Խնդիրներ, որոնք միշտ արդիական են մշտապես չլուծվելու պատճառով

«Բազալտե երգեհոնը» տղեկների համար սիրուն քար է ընդամենը

«Գառնու գործ»-ն այդպես էլ չի բացվի – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Լուսանկարները կարելի է դիտել «Լուսանցք»-ի PDFտարբերակում, թիվ 40 (261) – www.hayary.org

Լուսանկարները՝ հեղինակի կամ՝ հեղինակի պահոցից – Ճիշտ են ասում՝ մեղավորը բնությունն է, ու մարդու գործոնը չկա: Ոչ էլ լուսանկարներում մարդն է երեւում (իրականում PDFտարբերակում հստակ երեւում է): Այդ բազալտե քարաշերտերը ամեն պահի վայր թափվելու ենթակա են… Պարզապես ծիծաղելի է: Մենք կսպասենք՝ ցավոք մեկ անգամ եւս համոզվելու, որ պատկան կառույցները ոչինչ չեն ձեռնարկի: Ու քանի որ մեր երկրում, ցավոք, հարց չի լուծվում, մինչեւ բռունցքով սեղանին չեն խփում, մենք կդիմենք երկրի ղեկավարին:

«Լուսանցք»-ի նախորդ համարում հպանցիկ անդրադարձել էինք «Գառնու գործին»: «Բազալտե երգեհոնի» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի ոչնչացումը կարելի է «Գառնու գործ» անվանել, քանզի սա մի գործ է, որ այդպես էլ երբեք չի բացվում: Ու չի էլ բացվի, քանի դեռ բնական այս հուշարձանի վերջը չեն տվել: Ու մենք ամենեւին էլ չէինք սխալվել, որ նախորդ համարում գրել էինք, թե «Գառնու գործով» մեղավոր են բոլոր այն կռտածները, որոնք այդպես էլ գոնե եզ դառնալուն անգամ չեն ձգում: Իսկ կռտած են, որովհետեւ բնության հուշարձանը գործածում են սեփական տան շինարարության համար, կռտած են, որովհետեւ բնության հուշարձանը ոչնչացված են տեսնում ու անտեսում են, կռտած են, որովհետեւ ընդամենը մեկ որոշումով կարող են արգելել հուշարձանի ոչնչացումը, բայց չեն անում դա: Կռտած են, որովհետեւ սոված են մեծացել, ու թեեւ այսօր հարստացել են, բայց դեռ սովալլուկ են այդ տղեկները:

Հիմա՝ քանի որ «Լուսանցք»-ը խոստացել էր օգնել բնապահպաններին, հարկ է համարում կողմնորոշիչ առայժմ ընդամենը մեկ տեղեկություն հրապարակել:

Այսպիսով, 2005թ.-ից զբաղվում եմ «Գառնու գործով», այդ տարում նույնիսկ այնքան հրապարակումներ արեցի «Հայաստանի Հանրապետություն»-ում, որ «գործին» խառնվեց ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, թե ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարության կողմից Կոտայքի մարզի դատախազությանը հանձնարարվել է մասնագետների ներգրավմամբ ստուգել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2005թ. մարտի 16-ի, ապրիլի 6-ի եւ ապրիլի 27-ի համարներում տպագրված «Քարագողերը», «Քարերի սիմֆոնիան» ցանկերից դուրս» եւ «Տաշած քարը գետնին չեն թողնում» վերտառությամբ հոդվածներում բարձրացված հարցադրումները եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Կոտայքի մարզի դատախազությանը հանձնարարականը տրվել էր անմիջապես 2005թ. ապրիլի 28-ին: Արդեն մայիսի 18-ին Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գ. Ջ. Միքայելյանը հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գ. Դանիելյանին, որում մասնավորապես ասվում է, թե թղթակցություններում նշված օրինախախտումների փաստերը ստուգելու նպատակով մարզի դատախազության, ՀՀ բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից տեղում, Գառնի գյուղի համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների մասնակցությամբ կատարվել է անհրաժեշտ ուսումնասիրություն, որի ընթացքում բացատրություններ են վերցվել նաեւ Գառնիի ձորում հողատարածքներ զբաղեցրած բնակիչներից, որով պարզվել է հետեւյալը:

Ի դեպ, պարզվածը մեջբերում եմ տառացի՝ առանց նույնիսկ կետադրական փոփոխությունների. «Գառնի գյուղին հարող հանրահայտ «Գառնի ձոր» կիրճով հոսող Ազատ գետի աջակողմյան, մոտ 100 մետր վեր խոյացող ժայռի ճակատային մասը պատված է դարերի ընթացքում բնականորեն ուղղահայաց գոյացած եւ ցանկացած պահին պոկվելու ու վայր թափվելու ենթակա բազալտե քարաշերտերով:

Տարիների ընթացքում կլիմայական փոփոխությունների եւ հատկապես ձնհալների ու անձրեւների հետեւանքով ժայռից պոկված նշված շերտավոր քարե սալերը թափվել են կիրճի ստորոտում, հաճախ փակելով կիրճով անցնող ճանապարհն ու վնասելով Գառնի-Երեւան խմելու ջրագծի խողովակները: Գյուղապետարանի եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության միջոցով կիրճի ստորոտում թափված այդ քարերը հավաքվել ու կուտակվել են ճանապարհի եզրին, որը ցանկացած պահի եւ ցանկացած անձանց կողմից անարգել վերցվել, տեղափոխվել ու օգտագործվել է շինությունների շինարարության, սալահատակման եւ տարածքների պարսպապատման վրա: Բազալտյա այդ ժայռաբեկորներով է ժամանակին վերանորոգվել «Գառնի» հեթանոսական տաճարը եւ սալիկապատվել տաճարի ու արգելոց թանգարանի տարածքները:

Ըստ բնապահպանական պետական տեսչության, Գառնիի գյուղապետարանի, տաճարի թանգարանի աշխատողների բացատրությունների, «Գառնի ձոր» կոչվող կիրճը եւ դրան հարող ժայռի «Քարերի սիմֆոնիա» կոչվող տարածքը բնապահպանական օբյեկտ կամ պատմամշակութային գոտի չի հաշվառված եւ չի հանդիսանում: Որեւէ իրավասու պետական մարմնի կամ համայնքի կողմից հսկողություն, ժայռից պոկված ու թափված շերտավոր քարե սալիկների պահպանման ու օգտագործման նկատմամբ, չի սահմանված:

Կատարված ուսումնասիրությամբ ժայռից պոկված քարե սալիկները որեւէ մեկի կողմից իրացնելու, վաճառելու եւ շահույթ ստանալու փաստը չի հիմնավորվել ու նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը ՀՀ քր. դատ.օր-ի 35 հոդ. 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության հիմքով»:

Այս առդիրը ՀՀ գլխավոր դատախազությունից ինձ ուղարկվել էր 23.05.2005թ. թվագրությամբ եւ Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Զ. Թադեւոսյանի ստորագրությամբ:

Մինչ այս՝ նույն տարվա մայիսի 19-ին արդեն «ՀՀ»-ում տպագրել էի լուսանկարներ, որոնք հավաստում էին, որ նրանց ասած քարաթափումը բնական չէ, այլ՝ մարդու գործոնով պայմանավորված: Ինձ չհերքեց Կոտայքի դատախազության հաղորդումում նշված եւ ոչ մի կողմ: Փոխարենը ես կարողացա ապացուցել իմ պնդումները: Որովհետեւ իրեն հարգող ոչ մի մասնագետ չհայտնվեց, որ քարի կտրածը թափվածի տեղ «անցկացնի»:

Սա դեռ ամենը չէ, «Գառնու գործից» էլի գրություններ ունեմ: Լուսանկարներ նաեւ, որոնք կամ ես եմ արել, կամ ժամանակին ինձ փոխանցել են անողները, որոնք այդ օրերի լարվածությունից ելնելով՝ չէին ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի:

Այսպիսով, ի՞նչ կցուցանե առակս, այն՝ որ «Գառնու գործ» իրականում չի լինի, եթե պատկան մարմինները իրենց, մեղմ ասած, շա՜տ մեղմ ասած, գերանտարբեր չպահեն, ավելի ստույգ՝ անտարբեր չեն, պարզապես լավ գիտեն, թե «Գառնու գործն» ում բիզնեսն է, եւ ում պոչն էլ՝ ում ոտքի տակ: Սա է հուշում տրամաբանությունը, այլապես ի՜նչ մի բարդ բան է թույլ չտալ այս անիրավությունը: Բա որ ասում եմ՝ կռտա՜ծ են…

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Ի դեպ, այդ տարիներին նաեւ որոշ «լրագրողներ» իրենց լրագրողական սենյակներից դուրս չգալով՝ Գառնիի համայնքի ցայսօր ղեկավարի հետ փաստում էին, որ իմ տեսած-լուսանկարածը սուտ է ու… Ու այսօր պայքարող բնապահպաններին նաեւ նրանցից ոմանք են միացած…

«Լուսանցք»-ը թեման միշտ ուշադրության կենտրոնում կպահի:

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։