԿ-ն նույնպես քննադատում է ռեժիմին, մենք փոխել ենք մեր քաղաքականությունը»:

Ահա թե ինչ հեշտ է «մոնղոլ-թաթարից» դառնալ «թաթար-մոնղոլ»…

«ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը այս առումով հայտնել է, որ «1-ին նախագահը հիմար վիճակում է հայտնված… Չենք հասցնում մեկը մարսել, իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը, մեկը մյուսի հետեւից դիրքեր է զիջում՝ հանուն ԲՀԿ «մաքրման»… Սակայն, այս գործում մեզ զարմացնողը ՀՀԿ-ԲՀԿ-ական «ավազակաիշխանության» հետ 1-ին նախագահի համագործակցությունը չէ, այլ՝ այն, որ նա ժամանակավրեպ հայտարարեց իր մարտավարության, այն է՝ նախագահ Սարգսյանի առաջիկա «հաղթանակի» մասին»: Ըստ հայտարարության հեղինակի պարզաբանման, «1-ին նախագահն ինքն անգամ չի հավատում իր հաղթանակին եւ, արդեն իսկ, ընդունել է «հաղթողին», սակայն շարունակում է խաղալ, այն էլ՝ «Մարտի 1»-ով, ու՞մ հաշվին»,- հարցնում է «ՄԻ-96» կուսակցության նախագահը եւ հավելում. «Հիմար վիճակ, որից դուրս գալն, այս անգամ, հեշտ չի լինի…»:

Իսկ ՀԱԿ նախաձեռնությունը, մարտիմեկյան դեպքերի հետ կապված, ԱԺ մշտական հանձնաժողովն ընդունեց, բայց պայմանով, որն առաջարկեցին ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցություները: Նրանք առաջարկել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ առաջարկած նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ 1 տարի ժամկետով, սակայն նախագծի նախաձեռնողը կարող է 1 տարվա ընթացքում ցանկացած պահի հարցը դնել քվեարկության: Նախագծի հեղինակներին առաջարկվել է նաեւ նախագծի որոշման մեջ հիմնավորումներում առկա քաղաքական պնդումները հանել: Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնել է մեծամասնության առաջարկին եւ հայտնել, որ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը հանձնաժողովին դարձյալ կներկայացնի որոշման նախագիծը:

Շատ ընդդիմադիրներ արդեն շտապել են այս երեւույթը «տորգ (առեւտուր)» կոչել, ինչը պարզ առեւտուր է՝ «2008-ի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն

ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու» պատրվակով: Այն, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում 2008թ. Մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման առաջարկի համար բավական հարմար պահ է ընտրել՝ կասկած չկա, հատկապես, որ եվրահանձնաժողովներում այս հարցը տարիներով քննարկվելուց հետո «փակվել» է:

Ավելին, ըստ վերլուծաբանների, ՀԱԿ-ի՝ մարտիմեկյան վերջին հանրահավաքի ելույթներում չհնչեցին նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունները, մինչդեռ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամենակոշտ քննադատության էին ենթարկում նրանց, քանի որ ԱԳ նախարարը, նրանց կարծիքով՝ Մարտի 1-ը հիմնական կոծկողներից մեկն էր, եւ բոլորն են հիշում նրա՝ մարտիմեկյան հայտնի մամլո ասուլիսը նախագահական նստավայրում: Իսկ ԲՀԿ նախագահի առումով վաղուց հայտնի է, որ ըստ Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման նպատակով ստեղծված Փաստահավաք խմբի զեկույցներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը ամենամեծ քանակությամբ հագուստ էր ստացել Մարտի 1-2-ին:

Տակավին վերջերս, Լեւոն Տեր -Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծության արդյունքում» ՀԱԿ-ականները հայտնվեցին ԲՀԿ-ականների կողքին՝ միասնական շտաբում, իսկ այժմ՝ միասնական թեկնածու ունենալու մղում ունեն արդեն: Դեռ ՀՀՇ-ի տարիներից ասում էին, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, հետո ապացուցվեց, որ հենց այդպես էլ կա, ու նախամարտիմեկյան հանրահավաքները հավաստեցին, որ «Լեւոն, հեռացի՛ր» գոռացողներն այլեւս այլ բան են գոռում՝ «Լեւոն, վերադարձի՛ր»…

Եվ հիմա էլ ՀԱԿ ղեկավարությունը վստահ է, որ ժողովրդի հիշողությունը ավելի կարճ է (գնալով կարճացնում են) եւ Մարտի 1-ի «ներքաղաքական» եւ «արտաքին պատվերի» փուլերը եւս կարելի է ուղարկել պատմության գիրկը: Բայց դա որոշել են անել կամ ԲՀԿ-ի հետ համագործակցելով, կամ՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելով:

Եվ հետաքրքիր է, թե իրենք ի՞նչ են ասելու այդ օրվա զոհերի հարազատներին, ինչը ամեն րոպե պարտադրում էին ժամանակի իշխանությանը, ում հետո առ այսօր էլ համագործակցում է ԲՀԿ-ն՝ Քոչարյան-Ծառուկյան ձեւաչափով… Խոսքը այն Քոչարյանի մասին է, ով ՀՀ 2-րդ նախագահն է, եւ ում ՀԱԿ-ը իբր փորձում էր Հաագայի միջազգային դատարան տանել:

Ինչպեսեւ սպասում էր, օրեր անց, Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հարցում իշխանությունների փաստարկներին զիջելու ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ եւ ՀՀԿ նախկին կարկառուն իշխանավոր Գագիկ Ջհանգիրյանի կեցվածքը անակնկալի է բերել այդ օրվա զոհերի հարազատներին: «Իհարկե, մենք խիստ զայրացած ենք, որ նա համաձայնվեց նրանց հետ,- ասում են հարազատները, հավելելով,- հանձնաժողովի հարցը չպետք է հետաձգվեր»:

Նարե Մշեցյան

Կապիտալիզմը ծնում է ֆեոդալի՞զմ

ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանը հայտարարել է. «Ինձ համար քաղաքական այս զարգացումները վերջին չեն, ընթացիկ քաղաքական զարգացումները ինձ համար մեկնարկել են 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ից հետո: Որեւէ նոր բան տեղի չի ունենում»: Ըստ նրա, ՀԱԿ-ԲՀԿ կապը ապագա չունի, բայց պատճառ դարձան նաեւ, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վերջերս հապշտապ վճիռ կայացրեց ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Այս քաղաքական ուժերի՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալը նա համարում է անհավանական:

Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Գ. Եղիազարյանը, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ անդամների հանդիպումներին եւ քաղաքական կոնսուլտացիաներին, ասել է. «Այդ հանդիպումներին շատ դրական եմ վերաբերվում: Եթե այս անգամ մեզ հաջողվի ընդդիմության թեկուզ 3 կուսակցություններով բռունցք դառնալ, ապա մենք, ի վերջո, կպրծնենք այս իշխանություններից»: Հակառակ դեպքում, «ՀԱԿ-ը ունի թեկնածու, որի մասին բազմիցս ասել են»:

Ռ. Քոչարյանի հայտնի հայտարարությունը եւս տարակարծություններ է առաջացրել ԲՀԿ-ի հանդեպ եւ՝ ոչ միայն ՀԱԿ-ում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զ. Փոստանջյանը ԱԺ-ում անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ խոսքին («Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին՝ ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»), նշել էր. «Ֆեոդալականացման գործընթացը զարգացում ապրել է հենց 2-րդ նախագահի իշխանության տարիներին: Հուշեմ նրան՝ դուք եք այդ ֆեոդալներից մեկին բերել խորհրդարան, որը այժմ խորհրդարանի աշխատանքներին չի մասնակցում (Գ. Ծառուկյանին նկատի ունի), այդ ֆեոդալներից է նաեւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը»: Փոստանջյանից հետո ՀՀԿ խմբակցության անդամ Ս. Ավետիսյանը արձագանքել է. «Ֆեոդալիզմը վաղուց է վերացել մեր տարածաշրջանից»:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։