Դեսպաններին էլ հուշումը չի խանգարի

- Շահույթ չհետապնդող գործակալներ – Չկողմնորոշվող վարչապետը – Դաժան Բրյուսելը…

Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Անդրադարձ է արվել նախորդ տարվա օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը ՀՀ նախագահի հանձնարարականների կատարմանը, մեկ տարի առաջ կայացած դեսպանաժողովին քննարկման առարկա դարձած ոլորտներում արձանագրված արդյունքներին:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին ներկայացրել է պետության արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Իհարկե, քննարկվել են նաեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ է տվել միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հայ դիվանագետները քննարկել են դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի, միջխորհրդարանական կապերի զարգացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, տեղեկատվական դաշտում աշխատանքների ծավալման հնարավորությունները: Կարեւորվել է դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Քննարկել են մի նաեւ շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Իսկ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը շարունակում է հանդիպել Վրաստանի ղեկավարության հետ, այս անգամ նա հանդիպել է ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին: Քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, վրացական կողմը շահագրգիռ է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ձեւավորված գործնական համագործակցության զարգացմամբ: Քննարկվել են նաեւ ջավախքահայությանն առնչվող որոշ հարցեր:

Բացատրեմ՝ ինչու այսքան մանրամասն ներկայացրի լրատվությունը: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը համազգային նպատակներին, ավելին՝ գերնպատակներին ծառայեցնելու համար հայ դիվանագիտական կորպուսը ոչ թե տարեկան մեկ անգամ հաշվետու հավաք պետք է անի, այլ առնվազն եռամսյա նմանօրինակ հավաքներ են անհրաժեշտ, իսկ հատուկ դեպքերում՝ ավելի հաճախ՝ թեկուզ եւ մեկ հիմնահարցի լուծման նպատակով:

Զորօրինակ, հայասպան Սաֆարովի արտահանձնումը գուցե եւ տեղի չունենար, եթե հայ դիվանագետները իրազեկ լինեին ու պարբերաբար փոխանակվեին տեղեկատվությամբ: Չի կարելի բացառել, որ որեւէ դեսպան մեկ այլ երկրում մեր դեսպանի կարող է շատ կարեւոր հուշում անել կամ խորհուրդ տալ:

Արտակ Հայոցյան

* * *

Շահույթ չհետապնդող գործակալներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օտարերկրյա հիմնադրամներից ֆինանսավորում ստացած եւ «այլ պետությունների շահերը սպասարկած» քաղաքական գործիչները չեն կարող քաղաքական գործիչ լինել Ռուսաստանում:

Բանն այն է, որ նոյեմբերի 21-ին Ռուսաստանում պաշտոնապես ուժի մեջ մտավ «Շահույթ չհետապնդող կազմակերպությունների» օրենքի փոփոխությունը, որն ավելի հայտնի է իբրեւ «օտարերկրյա գործակալների օրենք»:

Ըստ այդ փոփոխության, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում եւ ֆինանսավորումը արտերկրից ստանում, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ» եւ իրենց կողմից տարածվող նյութերն էլ պետք է դրա մասին համապատասխան հիշեցմամբ ուղեկցվեն:

Փաստորեն, եթե նմանատիպ օրենք մեզ մոտ գործի, կիմանանք, թե որ երկրներից գործակալներ ունենք հասարակական կազմակերպությունների տեսքով:

* * *

Չկողմնորոշվող վարչապետը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Հայաստանում աղքատ են, որովհետեւ գիտելիքների պակաս կա»:

Ի դեպ, նույն վարչապետը ԱՄՆ Սան Հոզե քաղաքում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովի ժամանակ ասել է. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է»:

Մեր վարչապետը չի կողմնորոշվում՝ հիմա հայ ժողովուրդը կրթական բա՞րձր մակարդակ ունի, թե՞ ցածր:

Փաստորեն, հենց զգում է, որ իրեն կարող են մեղադրել ՀՀ-ի՝ այդպես էլ չվերականգնվող տնտեսության ու կառավարչական ձախողումների մեջ, հայ ժողովուրդն անգրագետ է, հենց զգում է, որ հայ ժողովրդով հիանում են, մրցակցային առավելությունից է խոսում:

* * *

Դաժան Բրյուսելը

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիության 2013թ. բյուջեն՝ 132,8 մլրդ եվրո ծախսերով:

Այս մասին որոշումն ընդունվել է Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ: Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ այս տարվա բյուջեի հավելվածը՝ 6 մլրդ եվրոյի չափով: Այս տարվա բյուջեի մեջ մնում է 3 մլրդ եվրոյի ճեղքվածք: ԵՄ այս տարվա բոլոր բյուջետային վճարումները կատարելու համար Եվրախորհրդարանը Միության երկրներից խնդրել էր տրամադրել հավելյալ 9 մլրդ, սակայն այս գումարը համաձայնեցնել չի հաջողվել եւ 3 մլրդ եվրո պարտքը մարելու համար ԵՄ-ն գումար պետք է տրամադրի մյուս տարի: Միջոցների սղությունը առաջին հերթին անդրադարձել է աղքատ երկրներին օգնություն տրամադրելու ծրագրերին:

Ի դեպ, 2013թ. ԵՄ բյուջեի եկամուտները 2012թ. ցուցանիշի համեմատ ավելացել են 1,6 %-ով, իսկ ծախսերը ավելացել են 2,4%-ով:

Տեղեկացնենք, որ Եվրահանձնաժողովը նախկինում առաջարկել է բյուջեն ավելացնել 6%-ով, ինչն ընդունել էր նաեւ Եվրախորհրդարանը, սակայն գումար տրամադրող երկրները հրաժարվել են ավել գումար տրամադրել՝ շեշտելով, թե Բրյուսելը պետք է սովորի ապրել ըստ միջոցների, այլ ոչ թե ազգային կառավարություններին դաժան տնտեսական քաղաքակություն թելադրելով:

Փաստորեն, Բրյուսելից Եվրոպան արդեն հոգնում է, իսկ մենք շատ հարցերի հաստատման համար դեռ Բյուզանդիա, ներողություն՝ Բրյուսել ենք գնում:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։