Նոր ԱԷԿ-ը կառուցելիս հաշվի կառնվեն հավանական բոլո՛ր ռիսկերը

- Ռուս-թուրքական շարունակական եղբայրություն…

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց հաստատել ՀՀ-ի միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը:

Ըստ դրա, երկրաբանական, երկրաֆիզիկական կամ սեյսմոլոգիական տվյալների հիման վրա պետք է կատարվի խզվածքների տեղաշարժի հավանականության գնահատում: Տարածաշրջանում, տեղակայանքի հրապարակում եւ դրա հարակից տարածքներում անցկացված հետազոտությունների հիման վրա պետք է ստացվեն մակերեսային եւ մերձմակերեսային տվյալները, որոնք պետք է հաստատեն խզվածքների բացակայությունը տեղակայանքի հրապարակում կամ դրա մոտակայքում, կամ եթե առկա է խզվածք, պետք է նկարագրվի դրա ուղղությունը, պատմությունը եւ տեղաշարժի հաճախականությունը: Եթե խզվածքի մասին կա ստույգ տեղեկատվություն կամ, կան կասկածներ դրա առկայության մասին, պետք է անցկացվի հարակից տարածքի հետազոտություն, որը ներառում է մանրամասն երկրաբանական ու երկրամորֆոլոգիական քարտեզների մշակում, տոպոգրաֆիկ վերլուծություններ, երկրաֆիզիկական հետազոտություններ, տեղական նստվածքների հետազոտություններ ու այլն: Ուշադրություն պետք է դարձնել այն խզվածքներին, որոնք վերջերս տեղաշարժվել են եւ կարող են կրկին ակտիվանալ:

Միջուկային նոր էներգաբլոկի նախագծման նպատակների համար պետք է որոշել գրունտի շարժի հակազդման սպեկտրը եւ ԱԷԿ-ի անվտանգ կանգառի գրունտի շարժը, ինչպես նաեւ շահագործման հիմքերը: Գրունտի շարժի հակազդման սպեկտրը սահմանվում է որպես միջուկային նոր էներգաբոլկի հրապարակի գրունտի ուղղահայաց ու հորիզոնական շարժի հակազդման սպեկտր:

Մասնագետները բացատրում են, որ ԱԷԿ-ի անվտանգ կանգառի համար սահմանված գրունտի շարժը նախագծային երկրաշարժի գրունտի շարժն է միջուկային նոր էներգաբոլկի հրապարակում եւ գրունտի շարժի վիբրացիան, որի հետ կապված անվտանգության կառույցները, համակարգերը եւ բաղադրամասերը պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի միջուկային նոր էներգաբլոկը երկրաշարժի ժամանակ շարունակի անվտանգ շահագործումը: Պետք է ներկայացվեն պատմական տվյալները, որոնք պետք է արտացոլեն հետեւյալ տեղեկատվությունը՝ գրունտի շարժի պարամետրերը՝ ներառված հակազդման այլ սպեկտրի այլ պարամետրերի հետ միասին (ինչպիսին են տեւողությունը, փուլը եւ այլն): Գրունտի շարժի տեւողությունը պետք է որոշվի բազմաթիվ գործակիցների հիման վրա, ներառյալ խզվածքի երկարությունը եւ լայնությունը, երկրակեղեւի պարամետրերը, ստորգետնյա պարամետրերը, նստվածքները: Գրունտի շարժի տեւողության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է կիրառվի սեյսմիկ վտանգի գնահատման ընթացքում:

Ընդ որում, պատմական տվյալները պետք է լինեն համատեղելի նախագծային երկրաշարժերի բնութագրերի, գրունտի նախագծային շարժի տեւողության հետ: Տեղեկացնենք, որ պատմական տվյալները մշակվում են միջազգայնորեն ընդունված մեթոդների կիրառմամբ:

Սեյսմիկ վտանգի գնահատման յուրաքանչյուր փուլի համար պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթեր, որտեղ մանրամասնորեն ներկայացված են գնահատման տվյալները՝ ապահովելու անկախ դիտարկումը: Փաստաթղթերում պետք է նշված լինեն նաեւ գնահատման ժամանակ օգտագործված չհրապարակված տվյալները: Փորձագետների կողմից պետք է անցկացվի սեյսմիկ վտանգի՝ ներառյալ բոլոր ընթացակարգերի, տեխնիկական տարրերի, վերլուծության մեթոդների վերլուծություն եւ ստուգում/աուդիտ:

Իբրեւ ամփոփում նշենք, որ կառավարության այս որոշման անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցմամբ, որը հրատապ է դարձնում միջուկային էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման գործընթացի կարգավորումը:

Համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ-ն է) անվտանգության ստանդարտների, նախագծման նպատակով պետք է մշակվեն եւ կիրառվեն սեյսմիկ ազդեցությունից սպասվող գրունտի շարժման առանձնահատուկ բնութագրերը: Այս նախագիծը դեռ 2011թ. էր համաձայնեցման ներկայացվել շահագրգիռ նախարարություններ, սակայն չէր ներկայացվել կառավարություն: Նախագիծը լրամշակվել է նաեւ ԱԷՄԳ-ի փորձագետների առաջարկների հիման վրա:

Սա՝ ի գիտություն թյուրքական կողմի, որ մեր ԱԷԿ-ին վերաբերող յուրաքանչյուր որոշումից հետո աղմուկ-աղաղակ է բարձրացնում:

Աստղինե Քարամյան

* * *

Ռուս-թուրքական շարունակական եղբայրություն

Անկարան ռուսական ընկերության միջոցով Թուրքիայում ատոմակայանի կառուցումը երկկողմ ռազմավարական համագործակցության ուղղությամբ դրական քայլ է բնութագրում: Ինչպես տեղեկացնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յելդիզն ասել է, որ այդ երկրում «Ռուս ատոմ» ընկերության միջոցով առաջին ատոմակայանի կառուցումը ուշագրավ դերակատարություն կարող է ունենալ երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը գնացել էր Թուրքիա, որպեսզի արտահայտվի ներկայիս Թուրքիայում ատոմակայաններ կառուցելու առաջիկա նախագծերին մասնակցություն ունենալու Մոսկվայի ցանկության մասին:

Հավելենք, որ մինչեւ 2020թ.-ն Թուրքիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 10 տոկոսը ապահովվելու է ատոմակայանների միջոցով: Համապատասխան ցուցանիշը մինչեւ 2023թ.-ն հասնելու է 20 տոկոսի:

Բա հիմա չաղմկե՜նք, որ Թուրքիայում կառուցվող ԱԷԿ-ները կարող են վտանգել ՀՀ-ին: Թուրքիան մեր հայրենիքի մի հատվածում է, իսկ սա նշանակում է, որ սեյսմիկ աշխուժություն այնտեղ էլ կարող է նկատվել: Բացի այդ՝ Թուրքիան միջուկային էներգետիկայի դպրոց չունի, չենթադրե՞նք, որ չի կարողանա ապահովել ԱԷԿ-ների նորմալ տեխնիկական շահագործումը եւ անվտանգությունը:

Փաստորեն, թյուրքերը ժամանակին դժգոհ էին մեր ԱԷԿ-ի կառավարչից, որ ռուսական կողմն է (բայց շահագործման անվտանգության պատասխանատուն հայկական կողմն է): Իսկ հիմա լավն է, որովհետեւ իրե՞նցը կարող է լինել:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։