Մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնելու մասին

- Բյուջեն՝ ընտրապայքարի հերթական թիրախ

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը դեմ քվեարկեցին ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին

Նոր չեն այն խոսակցությունները, թե «ուղեղային կենտրոնները» փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, այլեւ՝ ԱՄՆ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից սկսած կան այդ լուրերը: Անգամ նշվում է, թե այդ ծրագրին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, եւ, թերեւս չեն բացառում, որ ԲՀԿ ղեկավարը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո՝ դեկտեմբերի 2-րդ կեսին: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ին եւս հետաքրքիր է՝ ինչ կասեն ՀՀԿ-ականներն իրենց համագումարում, որը նույնպես կկայանա դեկտեմբերի հաջորդ կեսին:

Բայց տեղեկատվություն կա, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին 2 օր ժամանակ է տվել, եւ երբ նախագահն այդ ընթացքում կվերադառնա Թուրքմենստանից, ԲՀԿ ղեկավարը պետք է հրապարակի իր որոշումը՝ սեփական թեկնածուո՞վ է մասնակցելու ընտրություններին, պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածուի՞ն, թե՞ սատարելու է գործող նախագահին:

Ուկրաինայում իր ծննդյան 56-ամյակը նշած ԲՀԿ նախագահը գուցե այդ պատճառով էլ փորձում է «կոմպլեմենտար» խաղերի գնալ. ռուսաստանամետ Ծառուկյանը փորձում է նախագահ Սարգսյանի նման փոխլրացման քաղաքականությամբ նաեւ արեւմտամետ երեւալ եւ աջակցություն ստանալ տարբեր կողմերից:

Երեկ ավարտվեց ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել՝ ԲՀԿ նախագահի գլխավորությամբ: Հետաքրքիր է, ԵԽ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ ԱԳ գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԽ խմբակցությունների ղեկավարների, ինչպեսեւ հայ համայնքի հետ հանդիպումներից հետո ԲՀԿ ղեկավարը կողմնորոշվե՞լ է ԱՄՆ գնալու հարցում:

Այսպես փորձ է արվում ցույց տալ հանրությանը բարեգործ Ծառուկյանի բազմաբեւեռ գործելու կարողությունները: Իսկ թե ովքեր են դա անում՝ կպարզվի: Չնայած մեկ անգամ հետաձգվեց ԲՀԿ թեկնածուի առաջադրման հարցը, մինչդեռ ըստ ԲՀԿ նախագահի խոսնակի, առաջադրման մասին պետք է հրապարակվեր դեկտեմբերի 1-5-ը:

Մասնավորապես տեսակետ կա, որ կոմպլեմենտարության «մասնագետ» Վարդան Օսկանյանի համար այնքան էլ դժվար չէ քիչ թե շատ նշանակալի պաշտոնյաների հետ հանդիպում կազմակերպել Գագիկ Ծառուկյանի համար, եւ այս հանգամանքը նույնիսկ ԲՀԿ շարքերում շատերին չարախնդալու առիթ է տվել: Իսկ Վարդան Օսկանյանը չի դադարեցնում ֆեյսբուքյան գրառումները եւ նշել է, թե Գագիկ Ծառուկյանի այցը եվրոպական գործընթացներին ծանոթանալու, ներգրավվելու եւ իր տեսակետները նմանեցնելու (վերջինը՝ իմ կարծիքով,- Ա.Մ.) խնդիր է լուծելու:

Այսքանից հետո այլեւս զարմանալի չէ որեւէ տեսակետ, անգամ այնպիսի, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանին ձեռնտու է, որպեսզի Գագիկ Ծառուկյանը սատարի գործող նախագահին: Պատճառաբանությունն այն է, որ ԲՀԿ նախագահի մասնակցության դեպքում ՀՀ 1-ին նախագահը կարող է հուսալ, որ կզբաղեցնի 3-րդ տեղը, իսկ 2 նախագահների մրցավեճում գոնե 2-րդ «պատվավոր» տեղը կունենա… Իսկ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն առավել եւս ձեռնտու է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով թերեւս 3-րդ տեղի համար դեռ պետք է պայքարի, քանի որ նրա եւ ՀԱԿ-ի վարկանիշը օրեցօր անկում է ապրում:

Անի Մարության

Բյուջեն՝ ընտրապայքարի հերթական թիրախ

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը դեմ քվեարկեցին ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի նիստի ժամանակ քվեարկության դրվեց ՀՀ կառավարության ներկայացրած ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի նախագիծը:

ՀՀ պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 71 կողմ, 37 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկում նախագծին, չնայած Գագիկ Ծառուկյանը եւ այլ պատգամավորներ չէին մասնացում նիստին՝ Բրյուսելում գտվելու պատճառով, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ այս տեսքով նույնիսկ անհարմար է բյուջեն քվեարկման դնել:

Ինչեւէ, բյուջեի նախագիծը դարձավ իշխանություն-ընդդիմություն տարաձայնությունների թիրախ եւ, չնայած բյուջեում առկա բացթողումներին, այն առավելապես մերժվեց քաղաքական դրդապատճառով:

Սա նաեւ մարտահրավեր էր իշխանությանը…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։