Պաղեստինը պաշտպանեց իր իրավունքը, հերթը Արցախինն է

Ինչպեսեւ սպասվում էր, Պաղեստինը ՄԱԿ-ում ստացավ դիտորդ-պետության կարգավիճակ: Ավելինն այս պահին թույլ էլ չէին տա: Առանց այն էլ Իսրայելն ու իսրայելամետ երկրները ընդվզել են: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ են քվեարկել անդամ 193 պետություններից 138-ը, 9-ը՝ դեմ, իսկ 41 պատվիրակություն ձեռնպահ է մնացել:

Պաղեստինը ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում ներկայացվում էր որպես «ոչ պետական կազմավորում», իսկ այժմ այս կարգավիճակի բարձացումը հնարավորություն կընձեռի վերջինիս մասնակցել վեհաժողովի քննարկումներին, ինչպես նաեւ մեծացնել մասնակցությունը ՄԱԿ-ին առընթեր կառույցներում: Բացի այդ, հնարավորություն է տալիս Իսրայելի նկատմամբ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հայցեր ներկայացնել:

Պաղեստին պետության անկախությունը ի վերջո ճանաչվում է, սակայն մի հարց է առավել հետաքրքիր եւ գլխավոր դառնում՝ ովքեր եւ ինչու սա կազմակերպեցին ի հեճուկս Իսրայելի: Այս հարցը դեռ պարզաբանումների կարիք ունի, քանի որ դրա պատասխանից էլ բխելու են հնարավոր հետեւանքները:

2011թ. Պաղեստինի վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու վերաբերյալ հայց էր ներկայացրել Անվտանգության խորհուրդ, բայց հայցը մերժվել էր՝ չստանալով ԱԽ անդամ պետությունների աջակցությունը: Գլխավոր վեհաժողովում այս անգամ Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը լուրջ հաղթանակ է ընկալվում, ինչը դժգոհություն է առաջացրել նաեւ ամերիկյան պատվիրակության մոտ: ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, թե «այդ ապակառուցողական բանաձեւը նոր խոչընդոտներ կառաջացնի խաղաղության ճանապարհին», եւ այդ պատճառով էլ ԱՄՆ-ն դեմ է քվեարկել:

Իմիջիայլոց, ՄԱԿ ԳՎ բանաձեւը, որով Պաղեստինը ՄԱԿ-ում ստացավ դիտորդ պետության կարգավիճակ, խորհրդանշական է՝ այն կոչված է նպաստելու վստահությանը ու խաղաղ գործընթացին. ասել է Ադրբեջանում Պաղեստինի դեսպան Նասեր Աբդել Քարիմը: Իսկ քվեարկության ժամանակ Պաղեստինին աջակցած երկրները կհամարվեն «Պաղեստինի հավերժ բարեկամներ»: Եվ Հայաստանը եւս ներառվել է «Պաղեստինի հավերժ բարեկամներ»-ի մեջ, քանի որ կողմ է քվեարկել բանաձեւին, որի օգտին քվեարկեցին նաեւ Ֆրանսիան, Ավստրիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ այլ երկրներ: Դեմ են քվեարկել Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ն, Չեխիան, Միկրոնեզիան, Պալաուն, Պանաման, Մարշալի կղզիները եւ Նաուրուն: Ձեռնպահ մնացած երկրներից են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, Ռումինիան եւ այլ երկրներ:

Համենայնդեպս, սա որոշ չափով Պաղեստին պետության անկախության ճանաչում կարելի է որակել: Ճիշտ է, այն դեռեւս չի նշանակում լիարժեք անդամություն ՄԱԿ-ին, սակայն այժմ Պաղեստինի քաղաքացիների վրա տարածվում են բոլոր միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները, որոնք ստանձնում են ՄԱԿ-ի անդամ պետությունները: Պաղեստինը կարող է ոչ միայն Իսրայելի ռազմական հանցագործությունների մասին խոսել, այլեւ՝ դիմել անգամ Հաագայի միջազգային դատարան:

Քվեարկությանը նախորդել էր Պաղեստինի վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթը, ով Գլխավոր ասամբլեային կոչ էր արել կատարել իր «բարոյական պարտքը» ու Պաղեստինին տալ ծննդյան վկայական. «Գազայում վերջին ագրեսիան ցույց տվեց, թե մենք որքան ունենք ազատության կարիք, եւ թե Իսրայելը որքան է հավատարիմ իր ռազմատենչ քաղաքականությանը, իսկ միջազգային հանրությունը պետք է խաղաղության ձգտի»: Պաղեստինի ղեկավարն ընդգծել էր, որ Գազայի օպերացիան ցույց տվեց ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման կարեւորությունը: Նա նաեւ ասել է, որ իր գործընկերների համագործակցությամբ՝ Պաղեստինի Ինքնավարությունը ձգտելու է ՄԱԿ-ում լիիրավ անդամակցության, իսկ ստանալով այն՝ հետեւելու է կազմակերպության կանոնադրությանը եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Վաշինգտոնը հասկանալով հետագա այս ծավալումների հնարավորությունը՝ չի ճանաչում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված բանաձեւը՝ այն սպառնալիք համարելով մերձավորարեւելյան գործընթացի համար: Սյուզան Ռայսի խոսքերով՝ այդ բանաձեւը չի սահմանում, որ Պաղեստինը պետություն է, ուստի «չի կարելի մոտենալ պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ երկու պետությունների հիմքի վրա, եւ այս բանաձեւը չի փոխում գործերի իրական դասավորությունը»: Ավելին՝ ամերիկյան դիվանագետը վախեցրել է, թե առկա «աղմկալի հայտարարությունները շուտով կհանդարտվեն, իսկ պաղեստինցի ժողովուրդը կբացահայտի, որ իր կյանքում քիչ բան է փոխվել՝ այն դեպքում, երբ Իսրայելի հետ ամուր խաղաղություն հաստատելու հեռանկարը հեռացվել է»:

Թե ինչու Պաղեստինի ճանաչումը պետք է բարդացնի Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ առկա երկկողմ վեճերի կարգավորումը, մնում է ենթադրել, որ պարզապես այդպես են ցանկանում իսրայելա-անգլո-սաքսոնական (ամերիկյան) կապի հետեւորդները:

Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարասթը նշել է, որ ՄԱԿ-ում Պաղեստինի ոչ-անդամ դիտորդ երկրի կարգավիճակի բարձրացվելը դրական քայլ է եւ առաջընթաց այդ երկրի՝ Պաղեստինի ժողովրդի շահերի համար, քանզի «այս նվաճումը հարմար առիթ է ստեղծում Պաղեստինի բռնահարված ու անպաշտպան ժողովրդի իրավունքների վերականգնման, եւ սիոնիստների պատերազմական ոճրագործությունների իրավական հետապնդման ու ապագայում դրանց կրկնվելը կանխելու համար»: ԻԻՀ դիվանագետն ընդգծել է. «Իրանը, որպես Չմիավորման շարժման հերթական նախագահ, Պաղեստինի ժողովրդի հետ այդ շարժման միասնականությունը հայտնելով հավատացած է, որ այս քայլը զավթված տարածքներում պաղեստինցիների իրավունքների լիարժեք վերականգնման, նրանց իրենց հայրենիք վերադառնալու եւ սիոնիստական անօրիանական ռեժիմի դեմ դիմադրությունը շարունակվելու նախաքայլն է»: Իրանական եւ արաբական դիվանագետները հույս են հայտնել, որ պայմաններ կստեղծեն հնարավոինս շուտ Պաղեստինի անկախ երկրի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար:

Ահա այս խնդիրն էլ անհանգստացնում է Իսրայելին: Այս երկրի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ չեն հանդուրժի ՄԱԿ-ում պաղեստինյան պետականության վերաբերյալ պատրաստված բանաձեւը եւ դրանից իրավիճակի իրական փոփոխություններ չի սպասում. «Նշանակություն չունի, թե քանի պետություն է մեր դեմ քվեարկել»:

Հրեական պետության ղեկավարները նաեւ նախազգուշացրել են, որ «ՄԱԿ-ում միակողմանի դեմարշը

պաղեստինցիներին միայն կհեռացնի սեփական պետություն ստեղծելու հնարավորությունից… Իսրայելը պատրաստ է խաղաղության մեջ ապրել պաղեստինցիների հետ, սակայն, որպեսզի այդ խաղաղությունը կայուն լինի, պիտի Իսրայելի անվտանգությունը ապահովված լինի: Պաղեստինցիները պիտի ճանաչեն հրեական պետությունը եւ պատրաստ լինեն մեկընդմիշտ ավարտել հակամարտությունը նրա հետ»: Այս պահանջներից ոչ մեկը տեղ չի գտել բանաձեւում, եւ այդ պատճառաբանությամբ Թել Ավիվը չի կարող այն ընդունել, իսկ բանաձեւը նաեւ «չի հաստատում ու չի հերքում Իսրայել պետության եւ հրեա ժողովրդի իրավունքները Իսրայելի հողերի նկատմամբ»,- կարծում են իսրայելական կառավարության պատասխանատուները, որոնց համար առաջվա պես «Իսրայելի ժողովուրդը ունի բնական, պատմական եւ իրավական իրավունք իր հայրենիքի եւ իր հավերժ մայրաքաղաք Երուսաղեմի նկատմամբ»:

Այս օրինակը կարող է վարակիչ լինել նաեւ չճանաչված այլ պետությունների համար, այդ թվում՝ Արցախի Հանրապետության:

Չնայած որոշ վերլուծաբաններ կարծում են, թե հենց ԼՂՀ-ն դիմի ՄԱԿ-ին, իսկույն կմերժեն:

Եթե նույնիսկ դա աjդպես է, ապա պետք է սկսել նման մի գործընթաց, ինչը թեկուզ ոչ միանգամից, բայց հետզհետե արցախյան հիմնախնդիրը կդնի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա: Ի վերջո Պաղեստինն էլ միանգամից չհասավ հաջողության: Իհարկե, Պաղեստինը նախկինում էլ է ՄԱԿ-ում ունեցել հատուկ կարգավիճակ, բայց դա եւս պայքարի արդյունք է եղել:

Արամ Ավետյան

Պաղեստինն այլեւս իրավասու է դատի տալ Իսրայելին – Հայ Արիական Միաբանություն…

Արցախը եւս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ տասնամյակներ շարունակ ծավալած ազգային-ազատագրական պայքարի առաջին մեծ հաջողության համար: ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակը, իհարկե չարդարացրեց այն սպասումները, որն ուներ առաջադեմ մարդկությունը, երբ սատարում էր պաղեստինյան ազատամարտին, բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձեւակերպումները վերջնական հաջողության համար լիցքեր են հաղորդում:

Ամենաբարձր միջազգային մակարդակում վերահաստատվում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967թ.-ից օկուպացված պաղեստինյան տարածքներում Պաղեստին պետության անկախությունը:

Իհարկե, սա Իսրայելին եւ այս երկրի համախոհ պետություններին զայրացրել է, որոնք «ապակառուցողական բանաձեւ» են որակել այս քայլը՝ հոխորտալով, թե բանաձեւը նոր խոչընդոտներ կառաջացնի խաղաղության ճանապարհին: Բայց Պաղեստինը ոչ միայն հնարավորություն է ստացել հասնել իրական խաղաղության, այլեւ՝ հնարավորություն է ձեռք բերել Իսրայելի նկատմամբ միջազգային տրիբունաներում հայցեր ներկայացնելու՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ահա թե ինչն է հուզում պաշտոնական Թել Ավիվին եւ հրեամետ պետություններին:

Ողջունելով Պաղեստինի ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակը՝ շեշտենք, որ սա լուրջ հաղթանակ է այս խառնափնթոր միջազգային իրավիճակում, երբ միջազգային երկակի վաշխառուական ստանդարտները Կոսովոն բառի բուն իմաստով պոկել են իր մայր հող Սերբիայից ու դարձրել անկախ երկիր, երբ մահմեդական ու քրիստոնեական պետական բաժանումների է ենթարկվել Սոմալին, երբ բուն հայկական ազատագրված տարածք Արցախի անկախությունն ավելի քան 20 տարի չի ճանաչվում, որն ինքնորոշվելով մի կերպ փրկվել է հերթական թյուրքական ցեղասպանությունից…

Հետեւելով Պաղեստինի հաղթական այս օրինակին՝ Հայ Արիական Միաբանությունը Արցախի իշխանություններին, նախագահ Բակո Սահակյանին կոչ է անում Պաղեստինի վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբբասի օրինակով ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու վերաբերյալ հայց ներկայացնել՝ Արցախ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնելով: Հատկապես, որ պատմական, քաղաքական, իրավական, թե բարոյական տեսանկյուններից Արցախը ունի մասոնա-բոլշեւիկյան ծրագրով արհեստական ստեղծված Ադրբեջան պետությունից ազատվելու իրավունք, որը աշխարհի քարտեզին հայտնվել է միայն 1918թ.-ին:

Չնայած հայ արիները, որպես համահայկական քաղաքական ուժ, ճանաչել են ավելի քան 20 տարի առաջ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման երկկողմանի որոշումը, եւ Արցախ-ԼՂՀ-ն համարում են Հայաստանի 12-րդ մարզը, այնուամենայնիվ միջազգային երկակի վտանգավոր մտածողությունից ու խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ին դիմելու ճանապարհը ելք են համարում:

Այս դեպքում հնարավոր է ճշտել նաեւ հայությանը բարեկամ երկրներն ու ազգերը, որոնք կսատարեն արդարության վերականգնումը, այդ թվում՝ այնպիսի ռազմավարական գործընկեր-պետությունների կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, որ միայնակ ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, բայց անտեսում է Արցախի խնդիրը:

Չնայած Իսրայելում անկախության օրը նշում են ապրիլի 26-ին, երբ 1948թ. արաբական երկրների հարձակումից հետո Իսրայելն իր անկախությունը հաստատեց 6-օրյա պատերազմից հետո, բայց հիրավի պատմական եւ տրամաբանական է, որ Պաղեստինը ՄԱԿ-ում անկախ պետության կարգավիճակ է ստանում նոյեմբերի 29-ին, որը 1947թ. ճիշտ նույն օրն է, երբ Պաղեստինը բաժանվեց հրեական ու արաբական պետությունների եւ հրեական հատվածի փաստաթղթում գրվեց հրեական պետության տարածք: Եվ Իսրայելն առ այսօր չի ճանաչվել արաբական երկրների կողմից, քանի որ հիշյալ պատերազմից հետո խախտեց ՄԱԿ-ի նախորոշած սահմանները, ինչի համար դեռ ՄԱԿ-ի համապատասխան վերաբերմունքին չի արժանացել:

Հայաստանի եւ Արցախի իշխանություններին կոչ ենք անում՝

1. Ճանաչել Պաղեստինի կարգավիճակը եւ պաշտոնական հարաբերություններ հաստատել այդ անկախ պետության հետ:

2. Երեւանում ստեղծել չճանաչված պետությունների համաշխարհային կենտրոն, որտեղ կմիավորվեն չճանաչված երկրների ներկայացուցիչները եւ համատեղ ուժերով կպայքարեն իրենց իրավունքների պաշտպանության ու միջազգային ճանաչման արժանանալու համար:

Հայ Արիական Միաբանություն

03.12.2012թ.

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։