Պատերազմը վերստին դառնում է գործիք

Թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման դեպքում Թուրքիան մեծ վնասներ կկրի. հայտարարել է Իրանի իսլամակական հեղափոխության պահապանների կորպուսում հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդական, գեներալ Յադոլլահ Ջավանին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, աջակցելով Սիրիայի ահաբեկիչներին, դավաճանել է իր հարեւանին. հավելել է այս գեներալը:

Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումը մտահոգել է ոչ միայն Սիրիայի հարեւան Իրանին, այլեւ Ռուսաստանին եւ Հայաստանին: Հրթիռային համակարգերի տեղակայմամբ Անկարան Սիրիայում ռազմական միջամտության համար հող է նախապատրաստում, բայց «պետք է գիտակցի, որ ռազմավարական սխալ է գործում եւ վնասներ է կրելու»,- ահազանգել են Թեհրանից:

Թուրքերը ոչ մի վստահություն չեն ներշնչում, եւ Սիրիայում սովորական քաղաքացիներից մինչեւ ազգային փոքրամասնությունները (նաեւ՝ քրդերը) սրանց հանդեպ բացասական վերաբերմունք ունեն: Եվ սա թուրքերի իրական գնահատականն է ոչ միայն Սիրիայի բնակչության պարագայում: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ադրես Ֆոգ Ռասմուսենը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները կհաստատեն ավելի վաղ տված համաձայնությունը՝ Թուրքիային «Պատրիոտ» հրթիռային համալիր տրամադրելու հարցը:

Վաշինգտոնը ինչպես հատուկ է իրեն, հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է գործի դնել քիմիական զենքն իր հարեւանի հանդեպ: Իսկ Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյն Կարնին մտահոգություն է արտահայտել առ այն, որ Սիրիայի վարչակազմը, երկընտրանքի առաջ կանգնելով, կարող է գնալ նման քայլի: Բայց ԱՄՆ-ի ճարտասան ղեկավարությունը չի «հասկանում», որ եթե Թուրքիան ներխուժի Սիրիայի տարածք, ապա այս երկրի իշխանությունն ու ժողովուրդը ոչ միայն քիմիական զենքով, այլեւ ամեն ինչով դուրս են գալու պատերազմի: Ի՞նչ է, ամերիկացիները պատրաստ են տրվել իրենց երկիր առաջին իսկ ներխուժողի՞ն… Իսկ ԱՄՆ նախագահ Օբաման մինչեւ քիմիական զենքի կիրառումը, ինչը նրա կարծիքով այլ հետեւանքների կհանգեցնի, նախ պետք է ԱՄՆ-ի՝ ռազմական ոստիկանի ստանձնած գործառույթները վերացնի այլ երկրներում:

Թուրք «դեմոկրատների» աջակցությունը արեւմտյան «դեմոկրատներին» պետք չէ նոր «համամարդկային» շոուի վերածել…

Իսկ Դամասկոսը հայտարարել է, որ նման զենք չի գործածի որեւէ պարագայում, չնայած Անկարան շարունակում է աջակցել սիրիական ընդդիմությանը եւ կոչ է անում Սիրիայի ղեկավարին հրաժարական տալ:

ԻԻՀ Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաներին հասկացրել է, որ Սիրիայի հարցում նրանք սխալ քաղաքականություն են վարում, իսկ հրթիռային համակարգի տեղակայման, ինչպես նաեւ Անկարայի՝ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու առնչությամբ, Ալի Լարիջանին Էրդողանին լուրջ նախազգուշացրել է:

Այս հակասությունները պատճառ դարձան, որպեսզի Էրզրումում կայանալիք Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվի: Հիշեցնենք, որ Իրան-Թուրքիա-Ադրբեջան առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2011թ. ապրիլին Ուրմիայում, իսկ երկրորդը՝ 2012թ. մարտին Նախիջեւանում:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը իրանական կողմի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հակաիրանական հայտարարությամբ, որն ակնհայտորեն Ալի Լարիջանիի հնչեցրած մեղադրանքների պատասխանն էր: Իսկ Թուրքիայի ՆԳՆ Իդրիս Նաիմ Շահինը հայտարարել է. «Մենք ստույգ տեղեկատվություն ունենք, որ Իրանն աջակցում է «ՊԿԿ» քրդական ահաբեկչական խմբավորման անդամներին, որոնք վիրավորվում եւ իրենց բուժումը ստանում են Իրանի հիվանդանոցներում»:

Այս լարված հարաբերությունները փորձում են թուլացնել Վաշինգտոնից. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե իր երկիրը բաց է Իրանի հետ երկկողմ բանակցություններ վարելու համար, եթե Թեհրանը նման պատրաստակամություն հայտնի: Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը պետքարտուղարն անվանել է «ամենաբարդը», քանի որ Իրանի գործողություններն առանց այն էլ սպառնալիք են ներկայացնում, որն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, առավել եւս եթե այն ձեռք բերի միջուկային զենք:

Այնուհանդերձ, Օբամայի վարչակազմը պատրաստ է այդ երկրի հետ երկկողմ բանակցություններ վարել: Իսկ նախկինում իրանական կողմի առաջարկած որեւէ բանակցություն մերժվում էր միանգամից: Հասկանալի է՝ փորձում են Իրանին «խաղից դուրս» կարգավիճակում դնել եւ Սիրիայի հարցերը լուծել: Իհարկե, կան նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը, բայց Մոսկվան միշտ էլ ինչ-ինչ օգուտներից ելնելով կարող է «ուշանալ» մի քիչ, ինչպես արեց Հարավսլավիայի կամ Սերբիայի դեպքում: Իսկ Չինաստանը միայնակ չի կարող կանգնեցնել թուրք-ամերիկյան ներխուժումը: Իհարկե, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մերժել է «խնդիրները ուժի կիրառմամբ լուծելու այն պրակտիկան, որը կիրառում է Միացյալ Նահանգները, դա չի աշխատում եւ Մոսկվան դատապարտում է այն»: Վկայակոչելով Իրաքի ու այլ պետությունների փորձը՝ ռուս նախարարը հավելել է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում: Մոսկվան եւ Պեկինը հիշեցրել են, թե ինչի կարող է բերել առանց ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության ուժի կիրառումը եւ մտահոգություն հայտնել, թե որոշ երկրներ ցանկանում են լիբիական հակամարտության լուծման մոդելը նախադեպային դարձնել: Վերջերս հարյուրավոր զինված մարդիկ գրավել էին Լիբիայի խորհրդարանի՝ համընդհանուր ազգային կոնգրեսի շենքը՝ բողոքելով, որ կառավարության նոր կազմում ներառվել են Մուամար Քադաֆիի կառավարության մի քանի անդամներ: Եվ անգամ «լիբիական հակամարտության լուծման մոդելը» չի լուծում բոլոր հարցերը: Իսկ «արաբական գարնան» երկրներից Եգիպտոսում բողոքի ցույցերը ստիպել է նախագահ Մուհամեդ Մուրսիին հեռանալ նախագահական նստավայրից՝ Հոսնի Մուբարաքի օրինակով բռնապետական ճանապարհով իշխանությունը ստանալու փորձերի համար:

Հայկ Թորգոմյան

* * *

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի տարածքում: Տեսչության են ենթարկվել Թուրքիայի ԶՈւ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադը (Կարս) եւ 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):

Պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների եւ ընդհանուր հարցերի շուրջ: Ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիներն ու ընդհանուր տարածքները:

Տեսչության ընթացքում պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել:

Հիվանդությունը գենետիկ է

Վաշինգտոնը ինչպես բոլոր, այնպես էլ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում, կողմերին կոչ է անում գտնել դիվանագիտական լուծումներ՝ հարգելով միջազգային համաձայնագրերը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադբեջանի քաղաքացիական օդային հաղորդակցության միջեւ առկա փորձը: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը չի ընդունում Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները, քանի որ օդանավակայանի գործարկումը չի կարող համարվել որպես ԼՂ-ի կարգավիճակի փոփոխությանն աջակցող գործոն:

Մնացած հարցերը ԵԱՀԿ ՄԽ գործառույթում են, եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դիրքորոշումը հայտնի է, այն է՝ խնդրի դիվանագիտական լուծումը:

Սակայն Բաքուն ինչպե՜ս կարող է Ստեփանակերտի օդանավակայանը «մարսել», եթե չի հանդուրժում անգամ «Եթե բոլորը» հայկական ֆիլմի՝ «Օսկար» մրցանակի՝ օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում հայտնվելը:

Այս ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է մարդկությունը հաղթահարում նախապաշարմունքները. այն նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան, ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է արցախյան պատերազմում: 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու եւ իր հետ բերած կեչին տնկելու: Դա նրան չէր հաջողվի, եթե նա չգտներ հոր մարտական ընկերներին:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։